HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչպես հնարավոր դարձնել «հարսնաքարյան» նոր ոճիրները

Չնայած Վահե Ավետյանի սպանության հետ կապված քաղաքացիական բողոքի նախաձեռնությունը և դրանից բխող ակցիաները արդեն տևում են շաբաթներ, սակայն իշխանությունն այդ ամենի նկատմամբ քար անտարբերություն է հանդես բերում: Անգամ սպանության հետ կապված քրեական գործի ընթացքի մասին, որը հարուցվել է գրեթե մեկ ամիս առաջ, ոչ մի տեղեկատվություն չի տարածվում: Փաստացի այն «լռվել-մնացել» է ռազմական բժիշկներին դաժանորեն ծեծած մոտ 15 մասնակիցներից ընդամենը 5-ի ձերբակալության վրա:

Իշխանությունը որդեգրել է տեղի ունեցող զարգացումներին լռությամբ արձագանքելու քաղաքականություն՝ թերևս հուսալով, որ հասարակական աճող դժգոհության ալիքը կանգնեցնելու լավագույն տարբերակը չմտածված հայտարարություններից ու քայլերից զերծ մնալն է, առավելևս, որ պատասխան, որպես այդպիսին, չունի էլ: Սակայն արդյո՞ք սա այն է, ինչ հանրությունն ակնկալում է մի իշխանությունից, որը համարում է, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ վաստակել է ժողովրդի 69 տոկոսի վստահությունը:

Իշխանության որդեգրած կեցվածքը հակադարձ համեմատական է ընտրությունների արդյունքներին. սեփական ժողովրդից վստահության քվե ստացած քաղաքական ուժը ոչ միայն նրա հետ անկեղծ ու հաշվետու լինելու, այլև նրա կողքին կանգնելու պարտականություն ունի: Լռում է այն իշխանությունը, որը ոչնչով կախված չէ ժողովրդից, հաշվետու չէ նրա առջև, և որն իր վստահության քվեն նրանից չէ, որ ստացել է: Սա առնվազն պիղատոսյան կեցվածք է, որը տվյալ դեպքում հավասարազոր է հարսնաքարյան հանցագործությունը ծնող իրողությունները՝ որպես օրինաչափություն և կենսաձև, վավերացնելուն և խաղի այդ չգրված կանոնները հանրությանը վերստին պարտադրելուն: Այս իմաստով իշխանության լռությունը ավելին չէ, քան հանցավոր անգործությունը:

Իրականում, սակայն, իշխանությունն այս լռության քողի տակ շատ նրբորեն փորձում է ճանապարհ գտնել՝ սահմանազատվելու քաղաքական պատասխանատվությունից, և դա անում է՝ տեղի ունեցածը բացառապես քրեական հարթությունում դիտարկելու միջոցով:

Նախ՝ ոստիկանությունը, ի դեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, հայտարարեց, թե տեղի ունեցածը ընդամենը «Հարսնաքարի» աշխատակիցների և Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի որոշ անդամների հիմարության և անդաստիարակության արդյունք է: Դրանով ոստիկանապետը ոչ միայն սովորական սպանության մակարդակի հասցրեց «Հարսնաքարում» տեղի ունեցածը, այլև երաշխավորեց նախաքննության այնպիսի ելք, որն ապահովելու է միայն մի քանի մասնակցի քրեորեն դատապարտումը:

Դրան զուգահեռ, չնայած դեպքը տեղի էր ունեցել մոտ մեկ ամիս առաջ, և այդ ողջ ընթացքում Ավետյանը գտնվում էր մահամերձ վիճակում, միայն նրա մահվանից հետո Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց մանդատը և հանդես եկավ մի հայտարարությամբ, որում խոսում էր բացառապես իր և միայն իր բարոյական պատասխանատվության մասին: Այս մոտեցումը շատ արագ սկսեցին տիրաժավորել Հանրապետական կուսակցության բանախոսները: Չնայած գործը գտնվում էր նախաքննության ընթացքում, Հանրապետականի՝ հասարակական հիմունքներով աշխատող «փաստաբանները» շտապեցին պնդել, թե Հայրապետյանն այդ պահին «Հարսնաքարում» չի եղել: Սա ոչ այնքան Հայրապետյանի խոսքերին ընկերաբար ու անկեղծորեն հավատալու, որքան կատարվածը Հանրապետականի թե իրավական և թե բարոյական պատասխանատվությունից դուրս դնելու ուղեգծի արտահայտություն էր:

Սակայն հանրային զայրույթի ալիքի հզորությունը, որը, նորանոր պահանջներ դնելով, սպառնում է վերածվել համահասարակական հզոր շարժման, իշխանությանը ստիպում է քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու, որ հարցը դուրս գա քաղաքացիականության համատեքստից և քաղաքական պաստառ ստանա: Դրանով է պայմանավորված Հանրապետական կուսակցության հռետորական «թնդանոթի» գործառույթն ստանձնած Արմեն Աշոտյանի այն հայտարարությունը, թե այս դեպքերը կարելի է դիտարկել մարդկային, քաղաքացիական և բարոյական հարթություններում, բայց ոչ երբեք քաղաքական:

Աշոտյանը միտումնավոր խեղաթյուրում է «քաղաքական» եզրույթի իմաստը՝ ըստ էության այն նույնացնելով կուսակցականացման հետ: Նման խեղաթյուրման պատճառը պարզ է. եթե հարցը իսկապես քաղաքական օրակարգ է տեղափոխվում, իշխանությունը հայտնվում է ոչ թե կոնկրետ գործին, այլ տեղի ունեցած հանցագործության առավել համապարփակ պատճառահետևանքային կապերին, դրան նպաստած քաղաքական իրողություններին և իր լինելիությունն ապահովող օլիգարխիայի նկատմամբ ցուցաբերած լոյալությանն ուղիղ հայացքով նայելու փաստի առջև:

Ահա թե ինչու բարոյական պատասխանատվության մասին խոսող իշխանական ուժը այնքան բարոյական ուժ չունեցավ՝ միանալու տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված ԱԺ արտահերթ նիստ կամ գոնե խորհրդարանական լսումներ անցկացնելու ընդդիմության նախաձեռնությանը, որն այլ բան չէր, քան խնդիրն իրապես քաղաքական օրակարգ բերելու, կատարվածի համար իշխանության քաղաքական պատասխանատվությունը ֆիքսելու քայլ:

Առնվազն այնքանով, որքանով այս խնդիրը քաղաքացիական և բարոյական հարթություններում է, այն քաղաքական է: Երբ հանրապետության նախագահը 2010-ի նոյեմբերին հայտարարում էր, թե չի հասկանում և ընդունում քաղաքի փողոցներում թիկնազորի ավտոմեքենաների շքերթները, չէր կարող չիմանալ, որ այդ արտոնյալները նաև Ռուբեն Հայրապետյանի «բիլակավոր տղերքն» են: Եվ եթե օլիգարխների թիկնազոր կոչվող բանդաները, զինված պատժիչ ջոկատներն առ այսօր գործում են ու նախկինից էլ ավելի լկտի են պահում իրենց, դրա համար պատասխանատու է իշխող կուսակցությունը, որը ժամանակին համառորեն հրաժարվում էր դաշտը կանոնակարգող օրենսդրություն մշակելուց: Իսկ սա արդեն հանրության և օլիգարխիայի միջև նախընտրություն կատարելու քաղաքական հարց է:

Երբ Հանրապետականը, առաջնորդվելով միայն Ավանի ընտրողների քվեները յուրացնելու գերխնդրով, Աժ գնալ համառորեն չցանկացող Հայրապետյանին համոզում էր առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, ոչ թե Հայրապետյանի ինտելեկտի, այլ նրա հեղինակությունը, նրանից ներշնչվող վախն ապահովող «դուխով տղերքի» վրա էր հույսը դնում: Հենց դրա համար նա ոչ միայն մեծամասնականով առաջադրվեց, այլև բարեհաջող հանգրվանեց կուսակցության համամասնական ցուցակում:

Միայն այսքանով արդեն «Հարսնաքարում» տեղի ունեցածը քաղաքական խնդիր է, և Հանրապետական կուսակցությունը կոնկրետ պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար: Մինչդեռ առ այսօր իշխանությունը գոնե փորձ չի արել խոստովանելու իր գոնե բարոյական պատասխանատվությունը՝ փոխարենը հանրությանը հաջողությամբ մեղադրելով կատարվածից քաղաքական դիվիդենտներ շահելու մեջ: Խուսափելով դրանից, չդրսևորելով խնդիրներն իր ներսում տեսնելու համարձակութունը՝ իշխանությունն ապահովում է այն մթնոլորտը, որում հնարավոր են դառնում «հարսնաքարյան» ողբերգությունները:

Մեկնաբանություններ (3)

Albert
The Republican party of Armenia is a party of oligarchs whose loyalties are only to themselves. What Hayastan needs are non-Hayastansi politicians who have no connections to these oligarchs and the Republican party. This dirty politics will continue unless non-Hayastansi Armenians join in the political process.My dream is to see a prosperous and successful Hayastan but the Republican party is destroying Armenia.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Համաձայն եմ: Սա,առաջին հերթին, ՔԱՂԱՔԱԿԱՆ հարց է-պարզագույն պատճառով. Վ.Ավետյանի սպանությունը ԲԱԶՈՒՄ նմանատիպ և նմանաոճ (ՔԱՂԱՔԱԿԱՆ նպատակ հետապնդող) հանցագործություններից միայն մեկն է: ՀՀԿ-ն լրիվ թերագնահատում է այս սպանության տակ եռացող զայրույթի ամբողջ ուժը: Բայց մի զարմացեք. այս մարդիկ քաղաքական խելք չունեն: Ունեն միայն «երկրի մասին մտածող» շեֆի կողմից պտիչկա ստանալու ՄՈԼՈՒՑՔ-ամեն գնով երևալ ու պտիչկա ստանալ: ԼԱՎ լուր. ՈՒՇ է: ՎԱՏ լուր. ՈՒՇ է:
Գեւորգ
Տրամաբանական վերլուծություն է եւ Ճիշտ եզրահանգումներ, սակայն ռուսն ասում է՝ «а Васька слушает, да ест...» Հայն էլ այդ առիթով խոսք ունի՝ «սեւին սապոն, խեւին խրատ...» Սակայն հայերիս դեպքում լուծումները հաճախ ոչ տրամաբանական ու ծայրահեղական են լինում: Կամ էլ ...բոլորովին չեն լինում՝ ուղղակի հարմարվում ու ապրում ենք կեղտի տակառի մեջ ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter