HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Քովիդի և պատերազմի պատճառով Երևանում փախստականներից շատերը զրկվել են բնակարան գնելու հնարավորությունից

Կառավարությունը չի վերանայել բնակարանի գնման վկայագրերի ժամկետները 

Սվետլանա Այվազյանը նախկին հանրակացարանի 17,5 քմ մակերես ունեցող սենյակում ջանացել է իր ու դստեր բնակության համար բավարար կենցաղային պայմաններ ապահովել։ Իրար կիպ տեղադրված երկու մահճակալ, սպասքի ու հագուստի պահարաններ, սառնարան, լվացքի մեքենա և սենյակում արդեն ազատ անկյուն չկա աթոռ դնելու համար։ Սենյակի նախամուտքի մի թիզ հատվածում կարողացել է նաև լոգարան ու «խոհանոց» տեղավորել։

1988թ-ին Բաքվից բռնագաղթելուց հետո Սվետլանային ժամանակավորապես վերաբնակեցրել են Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող հանրակացարանում։ Դա 36 տարի առաջ էր։ Կացարանը սեփական բնակարանով փոխարինելու երազանքը 2021թ-ին, կարծես թե, մոտ էր իրականությանը։ Կառավարությունը 1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթած և Երևան քաղաքում բնակություն հաստատած անձանց բնակարաններով ապահովելու ծրագիրը վերսկսելու որոշում ընդունեց։ Միջգերատեսչական հանձնաժողովը նրան հաստատեց որպես շահառու և բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) տրամադրեց։

Սվետլանան մեկ տարի ժամանակ ուներ բնակարան գտնելու համար։ Դա այն ժամանակամիջոցում էր, երբ COVID-19 համավարակի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրությունը շարունակվում էր։ Կառավարության որոշումով 2020թ մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 11-ը սահմանափակվեց մարդկանց ազատ տեղաշարժն ու շփումները, անձանց պարտադիր ինքնամեկուսացում սահմանվեց։ Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը, այնուհետև կարանտինի ռեժիմը երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը, դրանից հետո որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։

«Այդպիսի դժվարին իրավիճակում մենք քաղաքի ծայրամասերում տուն էինք փնտրում։ Մեզ 12 մլն դրամ էր տրված բնակարան գնելու համար։ Էրեբունիում բնակարան գտանք, մինչև Երևանի քաղաքապետարանը հաստատեց, մեկ ամիս տևեց, այդ ընթացքում նրանք տունը վաճառեցին։ Մեկ ուրիշ տեղում բնակարան գտանք, տանտերը 20% կանխավճար էր ուզում, որպեսզի բնակարանն ամրագրի, բայց մեզ գումար չտվեցին դրա համար»,- պատմում է Սվետլանան։

Աբովյան քաղաքում 30 քմ մակերեսով բնակարան են գտել, Երևանի քաղաքապետարանը հաստատել է, բայց տանտերը քովիդով հիվանդացել է, տեղափոխվել հիվանդանոց, ու առքուվաճառքը ձախողվել է։ «Ես անմիջապես զանգահարեցի Միգրացիոն ծառայության աշխատակցին և տեղյակ պահեցի ստեղծված իրավիճակի մասին։ Խնդրեցի մեկ ամսով երկարաձգել վկայականի ժամկետը, որպեսզի սեփականատերը դուրս գա հիվանդանոցից ու առքուվաճառքը կատարենք, բայց մերժեցին։ Այդպես էլ զրկվեցինք բնակարան ունենալու հնարավորությունից»,- հայտնեց Սվետլանան։

Նրա ասելով՝ նույն հանրակացարանում բնակվող 5 ընտանիք կարողացել է բնակարան գնել ու տեղափոխվել։ Նրանց դա հաջողվել է, որովհետև բազմանդամ ընտանիք էին, և գումարն այդ դեպքում ավելի մեծ էր։ Բացի այդ, հարազատները Ռուսաստանից օգնեցին, գումար ավելացրին և կարողացան գնել։ Ինքը գումար չուներ ավելացնելու համար։

Այսպիսով՝ 1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթած և Երևան քաղաքում բնակություն հաստատած անձանց բնակարաններով ապահովելու ծրագրի առաջին երեք փուլն իրականացվեց Երևանում՝ քովիդի պատճառով հայտարարված կարանտինի, արտակարգ դրության պայմաններում, երբ մարդկանց ազատ տեղաշարժն ու շփումները սահմանափակվել էին օրենքով։ Իսկ հետո՝ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին, սկսվեց Արցախա-ադրբեջանական պատերազմը՝ իր երկարատև ողբերգական հետևանքներով։ Բնականաբար, ԲԳՎ-ների իրացման ցուցանիշները փոքր էին, սակայն Կառավարությունը դրանք լուրջ պատճառներ չհամարեց, որպեսզի վերանայի վկայականների իրացման ժամկետները։

«Մինչև 2021թ-ը Երևան քաղաքում ԲԳՎ-ների բաշխումն ավարտվել է»,- «Հետք»-ին հայտնում են ՆԳՆ-ի Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ Տեղեկացրին նաև, որ Երևան քաղաքում ԲԳՎ-ի հավակնել է 453 անձ, վկայական ստանալու համար դիմել է 362 անձ, վկայական տրվել է 273 անձի, նրանցից 221-ը բնակարան է գնել։ Պաշտոնապես հայտարարվում է, որ Երևան քաղաքում ԲԳՎ ստացածների 80%-ը բնակարան է գնել ու տեղափոխվել իրենց հատկացված ժամանակավոր կացարաններից։

Սվետլանա Այվազյանը աջակցության խնդրանքով դիմել է փախստականների հարցերով զբաղվող «Փրկված մասունքներ» բարեգործական հասարակական կազմակերպություն։ «Խնդրում եմ աջակցել ԲԳՎ ստանալու համար»,- գրել է դիմումում։

Կազմակերպությունը մի քանի տասնյակ այսպիսի դիմումներ ունի 1988թ-ից Ադրբեջանից բռնագաղթած իր շահառուներից, որոնք տարբեր պատճառներով զրկվել են բնակարան ձեռք բերելու հնարավորությունից։ Կազմակերպության նախագահին խնդրում են պետական մարմիններին ներկայացնել իրենց բնակարանային անմխիթար վիճակը և բնակարան ձեռք բերելու հնարավորություն տալ։

Կազմակերպության նախագահ Մանուշակ Խոջայանն ասում է, որ բազմիցս դիմել է վարչապետի մոտ ընդունելություն ունենալու համար, բայց իր գրություններն անպատասխան են մնացել։

Դիմումատուների մի մասը դժգոհում է, որ սահմանված ժամկետում չեն կարողացել իրացնել ԲԳՎ-ն՝ հարմար բնակարան չգտնելու պատճառով։ Մի մասը միջգերատեսչական հանձնաժողովի բացասական եզրակացության պատճառով զրկվել է ԲԳՎ-ից։ Նրանց զրկել են՝ հաշվառման հասցեում փաստացի բնակությունը չհաստատվելու, շահառու ընտանիքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում ունենալու կամ սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքն օտարելու և այլ հիմքերով: Մի քանի տասնյակ փախստականներ դատական ճանապարհով են փորձում վերականգնել վկայական ստանալու իրենց իրավունքը։

ՆԳՆ-ի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանին խնդրել էինք հայտնել, թե որն է տրամադրված վկայագրերի 20%-ի չիրացման պատճառը։ Մեր նշած դեպքերի մասին, որոնք, մեր կարծիքով, ԲԳՎ-ն չիրացնելու հիմնական պատճառներն  են, նա ոչինչ չի ասել։

«Պատճառները կարող են լինել շատ տարբեր։ Մասնավորապես՝ շահառուների կողմից հաճախ հնչեցվում էր, որ շուրջ 30 տարի բնակվելով նույն ժամանակավոր կացարաններում և սովորելով տարածքին, հարևանների՝ չեն ցանկանում տեղափոխվել։ Արձանագրվել են դեպքեր, երբ ծրագրի շահառու հանդիսացող անձինք կարողացել էին որոշակի գումար ներդնել և բարելավել ժամանակավոր կացարանի պայմանները և ունենալով տարածքը սեփականաշնորհելու հնարավորություն՝ նախընտրում էին չազատել այդ կացարանը, ինչը նախատեսվում է ծրագրով։ Նշված պատճառները սպառիչ չեն»,- հայտնել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը։

Ծրագրի իրականացման ընթացքի մասին պաշտոնական հաղորդագրություններում ասվում է, որ բնակարանային պայմաններն ավելի վատթարացնող առաջարկները չեն ընդունվել։ Մինչդեռ, շահառուները հայտնում են, որ Երևան քաղաքում վկայականների մեծ մասը իրացվել է՝ Կենտրոնի հանրակացարաններում ու հյուրանոցներում բնակվող միայնակներին ծայրամասային հանրակացարաններ տեղափոխելով։ Նորքի «Նաիրի» հյուրանոցում բնակվողներին տեղափոխել են Չարբախի հանրակացարան, որտեղ բնակիչների պնդմամբ՝ կենցաղային շատ վատթար պայմաններ են։ Կոմիտասի «Արաբկիր» հյուրանոցից տեղափոխել են Նոր Նորքի հանրակացարան և այլն։

Ասում են, որ ԲԳՎ-ով հատկացվող գումարը չէր բավականացնում Երևանում բնակարան գնելու համար։ Մարզերում գնելու համար նույնպես գումար պետք է ավելացնեին, իսկ իրենք չունեին։ Իրենց մի հանրակացարանից տեղափոխել են մի ուրիշ հանրակացարան, և դա համարվել է վկայականը իրացված։

Մարզերում փախստականներին բնակարաններով ապահովելու ծրագիրը նվազ արդյունավետությամբ է ընթանում

Ծրագրի իրականացման երեք փուլերով Երևանում այն ավարտված համարելով՝ Կառավարությունը 2023թ․-ին հայտարարեց ծրագրի չորրորդ փուլը մարզերում իրականացնելու մասին։ Կառավարության որոշման համաձայն՝ մարզերում շահառու ճանաչված անձինք բնակարան (բնակելի տուն) են ձեռք բերում այն մարզի համայնքներից մեկում, որտեղ հաշվառված են որպես շահառու։

Միգրացիոն ծառայության պետը կամ աշխատակիցները մարզից մարզ են անցնում և հանդիսավորությամբ բնակարանի գնման վկայագրեր են հանձնում փախստականներին։ Ասվում է, որ ԲԳՎ–ի արժեքը հաշվարկվել է Կադաստրի կոմիտեի հրապարակած անշարժ գույքի շուկայի 2022թ․-ի առաջին կիսամյակի ընթացքում տվյալ համայնքի քաղաքային բնակավայրերում ձևավորված բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջինացված գներով:

Ըստ շահառու ընտանիքի անդամների թվի՝ հատկացվում է համապատասխան քանակի սենյակներով բնակարանի գնման վկայագիր: Բնակարանի (սենյակների թվով) ընդհանուր մակերեսն ընդունվում է՝ մեկ սենյականոց բնակարանի համար` 45 քառ. մետր, երկու սենյականոց բնակարան` 55 քառ. մետր, երեք սենյականոց բնակարան՝ 65 քառ. մետր և չորս սենյականոց բնակարան` 75 քառ. մետր: ԲԳՎ ստացածները մեկ տարի ունեն բնարական գնելու համար, և մեզ տրամադրված պաշտոնական վիճակագրությամբ՝ շատ քչերին է հաջողվում բնակարան ձեռք բերել։

Այսպես, ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման ծրագրի 4-րդ փուլով փետրվարի 12-ի դրությամբ՝ Կոտայքի մարզում բնակվող բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող 68 շահառու ընտանիքներից 8-ն են բնակարան գնել։

Արարատի մարզում, 2023թ հունիսի 23-ին, հանդիսավոր պայմաններում բնակարանի գնման վկայագիր հանձնեցին փախստական 35 ընտանիքի։ Ըստ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետ Արմեն Ղազարյանի՝ 2024թ փետրվարի 16-ի դրությամբ նրանցից 6-ն են կարողացել բնակարան գնել։

Արագածոտնի մարզում 2023թ հուլիսի 4-ին բնակարանի գնման վկայագիր է ստացել 7 ընտանիք, որից 3-ն է բնակարան գնել։

Արմավիրի մարզում 2023թ օգոստոսի 31-ին վկայագիր է հանձնվել 13 ընտանիքի և նրանցից ոչ մեկը մինչև հիմա բնակարան չի գնել։

Լոռու մարզում վկայագիր է ստացել 5 ընտանիք, նրանցից մեկն է տուն գնել։

Շիրակի մարզում վկայագիր է ստացել 7 ընտանիք, նրանցից մեկն է տուն գնել։

Միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում շահառու հանդիսացող ընտանիքներն անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրեր դեռևս չեն կնքել։

Ծրագրի 4-րդ փուլի շրջանակներում վերջին բնակարանի գնման վկայագրերը տրամադրվել են 2023թ սեպտեմբեր ամսին, հետևաբար, ծրագրի շրջանակներում գնման գործընթացը շարունակվելու է մինչև 2024թ սեպտեմբեր ամիսը ներառյալ։

Միաժամանակ, վարչական դատարանում մի քանի տասնյակ գործեր են քննվում ընդդեմ Միգրացիայի և քաղաքացիական ծառայության՝ պահանջելով վերանայել բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրից դուրս թողնելու որոշումը և ԲԳՎ տրամադրել։

Վարչական դատարանը վերջերս՝ 2024թ փետրվարի 21-ին, Շիրակի մարզում բավարարել է Իրինա Մուրադյանի հայցը և Կառավարությանը պարտավորեցրել նրա ընտանիքին ընդգրկել Արագածոտնի մարզպետի կողմից հաստատված շահառուների ցուցակում։ Ի Մուրադյանը 2003թ-ի օգոստոսի 1-ից Կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների նախկին վարչության կողմից հաշվառված է եղել փախստականների ցանկում։

Մարզերում ծրագրի մեկնարկի ընթացքում Միգրացիոն ծառայության և Թալինի քաղաքապետարանի աշխատակիցների ուսումնասիրության ժամանակ Իրինա Մուրադյանի փաստացի բնակությունը չի արձանագրվել: Տեղեկացվել է, որ Իրինա Մուրադյանի ընտանիքի փաստացի բնակությունը չի արձանագրվել նաև 2011թ հուլիս ամսին Միգրացիոն ծառայության և 2013թ մարտ ամսին Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցների ուսումնասիրությունների ժամանակ:

Դատարանի վճռում նշվում է, որ հիշյալ հասցեում իր չբնակվելու մասին Իրինա Մուրադյանը նշել է նաև ներկայիս դիմումում, որ 2009թ․-ից չի բնակվում վերոնշյալ հասցեում: Հայցվորը ընտանիքով (չորս անձ) 1988թ-ի դեկտեմբերից մինչև 26.03.2007թ-ը բնակվել է Թալինի շինվերանորոգման գրասենյակի (նախկին) վարչական շենքում, ինչը հաստատվել է նաև վկաների ցուցմունքներով։ Նրանք հայտնել են, որ Իրինա Մուրադյանը 2009թ․-ից ի վեր բնակվում է վարձով: «Այսինքն՝ տվյալ դեպքում, թեև Հայցվորը հանդիսանում է ավելի խոցելի կարգավիճակի ներկայացուցիչ՝ առհասարակ չունի կացարան, վարձով է բնակվում: Ընդ որում՝ Իրինա Մուրադյանը ստիպված է եղել դուրս գալ այդ տարածքից, քանի որ այն օտարվել է, և պետությունը այլ ժամանակավոր կացարան չի տրամադրել նրան»,- նշվում է վճռում։

Դատարանը Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը պարտավորեցրել է հայցվորին ընդգրկել բնակարանի ապահովման ծրագրի շահառուների ցուցակում և բնակարանի գնման վկայագիր տրամադրել:

Վարչական դատարանը նման պահանջներով բազմաթիվ դիմումներ է բավարարել, որի հիման վրա փախստական ընտանիքները պետք է ԲԳՎ ստանան։ Բայց վկայական ունենալը դեռևս երաշխիք չէ, որ տրամադրվող գումարի սահմաններում կարող են բնակարան գնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter