HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

«Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը հավանական է». Նիկոլ Փաշինյան

«Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը հավանական է։ Չնայած Մյունխենում տեղի ունեցած բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գնահատել էր «կառուցողական», վարչապետ Փաշինյանի խոսքով՝ գործնականում Ադրբեջանի գործողությունները չեն համապատասխանում երկու երկրների միջեւ խնդրի խաղաղ կարգավորման նրա խոստումներին։ «Բաքուն համարում է, որ ներկայիս Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան է»»,- ասել է Փաշինյանը։

Ըստ Հայաստանի վարչապետի՝ Իլհամ Ալիեւն ավելի շուտ ուզում է նոր տարածքներ գրավել Հայաստանից, քան խաղաղության համաձայնագիր կնքել՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների հիման վրա։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի ռազմական աջակցությանը Հայաստանին, Նիկոլ Փաշինյանը հերքել է Բաքվի մեղադրանքները, թե Փարիզը յուղ է լցնում կրակին՝ շեշտելով, որ Ադրբեջանն իր հերթին «միլիարդավոր եվրոներ» է ծախսում զինվելու համար։

Վարչապետը հարցազրույցում անդրադարձել է նաեւ հայ-ռուսական հարաբերություններին։ Նա վերահաստատել է, որ Ռուսաստանն ամիսներ առաջ բացահայտ կերպով «հայ բնակչությանը կոչ է արել տապալել իշխանությունը», եւ այդ «քարոզչությունը» Մոսկվան չի թուլացրել։

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ փաստացի այն «սառեցված է», քանի որ ՀԱՊԿ-ը, մասանավորապես 2021-ին եւ 2022-ին, չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ «Ինչ կլինի վաղը՝ կտեսնենք»,- հավելել է նա։

Ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու մասին հարցին պատասխանելով՝ նշել է, որ դա այլ պայմանագրային հարթությունում է, որին այս պահին «չենք անդրադառնում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter