HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչու՞ էին հացադուլ հայտարարել «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալներն ու կալանավորված անձինք

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այց է կատարել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, և արձանագրել, որ մի խումբ անձինք հայտարարել են անժամկետ հացադուլ: Ազատությունից զրկված անձինք դժգոհել են խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի և այլնի վերաբերյալ, ինչն էլ, ըստ նրանց, հանդիսացել է հացադուլի պատճառ:

Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը «Հետք»-ին հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկի գործունեությունն ընթանում է բնականոն եղանակով։

Ըստ Ն. Նավիկյանի՝ 3 դատապարտյալ հայտարարել է ինքնավնասում կատարելու մասին, որոնցից երկուսի ինքնավնասման փաստն արձանագրվել է, երրորդ դատապարտյալը հրաժարվել է անցնել բժշկական զննություն, հետևաբար չեն կարողացել փաստել ինքնավնասումը։

«Փետրվարի 9-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները, տեղեկություններ են ստացել, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաև որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ այլ ազատազրկվածների նկատմամբ: Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկել են հիմնարկի խցերը։ Ծառայողները խցերից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ, ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր»,- ասում է Նոնա Նավիկյանը:

Ծառայության մամուլի խոսնակը հայտնում է նաև, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող, քրեական ենթամշակույթի կանոններով առաջնորդվող ազատազրկված անձինք խուզարկության օրը՝ փետրվարի 9-ին, տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկ, և, որպես աջակցություն, որոշ կալանավորված անձինք և դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։

«Նշված միջադեպի կապակցությամբ հացադուլ հայտարարած դատապարտյալների թիվը չի գերազանցել 30-ը և պարբերաբար կրճատվել է։ Այս պահի դրությամբ միջադեպով հացադուլի մեջ գտնվող անձ չկա»,- նշում է Նոնա Նավիկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter