HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ազգերի լիգայում Հայաստանը կհանդիպի անծանոթ ու վաղեմի մրցակիցների

Այսօր կայացավ Ազգերի լիգայի 2024-2025 թթ. վիճակահանությունը, որտեղ իր ապագա մրցակիցներին իմացավ նաեւ Հայաստանի հավաքականը:

Հիշեցնենք, որ մեր թիմը 2022-2023 թթ. խաղարկության ժամանակ հանդես էր գալիս B լիգայում, սակայն չդիմացավ Շոտլանդիայի, Ուկրաինայի եւ Իռլանդիայի հետ դիմակայությանն ու խմբում զբաղեցրեց վերջին՝ 4-րդը տեղը, ինչը նշանակում էր, որ այս անգամ մերոնք խաղալու են կարգով ավելի ցածր C լիգայում:

Այսպիսով՝ վիճակահանության արդյունքում Հայաստանը 2024 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հանդես կգա C լիգայի 4-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆարերյան Կղզիների, Հս. Մակեդոնիայի եւ Լատվիայի հավաքականները:

Եթե մեր թիմը հաղթի խմբում, ապա Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկությանը իրավունք կունենա կրկին հանդես գալ B լիգայում: Եթե թիմը գրավի երկրորդ տեղը, ապա իրավունք կստանա անցումային երկու հանդիպում անցկացնել B լիգայի խմբերից մեկում երրորդ տեղը զբաղեցրած թիմի հետ եւ հաջողության դեպքում տեղափոխվել B լիգա: Եթե մերոնք խմբում զբաղեցնեն երրորդ տեղը, ապա հաջորդ խաղարկությունում կրկին կլինեն C լիգայում, իսկ եթե անհաջողության մատնվեն ու դառնան վերջինը խմբում, ապա թիմի արդյունքները կհամեմատվեն C լիգայի մյուս 3 խմբերի հետնապահների արդյունքների հետ: Այսինքն՝ C լիգայի 4 խմբերի 4 անհաջողակների գրանցած ցուցանիշների համեմատության արդյունքում դրանցից 2-ն (ամենավատ արդյունքներ գրանցածները) անմիջապես կիջնեն D լիգա, իսկ մյուս 2-ը անցումային խաղեր կանցկացնեն D լիգայի 2 խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած թիմերի հետ:

Այսպիսով՝ խմբում հաղթելու դեպքում մերոնք կբարձրանան B լիգա, երկրորդ տեղը զբաղեցնելու պարագայում՝ իրավունք կունենան պայքարել B լիգայի համար, իսկ եթե չորրորդը լինեն՝ կա՛մ կհայտնվեն D լիգայում, կա՛մ կպայքարեն՝ այնտեղ չիջնելու համար:

Հիմա՝ մրցակիցների մասին:

Մերոնք երբեւէ չեն հանդիպել Ֆարերյան Կղզիներին/Ֆարերներին: Նկատենք, որ սա Դանիայի Թագավորությանը պատկանող արշիպելագ է Ատլանտյան օվիկանոսում, սակայն ֆուտբոլային առումով Ֆարերներն անջատ է Դանիայից:

Ինչ վերաբերում է Հս. Մակեդոնիային, ապա այս թիմի հետ մեր ընտրանին ամենաշատն է հանդիպել իր պատմության ընթացքում:

Թիմերը միմյանց հետ անցկացրել են 13 խաղ, որոնցից 12-ը՝ պաշտոնական: Հայաստանը տարել է 4 հաղթանակ, կրել 6 պարտություն, 3 անգամ գրանցվել է ոչ-ոքի, գոլերի տարբերությունը՝ 18-23՝ հօգուտ մակեդոնացիների։

Առաջին հանդիպումը եղել է «Եվրո-1996»-ի ընտրական փուլում՝ 1995-ի մայիսի 10-ին, Երեւանում, որում գրանցվեց 2-2: Մերոնցից գոլերի հեղինակ դարձան Ռազմիկ Գրիգորյանն ու Արմեն Շահգելդյանը: Սա պատմական հանդիպում էր, քանի որ պաշտոնական խաղերում առաջին անգամ Հայաստանի հավաքականը գոլեր խփեց: Ընդ որում՝ Սամվել Դարբինյանի սաները հաղթում էին 2-0 հաշվով, սակայն ձեռքից բաց թողեցին հաղթանակը, որը կարող էր դառնալ առաջինը պաշտոնական խաղերում: Այդուհանդերձ, այդ հաղթանակը իրականություն դարձավ նույն մակեդոնացիների հետ պատասխան խաղում, որը կայացավ 1995-ի սեպտեմբերի 6-ին Սկոպիեում: Կրկին Գրիգորյանի ու Շահգելդյանի գոլերի շնորհիվ մեր թիմը հաղթեց 2-1 հաշվով: Հետաքրքիր է, որ այս անգամ էլ մերոնք էին պարտվում 0-1, բայց կամային հաղթանակ տարան. այսպես Հայաստանի ընտրանու պատմության մեջ առաջին պաշտոնական հաղթանակը կայացավ արտագնա խաղում:

Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում հավաքականները նորից երկու հանդիպում անցկացրին: 2004-ի օգոստոսի 8-ին Սկոպիեում Հայաստանը պարտվեց 0-3 հաշվով: 2005-ի հունիսի 4-ին Երեւանում տեղի ունեցած պատասխան հանդիպմանը նորից հաղթեցին բալկանցիները՝ 2-1: Հյուրերի առաջատար Պանդեւի երկու գոլերին մեկ անգամ պատասխանեց մեր թիմի ծագող աստղ Էդգար Մանուչարյանը: 

«Եվրո-2012»-ում, որը Հայաստանի հավաքականի պատմության մեջ ամենահաջողվածներից էր, թիմերը 2010-ի սեպտեմբերի 7-ին հանդիպեցին Սկոպիեում: Յուրա Մովսիսյանի ու Էդգար Մանուչարյանի գոլերը, ցավոք, չօգնեցին Վարդան Մինասյանի թիմին հաղթանակ տանել: Խաղավարտին Արարատ Առաքելյանի ձեռքով խաղը սեփական տուգանայինում հանգեցրեց 11-մ հարվածի, եւ խաղն ավարտվեց 2-2: Այդուհանդերձ, այդ խաղը ցույց տվեց մեր ընտրանու մեծ ներուժը, որը ռեալիզացվեց հետագա մրցելույթներում: Հայ ֆուտբոլիստները 2011-ի հոկտեմբերի 7-ին Մարկոսի, Հենրիխ Մխիթարյանի, Գեւորգ Ղազարյանի ու Արթուր Սարկիսովի գոլերի շնորհիվ բալկանցիներին հաղթեցին 4-1 հաշվով:

Հերթական երկու հանդիպումները կայացան Ազգերի լիգայի անդրանիկ՝ 2018-2019 թթ. խաղարկության ժամանակ: 2018-ի սեպտեմբերի 9-ին Սկոպիեում տանտերերը հաղթեցին 2-0, սակայն նույն տարվա հոկտեմբերի 16-ին հայ ֆուտբոլիստները Երեւանում արժանի ռեւանշի հասան 4-0 հաշվով: Գոլերը խփեցին Մարկոսը, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը:

Ազգերի լիգայի երկրորդ՝ 2020-2021 թթ. խաղարկության շրջանակներում 2020 թ․ սեպտեմբերի 5-ին մերոնք Սկոպիեում պարտվեցին 1-2 հաշվով։ Ընդ որում՝ բոլորը գոլերը խփվեցին 11-մ հարվածից։ Մերոնցից խաղավարտին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը։ Պատերազմի պատճառով պատասխան խաղը կայացավ չեզոք դաշտում՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, նոյեմբերի 18-ին։ Հովհաննես Համբարձումյանի միակ գոլը հաղթական էր։ Այդ հաղթանակի շնորհիվ մեր թիմն առաջին անգամ հաղթող դարձավ Ազգերի լիգայի խմբային փուլում, ինչը 2022-2023 թթ. խաղարկությունում նրան հնարավորություն տվեց խաղալ ավելի բարձր լիգայում։

Թիմերի միջեւ եւս երկու խաղ կայացավ աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: 2021-ի սեպտեմբերի 2-ին Սկոպիեում գրանցվեց 0-0, իսկ ահա նոյեմբերի 11-ին մերոնք Երեւանում խայտառակ պարտություն կրեցին 0-5 հաշվով:

Միակ ընկերական հանդիպումը թիմերի միջեւ կայացավ 2023 թ. հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում եւ ավարտվեց դաշտի տերերի 3-1 հաշվով հաղթանակով: Մերոնցից խաղավարտին հաշիվը կարողացավ թրջել Էդուարդ Սպերցյանը:

Հայաստանն ու Լատվիան մինչեւ հիմա հանդիպել են 4 անգամ: Առաջին երկու խաղերը եղել են ընկերական: 2009 թ․ փետրվարի 11-ին կիպրական Լիմասոլում գրանցվել է 0-0, իսկ 2014 թ․ սեպտեմբերի 3-ին լատվիացիները Ռիգայում հաղթել են 2-0 հաշվով։ 2023 թ. հունիսի 19-ին «Եվրո-2024»-ի ընտրական փուլի շրջանակներում մերոնք Երեւանում 2-1 հաշվով հաղթեցին Լատվիային: Գոլերի հեղինակ դարձան Նաիր Թիկնիզյանն ու Տիգրան Բարսեղյանը: Պատասխան խաղը կայացավ հոկտեմբերի 12-ին Ռիգայում, որտեղ դաշտի տերերը հաղթեցին 2-0 հաշվով: Այսպիսով 4 խաղերից Հայաստանի հավաքականը հաղթել է մեկում, մեկ անգամ գրանցվել է ոչ-ոքի, երկու անգամ էլ հաղթել են լատվիացիները: Խփած ու բաց թողած գոլերի հարաբերությունը նրանց օգտին է՝ 5-2:

Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկությունը մասամբ նաեւ ընտրական փուլ է աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճելու ճանապարհին: Այսպես՝ ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարը կայանալու է 2025 թ.: Մունդիալին մասնակցելու ուղեգիր են նվաճելու ընտրական 12 խմբերի հաղթողները: Իսկ երկրորդ տեղը զբաղեցրած 12 թիմերն ու Ազգերի 2024-2025 թթ. խաղարկության արդյունքներով այն լավագույն 4 հավաքականները, որոնք ԱԱ-2026-ի ընտրական խմբերում առաջին կամ երկրորդ տեղերը զբաղեցրած չեն լինի, այսինքն՝ 16 ընտրանի, կխաղարկեն մնացած 4 ուղեգրերը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter