HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կառավարությունը սողանքային Ողջաբերդ գյուղի 106 ընտանիքներին վերաբնակեցնելու ծրագիր չունի

«Չարենցի կամար» հուշարձանին նայող այս տունը Ողջաբերդ գյուղի սողանքների պատճառով մեկ տասնամյակ առաջ անբնակելի պետք է համարվեր։ Պատերի շաղախը որքան էլ ամուր լիներ՝ ի զորու չէր կասեցնելու հողի սահքը, որն այս գյուղում սկսվել է 50 տարի առաջ։

Տանտիրուհին՝ Թամարա Շահբազյանը, ցույց է տալիս վաղուց խորդանոցի վերածված ճաշասենյակի քանդված պատերը։ Ներսից շորեր են խցկել առաջացած խորշերում, դրսից պարբերաբար փորձում են շաղախով իրար մոտեցնել հեռացող պատերը՝ օձ ու կարիճի մուտքը կանխելու համար։ 

«Տան այս հատվածը վաղուց բնակելի չէ, տարիներ սպասում էինք, որ գումար տան՝ տուն գնելու համար։ Հետո տեսանք, որ էդպես ապրել չի լինում, 6 տարի առաջ նոր ճաշասենյակ կառուցեցինք»,– սողանքի հետևանքով կիսաքանդ տան վիճակը ցույց տալով՝ պատմում է տանտիրուհին։ Նորակառույց ճաշասենյակի պատերը նույնպես ճեղքեր են տվել։

Թամարա Շահբազյանի մեկհարկանի տունը 4–րդ կարգի վթարայնություն ունի։ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը 2022թ․–ին Ողջաբերդ գյուղում տեխնիկական վիճակի հետազոտություն է կատարել։ Դրա հիման վրա 4–րդ և 5–րդ կարգի վթարայնության կարգավիճակ ստացած 15 ընտանիքի կառավարությունը բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) է տվել։ 

Բնակարան ձեռք բերելու համար նրանց երեք ամիս ժամանակ էր տրվել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) «Հետք»–ին տեղեկացրել է, որ բնակարանի գնման վկայագրեր ստացած շահառուներից 12–ը բնակարանի գնման առքուվաճառքի պայմանագիր է կնքել, իսկ երեք ընտանիք հրաժարվել է վերաբնակեցումից։  

Երեքից մեկը Թամարա Շահբազյանի ընտանիքն է, որին սահմանված ժամկետում չի հաջողվել տուն գտնել, և կորցրել են այդ հնարավորությունը։ Կառավարության հուլիսի 7–ի որոշումով մինչև դեկտեմբերի 20-ը կարող էին իրացնել ԲԳՎ–ն` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության։ ԲԳՎ–ն իրացնելու համար սահմանված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված։

Թամարա Շահզբազյանին նախատեսվել էր հատկացնել 13 մլն 645 հազար դրամ, որով նա 55 քմ մակերես ունեցող երկսենյականոց բնակարան պետք է ձեռք բերեր։  

«Այդ գումարի սահմանում Աբովյան քաղաքի մի կիսակառույցում բնակտարածք գտանք, որը գնելու համար մենք պետք է 3000 դոլար ավելացնեինք, հետո մեր միջոցներով ավարտեինք ներսի կառուցումը ու դարձնեինք բնակելի։ Կոտայքի մարզպետարանը չհամաձայնեց այդ տարբերակին։ Ասացին, որ պատրաստի տուն պետք է լինի, որպեսզի մտնեք ու ապրեք»,– հայտնեց Թամարա Շահբազյանը։

Կառավարության առաջադրած պայմանների շրջանակում Սևան քաղաքում են բնակարան գտել, բայց քանի որ որդին Երևանում է աշխատում, չեն ցանկացել Սևան տեղափոխվել։ Երրորդ տարբերակը «Զվարթնոց» օդակայանին մոտ գյուղերից մեկում էր։ «Հողաշեն հին տուն էր, մեզ տրվող գումարը դրան էլ չէր բավականացնում, 6000 դոլար պետք է ավելացնեինք վրան։ Մարզպետարանն այս տարբերակին համաձայն էր, բայց տունն այնպիսի վիճակում էր, որ գնելուց հետո պետք է քանդեինք, նոր տուն կառուցեինք տեղում։ Մենք դրա հնարավորությունը չունեինք»,– պատմում է տանտերը։ 

Ընդգծենք, որ կառավարությունն այդ գումարը ոչ թե սողանքային գոտում գտնվող  սեփականատերերի գույքի դիմաց փոխհատուցում է համարել, այլ, ինչպես նշված է Կառավարության 2022թ․ հուլիսի 7–ի որոշման մեջ՝ «ֆինանսական աջակցություն»։ Գումարի չափի հաշվարկման համար հիմք է ընդունվել՝ 

  • ընտանիքի կազմին համապատասխան հասանելիք բնակարանի սենյակների թիվը, 
  • Կադաստրի կոմիտեի հրապարակած՝ Աբովյան համայնքի բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի համար 2022թ․ ապրիլին ձևավորված շուկայական գինը՝ 248.1 հազար դրամ:

Եթե բնակարան ձեռք բերելու հաշվարկը Աբովյան համայնքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական արժեքով հաշվարկված լիներ, ողջաբերդցիները պետք է որ կարողանային տրված գումարով բնակարաններ գնել։ Ողջաբերդում բոլորը գիտեն, որ ԲԳՎ ստացած 12 ընտանիքները բնակարանները գնել են սահմանված գումարին կրկնակի և ավել գումար ավելացնելով։ 

«Ինչպե՞ս է հաջողվել համագյուղացիներին բնարական գնել, իսկ ինքն ու մյուս երկու ընտանիքները չեն կարողացել»,– հարցնում եմ Թամարային։ Նա նույնպես հաստատում է, որ մյուսները գումար են ավելացրել և օրինակ է բերում իր հարազատներից մեկին, որին նույնպես 13 մլն 645 հազար դրամ էր հատկացվել։ Արարատի մարզի Մասիս քաղաքում երեք սենյականոց բնակարան գնելու համար նա նույն չափով գումար է ավելացրել։ 

Կառավարության որոշումով՝ վկայագիր ստացած, սակայն սահմանված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած անձանց պետական աջակցության տրամադրումը համարվում է դադարեցված, սակայն նրանց համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը։

«Հիմա, որ գումար էլ առաջարկեն՝ ես կհրաժարվեմ, որովհետև իմ գյուղից լավ տեղ չկա։ Ավելի լավ է մի տնակ դնեմ հողիս մեջ ապրեմ, իմ մաքուր ջուրն ու համեղ միրգը վայելեմ, քան թե գնամ հասնեմ Մասիս կամ Սևան»,– ասում է Թամարան։ 

Ողջաբերդ գյուղը նախկինում Աբովյանի շրջանի մեջ էր ընդգրկված և, բնականաբար, բնակիչներն առաջինն իրենց հարակից տարածքներում են ցանկանում ընտրություն կատարել՝ գնահատելով հոգեհարազատ միջավայրը, օդի ու ջրի մաքրությունը։ «Մեզ պետք է գյուղին մոտ բնակավայրերում՝ Նոր Նորքի զանգվածներում, Ջրվեժ գյուղում կամ դրանց մոտ վայրերում տուն տային, Ջրվեժում մի շենք կառուցեին ու մնացածիս վերաբնակեցնեին այնտեղ։ Եթե մեր պահանջած ձևով կտան՝ դուրս կգանք, եթե՝ ոչ, կմնամ այս քանդած տան մեջ»,– հայտնեց Թամարան։

Ողջաբերդի տարածքի սողանքային լինելը երկրաբաններն արձանագրել են 1982թ․-ին, երբ բնության աղետի հետևանքներն առաջինը տեսանելի դարձան գյուղի գերեզմանոցում։ Այնուհետև փլուզվեց դպրոցը, հետո՝ մի քանի թաղամասեր, որտեղ երկհարկանի տների մի մասը կտրվեց հիմքից ու կիսով չափ մնաց օդում։ Հողի սահքը կասեցնելն անհնար էր, 1990–ականների սկզբին գյուղի մեկ այլ՝ դեռևս սողանքային չդարձած թաղամասում նոր դպրոց կառուցվեց։ Վաղուց այդ դպրոցն էլ է փլվել, դրանից հետո դպրոցը վագոն տնակներում է գործում։

Սա Ողջաբերդ գյուղի մասին իմ երրորդ հրապարակումն է։ Գյուղի սողանքայնության մասին առաջին անգամ գրել եմ 1996թ․-ին։ «Ազգ» օրաթերթի դեկտեմբերի 27–ի համարում «Ողջաբերդ․ աղետյալ գյուղ առանց կարգավիճակի» հոդվածի տպագրումից հետո 1997թ․–ին Կառավարությունը գյուղին աղետյալի կարգավիճակ տվեց։ 1996թ․–ին Ողջաբերդում 266 տուն էր հաշվառված, և 80 ընտանիք դրամական փոխհատուցում ստացավ վթարված տների համար։ Նրանք բնակարաններ գնեցին Երևան և Աբովյան քաղաքներում, նաև՝ Ողջաբերդի հարևանությամբ գտնվող Ջրվեժ գյուղում։   

Երկրորդ անգամ սողանքային գյուղին անդրադարձա «Ազգ»–ի 1999թ․–ի մայիսի 14–ի համարում, որտեղ նկարագրել էի, թե ինչ վիճակ է կառավարության որոշումից երկու տարի անց։ Երկրորդ փոխհատուցումը՝ տների շուկայական արժեքով հաշվարկված, տրվեց 2002թ․–ին, ևս 80 ընտանիք բնակարան ձեռք բերեց այդ ժամանակ։ Դրանից հետո երկար ժամանակ ընդհատվել էր գյուղացիների տարաբնակեցումը։

2018թ․–ի իշխանափոխությունը հույսեր արթնացրեց ողջաբերդցիների մեջ, սակայն իշխանությունները մինչև 2019թ․ մայիսի 14–ը անհաղորդ էին նրանց բողոքներին։ Այդ օրը նրանք փակեցին Երևան–Գառնի–Գեղարդ մարզային ճանապարհը և պահանջեցին, որ այն ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանն ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կատարեն իրենց տված խոստումը։ «Եթե նախորդ իշխանությունները գալիս էին, լապշա էին կախում մեր ականջներից ու գնում, հիմա Կոտայքի ներկայիս մարզպետն ու ՏԿԵ նախարարը նույնպես չեն զիջում նախորդներին»,– լրագրողներին հայտնեցին բողոքի մասնակիցները։

Առաջին տպավորությամբ՝ գյուղացիների բողոքը, կարծես թե, արդյունք ունեցավ։ Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն ուսումնասիրել էր Ողջաբերդ բնակավայրի դեռևս փոխհատուցում չստացած 106 բնակելի տների վիճակը։ Դրանցից 25 առավել վտանգավոր տների վերաբերյալ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը տեխնիկական վիճակի նոր բնութագիր կազմեց: 

«Համայնքում առկա և նախկինում որևէ հատուցում չստացած վնասված 106 բնակելի տներից 59-ը գտնվում է վտանգավոր վիճակում, որից 10-ը փլուզման եզրին է, 47 տներ սեփականատերերի միջոցներով տարիների ընթացքում ուժեղացվել են և գտնվում են բարվոք վիճակում, սակայն բնակության համար նույնպես վտանգավոր են: Դրանց մի մասը շարունակում է ապրել բարձր վթարայնության աստիճան ունեցող բնակելի տներում: Ներկա փուլում խիստ առաջնային է թվով 15 առավել վտանգավոր վթարային բնակելի տներում ապրող քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդիրը»,– կառավարությունն այսպես է հիմնավորել իր որոշումը։ 

Չնայած ծառայության նկարագրած ծայրահեղ վիճակին, կառավարությունը Ողջաբերդ գյուղի սողանքային գոտում վթարված տների համար փոխհատուցման ծրագիր չկազմեց, ինչպես դա արվել էր տարիներ առաջ, երբ մեծ թվով բնակիչների փոխհատուցեցին երկու փուլով։

Վերջին փոխհատուցումից ուղիղ 20 տարի հետո՝ 2022թ․ հուլիսի 7–ին տեղի ունեցած կառավարության նիստում ասվեց, որ «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման ծրագրով նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզել են, որ որոշ մարզերում շահառու  ընտանիքների թիվը 20–ով նվազել է։ Այդ նպատակի համար հատկացված գումարից 241 մլն 897 հազար դրամը որոշվել է տրամադրել Ողջաբերդի 4 և 5 աստիճանի վթարայնություն ունեցող 15 տների սեփականատերերին»։ 

Նշենք, որ կառավարությանը ներկայացված տեղեկանքում խոսվում է 25 առավել վտանգավոր վիճակում գտնվող տների մասին։ 

Ողջաբերդցիների հետ մեր զրույցներից հասկանալի էր, որ նրանք լիովին չեն ըմբռնել կառավարության որոշման բովանդակությունը։ Կառավարությունը Ողջաբերդ գյուղում սողանքից տուժած բնակիչներին փոխհատուցելու և տարհանելու ծրագիր չի ընդունել։ Բողոքներն առժամանակ լռեցնելու համար միջանկյալ լուծում է համարել 15 հոգու ԲԳՎ տրամադրելը։ Այդ վկայականը նրանց կորցրածը շուկայական գնով փոխհատուցելու և նոր բնակարան ձեռք բերելու հնարավորություն չի տալիս։ Ընդամենն աջակցում է որոշ գումարով, որպեսզի հավելյալ գումար ունեցողները կարողանան բնակարան գնել։ 

Աջակցության նվազագույն չափն այդ որոշումով 11 մլն 164 հազար դրամ է, իսկ առավելագույնը՝ մոտ 22 մլն դրամ, որը 2 հոգու է հատկացվել։ Մոտ 22 մլն դրամի ԲԳՎ ստացածներից մեկը բնակարան գնել է, մյուսին չի հաջողվել։ Ըստ առաջադրված պայմանների՝ նրանք ընտանիքի կազմին համապատասխան 85 քառ. մետր մակերես ունեցող հինգ սենյականոց բնակարան պետք է գնեն։ Հասկանալի է, որ եթե Մասիս քաղաքում երեք սենյականոց բնակարանի արժեքը 26 մլն դրամից ավելի է, ուրեմն անգամ այդ տարածքում 22 մլն դրամով անհնար է 85 քմ մակերես ունեցող բնակարան ձեռք բերել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter