HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին՝ մուտքի փաստաթղթեր չտալ Հայրապետյանին

Քիչ առաջ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչություններին է ուղարկվել «Հարսնաքարի» դեպքերի հետ կապված քաղաքացիական հասարակության կոչ-հայտարարությունը, որը ստորագրել է ավելի քան հազար քաղաքացի: Քվեարկությունն անցկացվել է ֆեյսբուքում: Ստորև ներկայացվում է կոչ-հայտարարությունը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը (հանրության մեջ առավել հայտնի  Նեմեց Ռուբո քրեական մականվամբ) իր բազմամյա գործունեության ընթացքում համամարդկային արժեքների և մարդու իրավունքների նկատմամբ անթաքույց հակակրանքի բազմակի դրսևորումներով հանրորեն փաստել է, որ հանդիսանում է բռնության և ատելության քարոզիչ:

Նրա և նրա կողմից կազմակերպված թիկնազորի, իսկ մեր համոզմամբ՝ դրա անվան տակ հանդես եկող հրոսակախմբերի անօրինություններին և հանցագործություններին զոհ են դարձել բազմաթիվ մարդիկ: Սակայն բոլոր այս հանցագործությունները կոծկվել են ոստիկանության, դատախազության և դատարանների կողմից: Նա ամբողջությամբ անպատժելիություն է վայելել Հայաստանում, քանի որ հանդիսանում է կեղծիքներով վերընտրվող ՀՀԿ հիմնասյուներից մեկը:

Մեր համբերության բաժակը լցվել է վերջին իրադարձությունների արդյունքում, երբ 3 երիտասարդներ նրան և նրա ընտանիքին պատկանող ռեստորանում նրան և նրա ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող հրոսակների կողմից դաժան ծեծի էին ենթարկվել, որի արդյունքում երիտասարդներից մեկը՝ Վահե Ավետյանը, մահացել է:

Դիմելով Ձեզ՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին պաշտոնապես և դրանց աշխատակիցներին անձնապես, խնդրում ենք.

  1. Մերժել Նեմեց Ռուբոյի՝ Ձեր պետության մուտքի փաստաթղթեր ստանալու դիմումները,
  2. Նման մուտքի փաստաթղթերն արդեն իսկ թողարկված լինելու դեպքում դրանք համարել անվավեր,
  3. Չհրավիրել նրան Ձեր միջոցառումներին, չմասնակցել նրա մասնակցությամբ կազմակերպած միջոցառումներին և չընդունել ինչպես նրա, այնպես էլ այն բոլոր հրավերները, որոնց հասցեն կլինեն Նեմեցին և նրա նմաններին պատկանող տարածքները, ինչպիսին «Հարսնաքարն» է՝ վերջին հանցագործության վայրը:

Սույն խնդրանքով դիմելով Ձեզ՝ լիահույս ենք, որ համամարդկային արժեքների հավատարմությանը համերաշխությամբ Դուք չեք մերժի մեր խնդրանքը, և սույն անձնավորությանը մուտքի փաստաթղթերի մերժմամբ կհավաստեք Ձեր հավատարմությունը Ձեր կողմից ներկայացվող պետությունների հռչակած արժեքներին և համերաշխությունը մեր ժողովրդին:

Մենք չենք դիմում Ձեզ ոճրագործներին արդարադատությանը հանձնելու գործում մեր երկրի ներքին գործերին միջամտելու խնդրանքով և ոչ էլ դրա կարիքն ունենք բնավ: Մենք ինքներս ենք ի զորու նրա և նրա նմանների նկատմամբ արդարադատություն իրականացնել արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Մենք Ձեզ դիմում ենք մեր Սահմանադրությամբ հռչակված արժեքներին համերաշխությամբ փակել Նեմեց Ռուբոյի և նրա նմանների՝ մեր պետության իշխանազորության տարածքից ճողոպրելու հնարավորությունը:

Մենք հռչակում ենք մարդու կյանքի, նրա իրավունքների և նրա արժանապատվության դեմ ցանկացած ոտնձգության դեմ բացարձակ անհանդուժողականություն: Ոչինչ չի մոռացվելու, ոք չի մոռացվելու:

Մեկնաբանություններ (1)

գերմանահայ
Ես կարծում եմ, որ մի օր, որը հեռվում չէ, Գերմանիայում մի խումբ մարդիկ հանդես կգան հայտարարությամբ, որի մեջ մոտովրապես գրված կլինի այն մասին, որ բավական է հոլովվեք նեմեց անունը: Փաստորեն, նեմեց բառը նշանակում է գերմանացի, կապ չունի թե որ լեզվով: Մենք նեմեց ենք ասում մի մարդու, ով հասարակության մեջ բացարձակ անկառավարելի է, ասել է թե` հակաօրինական գործողություններ է կատարում, այսինքն` այդ մարդը արժանի է արհամարանքի: Հայ հասարակությունը աշխարհով մեկ հնչեցնում է, որ Հայաստանի անարժան զավակներից մեկին անուն է կպցրել, ոչ ավել, ոչ պակաս նրան ասելով նեմեց: Սա, եթե ոչ ուղղակի, ապա անուղակի վիրավորանք է գերմանական ժողովրդի հասցեին: Կարելի է մտածել, որ հայերը անարժանին համարում են գերմանացի: Եթե մի փոքր գլորվենք զգացական դաշտ, ապա կտեսնենք, որ գերմանացուն կարելի է անվանել անարժան, համենայն դեպս այդպես կարող են մտածել մի որոշ խումբ մարդիկ: Սա չեմ կարծում, որ մեր հասարակության մասին դրական ինչ-որ բաներ է ասում: Աստված տա մեր ազգի միտքը գտնվի մշտարթուն վիճակում, և պատրաստ լինի հակահարված տալու նաև այսպիսի հնարավոր քայլին: Իսկ ամենալավը այն կլինի, որ մեր հասարակությունից վերանան նման գոյությունները, որոնք ազգին բերում են միայն սև բծեր: Կարելի է մտածել նաև գերմանահայերի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter