HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումը վտանգում է Հրազդանի կիրճի պատմամշակութային հուշարձանները

Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցումը վտանգում է Դալմայի ջրանցքը, դրա փոքր թունելն ու Աջափնյակի քարանձավային համալիրը։ 

Ռուսական «Մետրոգիպրոտրանս» բաժնետիրական ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարության փորձաքննությանն է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցման ՇՄԱԳ նախագիծը։ Կայարանի նախագծի իրականացման ընթացքում պատմամշակութային ռեսուրսների վրա հնարավոր բացասական ազդեցության մասին նախնական գնահատական-եզրակացություն են տվել երեք մասնագետներ՝ ազգային հնագիտական խորհրդատուներ Բորիս Գասպարյանն ու Արտուր Պետրոսյանը, ինչպես նաև՝ ազգային քարտեզագրական խորհրդատու Դմիտրի Առաքելյանը։

Նրանք արձանագրել են, որ Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարական նախագիծն անցնում է Հրազդանի կիրճի՝ հնագիտական մեծարժեք սկզբնաղբյուրներով հագեցած տիրույթով, որոնց մեջ առանձնակի նշանակություն ունեն Ձորաբերդ ամրոցը, Աբուհայաթի և Դալմայի ջրանցքները և հատկապես՝ Դալմայի ջրանցքի փոքր թունելը։

Համաձայն նախագծի՝ մետրոպոլիտենի գծի դիտարկվող հատվածն անցնելու է Երևան քաղաքի Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների տարածքով։ Ուղեգիծը նախագծված է «Բարեկամություն» կայարանի հետևի փակուղիներից՝ հաշվի առնելով թունելների կառուցված հատվածը, մինչև Հրազդանի կիրճում գտնվող ճակատամուտք՝ մետրոկամրջով Հրազդան գետի հատմամբ, որը գտնվում է Աբելյան փողոցի ուղեգծանշում՝ Աբելյան փողոցի երկայնքով ուղեգծի հետագա զարգացմամբ։

«Աջափնյակ» կայարանը գտնվելու է Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկում։

«Աջափնյակ» կայարանը երկկամարակապ է լինելու՝ մեկ վերգետնյա նախամուտքով և տարհանման ելքով։ Հեռանկարում նախատեսված է կայարանի արևմտյան ճակատում՝ Աբելյան փողոցի տակ, երկրորդ նախասրահի կառուցման հնարավորություն։ 

Նախագծի համար ընտրված տարածքում առկա պատմամշակութային միավորները հնագետները պայմանականորեն բաժանել են երկու մասի՝ ձախափնյա և աջափնյա խմբերի։

Ձախափնյա խմբի մեջ են մտնում Ձորաբերդ ամրոցը, Ձորաբերդ-1 քարայրը, Աբուհայաթի ջրանցքը և հարակից հին այգեգործական գոտին:

Նշված միավորները ներառված են Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակում։ Դրանք պահպանվում են պետության կողմից: Դատելով նախագծի և բերված միավորների փոխհարաբերությունից՝ դրանք գտնվում են նախագծի իրականացման համար ընտրված տարածքի ուղղակի հարևանությամբ, սակայն չեն ենթարկվում անմիջական ազդեցության: 

Թունելների ելքից հետո նախագծային տարածքը Հրազդան գետի ձախ ափով անցնում է լիովին ավերման ենթարկված տարածքով, որտեղ պատմամշակութային միավորներ լինել չեն կարող, և անցնում աջակողմյան հատված։ 

Աջափնյա գոտում ժամանակին փաստագրված միավորների շարքում են՝ Դալմայի ջրանցքի մի հատված, որտեղով անցնում է ջրանցքի փոքր թունելը, ինչպես նաև Աջափնյակի՝ 4 քարայրներից բաղկացած քարանձավային համալիրը։ Այս միավորները ևս ներառված են Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակում և պետական պահպանության տակ են: Դատելով նախագծի և բերված միավորների փոխհարաբերությունից՝ դրանց հիմնական մասը ենթարկվելու է ուղղակի ազդեցության մետրոյի կայարանի շինարարության համար՝ Աջափնյակ համայնքի տարածքով նախատեսվող թունելների փորման դեպքում: Մասնավորապես, ուղղակի ազդեցության կարող են ենթարկվել Աջափնյակի քարանձավային համալիրը և Դալմայի ջրանցքի մի հատվածը, ինչը կախված է ժայռափոր թունելային հատվածի հիփսոմետրիկ դիրքից: 

Վտանգավոր գոտում է հայտնվում նաև Դալմայի ջրանցքի փոքր թունելը, որը շինարարության ընթացքում առաջացող ցնցումներից կարող է լուրջ վնասներ կրել:

«Գործնականում՝ Աջափնյակի մետրոյի շինարարության համար, պատմամշակութային ռեսուրսների վրա հնարավոր բացասական ազդեցության ամենամեծ ռիսկեր պարունակող տարածքը Հրազդանի կիրճի աջափնյա վերին հատվածն է, որտեղ գտնվում են վերը նշված միավորները»,- արձանագրել են հնագետներն ու քարտեզագրական խորհրդատուն։ 

Գետի կիրճի ձախակողմյան մասում գտնվող և ոչ անմիջական ազդեցության ենթարկվող միավորների՝  Ձորաբերդի ամրոցի, Ձորաբերդ-1 քարայրի, Աբուհայաթի ջրանցքի որոշ հատվածների և դարավանդաձև կառուցվածք ունեցող հին այգեգործական գոտու համար, ըստ մասնագետների, անհրաժեշտ է սահմանել մեղմացնող միջոցառումների հատուկ ռեժիմ, այսինքն՝ շինարարական կազմակերպությանը տրամադրել դրանց տարածման սահմանները, տեղադրել հատուկ ցուցանակներ, որպեսզի այդ տարածքներում չիրականացվեն հողային աշխատանքներ, չկուտակվեն շինարարական աղբ, շինանյութեր, չկայանվեն տեխնիկա, ծանր մեխանիզմներ, մեքենաներ և այլն:

Աջակողմյան հատվածում գտնվող և անմիջական ազդեցության ենթարկվող երեք միավորներից  (Դալմայի ջրանցքը, Դալմայի փոքր թունելը և Աջափնյակի քարանձավային համալիրը) մեծագույն պատմամշակութային արժեք է Դալմայի ջրանցքն իր թունելով, որը, կառուցված լինելով Ք.ա. VII դարում և մի քանի վերանորոգում անցնելուց հետո, գործում է առ այսօր:

«Թունելի և ջրանցքի պահպանության համար կարիք կլինի մշակել պահպանական հատուկ միջոցառումներ, ինչպես, օրինակ, թրթռումների ազդեցության մեղմում թե´ շինարարության և թե´ մետրոյի շահագործման ժամանակ, պաշտպանիչ պատերի կառուցում և այլն, որի նախագիծն անհրաժեշտ կլինի համաձայնեցնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ»,- եզրակացրել են երեք փորձագետները:

Գիտական կարևոր արժեք ունեն նաև Աջափնյակի քարանձավային համալիրը կազմող միավորները: Դրանցից մեկում 2000-ականների սկզբներին իրականացված ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել է վանակատե կուռք:  

«Այսուհանդերձ, եթե համեմատենք նշված միավորները, ապա ուղղակի ազդեցության վատագույն սցենարի դեպքում Դալմայի ջրանցքը պետք է անպայմանորեն պահպանել, իսկ քարայրների պատմամշակութային արժեքը կարելի է փրկել դրանց ամբողջական պեղումների իրականացմամբ և հետո միայն՝ վերջիններիս տարածքը կարելի է տրամադրել շինարարության նախագծի իրականացման համար»,- եզրակացրել են հնագիտական և քարտեզագիտական խորհրդատուները: 

Երևանի մետրոպոլիտենը ներկայում ունի 10 կայարան, ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, շահագործվող վագոնների թիվը 32 է։  

Մետրոպոլիտենը տարեկան տեղափոխում է ավելի քան 20 մլն ուղևոր: 2021թ. Երևանի մետրոպոլիտենից օգտվել է 18 մլն 573 հազար 710 ուղևոր, իսկ 2022թ.՝ 23 մլն 317 հազար 633 ուղևոր։

Խորհրդային Միության տարիներին մշակված ու տասնամյակներ ի վեր թղթի վրա մնացած Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ: Նոր կայարանը նախագծում է Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված «Մետրոգիպրոտրանս» բաժնետիրական ընկերությունը։ 

«Բարեկամությունից» «Աջափնյակ»՝ դեպի նոր կայարան մետրոյի գնացքը կհասնի հորատանցված երկու վազորդային թունելներով, որոնք ապահովելու են ելքը դեպի կիրճի հարթակ։ Հենց այդտեղից էլ նախատեսվում է կառուցել մոտ 150 մետր երկարությամբ մետրոկամուրջը։ Մետրոյի նոր ուղին կմիացնի Հրազդանի կիրճով բաժանված Երևանի երկու մասերը։

2024թ. մարտի 7-ին` ժամը 14:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մետրոգիպրոտրանս» ԲԲԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային 2-րդ քնարկումը:

Գլխավոր լուսանկարը՝ Armenian Geographic-ի ֆեյսբուքյան էջից/Վարդան Պետրոսյան

Լուսանկարները՝ ՇՄԱԳ հայտից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter