HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Նստարանները տեղադրած ընկերությունն ընդունում է, որ դրանք պատրաստված են չամ տեսակի փայտից 

«ՍԵՄ2017» ընկերության սեփականատեր Վարդան Սողոմոնյանը «Հետք»-ին մեկնաբանություն է տվել Երևանի քաղաքապետարանին վաճառած 75 նստարանի վերաբերյալ, որոնք տեղադրվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Վարդան Սողոմոնյանը վստահեցնում է՝ մատակարարված նստարանները տեռասային տախտակներից են։

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը 2023թ. դեկտեմբերի 6-ին «ՍԵՄ2017» ՍՊԸ-ի հետ 75 նստարանի մատակարարման պայմանագիր է կնքել։ Նստարանները պետք է պատրաստված լինեին տեռասային տախտակներից, որոնք լաքապատման կարիք չունեն։ Յուրաքանչյուր նստարանի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 137 հազար դրամ, այսինքն՝ 75 նստարանի համար՝ 10 մլն 284 000 դրամ։ «Հետք»-ը պարզել է, որ դրանք պատրաստված են սովորական փայտից և վճարված արժեքից մի քանի անգամ էժան են։

Ըստ ընկերության սեփականատիրոջ՝ նստարանները ձեռք են բերել Գյումրու «Տեխնո սիթի» կազմակերպությունից՝ յուրաքանչյուր նստարանի համար վճարելով 80 000 դրամ, ընդհանուր՝ 6 մլն դրամ։

«Տեռասային տախտակները լինում են երեք տեսակի՝ 100 % փայտ, պոլիմերային խառնուրդ, պոլիմերային տեռասային տախտակ։ Բնութագրով տված է եղել տեռասային տախտակ՝ առանց հիմքը նշելու։ Նստարանները լաքապատված չեն։

Տեռասային տախտակի դեպքում կարող է փշազգիների յուրաքանչյուր փայտը օգտագործել, հատուկ մշակում անցկացնել, ինքը տեռասային տախտակ ա, թղթերը ներկայացրել ենք, որ համարվում է տեռասային տախտակ։ Ընտրել ենք 100 %-անոց փայտ, որը մշակվելա, վրան նյութ է «պրոպիտկա» (пропитка) քսված, որը պաշտպանում է սնկերից։ 1 տարվա սպասարկման ընթացքում էդ պրոպիտկան անընդհատ արվելուա»,- նշեց Վ. Սողոմոնյանը։

Նրա հավաստմամբ՝ փայտի մշակումն արել են, իսկ արտադրողն իրենց տվել է փաստաթուղթ, որ դա տեռասային տախտակ է։

«Տեխնո սիթի» ընկերության տրամադրված տեղեկանքում նշված է, որ նստարանների վրա օգտագործվել է չամ տեսակի փայտանյութ։

«Չամ տեսակի փայտն օգտագործվում է նաև որպես շինարարական փայտանյութ և տեռասային հատակների համար, քանի որ այն կայուն է եղանակային ազդեցությունների նկատմամբ»,- նշված է «Տեխնո սիթի» ընկերության տրամադրած փաստաթղթում։

«Ինտերնետով պոիսկ ենք տվել տեռասային տախտակ, փայտերով հավաքել, ուղարկել ենք իրենց». արտադրող

«Հետք»-ը կապ է հաստատել նաև «Տեխնո սիթի» ընկերության հետ։ Ընկերության հիմնադիր Արտյոմ Միքայելյանը նշեց, որ նստարանները մետաղից ու փայտից են։

Մեր հարցին՝ դա տեռասային տախտակ է համարվում, Արտյոմ Միքայելյանը պատասխանեց. «Իհարկե, չամը համարվում է տեռասային տախտակ։ Վիքիպեդիայով էլ է էդպես»։

-Հատուկ մշակում անցե՞լ է,- հարցնում ենք։

-Ինքը հենց դրսի համար նախատեսված փայտանյութ է։ Ռուսաստանից ենք ձեռք բերում։

Մեկ այլ հարցի՝ արդյոք փաստաթուղթ ունեն, որ դա տեռասային տախտակ է համարվում, Արտյոմը պատասխանեց. «Թուղթը մենք ենք տալիս։ Էն, ինչ օգտագործվում է դրսի համար, կոչվում է տեռասային տախտակ։ Դա կարող է լինել և սոճին»։

-Դա հատուկ մշակու՞մ է անցնում։

-Ով է ասել, չկա նման բան... Գիտեք՝ ո՞րն էր հետաքրքրիր, տեխբնութագրում փայտի մասին ոչինչ չկար, ոչ լաքապատում, ոչ «պրապիտկա»։ Ով մեզանից պատվիրել էր («ՍԵՄ2017), զանգեց, ասեց պլաստմասա պետք է լինի տեռասային տախտակը, ասեցի` ո՞վ է ասել, բնական փայտը փոխե՞ս պլաստմաս, մտեք գուգլի մեջ նայեք՝ ի՞նչ է օգտագործվում տեռասային տախտակների մեջ։ Ինտերնետով նայել ենք տեռասային տախտակ, պոիսկ ենք տվել, փայտերով հավաքել, ուղարկել ենք իրենց։

Եվս մի քանի կահույքագործների հետ զրուցեցինք, որոնք նշեցին՝ չամ փայտը տեռասային տախտակ համարվել չի կարող։

«Սովորական չամից տեռասային տախտակ ստանալու համար պետք է այն մշակվի, ահագին գործընթաց է, «սանր» է կոչվում, պիտի քաշվի, որ տեռասի տեսք ստանա»,- նշեց կահույքագործներից մեկը՝ խորհուրդ տալով պատրաստի գնել։

Մեկ այլ կահույքագործի խոսքով՝ չամ փայտը երբեք տեռասային տախտակ չի կարող համարվել. «Տեռասային տախտակը նախատեսված է նրա համար, որ ջրից չփտի, չուռի։ Չամը սովորական փայտ է, ինչ ուզում ես արա, տեռասային չի լինի։ Թեկուզ «պրոպիտկա» անեն։ Կարաս լամինատով էլ սարքես տեռասային տախտակ, բայց ինքը կյանք չունի»։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, այսօր՝ գործակարգավարական նիստում, անդրադառնալով «Հետք»-ի հրապարակմանը, ասաց, որ Վերահսկողության վարչությանը կխնդրի կարծիք տալ դեպքի վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter