HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Շուշիի դրամի թանգարանը ներկայացնում էր պատմական Հայաստանի դրամաշրջանառության հարուստ պատմությունը 

Դրամի թանգարանը վերջինն էր, որ 2018թ-ին բացվեց Արցախի Հանրապետության մշակութային քաղաք Շուշիում։ Թանգարանի կենսագրությունն ընդհատվեց 2020թ սեպտեմբերի 27–ի առավոտյան, երբ Ադրբեջանը, Արցախում առաջինը Շուշին թիրախավորելով, հայտարարեց պատերազմ սկսելու մասին։

«Այդ թանգարանում Հայոց պատմության մի մասն էր ներկայացված, դրամների ժամանակագրությունը ցույց էր տալիս, որ Հայաստանը պետականություն ունեցել է մեր թվարկությունից առաջ։ Օտարերկրյա այցելուները և՛ շատ զարմանում էին, և՛ արժևորում այդ կարևոր փաստը»,– ասում է Դրամի թանգարանի տնօրեն Վրույր Հովհաննիսյանը։

Ինչպես վկայում է Վ Հովհաննիսյանը՝ Շուշին զբոսաշրջիկների պակաս չուներ։ Մայիսից մինչև հոկտեմբեր օտարերկրյա այցելուների մեծ հոսք կար, որովհետև Շուշիի բոլոր թանգարաններն էլ արժեքավոր ցուցադրություններ ունեին։ 

«Թանգարանում եղած արժեքավոր ցուցանմուշները պատերազմի թեժ օրերին հանվել են, այնտեղ մնացել են միայն կրկնօրինակները»,– վստահեցնում է Վրույր Հովհաննիսյանը։ 

Դրամի թանգարանի ստեղծմանն ու ցուցադրության ձևավորմանը մասնակցել է դրամագետ Գևորգ Մուղալյանը։ Փորձագետն ասում է, որ Շուշիի թանգարանում  ցուցադրության էր ներկայացված ավելի քան 650 մետաղադրամ ու թղթադրամ։ Դրամների հավաքածուում ընդգրկված էր այն բոլորը, ինչը շրջանառության մեջ է եղել մեր տարածաշրջանում՝ սկսած հայկական առաջին դրամներից մինչեւ ժամանակակից նմուշներ։

«Պատմությունն ամեն ժողովրդի համար իր ժառանգությունն է, որը պետք է պահպանել, ներկայացնել, լուսաբանել։ Թանգարանի կազմակերպումն այդ իմաստով արդիական էր։ Ինքներս մեր պատմությանը լավ ծանոթ չենք, իսկ թանգարանը օտարերկրյա այցելուների, պատվիրակությունների միջոցով փոխանցում էր մեր մասին»,– ասում է պրն Մուղալյանը։ 

Դրամագետը նշում է, որ թանգարանն այցելուներին հնարավորություն էր տալիս ծանոթանալու հայկական դրամաշրջանառության հարուստ պատմությանը: «Հազվագյուտ դրամների կրկօրինակներն էինք ներկայացրել, դրանք բնօրինակներից չէին տարբերվում, միայն մասնագետը կարող էր տարբերել։ Կարևորն այն էր, որ մարդիկ տեսնեին ու պատկերացում կազմեին դրանց մասին»,– ասում է դրամագետը։ 

Ամենավաղ շրջանի դրամներից ներկայացված էր Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե մետաղադրամը, որը գտնվել է Հայաստանի տարածքում և թվագրվում է Քա 4-րդ դարի վերջ: Այնուհետև Ծոփքի հայոց թագավորության, Արտաշեսյան թագավորության դրամները, այդ թվում՝ Տիգրան Մեծի, Արտավազդ Բ, Արտաշեսի Բ, և մյուս թագավորների դրամները։ 

Այնուհետև, ըստ ժամանակագրության՝ Պարթևական շրջանի դրամների խումբն էր ներկայացված, Սասանյանների պետության դրամները, որոնք շատ լայնորեն շրջանառվել են պատմական Հայաստանի տարածքում։ Դրամների մի մեծ խումբ ներկայացնում էր Հռոմեական կայսրության ժամականակաշրջանը, Բյուզանդական կայսրության դրամները և այլն։ 

Միջնադարը թանգարանում ներկայացված էր մահմեդական տարբեր տոհմերի դրամներով՝ սկսած Արաբական  խալիֆայությունից։ Ցուցադրվում էին տեղական մահմեդական տարբեր տոհմերի թողարկած դրամներ, որոնք շրջանառվել են պատմական Հայաստանի տարածքում։ Մեծ թվով պարսկական դրամներ կային, որոնք նույնպես շրջանառության մեջ են եղել տարածաշրջանում, ինչպես նաև Օսմանյան և ռուսական կայսրության դրամները։

Զուտ հայկական պետությունից ներկայացված էին Կիլիկիան Հայոց պետության դրամները։ 

Թանգարանը հարուստ էր Հայաստանի առաջին Հանրապետության, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության թղթադրմների օրինակներով, ինչպես նաև Անդրկովկասյան Ֆեդերացիայի ու Խորհրդային միության ժամանակաշրջանի և ժամանակակից Հայաստանի Հանրապետության թողարկած դրամներով։ Այդ շրջանում թողարկված բոլոր շրջանառու մետաղադրամները և թղթադրամները, ոսկուց և արծաթից թողարկված հուշադրամների մեծ մասը ներկայացված էին թանգարանում։ 

«Թղթադրամների պատմությունն սկսվում է Ռուսական կայսրության ժամանակաշրջանի վերջին հատվածից՝ Նիկոլայ 2–րդի թողարկումներից։ Բացի թղթադրամներից Ռուսական կայսրության ժամանակշրջանում թողարկված արժեթղթեր կային, Հայաստանում ստեղծված բանկերի բաժնետոմսեր, որոնք շատ հետաքրքիր պատմական ակնարկ էին ներկայացնում։ Այսինքն՝ այդ ժամանակաշրջանում հայկական բանկերի ստեղծման պատմությունն էր ներկայացված»,– հայտնեց  փորձագետ ԳՄուղալյանը։  

Թանգարանում մի հատված նվիրված է եղել Ղարաբաղյան խանության դրամի պատմությանը։ Դրամագետի ներկայացնելով՝ Ղարաբաղի խանության մետաղադրամները, այդ թվում արծաթյա և պղնձի օրինակները, լայն տարածում չունեին, բավականին քիչ են պահպանվել, բայց հետաքրքիր դրամներ են։ 

«Մեզ տեղեկություններ են հասել, որ մինչև Ղարաբաղի խանությունը իր դրամները կթողարկեր, հարևան երկրի՝ Շիրվանի և Գյանջայի խանությունների  դրամներն են շրջանառվել Ղարաբաղի խանության տարածքում»,– պատմեց պրն Մուղալյանը:

Թանգարանում ցուցադրվում էին նաև տպագրական գործիքներ հուշադրամների թողարկման կաղապարները, թղթադրամներ տպագրելու գործիքները այցելուներին պատկերացում են տվել, թե ինչպես են պատրաստվում դրամանիշերը, մետաղադրամներն ու թղթադրամները։ 

Գևորգ Մուղալյանը նույնպես վկայում է, որ մեծ հետաքրքրություն կար թանգարանի նկատմամբ և գոհունակություն, որն ուրախացնում էր իրենց։ «Մեր հոգևոր ժառանգությունը պետք է կարողանանք պահպանել, մեր թվարկությունից առաջ երրորդ դարում հայկական դրամներ ենք ունեցել, պետականություն ենք ունեցել։ Այդ ժամանակաշրջանում Եվրոպայում միայն Հռոմեական հանրապետությունն էր նոր ստեղծվում»,- ասում է դրամագետ Գևորգ Մուղալյանը։ 

Գլխավոր լուսանկարը՝ վարչապետի կայքից, մյուս լուսանկարները՝ դրամագետ Գևորգ Մուղալյանի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter