HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կողմնակալ վերաբերմունք, հուշումներ. ինչպես են անցկացվում նոտարի թեկնածուների քննությունները

Կառավարությունը 2023թ. նոյեմբերին գրեթե ամբողջությամբ փոփոխել է «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը»: Այդ նորացված կարգով առաջին անգամ հունվարի 26-ին տեղի ունեցավ որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը: Նույնիսկ կարգի փոփոխությունը զերծ չպահեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին և Նոտարական պալատի նախագահին ամեն գնով որակավորման ստուգումը հաղթահարած ճանաչել իրենց նախընտրած անձանց: Գրավոր փուլը նույնպես կասկածելի պայմաններում է անցկացվել, ինչը որոշ մասնակիցների ստիպել է առաջադրված խնդիրների լուծումը կիսատ թողնել և դուրս գալ՝ հասկանալով, որ գործընթացը ձևական բնույթ է կրում:

Հունվարի 26-ին ներկա ենք եղել որակավորման բանավոր փուլին: Ականատես ենք եղել որոշ անձանց նկատմամբ նախարարության և Նոտարական պալատի ներկայացուցիչների ակնհայտ կողմնակալ վերաբերմունքին:

Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումն իրականացվում է երկու փուլով: Առաջին՝ գործնական խնդիրների լուծման փուլը տեղի է ունեցել 2023թ. դեկտեմբերի 25-ին: Մարզային 5 տարածքներում նոտարի թափուր պաշտոնները համալրելու նպատակով ներկայացվել է 70 դիմում, որակավորման ստուգման առաջին փուլին ներկայացել և մասնակցել է 62 դիմորդ: Գրավոր փուլը հաղթահարել է նրանցից միայն 3 մասնակից:

Հարցազրույցի փուլը կազմված է երկու մասից՝ յուրաքանչյուր մասնակցի անձնական գործի և անցած մասնագիտական փորձի ուսումնասիրություն: Մասնակիցները ներկայացնում են տեղեկություններ իրենց աշխատանքային գործունեության, նոտարական ոլորտին առնչության վերաբերյալ, ինչպես նաև նշում են նոտար դառնալու իրենց շարժառիթները: Նոտար աշխատելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու նպատակով՝ հանձնաժողովի անդամները հարցեր են տալիս մասնակիցներին:

Երկրորդ մասում ներկայացվում է իրավիճակային խնդիր՝ նոտարական էթիկայի կանոնների իմացությունը, նոտարի համար կարևոր այլ անձնական հատկանիշները, կարճ ժամանակահատվածում կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները, հմտություններն ու որակները գնահատելու համար: Թեկնածուները 5 խնդրից պատահականության սկզբունքով ընտրում էին մեկը ու պատասխանում:

Գեղարքունիքի մարզի նոտարի թեկնածուի որակավորման ստուգում

Այս մարզի համար դիմել էր երկու թեկնածու՝ Նոտարական պալատի ավագ իրավաբան Արփինա Սիմոնյանը և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ Գայանե Սարոյանը:

Գայանե Սարոյանը դիմել է նաև Կոտայքի մարզի թափուր հաստիքը լրացնելու համար: Նա նախկինում աշխատել է Վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալի օգնական, այնուհետև՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:

Որակավորման ստուգման սկզբում հայտարարեցին, որ թեկնածուներից Գայանե Սարոյանը չի ներկայանալու: Նոտարական պալատի աշխատակից Արփինա Սիմոնյանը մնաց առանց մրցակցի: Հենց այս թեկնածուի բանավոր ստուգման ժամանակ ակնհայտ դարձավ, որ շահերի բախում կա, ինչը բացահայտ ցույց էին տալիս հանձնաժողովի անդամները: Բացի այդ, Գայանե Սարոյանի չներկայանալը ևս կասկածի տեղիք տվեց, որ կա հստակ պայմանավորվածություն՝ Արփինա Սիմոնյանին անցկացնելու հարցում:

Հարկ է նշել, որ որակավորման ստուգումն իրականացնելու համար Արդարադատության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովում, որը կազմված է 8 անդամից, ընդգրկվել են հավասար թվով Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ և նոտարներ՝ Նոտարական պալատից: 

Հանձնաժողովի նախագահը Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն է: Նա նախկինում նոտար է աշխատել: Հանձնաժողովի անդամներն էին նախարարության իրավական ապահովման վարչության պետ Մարգարիտա Զալիբեկյանը, Վերահսկողական վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանը, Վերահսկողական վարչության երկրորդ բաժնի պետ Նարինե Խալաթյանը, Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտար Վահե Հովհաննիսյանը և «Երևան» նոտարական տարածքի նոտարներ Լինա Հովսեփյանն ու Աշխեն Հարությունյանը:

Թեկնածու Արփինա Սիմոնյանի բանավոր ստուգման ժամանակ հանձնաժողովի անդամներից Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը դեմ արտահայտվեց, որ որակավորման ստուգման գործընթացը ձայնագրենք: Սակայն, հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ դա Մուրադյանի անձնական դիրքորոշումն է, հանձնաժողովը դեմ չէ:

Ընթացքում հասկանալի դարձավ, թե ինչու էր Նոտարական պալատի նախագահը դեմ: Լիլիթ Մուրադյանն ակնհայտ ու բացահայտ օգնում էր իր ենթակայության տակ աշխատող Արփինա Սիմոնյանին՝ ցույց տալով, որ ցանկանում է նրան նոտար դարձնել: Հուշումներից բացի, Լիլիթ Մուրադյանն ավարտում էր նաև թեկնածու Սիմոնյանի անավարտ նախադասությունները, տալիս հուշող հարցեր: Բացի այդ, նույնիսկ որոշ հարցերի ինքն էր պատասխանում: Դրան զուգահեռ հենց ստուգման ընթացքում գովաբանում նրան:

«Համբերությունը, էթիկայի բոլոր նորմերը Արփինեի մոտ շատ բավարար է, նրա հետ շատ հեշտ է աշխատելը: Կցանկանայի, որ իսկապես, մեր համայնքը համալրվեր նմանատիպ մարդկանցով: Օրվա մեջ երևի 30-40 զանգ, կենդանի շփում քաղաքացիների հետ՝ մինչև 10 հոգի, բավարարում ենք և ճանապարհում: Շատ հազվադեպ է եղել, որ պալատի աշխատակցի աշխատանքից հետո ինձ բողոք հասնի»,- թեկնածուի հարցազրույցի ընթացքում հայտարարեց Լիլիթ Մուրադյանը:

Արփինա Սիմոնյանը բանավոր հարցերին պատասխանում էր կցկտուր, բառապաշարը սակավ էր, հարցերին պատասխանում էր հակիրճ և ոչ հստակ: Այստեղ էլ թեկնածուին «օգնության» եկավ Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արտաշես Սուչյանը, հայտարարելով, թե՝ զգացվում է, որ նա գիտի, սակայն վախենում է պատասխանել: Սակայն, նույն Սուչյանը թեկնածուի պատասխաններում մի քանի անհամապատասխանությունների մասին բարձրաձայնեց: Հարցերին, թե ինչ դրդապատճառով է ցանկանում նոտար դառնալ, Արփինա Սիմոնյանն ասաց, որ օրինակ՝ նոտարն օգնում է քաղաքացիներին, ինչը շատ է կարևորում, բացի այդ, նոտար է ուզում դառնալ, որ հմտանա և այլն: Սուչյանը հակադարձեց, որ նոտարը չի օգնում, կոնկրետ հարցեր է լուծում, իսկ նոտար աշխատելու համար պետք է արդեն հմուտ լինել, ոչ թե ընթացքում հմտանալ:

Երբ թեկնածուի բանավոր ստուգումն ավարտվեց և նրան դուրս հրավիրեցին, որ հանձնաժողովի անդամները թերթիկի վրա գնահատեն պատասխանները, Լիլիթ Մուրադյանը շարունակեց գովեստի խոսքեր հնչեցնել: Նշեց, թե Արփինան աշխատելուց էլ է այդպես եղել, ինչն իր համեստությունից է:

«Իր տեսակը շատ լավն է»,- ասաց Նոտարական պալատի նախագահը:

Արտաշես Սուչյանը, հավանաբար զգալով, որ թեկնածուի «քարոզը» չափից շատ է, դիտարկում արեց. «Ձեր այդքան գովեստից մեր գործընկերների մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ ձեր օբյեկտիվության վերաբերյալ»:

Այս ամենին լուռ հետևում էր հանձնաժողովի նախագահ, նախկին նոտար Սիրվարդ Գևորգյանը: Նա որևէ դիտարկում, նկատողություն չարեց, երբ Նոտարական պալատի նախագահն ակնհայտ կողմնակալ վարքագիծ էր դրսևորում նոտարի թեկնածուներից մեկի նկատմամբ:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու չէր միջամտում, երբ Մուրադյանը օգնում, հուշում, կողմնակալ վերաբերմունք էր ցուցաբերում թեկնածուներից մեկի նկատմամբ:

Սիրվարդ Գևորգյանը նշեց, որ հուշումները ոչ թե լուծման պատասխան ենթադրող էին, այլ ընդամենը շփոթության արդյունքում բառերի ճիշտ ընտրություն էր, ինչը տեխնիկական է:

«Եթե ես ինչ-որ բան սխալ եմ ֆիքսել, ձայնագրությունը նորից կլսենք, եթե էթիկայի մասով անհրաժեշտություն լինի, համապատասխան միջոցներ կձեռնարկենք նոտարական պալատի նախագահի վարքագծի հետ կապված»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Նշենք, որ միայն հարցազրույցի փուլն է ձայնագրվել:

Արփինա Սիմոնյանն առավելագույն 20 միավորից ստացավ 17,8 (որոշեցին կլորացնել` 18) միավոր, ինչը նշանակում է, որ նախարարության 4 ներկայացուցիչները ևս բարձր են գնահատել: Մինչդեռ տպավորությունն այնպիսին էր, որ թեկնածուն անցողիկ 15 միավորից ցածր միավորներ պիտի հավաքեր:

Կոտայքի մարզի նոտարի թեկնածուի որակավորման ստուգում

Կոտայքի մարզում (նստավայրը՝ Աբովյան) նոտարի թեկնածուները երկուսն էին՝ Գայանե Սարոյանը և Աննա Տոնոյանը: Գայանե Սարոյանը, որը դիմել էր նաև Գեղարքունիքի մարզի նոտարի թափուր հաստիքը զբաղեցնելու համար և չէր ներկայացել, այս անգամ մասնակցեց ստուգմանը:

Նշենք, որ Գայանե Սարոյանի հայրը՝ Բաբիկ Սարոյանը, ևս նոտար է եղել և վերջերս է անցել հանգստի: Գայանեի քույրը՝ Վարդուհի Սարոյանն էլ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում է նոտար:

Քանի որ այս մարզի համար թեկնածուները երկուսն էին, հանձնաժողովը որոշեց հարցազրույցի հրավիրել այբբենական կարգով: Առաջինը հրավիրեցին Աննա Տոնոյանին: Նրա հարցազրույցի ժամանակ ավելի ակտիվ էր Լիլիթ Մուրադյանը:

Աննայի պատասխանները հստակ էին, սպառիչ, ինչն առաջացրեց հանձնաժողովի անդամների հիացմունքը: Նրանք բուն խնդրից բացի, լրացուցիչ ևս մեկ իրավիճակային խնդիր առաջադրեցին Աննա Տոնոյանին, ինչի սպառիչ պատասխանը ևս ստացան: Նույնիսկ հարցազրույցի ավարտից հետո, երբ թեկնածու Տոնոյանը ունկնդրի կարգավիճակով արդեն նստած էր դահլիճում, Լիլիթ Մուրադյանը դեռ շարունակում էր նրան հարցեր տալ:

Գայանե Սարոյանը պատրաստված էր, սակայն հստակությամբ, սպառիչ պատասխանների տեսանկյունից զիջում էր Տոնոյանին: Հանձնաժողովի անդամները նրա պատասխաններով ևս հիացած էին:

Երբ երկու թեկնածուները դուրս հրավիրվեցին, որպեսզի հանձնաժողովը գնահատեր, ափսոսանք էին հայտնում, որ նրանցից միայն մեկն է ընտրվելու:

Ուշագրավն այն էր, որ երբ թերթիկը մոտեցրին հանձնաժողովի անդամ նոտարներին, Լիլիթ Մուրադյանը հորդորեց, որ միավորներն առաջինը նշանակեն Արդարադատության նախարարության ներկայացուցիչները՝ պատճառաբանելով, թե ժամանակ կշահեն մտածելու համար:

Հետո պարզ դարձավ, որ նախարարության ներկայացուցիչների միավորները ցուցիչ էին նաև հանձնաժողովի անդամ նոտարների համար:

Արդյունքում պարզվեց, որ գովասանքների արժանացած Աննա Տոնոյանը ստացել է ամենացածր միավորները՝ 16,6 միավոր, իսկ Գայանե Սարոյանը՝ 18,5:

Ինչ վերաբերում է որակավորման ստուգման առաջին փուլին, ապա հայտնի դարձավ, որ այն ևս անհարթ չի անցել: Առաջին փուլը չհաղթահարած թեկնածուներից մեկը, ով չցանկացավ անունը հրապարակել՝ հետագայում աշխատանքը չկորցնելու մտավախությամբ, պատմեց, որ գրավոր փուլի ժամանակ սրահում հայտնաբերվել է 5 խնդիրների պատասխաններով թերթիկ, սակայն չի պարզվել, թե այն ում է պատկանում:

Սիրվարդ Գևորգյանը պարզաբանեց, որ թեկնածուն քննասենյակ կարող է տանել միայն օրենսգիրք, սակայն մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել են նոտարական փաստաթղթեր: Կազմվել է արձանագրություն, և մասնակիցը հեռացվել է:

Մինչդեռ անունը հրապարակել չցանկացող մասնակիցը պնդում է, որ իրականում հայտնաբերվել են խնդիրների պատասխաններ՝ չբացառելով, որ նախարարության մատնանշած փաստաթղթերը ևս հայտնաբերվել են:

Նախարարությունից հետաքրքրվեցինք՝ իսկ գործնական խնդիրների փուլում, տարածքը տեսաձայնագրվե՞լ է: Դրանով ավելի հստակ կլիներ հասկանալը, թե իրականում ինչ է հայտնաբերվել տարածքում:

Սիրվարդ Գևորգյանն ասում է, որ որակավորման ստուգման առաջին փուլի ընթացքում տեսաձայնային նկարահանում չի ապահովվել, սակայն գործընթացին հետևել են լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Գործնական խնդիրների ստուգման փուլն անցկացվել է ձեռագիր տարբերակով, ինչը հանձնաժողովին թույլ է տալիս ստուգման ժամանակ շատ հեշտությամբ նույնացնել նախընտրած անձանց՝ հենց ձեռագրի միջոցով: Օրինակ՝ նույն Նոտարական պալատի նախագահը, ստուգման ժամանակ կարող է տարբերակել իր ենթակա աշխատակցի ձեռագիրը:

Կառավարության ընդունած կարգի համաձայն՝ որակավորման ստուգման առաջին՝ գործնական խնդիրների լուծման փուլն անցկացվում է համակարգչի միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ գրավոր, այսինքն՝ թղթային եղանակով: Նախարարությունից մեզ պատասխանել են, որ «հաշվի առնելով, դիմորդների աննախադեպ քանակը՝ որոշում է կայացվել ստուգումն անցկացնել գրավոր եղանակով»: Այսինքն՝ անհնարինությունը պատճառաբանվել է դիմորդների թվով: Նախարարությունը չի կարողացել 70 համակարգիչ ապահովել:

Ս. Գևորգյանն ասաց, որ մտահոգությունը հասկանալի է, սակայն փորձել են հնարավորինս ապահովել գաղտնիությունը: Որպես օրինակ, նշեց՝ նոտարների երեխաներ, Արդարադատության նախարարության աշխատակիցներ ևս մասնակցել են առաջին փուլին և չեն հաղթահարել, ինչը նշանակում է, որ գործընթացն օբյեկտիվ է եղել:

Նրա փոխանցմամբ՝ եթե դիմորդները քիչ լինեին, հնարավոր կլիներ ապահովել տեխնիկական միջոցները: Նույնիսկ ստիպված են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դահլիճում կազմակերպել գրավոր փուլի ստուգումը: Այդ նախարարությունն էլ չի ունեցել այդքան ազատ համակարգիչ, որ կարողանային նրանցից վերցնել:

Սիրվարդ Գևորգյանն ասաց, որ որակավորման կարգում փոփոխությունները եղել են 2023թ. տարեվերջին, և հնարավորություն չեն ունեցել տեխնիկական միջոցների գնում նախատեսել 2024թ. բյուջեով: Հնարավոր կլինի այն նախատեսել 2025թ․-ից:

Հանձնաժողովի նախագահն ասաց, որ այժմ նախարարությունում կարող են տեխնիկական միջոցներ և համապատասխան տարածք ապահովել մինչև 20 հոգու համար: Եթե հաջորդ որակավորման ստուգումների ժամանակ մասնակիցների թիվը շատ լինի, ստիպված են լինելու դարձյալ գրավոր տարբերակով անցկացնել:

«Անկախ եղանակի ընտրությունից՝ մասնակիցների աշխատանքները չեն պարունակում վերջիններիս անհատականացնող տվյալներ, այդ թվում՝ անվան, ազգանվան, հայրանվան վերաբերյալ նշում: Բացի այդ՝ աշխատանքներն արկղերում տեղադրվել են համապատասխան ծածկագրերով, որոնք մասնակիցների ներկայությամբ ջնջվել են միայն առաջին փուլի արդյունքների հրապարակման ժամանակ»,- ասում է Սիրվարդ Գևորգյանը:

Նշենք, որ որակավորման ստուգման գործնական խնդիրները (հինգ խնդիր` հինգ հարցադրումներով) կազմել են Արդարադատության նախարարությունը և Նոտարական պալատը: Հաշվի առնելով վերը նշված իրադարձությունները և հարցազրույցի փուլում հանձնաժողովի անդամների դրսևորած վարքագիծը, չի բացառվում, որ հենց հանձնաժողովի անդամների կողմից է եղել արտահոսքը՝ նախընտրած թեկնածուի դրական միավորն ապահովելու նպատակով:

Որակավորման ստուգումը հաղթահարած է համարվում հանձնաժողովի եզրակացությամբ առաջին և երկրորդ փուլերի հանրագումարով առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է որակավորման ստուգումը հաղթահարած մասնակցին և ուղարկում է Նոտարական պալատ՝ վերջինիս եզրակացությունը ստանալու համար: Նոտարական պալատի կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում հանձնաժողովն առաջարկում է նախարարին որակավորման ստուգումը հաղթահարած մասնակցին նշանակել նոտարի պաշտոնում: Այսինքն՝ արդարադատության նախարարից է կախված՝ որակավորման ստուգումը հաղթահարած մասնակիցները կնշանակվե՞ն նոտար, թե՞ ոչ:

Մեկնաբանություններ (2)

Աննա
Մարդիկ իրենց գործն են անում , մնացած եզրահանգումները թող ոլորտի պատասխանատուները որոշեն
Լիա
Բայց ինչու եք զարմանում, այս համակարգում միշտ էլ էս վիճականա եղել)) Նոտար դառնալը հեշտ բան չի ունե՞ս փող ու ծանոթ բռավո դու արդեն նոտար ես։ էսքան որ գրել եք ի՞նչ եք մտածում չեղյալ պիտի անեն արդյունքները, ըհըն հեսա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter