HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի ընտրանին ընկերական խաղերում մրցելու է Կոսովոյի, Չեխիայի, Սլովենիայի ու Ղազախստանի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հայտարարել է, որ մարտի 22-ին Հայաստանի ազգային ընտրանին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելու է Կոսովոյի ընտրանուն, իսկ հունիսի 7-ին կրկին Երեւանում մրցելու է Ղազախստանի հավաքականի հետ:

Մինչ այդ ՀՖՖ-ն հայտնել էր, որ մարտի 26-ին մեր թիմը հյուրընկալվելու է Չեխիային, իսկ հունիսի 4-ին՝ Սլովենիային:

Այսպիսով՝ մարտին եւ հունիսին Հայաստանի հավաքականի ընկերական խաղերի ժամանակացույցը այսպիսին է.

22.03.2024, Երեւան – Հայաստան-Կոսովո
26.03.2024, Պրահա - Չեխիա-Հայաստան
04.06.2024, Լյուբլյանա – Սլովենիա-Հայաստան
07.06.2024, Երեւան – Հայաստան-Ղազախստան

Հայաստանի եւ Չեխիայի ազգային ընտրանիների ֆուտբոլային հանդիպումների վիճակագրությանն անդրադարձել ենք: Կայացած 5 հանդիպումներում մեր թիմը տարել է 1 հաղթանակ եւ կրել 4 պարտություն: Խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը ի վնաս մեզ է՝ 3-14: 

Ինչ վերաբերում է հայ-սլովենական դիմակայությանը, ապա ազգային թիմերի մակարդակով Հայաստանն ու Սլովենիան երբեւէ չեն հանդիպել:

Իսկ ահա Կոսովոյի եւ Ղազախստանի հետ հանդիպումների փորձ մեր ընտրանին ունի:

2022 թ. նոյեմբերի 16-ին Պրիշտինայում Հայաստանի ընտրանին ընկերական խաղում 2-2 խաղաց Կոսովոյի հետ: Մեր թիմից գոլի հեղինակ դարձան Ժիրայր Շաղոյանն ու Կամո Հովհաննիսյանը: Ընդ որում՝ մերոնք խաղի ընթացքում առջեւում էին 1-0, ապա՝ 2-1 հաշիվներով, սակայն կոսովարները կարողացան ավելացված ժամանակում գոլ խփել ու խուսափել պարտությունից:

Հայաստան-Ղազախստան հակամարտությունն ավելի երկար պատմություն ունի:

Առաջին հանդիպումը կայացել է 2004-ի փետրվարի 19-ին, երբ Կիպրոսի մրցաշարի շրջանակներում թիմերը Պաֆոսում 3-3 խաղացին, սակայն քանի որ նրանցից մեկը պիտի հաջորդ փուլ դուրս գար, նշանակվեց 11-մ հարվածաշար, որտեղ 3-2 հաշվով հաղթեցին ղազախները: Ընդ որում՝ դա միակ դեպքն է, որ մեր թիմը նման հարվածաշարի է մասնակցել: Այդ խաղում աչքի ընկան Գալուստ Պետրոսյանը, Արտավազդ եւ Արման Քարամյանները:

Հաջորդ երկու հանդիպումները պաշտոնական էին: «Եվրո-2008»-ի ընտրական փուլում՝ 2007-ի հունիսի 2-ին, Ալմաթիում մերոնք 2-1 հաշվով հաղթեցին դաշտի տերերին: Աչքի ընկան Ռոբերտ Արզումանյանն ու Սարգիս Հովսեփյանը: 2007 թ. նոյեմբերի 21-ին՝ երեւանյան պատասխան խաղում, ղազախներն անակնկալ հաղթեցին 1-0 հաշվով:

2008-ի մարտի 26-ին հոլանդական Պերնիսում կայացած ընկերական խաղում Էդգար Մանուչարյանի միակ գոլը հաղթանակ պարգեւեց մեր թիմին: Մեկ այլ ընկերական մրցավեճ տեղի ունեցավ Երեւանում 2012-ի հունիսի 5-ին: Հայաստանի ընտրանին 3-0 հաշվով առավելության հասավ, դուբլի հեղինակ դարձավ Գեւորգ Ղազարյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը:

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում՝ 2017-ի մարտի 26-ին, Երեւանում մեր թիմը ղազախներին հաղթեց 2-0 հաշվով: Աչքի ընկան Հենրիխ Մխիթարյանն ու Արաս Օզբիլիզը: 2017-ի հոկտեմբերի 8-ին կայացած պատասխան խաղում գրանցվեց 1-1: Մերոնցից աչքի ընկավ Մխիթարյանը:

Այսպիսով՝ Հայաստանն ու Ղազախստանը ընկերական եւ պաշտոնական 7 հանդիպում են անցկացրել, մեր ընտրանին հաղթել է 4 անգամ, 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, մի անգամ էլ հաղթել են միջինասիացիները: Խփած եւ բաց թողած գոլերի տարբերությունը 11-6 է՝ հօգուտ մերոնց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter