HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզի 97 բնակավայրից 64-ում աղբամաններ չկան

Շաբաթը 1-2 անգամ աղբատար ավտոմեքենաները շրջում են Արմավիրի մարզի գյուղերի փողոցներով և աղբը հավաքում ու տեղափոխում են մոտակա աղբավայրեր: Այն մարդիկ, ովքեր նշված ժամին տանը չեն լինում, ստիպված են աղբը տանը պահել մոտ մեկ շաբաթ՝ մինչև աղբահավաք մեքենայի հաջորդ գալը կամ լցնել ջրանցքներն ու առուները: Ոմանք էլ աղբն այրում են՝ տարածքը պատելով գարշահոտությամբ և վնաս պատճառելով բնությանը:

Մարզի Խոյ, Բաղրամյան խոշորացված համայնքներում և Ֆերիկ համայնքում ընդհանրապես աղբամաններ չկան: Մյուս համայնքների ոչ բոլոր գյուղերում են տեղադրված աղբամաններ: Իսկ որոշ գյուղերում աղբամանների թիվը բավարար չէ, և կարիք կա նոր աղբամանների:

Մարզում սովորական են դարձել ճամփեզրերին կամ առուների ու խոշոր ջրատարների մեջ լցված աղբի տեսարանները:

Խոյ համայնքի Դաշտ գյուղի վարչական տարածքով է անցնում Ստորին Հրազդանի ջրանցքը: Այդ ջրով են ոռոգվում Էջմիածնի տարածքի գյուղերի հողատարածքները: Բնակիչները կենցաղային աղբի զգալի մասը լցնում են այդ ջրանցքը կամ մոտակա ճամփեզրին: Նման տեսարանի ականատես եղանք գյուղի վերջնամասում:

Ջրանցքով պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկե շշերը հայտնվում են դաշտերում, տնամերձ հողատարածքներում:

Դաշտ գյուղում, ինչպես նաև Խոյ համայնքի այլ գյուղերում չկան աղբամաններ, իսկ աղբատար ավտոմեքենան փողոցներով շրջում է շաբաթը մեկ անգամ: 17 գյուղից բաղկացած համայնքի միայն 3 բնակավայրում է շաբաթը երկու անգամ աղբահանություն իրականացվում, մնացածում՝ մեկ անգամ: Սակայն լինում են դեպքեր, որ աղբատար ավտոմեքենան շաբաթվա ընթացքում այդպես էլ չի գալիս:

Նույնիսկ աղբատարի գալու հստակ ժամ չկա: Շաբաթվա ընթացքում կուտակված կենցաղային աղբից ազատվելու համար շաբաթվա մեկ կամ 2 օրվա ընթացքում գյուղաբնակների տանը միշտ մարդ պետք է լինի, որ ավտոմեքենայի ազդանշանը լսելուն պես աղբը տնից դուրս հանի: Հակառակ դեպքում աղբը թողնում են դրսում ու վերադառնալուն պես կարող են տեսնել, որ աղբ հավաքող մեքենան չի եկել, իսկ կենդանիներն աղբը շաղ են տվել փողոցով մեկ:

«Տեղադրված աղբամաններ չունենք, բայց բոլոր բնակավայրերում ունենք աղբամանների կարիք: Առաջիկայում համայնքի բոլոր բնակավայրերի համար կան աղբատար մեքենաներ և աղբամաններ ձեռք բերելու ծրագրեր։ Քանի որ ծախսը բավականին մեծ է, և համայնքն իր ուժերով չի կարողանա ձեռք բերել, ուստի համայնքապետարանը տեղական և միջազգային գործընկերների հետ իրականացնում է քննարկումներ վերոնշյալ ծրագրին աջակցելու նպատակով»,- հայտնում է Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը:

Համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք՝ արդյոք աղբամաններ ձեռք բերելու համար սուբվենցիոն ծրագրերի երբևէ դիմել են: Պարզվեց՝ ոչ:

Համայնքը չունի նաև նորմերին համապատասխանող աղբատար ավտոմեքենաներ: Աղբահանությունն իրականացվում է ինքնաթափերով: Դրանք ծածկված չեն և նույնիսկ թեթև քամին ինքնաթափերից դուրս է նետում աղբը: Առհասարակ՝ մարզի համայնքներում քիչ են փակ սիստեմով աշխատող աղբատար ավտոմեքենաները՝ մի քանի մեքենա քաղաքներում:

Համայնքի 17 գյուղից միայն 3-ում է աղբահանությունն իրականացնում «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկը: Մյուս 14 գյուղերի աղբահանությունն իրականացնում է անհատ ձեռնարկատեր Սերոբ Ներսիսյանը: Նրա հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր՝ տարեկան 29 մլն 500 հազ. դրամ պայմանագրային գնով:

Շաբաթը մեկ անգամ է իրականացվում նաև Մեծամոր համայնքի 31 բնակավայրից 30-ի աղբահանությունը (բացառությամբ Մեծամոր քաղաքի): Նույնը նաև Արմավիր համայնքում է: Նույնիսկ մարզկենտրոն Արմավիր քաղաքի սեփական տների հատվածում է շաբաթը մեկ անգամ  աղբահանություն իրականացվում, իսկ բազմաբնակարան շենքերի հատվածում՝ ամեն օր։

Արմավիրի մարզի միայն եզդիաբնակ Ֆերիկ համայնքում աղբահանություն չի իրականացվում: Համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքում աղբամաններ տեղադրված չեն: Նշեց, որ համայնքային բյուջեով աղբահանության համար գումար նախատեսված չէ, և բնակիչներին նման ծառայություն չեն մատուցում:

«Բնակիչներն իրենք են իրենց աղբը տեղափոխում, համայնքապետարանն աղբահանություն չի իրականացնում: Բայց այս տարի պլանավորել ենք ձեռք բերել աղբամաններ ու իրականացնել աղբահանություն»,- ասում է Ռ. Հասանյանը:

Վաղարշապատ համայնքում կարծես թե լուծվում է աղբամանների հարցը: Համայնքի կազմի մեջ մտնում է 2 բնակավայր՝ Էջմիածին քաղաքն ու Ոսկեհատ գյուղը: 2023թ. տարեվերջին միայն քաղաքում տեղադրված էր 458 մեծ ու փոքր աղբաման: Կառավարության միջոցներով ձեռք է բերվել ևս 1200 մեծ աղբաման: Ինչպես հայտնում են համայնքապետարանի լրատվական բաժնից՝ դրանք ըստ անհրաժեշտության բաշխվում են քաղաքի տարածքում: Աղբամաններ կտեղադրվեն նաև Ոսկեհատ գյուղում:

Կառավարությունը նաև 7 աղբատար մեքենա և մեկ ինքնաթափ ավտոմեքենա է հատկացրել Վաղարշապատ համայնքին: Մինչ այդ համայնքն ունեցել է 5 բեռնատար մեքենա աղբահանության համար։

Աղբատար մեքենաների հարցը լուրջ է մարզի գրեթե բոլոր համայնքներում: Սովորաբար «Զիլ» կամ «Գազ» մակնիշի ավտոմեքենաներով, տրակտորների թափքով է իրականացվում աղբի տեղափոխումը: 

Բաղրամյան համայնքում աղբահանությունն իրականացվում է 4 ավտոմեքենայով: Դրանցից «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներից մեկը 1987թ. արտադրության է: Ինչպես հայտնում է համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, 4 ավտոմեքենաներն էլ գտնվում են վատ վիճակում: Նույնը նաև Խոյ համայնքի 3 ավտոմեքենաների դեպքում է: Դրանք 1981-1990 թվականների արտադրության են: 

Աղբահանության համար ծախսում են շատ, հավաքում՝ քիչ

2023թ. Արմավիրի մարզի համայնքները աղբահանության և սանիտարական մաքրման նպատակով ծախսել են 824 մլն 400 հազ. դրամ և որպես աղբահանության վճար բնակիչներից և համայնքներում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանցից հավաքել են 379 մլն 300 հազ․ դրամ:

Ծախսված և հավաքված գումարների անհամաչափությունը բոլոր համայնքներում կա, որոշ դեպքերում դրանց տարբերությունը շատ մեծ է, և ծախսերի փոքր մասն է հավաքվել։ Օրինակ՝ Բաղրամյան համայնքում աղբահանության համար մեկ անձից գանձվում է ամսական 50 դրամ: 2023թ. Բաղրամյան համայնքը հավաքագրվել է 3 մլն դրամ աղբահանության գումար, սակայն ծախսել են 40 մլն դրամ:

Իսկ Խոյ համայնքում աղբահանությունը մեկ շնչի հաշվով 50 դրամով թանկացել է՝ դառնալով 150 դրամ։ Նախորդ տարի 100 դրամ էր: Խոյի համայնքապետարանից պարզաբանում են, որ թանկացման արդյունքում ավելացրել են մեկ աշխատող, ով բնակչի տան դիմաց դրված աղբը գցում է աղբատարի մեջ: Նախկինում բնակիչն է արել:

Արմավիրի մարզի 8 համայնքներից միայն Ֆերիկում է, որ աղբահանության համար գումար չի ծախսվել և չի հավաքվել։

2023թ․-ին, 2022թ.-ի համեմատ, որոշ համայնքներում աղբահանության համար ծախսված և հավաքված գումարների կտրուկ փոփոխություն է եղել։ Արաքս համայնքում 2023-ին, նախորդ տարվա համեմատ, աղբահանության կազմակերպման համար ծախսը աճել է 89%-ով, իսկ բնակիչներից ու իրավաբանական անձանցից հավաքված գումարներն աճել են 79%-ով։ Բաղրամյանում 13%-ով աճել է աղբահանության գումարը, սակայն, հավաքվող գումարը նվազել է 24%-ով։ Վաղարշապատում ծախսն ավելացել է 42%-ով, հավաքվող գումարը՝ 7%-ով։

Խոյ համայնքում ծախսվող գումարը գրեթե չի փոխվել, իսկ հավաքված գումարն աճել է 15%-ով։ Մեծամորում ծախսը նվազել է 11%-ով, հավաքված գումարն աճել է 29%-ով։ Արմավիրում ծախսն ավելացել է 45%-ով, հավաքված գումարը՝ 63%-ով։ Փարաքարում աղբահանության ծախսն ավելացել է 4%-ով, հավաքված գումարը՝ 30%-ով։

Աղբի վերամշակման պլաններն ու աղբավայրերը

Արմավիրի մարզում ամենամեծ աղբավայրը՝ 7 հա, գտնվում է Շահումյան գյուղի տարածքում: Այստեղ են տեղափոխվում շրջակա գյուղերի և Վաղարշապատ համայնքի աղբը: Հաջորդն Արմավիր համայնքի աղբավայրն է՝ 6 հա, այնուհետև Մեծամոր համայնքի աղբավայրը՝ 2 հա: Մոտ 1 հա տարածք է զբաղեցնում Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի տարածքում գտնվող աղբավայրը:

Մարզի այլ բնակավայրերում առկա է մոտ 40 աղբավայր: Ոչ մի աղբավայր ցանկապատված չէ: Միայն 2017-2022թթ. մարզի տարածքում փակվել է 125 աղբավայր:

Նշենք, որ դեռևս 2014թ. Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության՝ Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ, պայմանավորվածություն էր ձեռք բերվել մարզում աղբի վերամշակման գործարան հիմնելու ուղղությամբ: 2018թ. մարտին մարզպետարանում հրավիրվել էր խորհրդակցություն, որի ժամանակ չեխական «Էլեկտրամոնտաժ Սիկորա» ընկերությունը ներկայացրել էր Արմավիր քաղաքում կառուցվող  աղբի վերամշակման ծրագիրը:

Նախնական հաշվարկներով անհրաժեշտ էր լինելու 100 մլն եվրո, իսկ ծրագրի ամբողջ ընթացքում ներգրավված էր լինելու մարզի ներուժը: Չեխական կողմն իրականացնելու էր մասնագիտական և ընթացիկ վերահսկողություն: Չեխական կողմը նույնիսկ ուսսումնասիրություններ է իրականացրել Արմավիրի աղբավայրում: Սակայն, ծրագիրը չի իրականացվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: 

Ինֆոգրաֆիկաները՝  Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter