HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչու է Արդարադատության նախարարությունը հերքում փաստերը

«Հետքը» երեկ հոդված էր հրապարակել՝ «Կողմնակալ վերաբերմունք, հուշումներ. ինչպես են անցկացվում նոտարի թեկնածուների քննությունները» վերնագրով, ինչին ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում և պաշտոնական կայքում 5 կետից բաղկացած հերքում է տարածել՝ խեղաթյուրելով հոդվածում նշված փաստերը և նյութի հեղինակին վերագրելով չասված մտքեր:

Նախարարություն 

  1. «Հետք» լրատվականը որպես թերացում նշել է գրավոր փուլը համակարգչային տեխնիկայով չանցկացնելը, սակայն սահմանված կարգով թույլատրվում էր երկու եղանակ, և նախարարությունն ընտրել է գրավոր եղանակը, ինչը խնայել է մոտ 20 մլն դրամ՝ հաշվի առնելով 70 թեկնածուների առկայությունը և բոլորի համար տեխնիկա ապահովելու ծախսը: Հարկ է նշել նաև, որ գրավոր եղանակով բացառվել է որևէ հնարավորություն, որ ստուգողները կարող են իմանալ, թե որ թեկնածուի գրավորն են ստուգում:

«Հետք»

Նախարարությունը խեղաթյուրել է հրապարակումը՝ նշելով, թե նոտարների թեկնածուների որակավորման ստուգումը համակարգչային տեխնիկայով չանցկացնելը հոդվածում ներկայացվել է որպես թերացում: Հոդվածում հստակ նշված է, որ «Կառավարության ընդունած կարգի համաձայն՝ որակավորման ստուգման առաջին՝ գործնական խնդիրների լուծման փուլն անցկացվում է համակարգչի միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ գրավոր, այսինքն՝ թղթային եղանակով: Այս հարցի վերաբերյալ հոդվածում ներկայացվել է նաև նախարարության դիրքորոշումը, այն է՝ «հաշվի առնելով դիմորդների աննախադեպ քանակը՝ որոշում է կայացվել ստուգումն անցկացնել գրավոր եղանակով»: Նշել ենք, որ անհնարինությունը պատճառաբանվել է դիմորդների թվով: Նախարարությունը չի կարողացել 70 համակարգիչ ապահովել:

Փորձելով ազդել հանրության զգացմունքների վրա՝ նախարարությունը համակարգչային տեխնիկայով չանցկացնելը հրամցրել է որպես դրական երևույթ՝ 20 մլն դրամի խնայողություն: Մինչդեռ մենք ընդամենը նշել էինք, որ Կառավարության ընդունած կարգի համաձայն՝ գրավոր եղանակով հնարավոր է անցկացնել միայն անհնարինության դեպքում, ինչը, ըստ նախարարության, համակարգիչների բացակայությունն է:

Նախարարությունը բացառել է, որ ստուգողները կարող են իմանալ, թե ում գրավորն են ստուգում: Մենք նշել էինք, որ թեկնածուներից մեկը եղել է Նոտարական պալատի իրավաբանը, և հանձնաժողովի անդամ է եղել Նոտարական պալատի նախագահը: Հենց այդ օրինակով ցույց ենք տվել, որ իր ենթակայությամբ աշխատողի ձեռագիրը նույնացնելը դժվար չէ:

Նախարարություն

  1. Հրապարակմամբ նշվում է, թե իբրև քննության ժամանակ մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել են թեստի պատասխանները, այնինչ Վերահսկողական վարչության և հանձնաժողովի կողմից մասնակցի մոտ հայտնաբերվել են օգնող նյութեր, ինչն անմիջապես արձանագրվել է, և մասնակիցը հեռացվել է գրավոր քննությունից: Առնվազն այս գործողությունից հետո, այս հիմքով գրավոր քննությունը կասկածի տակ դնելն անտրամաբանական է:

«Հետք»

Այստեղ նախարարությունը նույնպես մոլորեցրել է ընթերցողներին: Մենք գրել էինք, որ առաջին փուլը չհաղթահարած թեկնածուներից մեկը պատմել է, որ գրավոր փուլի ժամանակ սրահում հայտնաբերվել է 5 խնդիրների պատասխաններով թերթիկ, սակայն չի պարզվել, թե այն ում է պատկանում: Այս առնչությամբ պարզաբանում ենք խնդրել Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար, նոտարների թեկնածուների որակավորման ստուգման հանձնաժողովի նախագահ Սիրվարդ Գևորգյանից: Վերջինս պարզաբանել է, որ թեկնածուն քննասենյակ կարող է տանել միայն օրենսգիրք, սակայն մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել են նոտարական փաստաթղթեր: Կազմվել է արձանագրություն, և մասնակիցը հեռացվել է:

Հարցրել էինք՝ արդյոք տարածքը տեսաձայնագրվել է գործնական խնդիրների փուլում, որպեսզի փորձեինք պարզել, թե իրականում ինչ է հայտնաբերվել:

Սիրվարդ Գևորգյանը պատասխանել է, որ որակավորման ստուգման առաջին փուլի ընթացքում տեսաձայնային նկարահանում չի ապահովվել, սակայն գործընթացին հետևել են լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Հետքը» ներկայացրել է որակավորման ստուգման մասնակիցներից մեկի և Արդարադատության նախարարության պարզաբանումները, քանի որ վստահ չէ, թե իրականում ինչ է հայտնաբերվել, չկան տեսանյութեր, այլ ապացույցներ: 

Նախարարություն

  1. Հոդվածում ոչ մասնագիտական գնահատական է տրվել երեք թեկնածուների պատասխաններին ու դատողություններ արվել, թե որ թեկնածուն քանի միավոր պետք է ստանար: Լրատվամիջոցն իրեն թույլ է տվել հանդես գալ որպես մասնագիտական հանձնաժողով և իր հոդվածում 20 միավոր սանդղակով միավորների ենթադրյալ բաշխումներ է կատարել մասնակիցների մեջ՝ նշելով, թե որ թեկնածուն քանի միավոր պետք է ստանար: Որպես թերություն նշել է, օրինակ, թեկնածուի հակիրճ պատասխանը: Մեկ այլ դեպքում՝ հոդվածի հեղինակը գնահատական է տալիս, թե պատասխաններն ավելի հստակ էին և սպառիչ, մյուսի պարագայում՝ հեղինակը նշում է, թե թեկնածուն պատրաստված էր, բայց զիջում էր նախորդ մրցակցին:

«Հետք»

Նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել: «Հետքը» միավորների բաշխում չի կատարել: Պարզապես լսել է որակավորման երկրորդ փուլի բոլոր մասնակիցների պատասխանները, հանձնաժողովի անդամների դիտարկումները և այդ ամենը ներառել հոդվածում, ինչն ինքնին համեմատություն է: Մեջբերենք այդ հատվածն ընթերցողի համար. «Նոտար աշխատելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու նպատակով հանձնաժողովի անդամները հարցեր են տալիս մասնակիցներին: Հանձնաժողովի անդամները նոտարի թեկնածուներից մեկին հարցրին, թե ինչ դրդապատճառով է ցանկանում նոտար դառնալ, նա էլ պատասխանեց, որ օրինակ՝ նոտարն օգնում է քաղաքացիներին, ինչը շատ է կարևորում, բացի այդ, նոտար է ուզում դառնալ, որ հմտանա և այլն: Հանձնաժողովի՝ նախարարության ներկայացուցիչը հակադարձեց, որ նոտարը չի օգնում, կոնկրետ հարցեր է լուծում, իսկ նոտար աշխատելու համար պետք է արդեն հմուտ լինել, ոչ թե ընթացքում հմտանալ: Նկատողություն են արել նաև, որ թեկնածուն հստակ չի պատասխանում»: Այս ամենից տպավորություն էր ստեղծվում, որ չի հաղթահարելու անցողիկ 15 միավորը: Մեկ այլ թեկնածուի գովել են, հիացել պատասխաններով: Սակայն վերջնարդյունքում պարզվել է, որ երկուսի համեմատ բարձր միավորներ հավաքել է դիտողությունների արժանացած ու հարցերին ոչ հստակ պատասխանած թեկնածուն, ինչի մասին գրվել է հոդվածում:  

Նախարարություն

  1. Լրատվամիջոցը տեղեկացված չի եղել և նախապես չի ճշտել, որ, հարցազրույցից բացի, թեկնածուները գնահատվել են նաև գրավոր փուլում: Ի դեպ, այն թեկնածուները, որոնք հաղթահարել են բանավոր փուլը, ամենաբարձր միավորներն են ստացել գրավոր ընթացակարգով անցկացված քննության ժամանակ:

«Հետք»

Նախարարությունն իր հերքման տեքստում այս մասով ևս ապատեղեկատվություն  է տարածել: Հոդվածում հստակ նշված է, որ նոտարների թեկնածուների որակավորման ստուգումն իրականացվում է երկու փուլով: Առաջին՝ գործնական խնդիրների լուծման փուլը տեղի է ունեցել 2023թ. դեկտեմբերի 25-ին: Մարզային 5 տարածքներում նոտարի թափուր պաշտոնները համալրելու նպատակով ներկայացվել է 70 դիմում, որակավորման ստուգման առաջին փուլին ներկայացել և մասնակցել է 62 դիմորդ: Գրավոր փուլը հաղթահարել է նրանցից միայն 3 մասնակից:

Միայն այս պարբերությունից նախարարության համար պետք է պարզ լիներ, որ լրատվամիջոցը տեղյակ է եղել: Հոդվածում նույնիսկ առկա է նախարարության պաշտոնական կայքի ակտիվ հղումը, որտեղ երևում են երկու փուլերի արդյունքում որակավորման ստուգումը հաղթահարած թեկնածուների միավորները:

Նախարարություն

  1. «Հետք»-ն անհիմն մեղադրել է, որ մասնակիցներից մեկը մի քանի տարածքների համար դիմել է և հետո հրաժարվել է որոշակի պայմանավորվածություններից ելնելով: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ թեկնածուն կարող է դիմում ներկայացնել մի քանի մարզում առկա նոտարի թափուր տեղի համար: Այս պարագայում՝ թեկնածուներից մեկը հայտ էր ներկայացրել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում առկա թափուր տեղերի համար, այնուհետև, իր իսկ ցանկությամբ, նախընտրել էր մասնակցել իր բնակությանը և Երևանին մոտ՝ Աբովյան քաղաքում առկա թափուր տեղի հարցազրույցի փուլին:

«Հետք» 

Նախարարությունը խեղաթյուրել է հրապարակումը, առանձնացրել ընդհանուր համատեքստից կտրված պարբերություն և մեկնաբանել: Հոդվածում չկա որևէ հիշատակում, թե մեկից ավելի մարզի համար դիմելը խախտում է:

Նախարարությունը չի անդրադարձել որակավորման ստուգման հանձնաժողովի անդամների վարքագծին, նրանց ուղղորդումներին: Լռության է մատնել այն հանգամանքը, որ թեկնածուներից մեկը եղել է Նոտարական պալատի աշխատակից և նրան բացահայտ աջակցել, նրա թեկնածության օգտին քարոզել է հանձնաժողովի անդամ, Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը: Անտեսել է իրողությունը, որ հենց այդ աշխատակցի վերաբերյալ են  հանձնաժողովի անդամներն ամենից շատ դիտարկումներ արել: Մենք ընդամենը արձանագրել ենք, որ նրա մրցակից թեկնածուն չի ներկայացել՝ պալատի աշխատակցին թողնելով առաց մրցակցության: Այն, որ հրաժարված թեկնածուի հետ պայմանավորվածություն է եղել, բխում է ամբողջ հոդվածի տրամաբանությունից, հանձնաժողովի անդամների վարքագծից և թեկնածուների միավորներից: Դրա հիման վրա էլ կատարվել են եզրահանգումներ: Կարծում ենք, նախարարությունը սրա վրա պետք է կենտրոնանար և պարզեր՝ ինչու՞ հանձնաժողովի անդամները օբյեկտիվ չեն եղել և որակավորման ստուգման ժամանակ չեն դրսևորել չեզոք, անկողմնակալ վերաբերմունք:

Հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ երկրորդ փուլում իրականացվել է ձայնագրություն, նախարարության համապատասխան պաշտոնյաները կարող են լսել այդ ձայնագրությունը՝ պատկերն ամբողջացնելու համար: Ձայնագրության բացակայության դեպքում պատրաստ ենք նախարարությանը փոխանցել որակավորման երկրորդ փուլի մեր ձայնագրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter