HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսարը և Ադրբեջանի նկրտումները

Վստահաբար չեք կարծում չէ, որ ադրբեջանցի «էկոակտիվիստների» հետևողական ակտիվությունը՝ կապված Հայաստանում գործող հանքավայրերի շահագործման ընթացքում թույլատրվող խախտումների և հատկապես Ամուլսարում հնարավոր հանքի շահագործման հետ, պատահական են։ Բոլորիս համար էլ պարզ է, որ այդ իբր «հասարակական կազմակերպությունները» կառավարական հովանավորչության տակ են գտնվում, Ալիևի վարչակազմի խիստ վերահսկողության պայմաններում կատարում են նրա պատվերը կամ պահանջը։ Հետևաբար, կարիք կա հասկանալու, թե ինչու են նրանք վերջին շրջանում խիստ ակտիվացել, և ինչ հեռահար նպատակներ է հետապնդում Բաքուն։

Վարկածներից մեկն այն է, որ Բաքուն շահարկում է հայկական հանքարդյունաբերության բացերը միջազգային կազմակեպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ում բնապահպանական նորմերին չհետևելու հարցում Հայաստանին հեղինակազրկելու համար։ Եվ իհարկե, այդ մոտեցումը տեղ ունի։ Համացանցում բազմաթիվ են ահազանգերը Ողջի գետի աղտոտման հետ կապված։

Հայտնի է Ալավերդի և Ախթալա քաղաքներում իրականացված ուսումնասիրությունը՝ ջրում և հողի մեջ ծանր մետաղների առկայության բարձր ցուցանիշի վերաբերյալ։

Բնական է, որ այդ խնդիրները նոր չեն առաջացել, և դրանք մատնացույց անելը լուրջ վնաս չի կարող հասցնել ՀՀ իշխանություններին։ Հետևաբար պետք է փորձել հասկանալ Բաքվի հեռահար նպատակները։

Վարկածներից մյուսը, որը առավելապես հանքարդյունաբերողներն են տարածում կամ նրանց պատվերով է իրականացվում, այն է, որ Ադրբեջանը հետևողականորեն խոսում է Հայաստանի բնապահպանական աղետների և հնարավոր ռիսկերի մասին, որպեսզի դրանով վնասի Հայաստանի տնտեսությանը։ 


Արդյոք դա այդպես է։ Կարծում եմ՝ ոչ։ Որովհետև նախ մետաղական հանքարդյունաբերությունը շատ փոքր տոկոս է կազմում ՀՀ տնտեսության մեջ։ Երկրորդը՝ Հայաստանի հանքարդյունաբերողներին չեն զսպում նույնիսկ տեղացի բնապահպանների բողոքի ակցիաները, բնական է, որ ադրբեջանցի բնապահպանների ասածներին նրանք ուշադրություն չեն դարձնելու։ Եվ երրորդը՝ ՀՀ պատկան մարմինները ադրբեջանցիներից լավ գիտեն Հայաստանում տիրող էկոլոգիական վիճակի մասին, բայց ինչպես տեսնում ենք, այդքան էլ հակված չեն տնտեսությանը վնասելու գնով որևէ քայլ անելու, առավել ևս՝ ադրբեջանական ակտիվիստների ճնշումներից դրդված։

Վերջին, և ըստ իս, ամենահավանական վարկածը այն է, որ Ալիևի վարչակազմը հետևողականորեն հող է նախապատրաստում Ամուլսարում հանքի հնարավոր շահագործման դեպքում ռազմական միջամտություն ցուցաբերել և Ջերմուկի գլխին կախված ադրբեջանական զորքերը ավելի առաջ բերել, տարբեր բնապահպանական հիմնավորումներով։ Ամուլսարի շահագործումը կանխելու համար Ադրբեջանն ունի հնարավորություն՝ բաց աղբյուրներից ստանալ բավարար հիմքեր, իր ներխուժումը միջազգային հանրությանը ներկայացնելու որպես, ինչպես իրենք են բնութագրում «Հարավային Կովկասում բնապահպանական աղետը» կանխելու համար անհրաժեշտ միջամտություն, կամ, ինչպես վերջերս են շրջանառում՝ «Համաշխարհային բնապահպանական աղետը» կանխելուն միտված «անհրաժեշտ քայլեր»։
Իհարկե, դժվար է Ամուլսարի հնարավոր շահագործումը անվանել «համաշխարհային բնապահպանական աղետ»։ Բայց ապացուցված փաստ է, որ Ամուլսարի ՇՄԱԳ-ով ջրերի վրա ազդեցությունն արդյունավետ գնահատելու համար բավարար ուսումնասիրություն չի արվել, և առհասարակ ոչ մի ուսումնասիրություն չի արվել ռադիոակտիվ նյութերի ազդեցության գնահատման ուղղությամբ։

Հայաստանը ստորագրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ և պարտավորվել է նաև հարևան պետության (Ադրբեջանի հետ)՝ որպես հավանական ազդեցություն կրող պետության, քննարկել Ամուլսարում ոսկու հանքի հնարավոր շահագործումը։ Մենք գիտենք, որ դա չի արվել, և այսօր ադրբեջանական «բնապահպանական շարժումների» ամբողջ շեշտադրումը, թույլ է տալիս լուրջ կասկածի հիմքեր ունենալ, որ նրանք, Հայաստանին միջազգային հանրությանը ներկայացնելով որպես բնապահպանական ռիսկերը չկառավարող և անպատասխանատու հանրություն, (Ալավերդու, Ախթալայի, Քաջարանի խնդիրները վկա) հիմքեր են ստեղծում, իբր «իրենց ժողովրդին բնապահպանական հնարավոր աղետից պաշտպանելու համար (ռադիոակտիվ փոշի, ջրերի թունավորում ծանր մետաղներով և այլն), հատուկ օպերացիայի միջոցով ուժի կիրառմամբ Հայաստանի ինքնիշխան տարածքում խորանալու։

Թե որքանով է դրա հավանականությունը մեծ, իհարկե, կախված է բազմաթիվ միջազգային գործոններից, բայց այն, որ Ադրբեջանի ամբողջ «բնապահպանական» արշավը Հայաստանի դեմ միտված է լեգիտիմացնելու Ալիևի հավանական ագրեսիան Հայաստանի դեմ, կասկած չի հարուցում, հատկապես իրենց մեդիադաշտը մի փոքր ուսումնասիրելուց հետո։

Կասկածից վեր է նաև, որ Ամուլսարում հանքի շահագործման դեպքում, և Ալիևի կողմից հնարավոր ագրեսիան միջազգային հանրության ջանքերով զսպելու դեպքում ու հատկապես քննարկվող խաղաղության պայմանագրի շրջանակներում, Ադրբեջանը դիմելու է միջազգային կառույցներին՝ ադրբեջանցի մասնագետների մասնակցությամբ մոնիտորինգ իրականացնելու Ամուլսարի տարածքում։ Գոյություն ունեցող թերի ՇՄԱԳ-ի պայմաններում, այդ խախտումները, ինչ խոսք, լինելու են բազմաթիվ։ Կարծում եմ՝ Ամուլսարում հանքի շահագործմանը հավանություն տված Հայաստանի իշխանությունը պետք է պատրաստ լինի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի հայցերին ու նրան, որ հնարավոր է Հայաստանի Հանրապետության ստացած եկամուտից շատ ստիպված լինի բնապահպանական տուգանքներ վճարել Ադրբեջանին։

Պակաս վտանգ չէ Հայաստանի որոշ հանքարդյունաբերողների կողմից հայկական բնապահպաններին և բնապահպանական կազմակերպություններին «ադրբեջանամետ» ներկայացնելու և հանրության աչքերում նրանց վարկաբեկելու փորձը։ Բայց դա առանձին ուսումնասիրության առարկա է։

Գարեգին Միսկարյան

Լուսանկարը՝ Գ․ Միսկարյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter