HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգ և ազգային պետություն

էթնոսը մարդկային խմբի սոցիալական կազմակերպման ձև է, որը հիմնված է ընդհանուր ինքնության, պատմական անցյալի, մշակութային գծերի՝ լեզու, կրոն, ավանդույթներ, ծեսեր, սովորույթներ և այլնի վրա, որոնցով մի խումբը տարբերում է մյուսներից:

Օսմանյան կայսրության մեջ ապրող հայերը, հույները, ասորիները, արաբները, էթնիկ խմբեր էին (կամ ազգային փոքրամասնություններ), որոնք հանդիսանում էին Օսմանյան պետության հպատակ: Որպես էթնիկ խմբեր նրանք պահպանում էին իրենց ինքնությունը, բայց իրենց կյանքը կազմակերպելու վերաբերյալ որոշումները՝ իրավահարաբերություններ, անվտանգություն, հարկեր և այլն, կայացնում էր սուլթանը։ Այլ կերպ ասած՝ իշխանությունը պատկանում էր սուլթանին։

Օսմանյան կայսրության փլուզումից հետո բազմաթիվ ազգեր ձևավորեցին ազգային պետություններ՝ հույներ (Հունաստան-1830 թ.) բուլղարներ (Բուլղարիա-1908 թ.), սերբեր, խորվաթներ, սլովակներ (Հարավսլավիա - 1918), թուրքեր (Թուրքիա - 1923 թ.):

Եղան էթնոսներ, օրինակ՝ արաբները, որոնք մի քանի պետություն ստեղծեցին՝ պայմանավորված տարբեր առանձնահատկություններով։

Եղան էթնոսներ, այդ թվում և հայերը, որոնք պետություն (ազգային պետություն) չկարողացան ստեղծել՝ ասորիները, քրդերը, թաթարները, չերքեզները, գագաուզները և այլն։ Այլ էթնոսները շարունակեցին ապրել որպես ազգային փոքրամասնություն տարբեր ազգերի կողմից ձևավորված պետությունների մեջ։

Էապես, հայ էթնոսի մի մասը կամ սպանվեց, կամ ստիպված եղավ լքել իր հայրենիքի մի մասը, որտեղ թուրքերը ինքնորոշվեցին և որոշեցին պետություն կառուցել Օսմանյան կայսրության փլուզումից հետո։

Հայկական էթնոսի մյուս մասը, որը իր հայրենիքի արևելյան հատվածում էր և գտնվում էր նախ Պարսկական կայսրության և ապա Ռուսական կայսրության տիրապետության տակ, (ներկայիս Հայաստանի տարածքը) պատմական տարբեր վայրիվերումներից հետո ու դրանց արդյունքում (որոնց մեջ Ռուսական կայսրության և ապա Սովետական միության փլուզումն էր) հռչակեց ազգային պետություն։

Հիմա, էս կետից շարունակելու և եղածը չկորցնելու ու նաև զարգանալու համար, կարևոր է, որ մենք սովորենք խոսել «նույն լեզվով», այսինքն մեր կյանքի վերաբերյալ արդյունավետ որոշումներ կայացնելու համար կարիք կա իրար ճիշտ հասկանալու։ Ճիշտ հասկանալու առաջին ու ամենամեծ հարցը՝ հայրենիք և պետություն հասկացությունների շուրջ ընդհանուր հայտարարի գալն է, որովհետև եթե մենք՝ գոնե նրանք, ովքեր պատրաստ են պատասխանատվություն վերցնել մյուսների համար նույնպես և կայացնել պետականությունը, չհասկացանք երևույթների բնույթը, կամ հասկացանք ամեն մեկս մեր գիտելիքների սահմանում, խնդիր կունենանք արդյունավետ համագործակցության և միասնական հեռանկարի ձևավորման ու իրացման հարցում։

Ըստ այդմ, կարիք կա ընդունելու, որ.

-Հայրենիքը տարածքն է, որ վրա պատմականորեն ձևավորվել է էթնոսը (էթնիկ խումբը): Հայերս համարում ենք, որ մեր հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։

-«Ազգային պետությունը» «հայրենիքի» ընկալում ունեցող էթնոսի կողմից «հայրենիքի» տարածքում կամ դրա մի մասի վրա, սեփական կյանքը (անվտանգություն, տնտեսություն, իրավահարաբերություններ և այլն) տնօրինելու և կազմակերպելու նպատակով հիմնված իրավակազմակերպչական միավոր է։

Ըստ այդմ.
-Օսմանյան կայսրության, Ռուսական կայսրության հպատակության տակ ապրող հայերը «էթնոս» են կամ «ազգություն» և ոչ մի դեպքում ազգ չեն, որովհետև «ազգ»-ը այն էթնոսն է, որը քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային բավարար ներուժ է ունեցել ազգային պետություն ձևավորելու։

Սրանից հետևում է, որ․
Հայաստանի Հանրապետությունը հայ էթնոսի կողմից հռչակված ազգային պետություն է, որտեղ հավասար իրավունքներով և պարտականություններով հայ ազգի հետ միասին ապրում են այլ էթնիկ խմբեր կամ այլ կերպ ասած՝ «ազգային փոքրամասնություններ»՝ եզդիներ, ռուսներ, ուկրաինացիներ, քրդեր, ասորիներ, հույներ և այլն։

Կա մի նրբություն։ Պատմականորեն ազգ են դարձել այն էթնիկ խմբերը, որոնք պայքարել են իրենց իրավունքների համար։ Իրենց իրավունքների համար պայքարում են գաղափարական ու կամային հատկանիշներով օժտված էթնոսները։ Մեր պարագայում, Հայաստանի Հանրապետությունը երկու դեպքում էլ հռչակվել է ոչ այնքան հայ էթնոսի քաղաքական մտքի զարգացման և իր ազատությունների ու իրավունքների համար մղված պայքարում, որքան պատմական հանգամանքների բերումով՝ Ռուսական կայսրության և Սովետական միության փլուզմամբ պայմանավորված։ Դա խոսում է այն մասին, որ մենք, ունենալով ազգային պետություն, այնուամենայնիվ, որպես ազգ՝ քաղաքական, գաղափարական էթնոս, չենք ձևավորվել, կամ ձևավորման փուլում ենք։

Դա է պատճառը, որ երեսուն տարվա մեջ, մենք չկարողացանք բավարար համախմբել մեր ներուժը և կյանքի կոչել «մեր հռչակած» արժեքներով պետությունը։

Բայց և այնպես, շարունակենք հասկացությունների վերաբերյալ մեր մոտեցումները հստակեցնել.
-Հայաստանի Հանրապետությունը ազգային պետություն է։
-Հայաստանի Հանրապետության հռչակման պահին հայերս էթնիկ խմբից ազգ դառնալու ճանապարհին մեծ թռիչք ենք կատարել, կամ այլ կերպ ասած՝ «Հայաստանի Հանրապետության» հռչակումը պատմական և սոցիալ-մշակութային առումով մեծ թռիչք էր մեր որպես ազգ կայացման՝ քաղաքականացման ճանապարհին։
-Կայսրությունները շարունակում են գոյություն ունենալ և սպառնալիք են հայ ազգի համար
-Հայ ազգի փրկությունը կայսրությունների միջև ընտրության մեջ չի, որովհետև դա ճանապարհ է ազգից էթնիկ խմբի վերածվելու՝ հետընթացի։
-Հայ ազգի անվտանգությունը հայ ազգի խնդիրն է, և դա ապահովել ավելի լավ, քան ազգային պետությունը հզորացնելու ճանապարհով, հնարավոր չէ։
-Հայ ազգի հզորացման ուղին ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն կայացնելն է։
-«Ազգային գաղափարախոսության» կարիք ունեն էթնոսները։ Ազգի համար (քաղաքականապես հասուն էթնոսի) Սահմանադրության մեջ ամրագրված արժեքներով և հավատամքով ապրող քաղաքացիներով հզորացող պետականություն ունենալուց լավ, այլ բան դժվար է պատկերացնել։
-Ազգային ինքնորոշումը էթնոսի քաղաքականացման և որպես ազգ կայացման գործընթացն է։
-Ազգային ինքնորոշման արագ և արդյունավետ ճանապարհը հումանիտար և հասարական գիտությունների նկատմամբ հանրային հետաքրքրության ավելացումն է։
-Հումանիտար և հասարակական գիտությունների արագ զարգացումը հնարավոր է այդ նպատակի շուրջ ազգային հարստության՝ ֆինանսական, տնտեսական, գիտական և այլն,  կոնսոլիդացիայի պարագայում

Գարեգին Միսկարյան

Մեկնաբանություններ (1)

Արարատ
Հարգելի Գարեգին, Գովելի է ձեր փորձը ազգային պետություն թեման շոշափելու հարցում, սակայն անհրաժեշտ է կատարել մի շարք շտկումներ։ Նախ, պիտի սահմանել ժողովուրդ-ազգ հասկացությունները, նոր անցնել մնացած հասկացությունների քննարկմանը։ Ըստ Նժդեհի, ժողովուրդը կավն է, ազգը հոգին։ Ավելի դիպուկ ու ճշմարիտ է Ալեքսանդր Վարպետյանի՝ ԱԶԳ-ը որպես ՈԳԻ (ԱՍՏված/Էություն) բնորոշումը։ Ա. Վարպետյանը առաջ է քաշում ազգի կայացման անհրաժեշտ ու բավարար պայման ոգե-գաղափարական համակարգի անհրաժեշտությունը, որը տվյալ էթնոսի աշխարհայացքի հիման վրա ձևավորված համակարգի ամբողջությունն է ոչ միայն պետության կառուցման հարցում, այլև սփյուռքի կազմակերպման ու ընդհանրապես տվյալ էթնոսի կայացման ու հարատևում/ԷԱՑՄԱՆ։ Այս իմաստով անհնար է գերագնահատել Ա. Վարպետյանի «Արիականք» հատորը՝ որպես հայ-արմեններիս ոգե-գաղափարական մանրազննին մշակված ու վերջնական համակարգ։ Հասկացություւների վերը նշված սահմանումներից հետևում է՝ ազգային պետությունը ոգեղեն(ԱԶԳ) արժեքներով կառուցված և հետևաբար տիեզերական օրենքներով առաջնորդվող պետությունն է՝ հիմնված այս կամ այն էթնոսի տիեզերաճանաչողության և աշխարհընկալման վրա։ Եվ Որքանով տվյալ համակարգը մոտ է բացարձակ/տիեզերական ճշմարտություններին, այնքան երկարատև է տվյալ ազգային համակարգը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter