HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոցի և Հայաստանի ոդիսականը

Կառավարությունը անհիմն հիմնավորումներով փորձում է որոշում ընդունել, հետևաբար այդ որոշումը ի սկզբանե անօրինական է:

ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծ

1) 35-րդ կետում «Հայոց պատմություն» բառերը փոխարինել «Հայաստանի պատմություն» բառերով:

Հիմնավորումները՝

հիմնավորում 2. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և ներկա վիճակը առկա խնդիրները

33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն»  առարկան։

«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները:

Հարկ է նշել, որ տարբեր երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցանմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, օրինակ՝ Ֆրանսիայում դպրոցներում ուսուցանում են Ֆրանսիայի պատմություն, ոչ թե ֆրանսիացների, Լեհաստանում՝ Լեհաստանի պատմություն և այդպես շարունակ։ Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը, պատմությունը ներկայացվում է այդ երկրի՝ իբրև հավաքական և կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն։ Ուշագրավ է, որ այս պարագայում էլ պետության չգոյության ժամանակահատվածների ներկայացումը էապես տարբերվում է մեթոդաբանական մոտեցման տեսանկյունից՝ ի ցույց դնելով պետության գոյության կարևորությունը և սովորողների մոտ ձևավորելով սեփական երկրի շահերի իմացության և դրանց պաշտպանության անհրաժեշտ դիրքորոշումն ու արժեքները։ Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն ըստ էության հղում է առաջին հերթին մարդկանց պատմությանը, հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը։

հիմնավորում 3. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

«Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխելով` ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումների ձևակերպումներում կապահովվի համապատասխանությունը;

Արդյունքում առարկայի անվանումը կհամապատասխանի առարկայական չափորոշչում և ծրագրում առկա պատմության շրջանակին, որում  ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները:

Փորձենք գլուխ հանել ներկայացվածից:  33-րդ կետի 6-րդ ենթակետն ամբողջությամբ.

6) «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով.

  1. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում առարկայական հիմնական և նպատակային ծրագրերի իրականացման ժամանակ պարտադիր է «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» առարկաների և առնվազն մեկ օտար լեզվի ուսուցումը՝ առանձին կամ ինտեգրված առարկաների ձևով:

Իմ կողմից ավելացնեմ չափորոշչի 15-րդ կետի 2-րդ ենթակետը, որն, ըստ իս, բավականաչափ հաջող ներկայացնում է հայրենագիտության էությունը.

  1. Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է հետևյալ ուսումնական բնագավառներով`

2) հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում:

Գրել են՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա  անհամապատասխանությունը։

Միգուցե սկզբում բացատրվե՞ր, թե «Հայոց պատմություն» անվանումը ինչո՞վ է անհամապատասխան 33-րդ, ինչպես նաև 15-րդ կետերի բովանդակությանը: Այլապես ստացվում է, որ ապրիորի հայտարարվում է անհամապատասխան, հետո դրա հիման վրա անվանափոխություն արվում, հետո հայտարարում, որ առարկայի հստակ անվանումը «արդյունքում ավելի հստակ է դառնում» (ո՞ր չափանիշներից ելնելով և ինչու՞) և «կհամապատասխանի առարկայական չափորոշչում և ծրագրում առկա պատմության շրջանակին, որում  ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»:

Հետո, «չափորոշչում և ծրագրում» կապակցության մեջ «ծրագրում» բառը իբրև թե պատմության մասին լուրջ տեղեկություններ պարունակող  փաստաթուղթ, իրականում ոչ մի փաստաթղթի չի վերաբերվում: Պարզաբանեմ:

ՀՕ-441-Ն օրենքի հավելվածը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ընդամենը մեկ ենթակետ ունի՝ պատմությանը վերաբերող՝

  1. Ծրագրի իրականացումը կապահովի 2030 թվականի հետևյալ արդյունքային շրջանակը.

12) հայոց լեզվի և պատմության, հայ և համաշխարհային գրականության, հոգևոր, էթիկական արժեքների, առողջ ապրելակերպի, ինչպես նաև առնվազն երկու օտար լեզուների գծով բավարար գիտելիքներ դպրոցականների շրջանում. 

Ուշադրություն դարձրեք, որ գրված է հայոց լեզվի և պատմության, այսինքն՝ հայոց լեզվի և հայոց պատմության:

Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշման՝ Ծ Ր Ա Գ Ի Ր «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ:

Այս փաստաթուղթը «պատմ» կապակցությամբ ոչինչ չի պարունակում: Այսինքն՝ պատմությանը վերաբերող ոչինչ չկա այնտեղ: Այդ դեպքում ո՞ր «ծրագրի» ո՞ր «պատմության շրջանակին» է վերաբերվում միտքը:

Հաջորդը: Հիմնավորումը բերվում է 5-6-րդ դասարանների առարկայի հիմքով (33-րդ կետի 6-րդ ենթակետ): Այնինչ՝35-րդ կետում կարդում ենք՝ «Միջնակարգ կրթության ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆՈՒՄ ... «Հայոց պատմություն»»:

Իսկ ո՞րն է երրորդ աստիճանը: Կարդում ենք օրենքը՝

ՀՕ-160-Ն,ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, Հոդված 7. Հանրակրթական ծրագրերը,

  1. Միջնակարգ կրթության նորմատիվային ժամկետը 12 տարի է` եռաստիճան համակարգով.

    1) 1-ին աստիճան՝ 4 տարի, 1-4-րդ դասարաններ.

    2) 2-րդ աստիճան՝ 5 տարի, 5-9-րդ դասարաններ.

    3) 3-րդ աստիճան՝ 3 տարի, 10-12-րդ դասարաններ:

Քննարկվող որոշման նախագիծը

Նախագծի  1) 35-րդ կետում «Հայոց պատմություն» բառերը փոխարինել «Հայաստանի պատմություն» բառերով: Հիմնավորվում է մի բան (2-րդ աստիճան, 5-6-րդ դասարաններ), որոշումը բոլորովին այլ բանի մասին է (3-րդ աստիճան, 10-12-րդ դասարաններ):

Հիմնավորում 4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

- Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ»   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից: 

-Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հավելվածի 2-րդ՝ «Կրթության առկա վիճակը և հիմնախնդիրները» գլխի 43-րդ և 45-րդ կետերով սահմանված, 3-րդ՝ «Կրթության մինչև 2023 թվականը զարգացման տեսլականը, նպատակը և ուղղությունները» գլխի  72-րդ, 73-րդ կետերով, 76-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված թիրախային արդյունքների ցուցանիշի ապահովման պահանջից:

Փորձենք սա հասկանալ:

ՆԱԽԱԳԻԾ (Կառավարության ներկայացրած, քննարկվել է 14.02.2022 - 01.03.2022 )

Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին»

հավելված  

  1. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Աշխարհում ներկայում համընդհանուր տարածում է ստանում այն մոտեցումը,որ ինչքան ավելի երկարամյա է ուսուցչի ստաժը, այնքան ավելի բարձր կրթական արդյունք են գրանցում սովորողները։

Հայաստանում ամենաբարձր կրթական արդյունքը գրանցում են 10-20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչները՝ արձանագրելով 30 միավորի տարբերություն ավելի փոքր աշխատանքային փորձառություն ունեցող ուսուցիչների նկատմամբ։ Այս խմբի ուսուցիչների սովորողների գրանցած արդյունքն ավելի բարձր է, քան քսանից ավել տարիների ստաժ ունեցող ուսուցիչներինը։

Ամենացածր արդյունքը գրանցում են մինչև հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչները, ինչը վկայում է այն մասին, որ անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել սկսնակ ուսուցիչների մասնագիտական զարգացման ուղղությամբ, ինչպես նաև խոսում է մանկավարժական կրթության խնդիրների մասին, այդ թվում՝ մանկավարժական պրակտիկայի անբավարար գործիքակազմի, որի արդյունքում մանկավարժական պրակտիկան ըստ էության տեղափոխվում է աշխատանքային առաջին տարիների գործունեության դաշտ։ Այս առումով հատկապես մտահոգիչ է այն հանգամանք, որ Հայաստանում ուսուցիչների գրեթե կեսը (46%) 50 տարեկանից բարձր տարիքի են, ինչը նշանակում է, որ Հայաստանը ստիպված է լինելու հաջորդ տասնամյակում ուսուցչական համակազմի յուրաքանչյուր երկու անդամից մեկին փոխարինել նորով։

Այս գործընթացը կարող է էապես ազդել սովորողների ուսումնառության և կրթական արդյունքի վրա՝ բերելով դրա նվազման։ Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցիչների ընդամենը 11 %-ն է 30 տարեկանից ցածր և նոր ուսուցիչների թիվը զգալի քիչ է, ապա սա կարող է բերել ոչ միայն ուսուցիչների դասավանդման որակի նվազման՝ փոքր աշխատանքային փորձառության հետևանքով, այլ ընդհանրապես ուսուցիչների ֆիզիկական բացակայության։ Արդեն այսօր տարեկան գրանցվում է ուսուցիչների 600-700 թափուր տեղ, որոնք չեն համալրվում կամ համալրվում են զգալի դժվարությամբ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն գյուղական դպրոցների մասին է, այլ նաև քաղաքային։ Ուսուցիչ գտնելու դժվարության մասին են խոսում նաև քաղաքային դպրոցների տնօրենները։ Միջանկյալ լուծումները՝ ուսուցիչների գործուղման կարգի, տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման պայմանների բարելավման, էլեկտրոնային ուսուցման միջոցով ուսուցիչների բացակայության լրացման, չեն կարող համարվել համակարգային լուծումներ և կարգավորել խնդիրը։ Ակնհայտ է, որ ուսուցչի մասնագիտությունը գրավիչ չէ իբրև երիտասարդների կողմից նախընտրելի կենսագիծ։

  1. Ուսուցիչները, ուսումնական հաստատությունների ղեկավար ու վարչական աշխատողները չունեն բավարար մասնագիտական գիտելիքներ և հմտություններ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար։  

III. ԿՐԹՈՒԹՅԱՆ՝ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ   

  1. Հայաստանում մարդկային կապիտալը դիտվում է որպես երկրի զարգացման հիմնական ռեսուրս, իսկ կրթությունը՝ մարդկային կապիտալի զարգացման որոշիչ գործոնը։
  2. Լինելով փոքր պետություն՝ մարդկային կապիտալի տեսանկյունից կարևորվում է յուրաքանչյուր քաղաքացին, հասարակության յուրաքանչյուր անդամ՝ որպես մարդկային կապիտալի մի մասնիկ։
  3. Սույն վերջնական նպատակի իրականացման համար մինչև 2030 թվականը սահմանվում են հետևյալ ռազմավարական ուղղությունները.

    2) կրթության արդյունավետության բարձրացում, ինչը կապահովի ռեսուրսի (ներառյալ մարդկային) առավելագույն օպտիմալ և արդյունահենք տեղաբաշխում, համակարգի գործընթացային, ծախսային և կառավարման արդյունավետության բարձրացում։

Ինչպես տեսնում ենք հիմնավորման և մեջբերումների թվերը՝ գլուխների, կետերի, ենթակետերի համարները բռնում են իրար հետ: Սակայն չի բռնում հիմնականը՝ օրենքը, սա ընդամենը Կառավարության նախագիծն է, օրենքը չէ: Հիմա նայենք օրենքը:      

ՀՕ-441-Ն  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը  (Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին)

«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին

 հավելված

1. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ           

  1. Աշխարհում ներկայում համընդհանուր տարածում է ստանում այն տեսակետը, ըստ որի՝ ինչքան ավելի երկարամյա է ուսուցչի ստաժը, այնքան ավելի բարձր կրթական արդյունք են գրանցում սովորողները։ Հայաստանում ամենաբարձր կրթական արդյունքը գրանցում են 10-20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչները՝ արձանագրելով 30 միավորի տարբերություն ավելի փոքր աշխատանքային փորձառություն ունեցող ուսուցիչների նկատմամբ։ Այս խմբի ուսուցիչների սաների գրանցած արդյունքն ավելի բարձր է, քան քսան տարուց ավելի ստաժ ունեցող ուսուցիչներինը։ Ամենացածր արդյունքը գրանցում են մինչև հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչները, որը վկայում է այն մասին, որ անհրաժեշտ է տարբերակված ծրագրեր ունենալ տարբեր աշխատանքային փորձառություն ունեցող ուսուցիչների համար, ինչպես, օրինակ, հետևողական աշխատանք տանել սկսնակ ուսուցիչների մասնագիտական զարգացման ուղղությամբ։ Այն խոսում է նաև մանկավարժական կրթության խնդիրների մասին, այդ թվում՝ մանկավարժական պրակտիկայի անբավարար գործիքակազմի, որի հետևանքով մանկավարժական պրակտիկան ըստ էության տեղափոխվում է աշխատանքային առաջին տարիների գործունեության դաշտ։ Այս առումով հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Հայաստանում ուսուցիչների գրեթե կեսը (46%-ը) 50 տարեկանից բարձր տարիքի է, որը նշանակում է՝ Հայաստանը ստիպված է լինելու հաջորդ տասնամյակում ուսուցչական համակազմի յուրաքանչյուր երկու անդամից մեկին փոխարինել նորով։ Այս գործընթացը կարող է էապես ազդել սովորողների ուսումնառության և կրթական արդյունքի վրա՝ բերելով դրա նվազման։ Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցիչների ընդամենը 11%-ն է 30 տարեկանից ցածր, և նոր ուսուցիչների թիվը զգալի փոքր է, սա կարող է հանգեցնել ոչ միայն ուսուցիչների դասավանդման որակի նվազման՝ փոքր աշխատանքային փորձառության հետևանքով, այլև ընդհանրապես ուսուցիչների ֆիզիկական բացակայության։ Այսօր արդեն տարեկան գրանցվում է ուսուցիչների 600-700 թափուր տեղ, դրանք չեն համալրվում կամ համալրվում են զգալի դժվարությամբ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն գյուղական դպրոցների մասին է, այլ նաև քաղաքային։ Ուսուցիչ գտնելու դժվարության մասին են խոսում նաև քաղաքային դպրոցների տնօրենները։ Միջանկյալ լուծումները (ուսուցիչների գործուղման կարգի, տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման պայմանների բարելավումը, էլեկտրոնային ուսուցման միջոցով ուսուցիչների բացակայության լրացումը) չեն կարող համարվել համակարգային լուծումներ և կարգավորել խնդիրը։ Ակնհայտ է, որ հրատապ են մանկավարժական կրթության խորքային բարելավման և ուսուցչի մասնագիտությունը երիտասարդների համար նախընտրելի դարձնելու մարտահրավերները։           
  1. Ուսուցիչները, ուսումնական հաստատությունների ղեկավար ու վարչական աշխատողները չունեն բավարար մասնագիտական գիտելիքներ և հմտություններ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար։ Գործող մասնագիտական զարգացման ծրագրերը չեն բխում առկա կարիքներից և հասցեական չեն։ Մասնագիտական զարգացման տարբեր կարիքներ ունեցող ուսուցիչների համար գործել են նույն վերապատրաստման ծրագրերը, իսկ ղեկավար և վարչական աշխատողների պարբերական զարգացման ծրագրեր չեն իրականացվել։ ՄԿՈՒ ոլորտում աշխատակիցների պարբերական վերապատրաստումներ նույնպես չեն կազմակերպվել։ Վերապատրաստումները եղել են տարբեր ծրագրերի շրջանակներում կամ տարբեր բաղադրիչներով, որոնք հնարավորություն չեն տալիս ձևավորելու մասնագիտական շարունակական զարգացման արդյունավետ մեխանիզմ: Ավելին, արդյունավետ մեխանիզմը պետք է ուղղորդեր դեպի ոլորտում ատեստավորման գործիքի ներդրումը, որը, չնայած օրենքով նախատեսված է եղել, սակայն չի գործել:           
  1. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ
  1. Հայաստանում մարդկային կապիտալը դիտվում է որպես երկրի զարգացման հիմնական ռեսուրս, իսկ կրթությունը՝ մարդկային կապիտալի զարգացման որոշիչ գործոն։
  2. Լինելով փոքր պետություն՝ մարդկային կապիտալի տեսանկյունից կարևորվում է յուրաքանչյուր քաղաքացին, հասարակության յուրաքանչյուր անդամը որպես մարդկային կապիտալի մի մասնիկ։
  3. Ծրագրի վերջնական նպատակի իրականացման համար մինչև 2030 թվականը սահմանվում են հետևյալ ռազմավարական ուղղությունները.

2) կրթության արդյունավետության բարձրացում, որը կապահովի ռեսուրսի (ներառյալ մարդկային) առավելագույն օպտիմալ և արդյունահենք տեղաբաշխում, համակարգի գործընթացային, ծախսային և կառավարման արդյունավետության բարձրացում՝ հիմնվելով կրթական համակարգի սոցիալական արդարության ապահովման սկզբունքի վրա։

Ինչպես տեսնում ենք՝ թվերը չեն բռնում: Բայց օրենքը սա է, որին պետք է օրենքով, այսինքն՝ ըստ կարգի, ըստ գործի բնույթի, և վերջապես՝ ըստ տրամաբանության հղում աներ հարգելի Կառավարությունը:

Խնդիրն այն չէ, որ թվերը չեն բռնում և հոդվածներն էլ իրարից տարբերվում են: Բացարձակապես նշանակություն չունի, ինչ գրված կլիներ օրենքում (ոչ նախագծում), այդ հոդվածները կարող է ընդհանրապես բացակայեին էլ օրենքում, չէ՞ որ օրենքն ընդունվում է նախագծի քննարկումներից, փոփոխություններից հետո, դրա համար էլ դա նախագիծ է կոչվում: Խնդիրն այն է, որ կառավարությունը չի հասկանում կամ պարզապես նրան չի հետաքրքրում այդ երևույթի անօրինականությունը, այն, որ քննարկվող որոշման հիմքում, հիմնավորման մեջ դրվում է հղում իրավական ուժ չունեցող փաստաթղթին (օրենքի նախագծին), այն դեպքում, երբ դրանից հետո արդեն Օրենք է ընդունվել, հետևաբար կայացվող որոշումը, որին ձգտում է Կառավարությունը, ևս անօրինական է ի սկզբանե:

Հարցի մյուս կողմը՝ հոդվածների պարունակությունը: Եթե նույնիսկ ընդունենք, որ Կառավարությունը չի նկատել այդ նրբությունը, միևնույն է, դա նրան չի փրկում, քանզի իր կողմից հղված նախագծի հոդվածների (բնականաբար նաև օրենքի հոդվածների) և ենթադրվելիք որոշման միջև կապը իսպառ բացակայում է, կամ էլ կապ կա, բայց նա հավասար է զրոյի:

Հաջորդ կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բաժնի 7.2 կետով սահմանված միջոցառման իրականացման անհրաժեշտությունից:  

 7.2

Նպատակ - Ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման և աշխատանքային առաջխաղացման տարբերակված քաղաքականություն՝ ելնելով ուսուցիչների տարբեր խմբերի կարիքներից

Միջոցառումներ - Ուսուցչի մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմների ներդրում

Ակնկալվող արդյունք - Հաստատված են ուսուցչի աշխատանքային առաջխաղացման հնարավորությունները նախանշող մասնագիտական չափորոշիչները

Ժամկետ - 2023թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Կապը քննարկվող որոշման հետ՝ զրո:

Հաջորդը:

 - Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության  ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի  1-ին, 3-րդ պարբերությունից, 3-րդ պարբերության 4-րդ կետից:

1-ին պարբերություն

Հանրակրթության ոլորտի առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխություն, որի հիմնաքարը մինչև 2026 թվականը հանրակրթության նոր չափորոշիչների ամբողջական ներդրումն է հանրապետության բոլոր դպրոցների բոլոր դասարաններում' ապահովելով դպրոցական արդիական ու հագեցված ենթակաոուցվածքի, ներառական ու զարգացնող միջավայրի, կրթական որակյալ բովանդակության, բարձրորակ ուսուցչական համակազմի և դպրոցների թափանցիկ ու արդյունավետ կառավարման ամբողջություն:

3-րդ պարբերություն

Կարևորելով նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության գերը սոցիալ-տնտեսական զարգացման, պահանջարկին համապատասխան աշխատաշուկայի համալրման գործում' Կառավարությունն առաձնացնում է բարեփոխումների հետևյալ հիմնական ուղղվածությունը.

4-րդ կետ

մանկավարժների մասնագիտական զարգացման և ատեստավորման համակարգերի ներդրում' կապակցելով վարձատրության մեխանիզմների հետ:

Կապը քննարկվող որոշման հետ՝ զրո:

 Հաջորդը:

- Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 թ. մարտի 16-ի N 351-Լ. Ո Ր Ո Շ Ո Ւ Մ . 1.2.1, 2.2.5  միջոցառումների կատարման պահանջից:

Այս վերջին ռազմավարական փաստաթղթակապը լրիվ կինո է: 2023 թ. մարտի 16-ի N 351-Լ. ՈՐՈՇՈՒՄ. 1.2.1, 2.2.5  միջոցառումների որոնումները բերեցին այդ որոշման հավելված N 1 -ին, որի մեջ նման համարներով շատ կետեր կային տարբեր բաժիններում, դե արի իմացիր, թե մեր օրենսդիր կառավարությունը որ մեկն է նկատի ունեցել նման ռեբուս գրելով:  Ամենազոր գուգլը բերեց այստեղ.

Կ-620-20.06.2023-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1. ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հավելվածի 2-րդ՝ «Կրթության առկա վիճակը եւ հիմնախնդիրները» գլխի 43-րդ եւ 45-րդ կետերով սահմանված, 3-րդ՝ «Կրթության մինչեւ 2023 թվականը զարգացման տեսլականը, նպատակը եւ ուղղությունները» գլխի 72-րդ, 73-րդ կետերով, 76-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված թիրախային արդյունքների ցուցանիշի ապահովման պահանջից:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաեւ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բաժնի 7.2 կետով սահմանված միջոցառման իրականացման անհրաժեշտությունից:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին, 3-րդ պարբերությունից, 3-րդ պարբերության 4-րդ կետից:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաեւ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 Թ. ՄԱՐՏԻ 16-Ի N 351-Լ. Ո Ր Ո Շ Ո Ւ Մ. 1.2.1, 2.2.5 միջոցառումների կատարման պահանջից:

ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 16-ի 351-Լ որոշման «Հանրակրթական հաստատություններում որակյալ ներառական կրթության ապահովման մեխանիզմների ներդրում» բաժնի 2.2.5 միջոցառում։

Ինչպես տեսնում եք 101 % (չզարմանաք, սխալ չեմ գրել, հարյուր և մեկ տոկոս համընկնում) քննարկվող որոշման ռազմավարական փաստաթղթերի հետ: Դուք պայծառ միտք ունեք, պարոնայք, մեկ տոկոսը վերջին պարբերությունն է, որն էլ լուծեց ռեբուսը, քանի որ մասնակի կրկնում էր նախավերջին պարբերությունը և պլյուս դրան թանկարժեք ինֆորմացիա էր պարունակում՝ հասցե ուներ: Հենց դրա օգնությամբ էլ հասանելի դարձան վերջին երկու կետերը:

Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

1.2.1.

Գործընթաց/ Գործողություն - Նախադպրոցական ծրագրերի բովանդակության և կառուցվածքի շարունակական վերանայում՝ ուղղորդելով դեպի ուսումնառության վերջնարդյունքները

Ակնկալվող արդյունք - Նախադպրոցական կրթության չափորոշիչը հաստատված և գործարկված է։

Կատարող/ համակատարող - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

Ժամկետ - 2023-2026 թթ․։

2.2.5.

Գործընթաց/ Գործողություն - Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող մասնագետների մասնագիտական առաջխաղացման, ներառյալ ատեստավորման, հնարավորությունների ընդլայնում՝ փոխկապակցելով այն աշխատանքի արժանապատիվ վարձատրության մեխանիզմների և մասնագիտական ստանդարտների հետ

Ակնկալվող արդյունք - Կամավոր ատեստավորմանը մասնակցած մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետների մասնաբաժինը հասցված է՝ 2023 թ.-  30% 2024 թ. - 60% 2026-2030 թթ. շարունակական՝ 100%

Կատարող/ համակատարող - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Ժամկետ - 2023-2026 թթ․

Բնականաբար՝ կապը քննարկվող որոշման հետ՝ զրո:

Պարզագույն գործողություն, copy-past, կամ ինչպես կասեր դասականը՝ ուչաստկովիի մակարդակի գործ: Շշմեցուցիչ է, այնպես չէ՞: Սա էլ մեզ բոլորիս նոր տարվա նվերի փոխարեն:

«Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 771-Ն և հունիսի 17-ի N 900-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ  ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ:

Դուք կարո՞ղ եք նման բան պատկերացնել: Իմ երևակայությոնը չի հերիքում:

Այսքանը:

Արմեն Գառնիկյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter