HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվանական թոշակ՝ մշակույթի գործիչներին

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 29-ի նիստում հերթական նիստում հաստատվել է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակ տրամադրելու» ծրագիրը:

«Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակույթի գործիչների համար խրախուսման համակարգերի ներդրման, ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայրի ձևավորման հանգամանքով, որն իր հերթին կնպաստի ազգային ավանդական մշակույթի պահպանմանը, կխթանի ժամանակակից և նորարարական արվեստի ու ստեղծարար ոլորտի զարգացումը, ինչպես նաև կնպաստի արտերկրում հայ մշակույթի հանրահռչակմանն ու դիրքավորմանը: Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 36.3-րդ և 41.1-ին կետերին և ՀՀ մշակույթի պահպանման, տարածման զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությանը (գերակա նպատակ 2․1, գործողություն 11)»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Որոշմամբ առաջարկվում է անվանական թոշակներ սահմանել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար: Այսպիսով՝ անվանական թոշակի սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մշակույթի ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը։ Դրամական խրախուսում տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, ովքեր որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի:

Դրամական խրախուսման վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ, մեկ տարի ժամկետով: Ծրագրի համաձայն՝ միևնույն անձը մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար։ Դրամական խրախուսման չափերը սահմանելիս հիմք է հանդիսացել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը։ Այս համադրության մեջ ամսական 660 հազ․ դրամ գումարը հավասարեցվել է Օլիմպիական մրցանակի։

Դրամական խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատ արվեստագետներն ու մշակույթի գործիչները, այնպես էլ խմբերը։ Խմբային (թատերախումբ, ֆիլմարտադրողներ) արդյունքի դեպքում դրամական խրախուսումը բաշխվելու է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվելու է դրամական խրախուսման բաշխումը։ Եթե տվյալ գործադիր մարմնի իրավասության ներքո գործում են մի քանի ստեղծագործական խմբեր, ապա դրամական խրախուսումը տրվում է այն ստեղծագործական խմբին, որն արժանացել է մրցանակի։

Արձագանքելով՝ Կառավարության ղեկավարը նշել է. «Մենք արդեն բավականին երկար ժամանակ մեր մարզիկների խրախուսման մեխանիզմ ենք գործարկել և տեսնում ենք, որ նաև դա որոշակի արդյունք ունենում է: Մենք հենց այն ժամանակից մտածում էինք, թե ինչ մեխանիզմներ գտնենք մշակույթի ոլորտում և բախվում էինք դժվարությունների, որովհետև սպորտի ոլորտում շատ կոնկրետ է, օրինակ՝ աշխարհի չեմպիոն ես, Եվրոպայի չեմպիոն ես, կամ արծաթե մեդալակիր, կամ բրոնզե մեդալակիր, և մրցույթների շարքը, շրջանակը շատ կոնկրետ է: Մշակույթի դեպքում մենք բարդություններ ունեինք և հիմա փորձել ենք որոշակի շրջանակ ձևակերպել: Այնպես չէ, որ այդ բարդությունները լիարժեք հաղթահարված են, բայց նաև մեր մշակույթի ոլորտում խրախուսման և աջակցության այդ մեխանիզմը պետք է ստեղծենք:

Հիմա մշակույթի ոլորտում տարբեր շերտավորումներ կան: Եթե, օրինակ, կինոյի ոլորտում ավելի հեշտ է կոնկրետացնել, այսպես ասած, հասցեները, փառատոնների շրջանակը, այլ ոլորտներում մի քիչ դժվարություններ կլինեն, բայց, այնուամենայնիվ, որոշեցինք, որ մտնենք գործընթացի մեջ և շատ բան, հընթացս նաև կերևա, որպեսզի լրացուցիչ ավելի շատ կարգավորենք»:

Այս որոշմամբ, վարչապետի խոսքով, անդրադարձ է կատարվում կինոարտադրությանը, թատրոնին, կերպարվեստին, գրականության ոլորտին, պարարվեստին, երաժշտության ոլորտին: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ այս շրջանակի մեջ մտնում է նաև մշակութային ժառանգությունը, որովհետև թանգարանների ոլորտում էլ կան միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխություններ:

Թեմայի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է. «Որոշման կանխատեսման մեջ գրել ենք 11 անձ և 2 կոլեկտիվ, բայց սա նախնական դիտարկում է, եթե լինի 33 անձ և 20 կոլեկտիվ, դա չի նշանակում, որ մենք կասենք, որ 11 էինք կանխատեսել: Ոչ, մենք ուզում ենք, որ լինի 33, 333 և ավելի շատ, որովհետև կարծում եմ, որ դա խթանելու է նաև մեր մշակույթի զարգացմանը և՛ որպես մշակույթ, և՛ որպես տնտեսության ճյուղ, և՛ որպես հանրային կյանքում ավելի տեսանելի գործոն, ընդհանրապես՝ մեր հանրային դիսկուրսները բարձրացնելու և նաև հանրային խնդիրների քննարկման հարթակ դառնալու տրամաբանությամբ»:

Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը/Կառավարության արխիվ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter