HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գիշերօթիկ հաստատությունները լուծարելու շտապողականությունը եթե չլիներ, քույր և եղբայր Միրոնյուկներն այսօր կարող էին ողջ լինել 

Նոր Հաճն քաղաքի բնակիչ Ժաննա Սիմոնյանի թոռները երկու տարի էր, ինչ գտնվում էին Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում, երբ կառավարությունը որոշեց լուծարել այն։ Երեխաներին տուն ուղարկեցին լուծարելուց երեք ամիս առաջ։ Տատի հետ նույն բնակարանում ապրող չորս անչափահաս թոռները երկու ամիս հետո մահացան շմոլ գազի թունավորումից։ Դատաբժշկական փորձաքննությունը պարզեց, որ երեխաների խնամակալ 77–ամյա տատիկը ծանր հիվանդություններ ուներ, որոնք անհամատեղելի են խնամարկյալի կարգավիճակի համար։ Երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնողները վստահեցնում էին, որ որոշումները կայացվել են յուրաքանչյուր երեխայի և ընտանիքի կարիքների խորքային գնահատման հիման վրա։ Միասնական սոցիալական ծառայությունը եզրակացություն չի տվել այս ընտանիքի համար։

2019թ.-ի նոյեմբերի 15-ին Նոր Հաճն քաղաքի իրենց տանը շմոլ գազի թունավորումից մահացան տանտիրուհին՝ 77–ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա անչափահաս թոռները՝ էդուարդ, Տիգրան, Ժաննա և Սերինե Միրոնյուկները (երեխաների մայրն ուկրաինուհի է, նրանք ծնվել են Ուկրաինայում եւ կրել մոր ազգանունը-խմբ.)։ Երեխաներից երկուսը՝ 15–ամյա Տիգրանը և 14–ամյա Ժաննան, այդ ժամանակ դեռևս «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության» սաներ էին համարվում և գտնվում էին պետության պաշտպանության ներքո։ 

Նրանք գիշերօթիկ հաստատություն էին տեղափոխվել դեպքից երկու տարի առաջ տատի՝ Ժաննա Սիմոնյանի դիմումի հիման վրա։ 2019թ․ հոկտեմբերի 31–ին կառավարությունը որոշեց լուծարել Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու գիշերօթիկ հաստատությունները, Վանաձորի մանկատունը և երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիքներ։ Որոշումն ուժի մեջ մտավ դեկտեմբերի 1–ին, բայց դպրոցի սաներին ամիսներ առաջ էին տուն ուղարկել։ 

Երեխաների հորեղբայրը՝ Աշոտ Մարգարյանը, «Հետք»–ին պատմեց, որ Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության տնօրենը կանչել և հայտնել է, որ երեխաներին պետք է տուն տանեն։ Ինքը դեմ էր երեխաներին տուն ուղարկելուն։ «Եղբորս երեխաները շատ խելացի էին ու աշխույժ, հատկապես Տիգրանն ու Ժաննան։ Այդ պատճառով որոշեցինք նրանց տեղավորել գիշերօթիկում, քանի որ մայրս այդ տարիքում և առողջական այդ խնդիրներով անկարող էր վերահսկել բոլորին»,– ասաց Աշոտ Մարգարյանը։ Նա միանշանակ անընդունելի է համարում երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունները լուծարելու որոշումը, եթե այդպես չլիներ, երեխաներից գոնե երկուսը ողջ կլինեին այսօր։   

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որն այդ ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր, նաև՝ Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նախագահը, դեպքից ժամեր անց ֆեյսբուքի իր էջում գրեց․ «Արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում ժամեր առաջ հայտնի դարձած ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ, քանի որ նրանցից երկուսը՝ 15 և 14 տարեկան քույր ու եղբայրը, գիշերօթիկի սան են եղել ․․․ երեխաները դեռևս սեպտեմբերից վերադարձել են ընտանիք և ապրել իրենց օրինական խնամակալի՝ տատիկի հետ, ով սիրել և հոգ է տարել նրանց մասին: Մեծ ցավ եմ ապրում պատահածի համար: Եթե որևէ մեկը, այդ թվում` նախարարությունը, և ես՝ անձամբ, մեղավոր է այս դժբախտ պատահարի համար, իրավապահ մարմինները պետք է անկաշկանդ գործեն ․․․»:  

Իրավապահ մարմինները հարուցված քրեական գործի շրջանակում քննության չեն առել, թե ինչո՞ւ և ո՞ւմ հրամանով են երեխաներին տուն ուղարկել գիշերօթիկ հաստատությունը լուծարելուց երեք ամիս առաջ։ Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի երկու դեռահասների մահվան համար, որոնք այդ ժամանակ, դե յուրե գիշերօթիկ հաստատության սաներ էին։

Նոր Հաճնի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմինը 2013թ․–ի ապրիլին Ժաննա Սիմոնյանին, իր դիմումի հիման վրա,  ճանաչել էր թոռների խնամակալ։ Ժ․ Սիմոնյանը խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին (ԽՀՀ) հայտնել էր, որ արդեն 6 ամիս երեխաների միակ խնամողն ինքն է։ Որդին ու հարսը ամուսնալուծվելուց հետո հեռացել են Հայաստանից՝ իր խնամքին թողնելով չորս անչափահաս երեխաներին։ 

Նրանց խնամակալությունը ստանձնելուց չորսը տարի հետո Ժաննա Սիմոնյանը Կոտայքի մարզպետին խնդրել է թոռներից երկուսին՝ 13–ամյա Տիգրանին և 12–ամյա Ժաննային ընդունել Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն։ 

«Իմ խնամակալության տակ գտնվող երեխաները՝ Տիգրան և Ժաննա Միրոնյուկները, բավականին ժամանակ է ինձ հետ են ապրում, բայց ես այժմ հիվանդ եմ և տարիքով։ Ճնշումս բարձր է և տատանվող, ունեմ նաև ոտքերի արտահայտված հիվանդություն, որոնց պատճառով հնարավորություն չունեմ և շատ-շատ դժվարանում եմ տեղը–տեղին պահել, անել այն, ինչ պահանջվում է դպրոցի կողմից և որպես խնամակալ երեխաներին անհրաժեշտ հարցերով զբաղվելու»,– խնդրանքը հիմնավորել է տատը։ 

2017թ․ սեպտեմբերի 20-ին Կոտայքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը Տիգրան և Ժաննա Միրոնյուկներին բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու մասին դրական եզրակացություն է տվել՝ անհնարին համարելով երեխաների խնամքը կենսաբանական ընտանիքում կազմակերպելը։ Մարզպետարանի որոշման համար հիմք են հանդիսացել Ժ․ Սիմոնյանի դիմումը, Եղվարդի սոցիալական աջակցության տարածքային գործակալության  նախնական եզրակացությունը, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետների ուսումնասիրության արդյունքները, ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված լինելը։ 

Երեխաների անձնական գործին կցված է Եղվարդի սոցիալական ապահովության տարածքային գործակալության (ՍԱՏԳ) պետի նախնական եզրակացությունը։ «Տնային այցելությունից պարզվեց, որ Ժաննա Սիմոնյանը 2013թ․-ից կարողացել է հոգալ դեռահասների կարիքները և լուծել նրանց խնդիրները։ Այժմ Ժ․ Սիմոնյանն ունի առողջական խնդիրներ և չի կարողանում զբաղվել դեռահասների խնամքով։ Ընտանիքի կարիքների գնահատման արդյունքում, ելնելով ընտանիքի կենսապայմաններից, Ժ․ Սիմոնյանի առողջական վիճակից՝ առաջարկում եմ, հնարավորության դեպքում, Ժաննա Միրոնյուկին և Տիգրան Միրոնյուկին ուղեգրել բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն»,– գրված է ՍԱՏԳ եզրակացության մեջ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարությունը 2023թ․ հունիսին մեր գրությանը պատասխանել էր, որ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններից կենսաբանական ընտանիքների հետ երեխաների վերամիավորումն իրականացվում է մարզպետարանների համապատասխան բաժինների եզրակացությունների հիմքով։ Այն ձևավորվում է՝ հիմք ընդունելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների նախնական դրական եզրակացությունը և երեխայի փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները։   

Միրոնյուկների գործերում նրանց ընտանիք վերադարձնելու մասին խնամակալի դիմում և մասնագիտական եզրակացություններ չկան։ Կոտայքի մարզպետարանը հայտնում է, որ գիշերօթիկ խնամքի հաստատությունից երեխաները վերադարձվել են կենսաբանական ընտանիք՝ հիմք ընդունելով գիշերօթիկ հաստատությունը լուծարելու մասին կառավարության որոշումը և օրինական ներկայացուցչի դիմումը։ «Մասնագիտական եզրակացությունների համար հիմք են հանդիսացել օրինական ներկայացուցչի դիմումը՝ երեխաներին ընտանիք վերադարձնելու մասին և կառավարության վերոհիշյալ որոշումը»,– հայտնում է մարզպետարանը:

Երեխաներին գիշերօթիկ ընդունելիս Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը Ժաննա Սիմոնյանին գրավոր նախազգուշացրել է, որ երեխաներին Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն տեղավորելու հիմքերը վերանալուց հետո նրանց ընտանիք են վերադարձնելու։ Իհարկե, եթե նա չխուսափի խնամարկյալներին ընտանիքում պահելուց, հակառակ դեպքում երեխաների հետագա խնամքի տրամադրման այլ ձևեր կընտրեն։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս կարևոր և պատասխանատու ծրագիրը մեկնարկելիս վստահեցնում էր, որ երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելուց առաջ համակողմանի գնահատել են գիշերօթիկ հաստատությունների երեխաների և նրանց ընտանիքների կարիքները: «Եթե պարզվի, որ ընտանիքը պատրաստ չէ անգամ աջակցություն ստանալու պարագայում երեխայի խնամքով զբաղվելու, կամ երեխայի կյանքին վտանգ է սպառնում ընտանիք վերադառնալու պարագայում, ապա այդ երեխաները տեղավորվելու են ճգնաժամային աջակցության կենտրոնում»,– Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում պատասխանել են հարցով մտահոգ քաղաքացիներին:

Եթե ընտանիք վերադարձնելուց առաջ ծանոթանային երեխաներին գիշերօթիկում տեղավորելու վերաբերյալ Ժ․ Սիմոնյանի դիմումին, մեկ անգամ կայցելեին նրան՝ պարզելու, թե առողջական ինչ վիճակում է դրանից երկու տարի անց։ Տեղի ունեցած ողբերգությունը բացահայտեց, որ խնամակալ տատիկի առողջական վիճակը, ինչպես նաև կենցաղային ոչ բավարար պայմանները խոչընդոտ էին երեխաներին ընտանիք վերադարձնելու համար։ 

Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ Ժաննա Սիմոնյանը կենդանության ժամանակ տառապել է համատարածուն աթերոսկրելոզով, մանրօջախային հետինֆարկտային կարդիոսկլերոզով, պլևրիտով, ներքին օրգանների սնուցախանգարային փոփոխություններով։ 

Փորձաքննությամբ նաև դիակների օրգանիզմում շմոլ գազի քանակությունն են որոշել։ Պարզվել է, որ տղաների օրգանիզմում շմոլ գազի քանակն ավելի շատ է եղել, քան աղջիկ երեխաների ու տատիկի մոտ։ Բժիշկները բացատրել են, որ ինչքան ստամոքսը դատարկ է եղել, այնքան շմոլ գազը շատ է լցվել։ Հետևությունն այն է, որ տղաները սոված են եղել։ 

Իրենց սոցիալական ծանր կացությունը երեխաները նկարագրել են 2019թ․ փետրվարին վարչապետի տիկին Աննա Հակոբյանին գրած նամակում՝ ակնկալելով նրա աջակցությունը։ Երեխաների հորեղբայրը հայտնեց, որ նամակին չեն արձագանքել։

Բարև Ձեզ, ես Տիգրան Միրոնյուկն (Մարգարյան) եմ։ Ձեզ եմ դիմում մի մեծ խնդրանքով, հույս ունենալով, որ չեք մերժի խնդրանքս։ Մենք 4 անչափահաս երեխաներով գտնվում ենք տատիկիս խնամքի տակ, որն ունի առողջական խնդիրներ։ Մեր ծնողները մեզ լքել են, երբ մենք դեռ շատ փոքր էինք, նրանք նույնիսկ չեն էլ հիշում մեր գոյության մասին։ Տատիկս, որը 77 տարեկան է, միայնակ է մեզ խնամում։ Գտնվում ենք սոցիալական ծանր պայմաններում։ Ապրուստի միակ միջոցը «Փարոս» սոցիալական ծրագրից օգտվելն է և տատիկիս թոշակը։ Մեզ խնամում էր մեր հորեղբայրը (երեխաները երկու հորեղբայր ունեին-խմբ.), որին իր մոտ ընկերը գնդակահարեց և մենք կարելի է ասել  ավելի որբացանք ու հայտնվեցինք էլ ավելի վատ պայմաններում։ 

Սնունդ և հագնելու շորեր չունենալու պատճառով ես և միջնեկ քույրս տեղափոխվեցինք Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն։ Տունը՝ որտեղ մենք ապրում ենք երկու սենյականոց է, գտնվում է շատ վատ վիճակում, խնդրում ենք Ձեզ, եթե կարող եք վերանորոգեք կամ որևէ աջակցություն ցուցաբերեք մեր առանց այն էլ խալխլված տանը և ընտանիքին։ Մենք էլ մյուս երեխաների նման երազում էինք լավ ընտանիք և տուն ունենալու մասին։ Խնդրում ենք օգնեք մեր ընտանիքին։ 

Դիմող՝ Տիգրան, Ժաննա, Էդիկ, Սերինե Միրոնյուկներ  (Մարգարյաններ)

Ընտանիքի մահվան համար դատապարտվեց փականագործը

Քրեական գործի տվյալներով՝ 2019թ.-ի նոյեմբերի 15-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանի բնակիչների կողմից խոհանոցում տեղադրված գազի արագային ջրատաքացուցիչի շահագործման արդյունքում այրման արգասիքները մթնոլորտ դուրս չեն եկել, ամբողջովին լցվել են խոհանոց, այնուհետև՝ բնակարանի մյուս հատվածներ։ Արդյունքում առաջացել է մարդու առողջության համար վտանգավոր թույլատրելի սահմանաքանակը գերազանցող ածխածնի մոնօքսի (շմոլ գազի) կոնցենտրացիա, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է ժաննա Սիմոնյանի և անչափահասներ՝ էդուարդ, Տիգրան, Սերինե և ժաննա Արմանի Միրոնյուկների մահը:

Ընտանիքի մահվան համար նախաքննական մարմինը մեղադրեց «Էյ-Ի-Ջի–Սերվիս» ՍՊԸ-ի աշխատակցին՝ փականագործ Ռոստոմ Հայրապետյանին։ Փականագործը վերջին անգամ բնակարան այցելել էր դեպքից 5 ամիս առաջ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա չի հայտնաբերել առկա խախտումները, չի արձանագրել, որ տանիքում օդանցքը և ծխատարը փակ են եղել, և խախտումները վերացնելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկել։ 

Նախաքննական մարմինը չի քննել, թե երեխաներն ինչու են կառավարության որոշումից երեք ամիս առաջ տուն ուղարկվել, ո՞ւմ հրամանով, արդյոք կատարվե՞լ է ծառայողական քննություն։ 

«Էյ-Ի–Ջի–Սերվիս» ՍՊԸ-ի աշխատակից Ռոստոմ Հայրապետյանին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը 2023թ․ օգոստոսին դատապարտեց 4 տարի 6  ամիս ժամկետով ազատազրկման: Դատախազությունը բողոքարկել է դատավճիռը՝ համարելով, որ  դատարանը մեղմ պատիժ է նշանակել և առաջարկել է դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման և 3 տարով զրկել գազի սպասարկման և անվտանգության գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Վերաքննիչ քրեական դատարանը դեռևս որոշում չի կայացրել։

Ռ․ Հայրապետյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանի կարծիքով՝ ողբերգական դեպքը բաժանորդների ինքնագործունեության հետևանքով է տեղի ունցել և ոչ թե անվտանգության տեսուչի անփութության կամ խախտումները չգրանցելու։ «Ընտանիքը սոցիալապես անապահով է եղել։ Դեպքի վայրի զննության լուսանկարների մեջ ակնհայտ երևում է, որ գազօջախի աչքի վրա շուռ տված թավա կա, նաև հարևանների խոսակցություններից տեղեկացել ենք, որ գազօջախի փուռն են միացրել տաքանալու համար, դրանից կարող էր շմոլ գազն այդքան շատ լցվել»,- ասում է ամբաստանյալի պաշտպանը։ 

Փաստաբանը համեմատական է անցկացրել ընտանիքի նախորդ տարիների գազասպառման ցուցանիշների միջև և պարզել, որ ամռան սեզոնին, մեկ եռամսյակի ընթացքում 30 խմ գազ են սպառել, իսկ ձմռանը՝ 120 խմ։ «Տուժողի իրավահաջորդը պնդում է, որ իրենք երբևիցե գազով չեն տաքացրել բնակարանը, միայն ճաշ են եփել ու լողացել։ Մինչդեռ, ձմռանը 4-5 անգամ ավել է կազմել գազի ծախսը, այն դեպքում, երբ ամռանն ավելի շատ պետք է լողանային»,- ասում է Լ․ Զեյնալյանը։ 

Փաստաբանն իր վարկածը հիմնավորելու համար նախաքննության ժամանակ նոր փորձաքննություն նշանակելու միջնորդություն է ներկայացրել, բայց քննիչն ու դատախազը նպատակահարմար չեն համարել։ Նախաքննական մարմնի նշանակած փորձաքննությունը պետք է պարզեր, թե ջրատաքացուցիչը մեկ ժամ աշխատելու ընթացքում ինչքան շմոլ գազ կարտադրեր։ Լ․ Զեյնալյանը փոխանցեց փորձագետի ասածը՝ սարքի տվյալներով՝ հնարավոր չէր թունավորվել։ Ինչ վերաբերում է նրան, որ տանիքում օդանցքը և ծխատարը փակ են եղել, մասնագետների կարծիքով՝ այդ դեպքում մի քանի ժամվա ընթացքում ջրատաքացուցիչը պետք է դեֆորմացվեր կամ գոնե դեղներ։ 

Լ․ Զեյնալյանը հայտնեց, որ դեպքից մեկ օր առաջ տեսուչը գրանցել է գազի սպառման ցուցանիշը և պարզվել է, որ մեկ օրվա մեջ 16 խմ գազ են ծախսել։ Փաստաբանը պնդում է, որ քննություն պետք է կատարեին և պարզեին, թե 16 խմ-ն ինչպես է ծախսվել մեկ օրում, սակայն նախաքննական մարմինն այդ մասով փորձարարություն չի իրականացրել։ Անվտանգության սարքը մշտապես անջատված է եղել, և դա չի հերքում տուժողների իրավահաջորդը։

Երեխաների հորեղբայրը՝ Աշոտ Մարգարյանը, քննիչին հայտնել է, որ դեպքի օրը անվտանգության սարքն անջատված էր։ Նույնը մեզ պատմեց։ 2019թ․ նոյեմբերի 16–ին, ժամը 00։30–ի սահմաններում իր մեքենայով Էդուարդ Միրոնյուկին բերել է տուն, պայմանավորվել են, որ նույն օրը ժամը 13։00–ին հանդիպեն և գնան աշխատանքի։ Նշված ժամին Է․ Միրոնյուկը չի գնացել, զանգերին չեն պատասխանել, որից հետո գնացել է նրանց տուն և դուռը փակ գտել։ Դուռը լինգով հրելով բացել է և բոլորին հայտնաբերել մահացած։ Ջրատաքացուցիչը միացված է եղել, բայց գազ չի մատակարարվել, բնակարանի գազի անվտանգության սարքն էլ անջատված է եղել վարդակից։

Աշոտ Մարգարյանը հաստատում է, որ տանիքում ծխատարը փակ է եղել։ «Միշտ է փակ եղել, բայց ծուխը դուրս գալու տեղ ունեցել է, հակառակ դեպքում ես էլ վաղուց պետք է մահացած լինեի։ Խոհանոցի օդանցքը երեխաները փակում էին գունավոր ստվարաթղթով, որը պետք է փականագործը նկատած լիներ այցերի ժամանակ և արգելեր, բայց չի արել»,– հայտնեց տուժողների իրավահաջորդը։ Ասաց, որ մայրը երբեմն մոռանում էր գազօջախն անջատել, ինքը եղբոր ավագ որդուն զգուշացրել էր ուշադիր լինել նրա նկատմամբ։ 

Կրկին հիշեցնենք, որ ըստ դատաբժշկական եզրակացության՝ Ժաննա Սիմոնյանը, ի թիվս այլ հիվանդությունների, տառապել է նաև համատարածուն աթերոսկրելոզով։ Առողջական այդպիսի խնդիրներ ունեցող 77–ամյա կինը կարո՞ղ էր չորս երեխաների խնամքը ստանձել։

«Խնդրում եմ խելամիտ և բարեգութ գտնվել՝ ճակատագրական սխալից խուսափելու համար»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունները լուծարելու շրջանում տեղեկացրեց, որ 2019թ․ սեպտեմբերի 17–ի դրությամբ  գործող չորս գիշերօթիկ հաստատությունում 260 երեխա է ընդգրկված։ Նրանցից միայն 20-ի դեպքում մասնագետները նպատակահարմար չեն համարել կենսաբանական ընտանիքներ վերադարձը։ Նախարարությունը հավաստիացնում էր, որ որոշումները կայացվել են երեխայի կարիքների խորքային գնահատման հիման վրա։

Մարդու իրավունքների պաշտպանը 2019թ․–ի տարեկան հաղորդմամբ արձանագրել էր, որ ԱՍՀ նախարարության տվյալների համաձայն՝ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող գիշերօթիկ հաստատությունների և «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում շուրջ 70 երեխա չէր կարողացել վերադառնալ ընտանիք, քանի որ գնահատված կարիքների համաձայն՝ նրանց վերադարձը կենսաբանական ընտանիք համարվել էր բարձր ռիսկային: 

Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2000թ․–ից սկսած բարեփոխումներն ընթացել են մի քանի փուլերով, ինչպես ԱՍՀ նախարարությունն է նշում՝ զարգացնելով ձեռքբերումները և ուղղելով արձանագրված թերությունները։ Վերջնարդյունքը պետք է լիներ երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը և խնամքի այլընտրանքային ձևերի զարգացման միջոցով երեխայի՝ ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու իրավունքի ապահովումը։ 

2018թ․ իշխանափոխության արդյունքում ձևավորված նոր կառավարությունը որոշեց խիզախություն ցուցաբերել և արագ ավարտել ծրագիրը։ Կառավարությունն այնքան շտապողականություն դրսևորեց այս հարցում, որ սկզբում երեխաներին տուն ուղարկեց, հետո լուծարելու որոշումը կայացրեց։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող ԱՍՀ նախարար Զարուհի Բաթոյանն այս ծրագրի իրագործումը մոտ երկու տարվա իր պաշտոնավարման ամենակարևոր ձեռքբերումներից համարեց։ Պաշտոնավարումն ավարտելու առիթով տված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ այդ հաստատությունները լուծարելու արդյունքում 255 երեխա գիշերօթիկ հաստատություններից և մանկատնից վերադարձել է կենսաբանական ընտանիք։ 

«Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների լուծարման մասին» Կառավարության որոշման նախագծին e-draft.am կայքում բավականին մեծ թվով քաղաքացիներ էին արձագանքել և զգուշացրել՝ շտապողականություն չցուցաբերել։ Նրանցից մեկը խնդրել էր «խելամիտ և բարեգութ գտնվել՝ ճակատագրական սխալից խուսափելու համար»։

Այնուհետև կառավարությունը շրջանառեց «Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2019-2023 թվականների համալիր ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Նախարարությունները նախագծի վերաբերյալ առարկություններ չեն ներկայացրել։ 

Նախագծի վերաբերյալ միակ կարծիքը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Պաշտպանը մասնավորապես հայտնել էր, որ ծրագրային որոշ գործողություններ իրականացնելու համար նախատեսված ժամկետներն ակնհայտորեն իրատեսական չեն: Նշված ժամկետը բավարար չի լինի երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերի լրամշակման և նոր իրավական ակտեր ընդունելու համար: 

Խնդրահարույց է նաև, որ նախագծով ծրագրի վերահսկողության հարթակ է սահմանվել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը: Հարկ է նկատել, որ հանձնաժողովը վերջին 4-5 տարիների ընթացքում որևէ քննարկում չի կազմակերպել և փաստացի անգործության է մատնված: Կարծում եմ, որ վերոնշյալ իրավական ակտերի նախագծերը պետք է ներկայացվեն լայն հանրային քննարկման, քանի որ դրանք հանդիսանում են երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի կարևոր մասեր»,– հայտնել է Պաշտպանը:

Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Մեկնաբանություններ (1)

Գոհար
Սիրտ մաշող նամակը ,վաչրապետի կնոջը ի՞նչ արձագանք է ունեցել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter