HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քրեակատարողական հիմնարկներում հանցագործությունների թիվն ավելացել է

Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) գրեթե կրկնակի ավելացել են դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից կատարվող հանցագործության դեպքերը: Ավելացել է նաև հանցագործության կատարման հարցում նրանց աջակցող քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների թիվը:

Այժմ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է մի գործ, ըստ որի՝ «Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետը նույն հիմնարկում պահվող դատապարտյալին թմրամիջոց իրացնելու նպատակով փորձել է քրեակատարողական հիմնարկ տեղափոխել «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց, սակայն չի կարողացել գործը հասցնել ավարտին, քանի որ գործընկերները նկատել են ու առգրավել:

Մեկ այլ գործով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետը նույն քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալի կողմից օգտագործվող համացանցի հասանելիությամբ բջջային հեռախոսը, որպես արգելված իր, վերցնելուն ուղղված գործողություններ չկատարելու համար ընդունել է կաշառքի առաջարկը: Տարբեր օրերին նրա կամ մատնանշած անձանց հաշվին փոխանցվել է 10-20 հազար դրամ գումար՝ ընդհանուր 210 հազար դրամ: ՔԿՀ աշխատակիցը ստացած գումարների մի մասով մարել է գազալցակայանում ունեցած պարտքերը:

Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների շրջանում ամենահաճախ հանդիպող հանցագործության դեպքերը վերաբերում են կաշառք ստանալուն կամ թմրանյութի ապօրինի շրջանառությունը: Նրանց նկատմամբ 2022թ. հարուցվել է 8 հանրային քրեական հետապնդում, իսկ 2023թ-ին՝ 11: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Ընդ որում, եթե 2022թ. միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից թմրանյութերի շրջանառությանը կամ ձեռք բերելուն օժանդակելու, որևէ կերպ աջակցելու մեղադրանքով, ապա 2023թ․-ին արձանագրվել է 4 դեպք՝ «Արմավիր», «Վանաձոր», «Արթիկ»  ՔԿՀ-ների աշխատակիցների մասնակցությամբ:

Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ 2022-2023թթ. ընթացքում Հայաստանի ՔԿՀ-ներում դատապարտված և կալանավորված անձանց կողմից Քրեական օրենսգրքով արգելված արարք կատարելու 457 դեպք է արձանագրվել, որից 155-ը՝ 2022թ., իսկ 302-ը՝ 2023-ին: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են դարձյալ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այստեղ են պահվում ամենամեծ թվով դատապարտյալներն ու կալանավորված անձինք: Հաջորդը՝ «Վանաձոր» ՔԿՀ-ն է:

Համեմատաբար քիչ դեպքեր են արձանագրվում «Վարդաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Գորիս» ՔԿՀ-ներում:

Անազատության մեջ գտնվող անձանց շրջանում ավելացել են նաև թմրանյութերի ապօրինի օգտագործման, պահելու կամ շրջանառելու դեպքերը: Եթե 2022թ. արձանագրվել էր նմանատիպ 38 դեպք, ապա 2023-ին՝ 75:  

Դատախազությունից փոխանցում են, որ դատապարտյալների, կալանավորված անձանց շրջանում ամենահաճախ հանդիպող հանցավոր արարքը կաշառք տալն է, թմրանյութ օգտագործելը կամ շրջանառելը, ինչպես նաև կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելը, պահելը կամ կրելը:

Գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էինք, թե քրեակատարողական հիմնարկներում ո՞ր հանցագործությունների կատարման համար է ռիսկը մեծ և այդ ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել: Պարզվում է՝ Դատախազությունում մշակված տվյալներ առկա չեն: 

Ինֆոգրաֆիկան՝ Արեն Նազարյանի

Գլխավոր լուսանկարը՝ «Հետք»-ի արխիվից

Մեկնաբանություններ (1)

TRUTH ARMENIAN
GIVE THESE MEN JOB TRAINING AND EDUCATION SO THEY HAVE A PURPOSE IN LIFE OTHER THAN CRIME. IF THEY DON'T WANT TO GET EDUCATED AND WORK, THEN KEEP THEM IN PRISON SO THEY DO NOT MAKE NEW CRIMES AGAINST THE ARMENIAN PEOPLE. WHOEVER IS MAKING BRIBES OR SELLING DRUGS SHOULD HAVE THEIR PRISON TIME DOUBLED!!! DON'T BE LIKE THE USA WHERE CRIMINALS CAN STEAL, KILL, DESTROY AND GET AWAY WITH IT!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter