HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍՆ-ի կազմակերպած մաթեմատիկայի օլիմպիադայի քաոս․ նամակ ընթերցողից

«Հետքը» պարբերաբար նամակներ է ստանում իր ընթերցողներից։ Հերթական նամակը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած դպրոցականների մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ թույլ տրված բացթողումների մասին է։ Նամակի հեղինակը Մանե Վարդանյանն է, որի որդին սովորում է 6-րդ դասարանում։

«Ուզում եմ կիսվել ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված մրցույթի՝ մաթեմատիկայի օլիմպիադայի խայտառակության եւ կազմակերպիչների անպատասխանատու մոտեցման մասին, որին մասնակցելով` բազմաթիվ տաղանդավոր երեխաներ կոտրվում են եւ այլեւս այս երկրում կրթությունը շարունակելու կամ պետության կողմից կազմակերպված որեւէ մրցույթի մասնակցելու ցանկություն չեն ունենում։

Այս տարի առաջին անգամ ականատես եղանք կրթության ոլորտի այս խայտառակ քաոսային վիճակին, որի մասին կուզենամ բարձրաձայնել ու շատ կցանկանամ, որ խնդիրը հանրային արձագանք ստանա։

Սկսեմ սկզբից.

Այս տարի տղաս մասնակցում էր ԿԳՄՍ նախարարության կազմակերպած մաթեմատիկայի օլիմպիադային, որը բաղկացած է 3 փուլից, եւ միայն անցողիկ միավորները հաղթահարած մասնակիցներն են անցնում հաջորդ փուլեր եւ հասնում հանրապետական փուլի, որի հաղթողներին ԿԳՄՍՆ-ն շնորհում է մրցանակներ։

  1. Հենց առաջին՝ դպրոցական փուլից բախվեցինք մրցույթի կազմակերպման քաոսի հետ, երբ հստակ գիտեինք, որ գրել է 16 միավորի, սակայն արդյունքների հրապարակումից հետո տեսանք, որ ստացել է 13 միավոր, ուսումնասիրեցի կայքը, այնտեղ նշված էր, որ առաջին փուլը բողոքարկում չի նախատեսում, երեխան պնդում էր, որ իրեն անարդար են գնահատել, կայքում գտա հեռախոսահամար, զանգահարեցի, ասացին, որ կարող եմ նամակ գրել էջին, գրեցի իրենց, երեխայի գրավոր աշխատանքը պահանջեցի, որի արդյունքում բացահայտվեց, որ ակնհայտ 3 միավոր չեն հաշվել, պատճառաբանեցին, որ համակարգիչն է հաշվում, եւ համակարգը երեխայի գրած նշումները չի ճանաչել, հետո իրենք լրացուցիչ ստուգում են եւ հոգնած են լինում, չեն տեսել։ Այս անհեթեթ բացատրություններից հետո միավորը ուղղեցին՝ վերականգնեցին վաստակած 16 միավորը, անցանք հաջորդ՝ մարզային փուլ։ Հատկանշական էր, որ այս փուլի համար բողոքարկում չէր նախատեսվում եւ տեղեկացված չլինելու պատճառով բազմաթիվ երեխաների միավորներ այդպես էլ չուղղվեցին, ես անձամբ տեղեկացրել եմ իմ ծանոթներին եւ արդյունքում պարզվել է, որ իրենց երեխաների մոտ էլ նույն խնդիրն է, օրինակ՝ ընկերուհուս երեխային 8 միավոր էին դրել, բարձրացրին 14 միավոր (բոլոր նամակագրությունները առկա են): Առաջին փուլի քաոսի արդյունքում այդպես էլ հաջորդ փուլ չանցան բազմաթիվ տաղանդավոր երեխաներ, որոնց ծնողները, տեղեկացված չլինելու պատճառով եւ մրցույթի կազմակերպիչների անաչառությանը վստահելով, այդպես էլ չգրեցին olymp.am էջին։ Բայց շատ կարեւոր է շեշտադրել այն, որ մրցույթի նպատակն է տաղանդավոր երեխաների բացահայտումը եւ մրցույթի արդյունավետ կազմակերպումը Նախարարության պատասխանատվության դաշտում է։
  2. Երեխաներին ապամոտիվացնելով եւ բազմաթիվ տաղանդավոր երեխաների անցողիկի շեմից դուրս թողնելով՝ ավարտվեց դպրոցական փուլը, եւ մենք անցանք հաջորդ՝ մարզային փուլ, որտեղ տղաս հավաքեց 20-ից 19 միավոր, սակայն կրկին ամեն ինչ դեռ առջեւում էր…. Քաոսը սկսվեց, երբ հրապարակվեցին խնդիրների լուծումները։ Հրապարակված լուծումներում 2 խնդիր սխալ լուծումներով էր, իսկ մեկ խնդրի լուծման պատասխանների մեջ ճիշտ պատասխան չէր էլ եղել, տվյալ խնդրի համար բոլորին միավոր տվեցին, մյուս երկուսի համար գրեցինք իրենց էջին, խնդիրներից մեկը միանգամից ուղղեցին, եւ գրեցին, որ շնորհակալ ենք ուշադիր լինելու համար, բայց մյուս խնդիրը ցնցեց բոլորին, որովհետեւ իրենք իրենց գրած խնդիրը սխալ լուծել եւ հրապարակել էին կայքում։ Բազմաթիվ դասախոսներ գրեցին էջին, երկար ժամանակ կազմակերպիչները չէին կողմնորոշվում՝ ինչ լուծում տալ, քանի որ հենց իրենք էին սխալ լուծել իրենց տված խնդիրը, արդյունքում իրենց կերպ սխալ լուծած երեխաներին էլ տվեցին 1-ական միավոր՝ ճիշտ լուծածների հետ միասին եւ հանրապետական փուլ անցողիկ միավորը համարվեց 14-ը։ Հետո սկսեցին բողոքարկել մյուս ծնողները, որ ձեր սխալի պատճառով անիմաստ միավորներ եք բաշխել խնդիրը սխալ լուծած երեխաներին, ինչի արդյունքում իրենց երեխաները 13 միավորով դուրս են մնացել, կրկին փոխեցին արդյունքները՝ անցողիկի շեմը դարձնելով 13: Այս խայտառակ անկազմակերպ փուլում 19 միավոր ստանալով՝ տղաս անցավ հանրապետական փուլ։
  3. Այս փուլում սկսվեց ամենազավեշտալին, երբ երեխան տրված 4 խնդիրները լուծել էր անսխալ, եւ մենք 20 միավորի ակնկալիքով սպասում էինք արդյունքներին, սակայն այնտեղ հրապարակված միավորը 13 էր։ Ավելին, այս փուլի 4 խնդիրներից մեկը՝ 3-րդը, կրկին սխալով էր տրվել երեխաներին, ինչի արդյունքում ակնհայտ ճիշտ պատասխան նույնիսկ կազմակերպիչները չէին կարողացել հրապարակել կայքում, մյուս 3 խնդիրների վերջում գրված էր պատասխանը՝ «Պատասխան՝….», բացառությամբ 3-րդ խնդրի, որի հատակ պատասխանը իրենք էլ չէին կարողացել գրել։ Գնացինք հաջորդ օրը բողոքարկման, որտեղ մեր նման բազմաթիվ վրդովված ծնողների դիմավորում էին անկազմակերպ հանձնաժողովի անդամները, որոնք ճիշտ արտացոլում էին իրենց կազմակերպած մրցույթի որակը, եւ նրանց տեսնելով՝ վերեւում նկարագրածս քաոսը իր բացատրությունը ստացավ։ Մեր առջեւ դրեցին մի թերթիկ, որը իրենց մեկնաբանմամբ մրցույթի գնահատման չափորոշիչներն են, ասացին, որ ծանոթանանք։ Հատկանշական է, որ չափորոշիչները նախօրոք չեն հրապարակվել կայքում, եւ մենք միայն բողոքարկման ժամանակ էինք ծանոթանում դրանց։ Այն հարցին, թե իրենց գրած տարամեկնաբանվող խնդրի լուծման համար ինչու են 3 միավոր պակաս գնահատել, իրենք պատասխանեցին, որ երեխան գրել է, սակայն չի ապացուցել, որ իր առաջարկած տարբերակներից բացի այլ լուծման տարբերակ չի կարող լինել։ Հիշեցնեմ, որ խնդրի հարցը եղել է՝ «քա՞նի եղանակով է հնարավոր լուծել խնդիրը» եւ թերթիկի վերջում նշված է եղել, որ «բոլոր խնդիրների լուծումները պետք է հիմնավորել»։ Երեխան գտել է խնդրի ճիշտ լուծում համարվող բոլոր հնարավոր 6 տարբերակները եւ հիմնավորել, թե ինչու են այդ տարբերակները խնդրի պայմանին բավարարում, սակայն գնահատվել է 3 միավոր պակաս այն մեկնաբանմամբ, որ պետք է նաեւ ապացուցեր, թե ինչու այլ տարբերակներ չեն կարող լինել։ Խնդրի պահանջը եղել է գտնել տարբերակները եւ հիմնավորել դրանք, ինչը եւ նա կատարյալ արել է։ Պարզվեց, որ այս նույն խնդրով բողոքարկում էին բազմաթիվ ծնողներ, որոնց ոչ պրոֆեսիոնալ ձեւով, անհիմն հակադարձում էին հանձնաժողովի անդամները եւ նույնիսկ նշում՝ «Սա է մեր մոտեցումը, չէիք ուզում, չմասնակցեիք կամ կարող եք դատի տալ…»։ Լկտիությունը ու ամենաթողությունն այն աստիճանի էր, որ իրենք, իրենց սխալը բարդելով ծնողների վրա, ճանապարհում էին, իսկ բողոքարկումը բանավոր էր, եւ ծնողներն ազդեցության որևէ լծակ չունեին, չկարողացանք ապացուցել, որ եթե իրենք ունեն խնդրի լուծման լրացուցիչ պահանջ, իրենք պարտավոր էին պահանջը գրել հարցի մեջ։ ԿԳՄՍ կազմակերպած մրցույթից հիասթափված բազմաթիվ այլ ծնողների եւս հանդիպեցի միջանցքում, որոնց երեխաները, անցնելով այս քաոսի միջով, ասում էին, որ իրենք այլեւս չեն մասնակցի այս մրցույթին, եւ, ով գիտե, գուցե հենց նրանց մեջ էին այն տաղանդավորները, որոնք վաղը կներկայացնեին մեր երկիրը միջազգային օլիմպիադաներում, գուցե նրանց մեջ էր նաեւ այն ներուժը, որ չէր արտագաղթի մեր երկրից, չէր նախընտրի դրսում կրթությունը, այլ կմնար մեր երկրում եւ իր լուման կունենար  երկրի զարգացման գործում։

Նպատակս ոչ թե արդեն արժեզրկված մրցույթում միավոր բարձրացնելն է կամ մրցանակ ստանալը, այլ խնդիրը բարձրաձայնելն ու խնդրի լուծմանը նպաստելը, որ մեր երկրում մրցույթները կազմակերպվեն արժանապատվորեն՝ առանց գրավորները ստուգող հոգնած աշխատողների կամ համակարգի սխալների, որ մասնագետները լինեն իրենց տեղում, որ կազմակերպիչները նախօրոք գոնե մեկ անգամ լուծեն իրենց տված խնդիրները օլիմպիադաներից առաջ եւ չհրապարակեն սխալ լուծումներ ու պատասխաններ, որ երեխաները մրցույթներին մասնակցելիս այսքան ակնհայտ չտեսնեն էս անկազմակերպ վիճակն ու խնդիրները, որ խելացի ու տաղանդավոր երեխաները չապամոտիվացվեն ու գնահատվեն, որ ունենանք քաղաքակիրթ հասարակություն ու կրթված սերունդ, որոնք կցանկանան ապրել իրենց հայրենիքում»։

Մեկնաբանություններ (2)

Նունե
Վեցերորդ դասարանի արդյունքներում ամենաբարձր միավորը եղել է 15 միավորը: Տասնհինգ միավորին տրվել է երկրորդ կարգ, իսկ 13, 14 միավորներին՝ երրորդ, 12 միավորին՝ գովասանագիր: Մինչդեռ 2023 թ.ին վեցերորդ դասարանի մաթեմատիկայի հանրապետական փուլի ամենաբարձր միավորը եղել է նույնպես՝ 15, որին տրվել է առաջին կարգ, 14 և 13ին` երկրորդ, 12ին՝ երրորդ, 10, 11ին՝ գովասանագիր: Հետևությունները թողնում եմ ձեզ: Ինչ է երրորդ կարգին ամեն ամիս 5000 պետք է տային: Բոլոր 12 միավոր ստացածներին կտրել են:
Հարությունյան Աննա
Արդեն երկրորդ տարին է մասնակցում եմ ՀԵՊ առարկայի մարզային փուլին:Թե անցած տարի,թե այս տարի իջեցրել են միավորներ որոնք չպետք է իջեցնեին։ Մասնակցել եմ նաև պատմության մարզային օլիմպիադային,այստեղ միակ բողոքս այն է,որ անցնում են 2 մասնակից, նույնիսկ եթե երրորդ մասնակցի գրավորը լավն է և տարբերությունը մյուս երկու գրավորների միջև 0.5-1մ է,միևնույնն է չեն անցնում։ Ըստ ինձ օլիմպիադաները կազմակերպվում են շատ վատ,խոսքս գնում է միավորներ իջեցնելու մասին.. Լուծում է պետք տալ անհապաղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter