HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիական դատարանը կալանք է դրել Սամվել Կարապետյանի՝ Լազուրի ափին գտնվող վիլլայի վրա

Ֆրանսիայի Ռոկբրուն-Կապ-Մարտեն համայնքում (Պրովանս-Ալպեր-Լազուրի ափի շրջան) գտնվող Մարիա Իրինա վիլլան պաշտոնապես պատկանում է ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սամվել Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազությունը կարծում է, որ դրա «իրական շահառուն» ռուսական գազային և նավթային հսկայի՝ «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է՝ «Գազպրոմ Նեֆթ»-ը: Այս մասին գրում է ֆրանսիական «Լը Մոնդ» (Le Monde) պարբերականը։

Ըստ թերթի՝ սա ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ֆրանսիական արդարադատության կողմից ռուսական գույքի ամենամեծ արգելանքն է։ Այն երեք հեկտար տարածք է զբաղեցնում Ռոկբրուն-Կապ-Մարտենում (Ալպեր-Մարիթիմի դեպարտամենտ): Ըստ «Լը Մոնդ»-ի տեղեկությունների՝ գույքը, որը բաղկացած է մի քանի հարկանի հիմնական շենքից, երեք լողավազանից, թենիսի կորտից և ուղղաթիռահրապարակից, կալանքի է վերցվել Փարիզի դատախազության «2024 թվականի փետրվարի 12-ի հրամանով»։ Դրա արժեքը գնահատվում է ավելի քան 120 միլիոն եվրո։

Այն տեղացիներին հայտնի է որպես «Վիլլա դել Մարե»։ «Վիլլա Մարիա Իրինա» վերանվանված գույքը պաշտոնապես պատկանում է ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին։ Բայց կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար պատասխանատու ազգային կառույցը (Junalco), որը նախաքննություն է սկսել փողերի լվացման համար, կասկածի տակ է դնում այս հանգամանքը։ Հետաքննության ընթացքում Դատական ​​ֆինանսական հետախուզության ծառայության մաքսավորները բազմաթիվ հանգամանքներ են հայտնաբերել, որոնք ցույց են տալիս, որ վիլլան իրականում չի դադարել «Գազպրոմ Նեֆթ»-ի՝ Գազպրոմի նավթային դուստր ընկերությանը պատկանել, որը տեսականորեն 2016 թվականին գույքը փոխանցել է Սամվել Կարապետյանին։ Վերջինս գլխավորում է «Տաշիր» խումբը, որը ներկայացված է անշարժ գույքի, շինարարության, էներգետիկայի և ֆինանսների ոլորտներում, և որի հաջողությունը մեծապես բացատրվում է «Գազպրոմի» հետ կնքած բազմաթիվ պայմանագրերով։

«Լը Մոնդ»-ի վերլուծած փաստաթղթերի համաձայն՝ Սամվել Կարապետյանը «Գազպրոմ Նեֆթից» գնել է գույքի սեփականատեր “Maritime Villa Holding SNC’’ ընկերության բաժնետոմսերը 115 միլիոն եվրո վարկով։ Այն տրամադրել է «Գազպրոմին» և Վլադիմիր Պուտինի մտերիմ Յուրի Կովալչուկին պատկանող «Գազպրոմբանկը»։

Վարկը ռուսական բանկը տրամադրել է՝ վիլլան գրավ դնելու դիմաց։ Դատարանի տրամադրության տակ եղած այլ տեղեկություններ ցույց են տալիս «Գազպրոմի մշտական ներկայությունը» վիլլայի հետևում: «Սամվել Կարապետյանը եւ անշարժ գույքի բաժնետերերը… «բոլորն ունեն (…) մեկ ընդհանուր բան՝ կապված են ռուսական պետական ​​«Գազպրոմի» հետ»,- գրում է «Լը Մոնդը»:

Փողերի լվացումը եւ իրական շահառուին թաքցնելը Ֆրանսիայում պատժվում է 10 տարվա ազատազրկմամբ և գույքի վերջնական ​​բռնագրավմամբ, եթե սեփականատերը չի հիմնավորում ֆինանսական և իրավական կարգավորումները: Մինչեւ հետաքննության ավարտը, ցանկացած գործողություն վիլլայի վերաբերյալ արգելվում է։ Կարապետյանի վիլլան այժմ Ակտիվների կառավարման և վերականգնման գործակալության (Agrasc) ձեռքում է: Այն կարող է բռնագրավվել և հանվել աճուրդի, եթե Կարապետյանը մեղավոր ճանաչվի:

«Մարիա Իրինա» վիլլային նախորդել էր երեք այլ բռնագրավում, որոնք կատարել էր ֆինանսական հանցագործությունների բաժինը՝ Junalco-ն՝ փողերի լվացման հետաքննության շրջանակներում, որոնք ուղղված են ռուս օլիգարխների դեմ: Կարապետյանի վիլլայի հետ միասին, առգրավված ապրանքների և ակտիվների ընդհանուր արժեքը հասնում է 210 միլիոն եվրոյի։

«Լը Մոնդ»-ի վերջին հետաքննությունը ցույց է տվել, որ «Գազպրոմբանկի» բարձրաստիճան ղեկավարները, երբեմն գաղտնի, անշարժ գույք են պահել Ֆրանսիայում, որոնք աննկատ վաճառել են Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո:

Լուսանկարը՝ Google Map-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter