HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Անհնար է երեխաների իրավունքների պաշտպանություն իրականացնել՝ կամավորությամբ ու խորհրդակցական մարմիններով

Նոր Հաճն քաղաքի իրենց տանը շմոլ գազի թունավորումից Միրոնյուկների ընտանիքի ողբերգական վախճանին նախորդած և հաջորդած բազմաթիվ այլ դեպքերի շարունակականությունը հարցով մտահոգ հանրույթին հարկադրեց մտածել, որ համակարգում փոփոխություններ են պետք։ Երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի անկատարությունը տեսանելի է, հատկապես, խոցելի խմբերի դեպքում։

Մի քանի հիշեցում վերջին տարիների քրեական քրոնիկոնից․

  • 2016թ․ դեկտեմբերին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին բնակարանում հայտնաբերեցին կախված, իսկ նրա 5 և 7 տարեկան դուստրերին՝ խեղդամահ։ Ոստիկանությունը հայտնեց, որ քիմիայի ուսուցչուհի Մ․ Հովհաննիսյանը հաշվառված է եղել Սպիտակի հոգեբուժարանում։
  • 2020թ․ օգոստոսին Սյունիքի մարզի Դաստակերտ գյուղում 5 անչափահաս երեխաների մայրը ինքնասպան էր եղել։ Հայտնեցին, որ 5 երեխաներն էլ տարբեր հայրերից են։ 
  • 2022թ․-ի ապրիլին Ալավերդի քաղաքում մայրը երկու տարեկան աղջկան նետել էր Դեբեդը։ Փոքրիկը, բարեբախտաբար, փրկվեց։
  • 2020թ․-ի օգոստոսին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով Երևան քաղաքի հիվանդանոցներ տեղափոխվեց 1-9 տարեկան 7 երեխա։ Պարզվեց, որ երեխաներին ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաների պապը՝ Խաշթառակի բնակիչ Սամվել Հակոբջանյանն ու նրա դուստրը՝ Մարիաննա Հակոբջանյանը։ Վեցամյա Սերգեյ Հակոբջանյանը, գիտակցության չգալով, մահացավ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։

Այս ողբերգական դեպքերը կկանխվեին, եթե երեխայի իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը ձևական չլիներ։ Տարբեր ժամանակներում պատասխանատուների ուշադրությունը հրավիրվել է այս հարցի վրա, որ երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը ոչ մի օղակում արդյունավետ չի գործում։ Երեխաների վերաբերյալ որոշումների կայացումն անհրաժեշտ է տեղափոխել մասնագիտական հարթակ։

Երեխայի իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը Հայաստանում ստեղծվել է 2005թ.-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը խորհրդակցական մարմին է: Տարածքային մակարդակում՝ մարզպետարանների աշխատակազմերում, բացվեցին Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ։ Համայնքային մակարդակում գործում են խնամակալության և հոգաբարձության մարմիններ (ԽՀՄ) ու նրանց կից հանձնաժողով, որը խորհրդակցական մարմին է:

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը 2017թ․-ին «Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների վերաբերյալ» արտահերթ զեկույց հրապարակեց։

Պաշտպանը Ազգային հանձնաժողովի մասին գրել էր, որ վերջին 4-5 տարվա ընթացքում որևէ քննարկում չի կազմակերպել և փաստացի անգործության է մատնված։ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն Հայաստանի 2013թ զեկույցի վերաբերյալ հայտնել էր, որ չնայած կարևորությանը՝ այս հանձնաժողովի գործունեությունը բավարար արդյունավետ չի եղել՝ երեխաների իրավունքներին վերաբերող խնդիրները համակարգելու, նոր լուծումներ առաջարկելու տեսանկյունից։ Կոմիտեն առաջարկել էր բավարար մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսով ապահովել հանձնաժողովին՝ ազգային, տարածքային և համայնքային մակարդակներում երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված համագործակցությունը բարելավելու համար։

Մարզպետարանների Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների աշխատակիցները վարձատրվում են, բայց 5–6 մասնագետով հնարավոր չէ արդյունավետ իրականացնել իրենց վերապահված բոլոր գործառույթները։

Եռաստիճան համակարգի հաջորդ օղակը՝ համայնքային խնամակալության և հոգաբարձության մարմիններն են (ԽՀՄ) ու դրանց կից հանձնաժողովները, դրանք խորհրդակցական մարմին են: Այն ղեկավարում է համայնքի ղեկավարը։ ԽՀՄ-ներն ու նրանց կից հանձնաժողովները Հանրապետությունում միակն են, որոնք համայնքներում անմիջական աշխատանք են իրականացնում ընտանիքների՝ մասնավորապես երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանության ուղղությամբ։ Բայց նրանց աշխատանքը նույնպես անարդյունավետ է։ Պաշտպանը հետևյալ խնդիրներն է առանձնացրել՝

  • ԽՀՄ և ԽՀՀ-ների ոչ բավարար մոտիվացվածության պատճառ է կամավորության սկզբունքով աշխատանքը։ Այդ կառույցների անդամները, զբաղված լինելով իրենց հիմնական աշխատանքով, լիարժեք ներգրավված չեն աշխատանքներում  և այն դիտում են որպես ավելորդ ծանրաբեռնվածություն։
  • Տրված եզրակացությունները հիմնված են սուբյեկտիվ գնահատականների վրա, և պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ չկան։
  • Արհեստավարժության պակաս․ ճնշող մեծամասնությունը չունի համապատասխան մասնագիտական որակավորում, բավարար փորձ, պարբերական վերապատրաստումներ չեն անցնում իրավական և սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտներում։
  • Չունեն գործառույթների իրականացման մեթոդաբանություն և այլն։

Պաշտպանն արտահերթ զեկույցում առաջնահերթ է համարել ԽՀՄ և ԽՀՀ-ների կառուցվածքային վերափոխումը։ Անհրաժեշտ է ստեղծել առանձին վարչական միավորներ (գլխամասային և տարածքային), որոնք կունենան պետական ֆինանսավորում և յուրաքանչյուր տարվա համար կազմվող բյուջե։ Սա հնարավորություն կտա ոլորտ ներգրավվելու արհեստավարժ, այլ գործունեությամբ չծանրաբեռնված և մոտիվացված մասնագետների, ինչը վերահսկողության և պատասխանատվության կիրառումն ավելի կհեշտացնի։ Կնվազի վերապատրաստված կադրերի հոսունությունը՝ ներառյալ պայմանավորված համայնքի ղեկավարի փոփոխությամբ։

Անհրաժեշտ է նախատեսել հանձնաժողովի անդամների կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության մեխանիզմ։ Անհրաժեշտ է կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանել աշխատակցի կրթական որակավորման շեմը, մասնագիտական կրթության ոլորտները (սոցիալական, հոգեբանական, մանկավարժական), ինչպես նաև այլ հստակ չափանիշներ։

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Քրմոյանը 2020թ․ հունիսին հանրագիր է նախաձեռնել այս հարցով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին առաջարկել էր Խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովի գործառույթները վերապահել նախարարությանը՝ ստեղծելով համապատասխան ինստիտուցիոնալ կառույց։ Նախարարության կազմում ստեղծել խնամակալության և հոգաբարձության հարցերով առանձնացված ստորաբաժանում և դրա տարածքային բաժինները։ 

Հանրային տիրույթում հասարակական կազմակերպությունների կողմից դեպքից դեպք ակտիվացող դժգոհությունները գրավոր պահանջի վերածվեցին միայն 2020թ․-ի օգոստոսին, երբ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով Երևան քաղաքի հիվանդանոցներ տեղափոխվեց 1-9 տարեկան 7 երեխա։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հայտարարությամբ դիմեց սոցիալական պաշտպանության և երեխաների պաշտպանության ոլորտում որոշում կայացնողներին։ 

«Խաշթառակի երեխաների ողբերգությունը ահազանգ է այն մասին, որ ժամանակն է, բացի խորը ապրումներից ու ափսոսանքից, նաև համապատասխան դասեր քաղել նման ողբերգություններից: Ցավոք, այս ողբերգությունը եզակի դեպք չէ, այսպիսի իրավիճակում գտնվող ընտանիքները սակավաթիվ չեն մեր համայնքներում»,– ասվում էր հայտարարության մեջ։

Ասոցիացիան թվարկում է տեղերում աշխատող մասնագետների մի հզոր բանակի, որոնք քաջատեղյակ են նման բարձր ռիսկային ընտանիքների ու նրանց երեխաների մասին, բայց ոչինչ չեն ձեռնարկում։ Դրանք են` դեպք վարողները, համայնքային սոցիալական աշխատողները, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչները, ընտանեկան բժիշկները, համայնքային ոստիկանները, ուսուցիչները, մանկապարտեզների դաստիարակները, տվյալ տարածքներում գործող հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները և այլք:

Ասոցիացիայի գնահատմամբ՝ առկա են առնվազն երկու հիմնական համակարգային բացթողումներ, որոնք առանց հետաձգելու պետք է դրվեն քննարկման.

  • նման ընտանիքներին անհրաժեշտ ծառայությունների աղքատիկ տեսականին է, որը գրեթե հավասարազոր է չունենալուն
  • պատկան մարմինների (Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, երեխաների պաշտպանության բաժիններ, սոցիալական ծառայությունների բաժիններ և այլն) կողմից որոշումների ընդունման ընթացակարգերի անհամապատասխանությունը հրատապ միջամտություն և արագ արձագանք պահանջող իրավիճակներին:

Ասոցիացիան  առաջարկել է․

  • երեխաների վերաբերյալ որոշումների կայացումը տեղափոխել մասնագիտական հարթակ՝ յուրաքանչյուր շրջանում ձևավորելով համապատասխան մասնագիտական խորհուրդներ, որոնք անձնական պատասխանատվություն կկրեն յուրաքանչյուր դեպքի համար, սկզբից մինչև վերջ
  • նշված խորհուրդները պետք է երեխայի կյանքին և անվտանգությանը սպառնացող անմիջական ռիսկերի առկայության պարագայում հրատապ որոշումներ կայացնելու և երեխային ոչ անվտանգ միջավայրից անմիջապես տեղափոխելու իրավասություն ունենան։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը հայտնեց, որ իրենց գաղափարները ներառված են «Երեխաների իրավունքների մասին և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագծում։

Փաստաբան, երեխայի իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ  Աշխեն Դաշյանը ընտանեկան և երեխայի իրավունքների պաշտպանության հարցերով դատական պրակտիկայի մեծ փորձ ունի։ Նրա ասելով՝ ԽՀՄ–ներն իրենց գործառույթն իրականացնում են, երբ պետական մարմիններն ու դատարանները պահանջում են։ Այդ ժամանակ էլ, լավագույն դեպքում, մեկ տնային այցով որոշում են կայացնում։ Լինում են դեպքեր, երբ նույնիսկ առանց տնային այցի արդեն իսկ երեխայի խնամքը տվյալ ծնողին հանձնելու եզրահանգման են գալիս, իսկ հետո պարզվում է, որ ո՛չ ծնողը, ո՛չ երեխան, Հայաստանում չեն ապրել։ Երեխային առնչվող վեճը լուծվում է առանց երեխայի և ծնողի կյանքի ու պայմանների հետազոտության, որը երեխայի իրավունքների դատական պաշտպանության վրա ճակատագրական հետք է թողնում: 

Փաստաբանը հայտնում է, որ ԽՀՄ–ները կարող են նախականխող միջոցառումներ ձեռնարկել։  Կառավարության 2016թ. 631-Ն որոշումը հնարավորություն է տալիս անկախ նրանից՝ շահագրգիռ ընտանիք կլինի, թե՝ ոչ, նաև ԽՀՄ–երն իրենք գործողություններ նախաձեռնեն։ Այդ որոշումը լիազորությունների չափազանց մեծ  և պատասխանատու շրջանակ է ապահովում ԽՀՄ-ի համար: Օրինակ՝ իրենց նախաձեռնությամբ լիազորված են բացահայտելու այն ընտանիքներին, որտեղ երեխան պաշտպանված չէ, թիրախավորված է և անհրաժեշտ է օգնություն տրամադրել: 

«Համայնքապետարանն ամենամոտն է կանգնած այս ընտանիքներին և ամենաիրազեկն է այս հարցերում: Կարող են սեփական ապացույցները հավաքագրելով լուծում տալ հարցին, բայց քանի որ հանձնաժողովը հասարակական հիմունքներով է գործում, լիարժեք չի կատարում իր աշխատանքը»,– հայտնում է փաստաբանը:

Հիշեցնենք, որ ՄԻՊ-ի զեկույցից անցել է 7 տարի, ասոցիացիայի հայտարարությունից՝ 4 տարի, և մինչ օրս «Երեխաների իրավունքների մասին և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագիծը քննարկման փուլում է։ Հանրային քննարկման տիրույթում նախագծի վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ ներկայացնող միակ անձը «Վոլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանն է։

Տկն Մուրադյանը նշում է, որ չնայած որոշ նախաձեռնություններին և փոփոխություններին՝ համակարգային առումով շարունակում է արդիական մնալ ԽՀՀ–ի գործունեության կամավորության հարցը, ԽՀՀ անդամներին լրացուցիչ վարձատրություն չտրամադրելը, մասնագիտական պատրաստվածություն չունենալը։ Մասնագետները դրանք են համարում ԽՀՀ-ների ոչ արդյունավետ գործունեության հիմնական պատճառները։

«Պետությունը հետևողական կերպով չի ձեռնարկել հստակ միջոցներ՝ բացառելու համար ԽՀՀ անդամների գործունեության կամավորության սկզբունքը և ապահովելու տվյալ գործունեության համար լրացուցիչ վարձատրության սահմանումը։ ԽՀՀ-ների կազմում աստիճանաբար ներգրավվում են մասնագետներ (ինչպես օրինակ՝ սոցիալական աշխատող), սակայն վերջիններս չեն ստանում այդ գործունեության համար նախատեսված վարձատրություն»,– ասաց ծրագրի ղեկավար Ա․ Մուրադյանը։

Ավելացրեց, որ ԽՀՀ-ների անդամների կրթական որակավորման շեմ և մասնագիտական կրթության հետ կապված հստակ պահանջներ, վարքագծի առանձին կանոններ, նաև՝ դրանք խախտելու համար պատասխանատվություն չեն սահմանվել։

«Օրենսդրական մակարդակում պատասխանատվության հստակ միջոցների բացակայությունը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առաջացնում է իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների  միջև ոչ արդյունավետ միջգերատեսչական համագործակցություն։ Այդ թվում՝ ձևավորված չէ և չի գործում հրատապ լուծում պահանջող խնդիրներին արագ արձագանքելու հստակ գործիքակազմ։ Այս ամենը տվյալ մարմինների գործունեության արհեստական և սուբյեկտիվ բնույթ ունենալու հիմնական պատճառներից է»,– եզրահանգում է Աիդա Մուրադյանը։

Նշենք, որ «Երեխաների իրավունքների մասին և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագծով Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը և ՏԻՄ-երի Խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովները մնալու են որպես խորհրդակցական մարմիններ։

Գլխավոր նկարը ստեղծվել է DALL E 3-ի միջոցով։
 
Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter