HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր գծերը՝ 160 հազար դրամ․ քանի վճարում է կատարվել տարեկան կայանման համար

Երևանում վճարովի ավտոկայանատեղիների կամ ինչպես ավելի հայտնի է՝ կարմիր գծերի «Ա» գոտու տարեկան կայանման համար կատարվել է 3500 վճարում՝ փետրվարի 12-ի դրությամբ։ Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ 

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 1-ից կարմիր գծերում կայանման արժեքները շեշտակի թանկացել են, մասնավորապես՝ «Ա» գոտում կայանելու տարեկան արժեքը սահմանվել է 160 հազար դրամ, որի համար, ինչպես արդեն նշեցինք, կատարվել է 3500 վճարում։ 

Ինչ վերաբերում է վճարովի կայանատեղիների «Բ» գոտուն, ապա այնտեղ տարեկան կայանման համար փետրվարի 12-ի դրությամբ կատարվել է 3600 վճարում։ Ավագանու որոշմամբ՝ «Բ» գոտում կայանելու տարեկան վճարը կազմում է 24 հազար դրամ։

Այսինքն ստացվում է, որ 2024 թվականին կարմիր գծերի տարեկան կայանման համար կատարվել է ընդհանուր 7100 վճարում։

Կարմիր գծեր առկա են միայն Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։ Նախկինում՝ մինչև այս փոփոխությունները, կարմիր գծերում կայանելու տարեկան վճարը 12 հազար դրամ էր, և կայանատեղիները բաժանված չէին «Ա» և «Բ» գոտիների։

Երևանի քաղաքապետարանից խնդրել էինք տրամադրել նաև տվյալներ այն մասին, թե նախորդ երեք տարիներին՝ 2021-2023, քանի վճարում է կատարվել տարեկան կայանման համար, երբ վճարը եղել է 12 հազար դրամ։ Այսպես, ըստ Երևանի քաղաքապետարանի տամադրած տվյալների՝ 2021 թվականին կատարվել է 39 600, 2022-ին՝ 43 500, 2023-ին՝ 45 900 վճարում։

Հիմա հաշվենք, թե կարմիր գծերի տարեկան վճարումներից որքան գումար է մտել համայնքային բյուջե։ 2023 թվականին տարեկան կայանման 45 900 վճարներից Երևանի բյուջեն հարստացել է 550 մլն 800 հազար դրամով։ 

2024-ի փետրվարի 12-ի դրությամբ՝ «Ա» գոտու տարեկան կայանման համար կատարված 3500 վճարներից և «Բ» գոտու 3600 վճարներից՝ Երևանի քաղաքային բյուջե մուտք է եղել 646 մլն 400 հազար դրամ՝ շատ ավելին, քան նախորդ տարիներին։

Երևանի քաղաքապետարանին հարցրել էինք նաև, թե կարմիր գծերի «Ա» և «Բ» գոտիներում մարդատար ավտոմեքենաների կայանման մոտավոր քանի տեղ կա։ Տրանսպորտի վարչության տրամադրած տվյալների համաձայն՝ կա շուրջ 6000 ավտոմեքենայի կայանման տեղ։ Ստացվում է՝ առկա 6000 կայանատեղիի համար արդեն 7100 քաղաքացի տարվա համար վճարում է։

Կարմիր գծերի սակագների թանկացման գլխավոր հիմնավորումը, ըստ քաղաքային իշխանությունների, մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափումն էր, ուստի մեր գրության մեջ հարցրել էինք, թե նախնական գնահատմամբ՝ որքանով է սակագների թանկացումն ազդել Կենտրոնի բեռնաթափման վրա։ 

Քաղաքապետարանից պատասխանել են՝ դատելով այն փաստից, որ վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու խնդիրը նախկինի համեմատ ավելի դյուրին է դարձել, նախնական գնահատմամբ՝ սակագների բարձրացումը դրական ազդեցություն է ունեցել մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման վրա: Քաղաքապետարանը հավելել է, որ այդ հարցին ավելի հստակ հնարավոր կլինի պատասխանել, երբ կիրականացվի նեղ մասնագիտական վերլուծություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter