HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանյան բանկերի հաճախորդները «կրակն են ընկնում» հին դոլարների ձեռքը

Հայաստանում հաճախորդը «կրակն է ընկնում» հին դիզայնի և հին թողարկման (հիմնականում՝ 2006թ․) 100-դոլարանոցների ձեռքը, երբ փորձում է բանկերում այդ դոլարներով որևէ գործարք անել։ 

Սեփական փորձով․ հին դոլարներից տուժածը

Մոտ մեկ ամիս առաջ դոլարային գործարք եմ անում, և գործարքի երկրորդ կողմը վաճառված գույքի դիմաց ինձ է տալիս կանխիկ դոլար, որի մեծ մասը՝ հին դիզայնի և հին թողարկման 100-դոլարանոցներով։ 

Տարբերությունը հասկանալու համար համեմատենք այս երկու 100-դոլարանոցները։ 

Հին դիզայնի ԱՄՆ դոլար, 2006թ․ արտադրության

Նոր դիզայնի դոլար, 2009թ․ արտադրության

Նկարների աղբյուրը՝ wikipedia.org

Իմ ձեռքում հայտնված դոլարներն առաջին նկարի դիզայնով էին։ Այսպես կոչված՝ «սպիտակ» դոլարները։ Իսկ երկրորդն արդեն նոր դիզայնի և թողարկման դոլարն է՝ «կապույտ» դոլարները։

Ցանկանալով ստուգել դոլարի իսկությունը և այն փոխանցել հաշվեհամարիս՝ առաջին բանկում պարզում եմ, որ հին դիզայնի դոլարներով ցանկացած գործարքի դեպքում որպես միջնորդավճար գանձվում է գործարքի 1%-ը։ Դիցուք, դուք ցանկանում եք հին դոլարներով 8 հազար դոլար փոխանցել ձեր հաշվեհամարին, դրա 1%-ը՝ 80 դոլարը բանկը գանձում է և հաշվեհամարին փոխանցում է 7920 դոլարը։

«Եթե դոլարը 2009 թվականից առաջ է թողարկվել և, բնականաբար, հին դիզայնով է, քանի որ նոր դիզայնով դոլարները թողարկվել են 2009-ից հետո, յուրաքանչյուր տեսակի գործարքի դեպքում գանձում ենք գործարքի չափի 1 %-ը»,- ասացին բանկում։

Թե ինչու են նման բան որոշել, բանկի աշխատակիցները հստակ բացատրություն չեն տալիս՝ «մեզ մոտ այդպես է»։

Կարծելով, թե դա միայն նշված բանկի ռազմավարությունն է, այցելում եմ երկրորդ բանկ, երրորդը, չորրորդը և այդպես շարունակ։

Պարզվում է՝ առնվազն կես տարի է՝ հայաստանյան բանկերի մի մասը որդեգրել է այս ռազմավարությունը՝ եթե հաճախորդը հին դիզայնի և թողարկման դոլարով ցանկանում է կանխիկ գործարք անել, 100 դոլարն 99 դոլարի արժեք է ունենում, քանի որ գանձվում է դրա 1 %-ը (երբեմն՝ ավելի շատ)։

Հասկանալով, որ հին դիզայնի դոլարները գլխացավանք են դառնում, գործարքի երկրորդ կողմին խնդրում եմ գնալ այն բանկ, որտեղից վերցրել է այդ գումարը և խնդրել փոխարինել դրանք նոր թողարկման դոլարներով։ Հաճախորդը գումարը հանել է «ՎՏԲ-բանկ Հայաստան»-ից (VTB Armenia), որտեղ աշխատակցին հարցրել է՝ արդյոք կա՞ որևէ տարբերություն հին և նոր դոլարների միջև։ Բանկից պատասխանել են՝ «մեզ համար տարբերություն չկա»։

Այցելելով VTB բանկի մասնաճյուղ՝ հասկանում եմ, որ այստեղ բանալի բառը «մեզ համար»-ն է։ Իսկապես, VTB-ում հին դոլարներով գործարքների դեպքում միջնորդավճար չեն գանձում։ Սակայն, հաճախորդներին տրամադրում են հին դոլարներ, որոնք այլ բանկերում գլխացավանք են դառնում։ Բանկում հրաժարվում են դոլարները նորով փոխարինել, և որպեսզի չտուժեմ այլ բանկում դրանով գործարք անելիս, VTB-ում հաշվեհամար եմ բացում, որից դոլար կանխիկացնելը կլինի անվճար։ Սակայն, չեն երաշխավորում, որ կանխիկացնելիս նոր դոլարներ կտրամադրեն։ Կտան, «եթե մասնաճյուղում այդ պահին լինի նոր դոլար»։

Դրանից երկու շաբաթ անց, երբ գումարը կանխիկացնելու հարց է առաջանում, գնում եմ VTB-ի մեկ այլ մասնաճյուղ, որն այդ պահին ավելի մոտ էր ինձ և խնդրում եմ գումարը կանխիկացնել նոր դոլարներով, որ կարողանամ այլ փոխանակման կետում ավելի բարձր փոխարժեքով դրամ դարձնել։ Բանկում ասում են, որ անգամ մեկ նոր հարյուր դոլար չունեն։ Իսկ հին դոլարները վերցնելու դեպքում մեկ այլ բանկում կամ փոխանակման կետում դրամ դարձնելիս միջնորդավճար կգանձեին։

Ցանկանալով հնարավորինս շուտ ավարտել այս բանկի հետ իմ գործարքը և այլ ելք չունենալով՝ ստիպված կանխիկացնում եմ դրամով՝ տուժելով ցածր փոխարժեքի պատճառով։ Այդ պահին նշված բանկում 1 ԱՄՆ դոլարն արժեր 401 դրամ, ընդամենը 300 մետր հեռավորության վրա գտնվող փոխանակման կետում՝ 404 դրամ։

Կենտրոնական բանկը չի միջամտում հին թողարկման ԱՄՆ դոլարների վերաբերյալ բանկերի ռազմավարությանը

ԱՄՆ դոլարի առքուվաճառքի ռազմավարությունները, պրոդուկտները, սակագները կամ փոխարժեքները ֆինանսական կազմակերպությունները որոշում են ինքնուրույն, և Կենտրոնական բանկը որևէ ձևով չի միջամտում այդ գործընթացին: Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից։ 

Գլխավոր դրամատնից շեշտում են, որ որևէ արտարժույթի որևէ տարվա թողարկման դրամանիշերի՝ բանկերի կողմից սպասարկման պայմանների վերաբերյալ որևէ որոշում ԿԲ-ն չի ընդունում:

«Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի շրջանառության ապահովման պարտավորություն չունի՝ ի տարբերություն ՀՀ ազգային արժույթի՝ դրամի շրջանառության ապահովման»,- նշված է պատասխանում։

ԿԲ-ն իրականացրել է մոնիթորինգ, որի արդյունքներից եզրակացրել է, որ հին թողարկման ԱՄՆ դոլարների նկատմամբ շուկայում կիրառվող սակագները պայմանավորված են հայաստանյան բանկերի՝ ԱՄՆ կանխիկ դոլար մատակարարող արտասահմանյան գործընկերների կամ թղթակից բանկերի կողմից կիրառվող միջնորդավճարներով:

«Ընդ որում՝ կարևոր ենք համարում նշել, որ ՀՀ ֆինանսական կազմակերպությունների մի մասը հին թողարկման ԱՄՆ դոլարով առքուվաճառքի կամ իրենց հաճախորդների հետ իրականացվող համանման գործարքների համար որևէ միջնորդավճար չի կիրառում: Այս առումով պետք է նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի փոխանակման շուկան, մեր գնահատականներով, ներկայում խիստ մրցակցային է»,- նշված է պատասխանում։

Այսինքն, ըստ ԿԲ-ի՝ կան բանկեր և ֆինանսական կազմակերպություններ, որոնք այսօր միջնորդավճար չեն գանձում հին դոլարներով գործարքների դեպքում։ Հաճախորդին մնում է կամ ուշադիր լինել և փորձել խուսափել որևէ մեկից կամ որևէ բանկից հին թողարկման դոլար վերցնել, կամ գտնել փոխանակման կետեր, որտեղ միջնորդավճար չեն գանձում, եթե, իհարկե, կգտնվեն այդպիսիք։ 

Մեկնաբանություններ (2)

Սեդա Հերգնյան
Հարգելի ընթերցող, գործարքը պայմանագրով ֆիքսվել է ՀՀ դրամով։ Գումարը տրվել է նշված դրամին համապատասխան ԱՄՆ դոլարով՝ կանխիկով, որը տեղում գտնվող բանկում պետք է դրամ դարձվեր, որի ժամանակ էլ առաջացել է այս խնդիրը։ Ինչ վերաբերում է 8 հազար դոլարին, դա ընդամենը օրինակ է բերված։
Մհեր
Ամենահետաքրիրը հետաքննության մեջ այն է, ՀՀ տարածքում դոլարով գործարք չի կարելի իրականացնել: Ըստ որում, 8000 ԱՄՆ դոլարի չափով: Դուք խախտում եք օրենքը, ու բողոքում, որ այլ երկրի կանխիկ թղթադրամի նկատմամբ բանկերը ունեն ինչ որ քաղաքականություն: Արդարացի՞ եք համարում, որ ԱՄՆ ոչ մի բանկ ՀՀ դրամը չի ընդունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter