HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյշելներ, Կիպրոս, Ռուսաստան. Հայաստանում «արտադրվող» և արտահանվող ոսկերչական իրերի ծագումը

2016 թվականի հունիսի 9-ին օֆշորային գոտի համարվող Սեյշելյան կղզիներում գրանցվում է  Neltax Holding LTD ընկերությունը («Նելտաքս հոլդինգ ԼԹԴ»): Միակ բաժնետերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Վլադիմիր քաղաքի բնակիչ Ալեքսեյ Սպիրիկովն է: Neltax Holding LTD-ն 2023-ին հայտնվում է Ռուսաստան-Հայաստան ոսկու ներկրման և Հայաստանից Արաբական Միացյալ էմիրություններ մեծ քանակությամբ ոսկյա զարդերի և ոսկերչական արտադրանքի արտահանման սխեմայում:   

Տարեվերջյան «բումը»

2023-ի դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է մոտ 22 580 կգ ոսկերչական իր (ոսկերչական արտադրատեսակներ և դրանց մասերը)՝ 82 մլրդ դրամ (203 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր արժեքով: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այդ գումարն աճել է 9.4 անգամ։

2023-ի նոյեմբերին արտադրվել է 19 807 կգ, որի արժեքը նույնպես կազմել է 82 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 13.7 անգամ։

2021-ի դեկտեմբերին հիմնադրված «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ն 2023-ի տարեվերջին ոսկերչական իրերի ռեկորդային ծավալի արտադրանք է ունեցել։

Զուգահեռաբար, 2023-ի չորրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, 7 անգամ ավելացել է Հայաստանից ոսկերչական արտադրատեսակների արտահանումը։ Վարկած կա, որ սա իրականում Ռուսաստանից ներմուծված ոսկի է, որը տեղում մասնատվում է և արտահանվում՝ որպես Հայաստանում պատրաստված ոսկերչական զարդեր կամ ոսկերչական անավարտ իրեր։ Չի բացառվում, որ այս տվյալները ոչ միայն ոսկերչական իրերի շուկայի պատկերն են աղճատում, այլև Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը։ 

Հասկանալու համար, թե ինչ մեծ ծավալի ոսկերչական իրերի և առարկաների արտադրանքի մասին է խոսքը 2023-ի վերջին երկու ամիսներին, ինֆոգրաֆիկայում առանձնացրել ենք ամսական ցուցանիշները վերջին մեկ տարվա կտրվածքով։ Անզեն աչքով էլ նկատելի է նոյեմբեր-դեկտեմբերի «բումը»։

Շեշտենք, որ վիճակագրական զեկույցներում ոսկերչական արտադրատեսակների տողն այլ բացվածք չունի, սակայն պետք է նկատի ունենալ, որ այս ցուցանիշը ներառում է ոչ միայն վերջնական ոսկյա զարդերը, այլև անավարտ ոսկերչական զարդերը կամ այլ իրեր, ինչպես նաև՝ զարդեր, որոնք պարունակում են արծաթ։ 

Ոսկերչության ոլորտի այս աճը էական դեր է ունեցել տարեվերջին Հայաստանի ամբողջ արդյունաբերության, ինչպես նաև՝ տնտեսական աճի վրա։

Վիճակագրական կոմիտեն, որը ներկայացրել է այս ցուցանիշները, չի մանրամասնել, թե որ ձեռնարկությունների շնորհիվ է այսքան ոսկերչական իր թողարկվել։ Այն հրապարակելը Կոմիտեի գործառույթը չէ։

«Բումն» ապահովել է Սուքիասյաններին փոխկապակցված Երևանի ոսկերչական ֆաբրիկան

Թեև պաշտոնական աղբյուրները չեն հայտնում, թե ում հաշվին է ոսկերչության ոլորտում տարեվերջին նման աննախադեպ ցուցանիշ գրանցվել, մեզ հաջողվեց պարզել, որ այն ապահովել է «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ն։

Ֆաբրիկան պաշտոնապես բացվեց երկու տարի առաջ՝ 2022-ի մարտին, «Երևան» տոնավաճառի նոր մասնաշենքում։ Ժապավենը կտրել են Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, «Սիլ կապիտալ»-ի խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը՝ ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, և լրագրողների հետ հարցազրույցներում որպես ֆաբրիկայի համահիմնադիր ներկայացած Հրաչ Ավագյանը: Վերջինիս ընտանիքը Ռուսաստանում է ոսկերչությամբ զբաղվել։ 

Բացման ելույթում Վահան Քերոբյանը նշել է, որ սա Ավագյանների և Սուքիասյանների համատեղ նախաձեռնությունն է։ «Նրանց (նկատի ունի Ավագյաններին,- հեղ.) և Սուքիասյանների ընտանիքի այս համատեղ նախաձեռնությունը, վստահ եմ, շատ կարճ ժամանակում էականորեն կավելացնի պատրաստի ոսկերչական իրերի արտահանման ծավալները և տեղական շուկայում էապես կնվազեցնի ներմուծված ապրանքի մասնաբաժինը»,- ասել է Քերոբյանը։

Բացման արարողության կադրերում երևում է, որ ֆաբրիկան Adamant ապրանքանիշն է ներկայացնում։ Այս բրենդը Ռուսաստանում հիմնադրել են Հրաչ Ավագյանն ու նրա որդին՝ Սերգեյ Ավագյանը։ Ռուսական լրատվամիջոցներում կան բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ 2016 թվականին ընկերությունը սնանկ է ճանաչվել գործարանի նախկին փոխտնօրենի դիմումի համաձայն։

Գործարանի բացման կադրերում երևում է, թե ինչպես է Սերգեյ Ավագյանը Վահան Քերոբյանին ներկայացնում իրենց արտադրանքը։ 

Գործարանի բացմանը ներկա է եղել նաև գործարար Արտակ Բաղիկյանը, որի ընտանիքի անդամների անունով է գրանցված ադամանդ վերամշակող, խոշոր ներմուծող ու վերաարտահանող «Էյ.Դի.Էմ. դայմոնդս» ՍՊԸ-ն։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, Բաղիկյանները մտերիմ են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ։

Երևանի ոսկերչական ֆաբրիկայի արմատները տանում են օֆշոր և կապվում Սուքիասյաններին ու Ավագյաններին փոխկապակցված անձանց հետ

Ըստ պետական ռեգիստրի՝ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը ուղղակիորեն պատկանում է Լևոն Գագիկի Սարգսյանին, իսկ մյուս կեսը Կիպրոսում գրանցված «Միրելիս լիմիթիդ» (Mirelis Limited) ընկերությանն է։

Լևոն Սարգսյանը Երևանում հայտնի Ծաղկի շուկայի՝ «Մագնիտ 2020» ընկերության տնօրենն է։ Շուկան գտնվում է Շիրակի 43/2 հասցեում։ Կադաստրային փաստաթղթում տեսնում ենք, որ այս տարածքում՝ կայանատեղիի հատվածում, «Մագնիտ 2020»-ը տարածք է վարձակալել։ Իսկ տարածքի սեփականատերը Սուքիասյանների ընտանիքին փոխկապակցված «Տրանս-սերվիս» ընկերությունն է։

Մեզ հետ զրույցում Լևոն Սարգսյանը չցանկացավ մեկնաբանել, թե ի՞նչ կապ ունի Սուքիասյանների և Ավագյանների հետ, արդյոք հետևու՞մ է Ֆաբրիկայի գործունեությանը։ Հորդորեց հարցերի պատասխանները Երևանի ոսկերչական ֆաբրիկայից ստանալ։

Լևոն Սարգսյանի linkedin-յան էջում տեսնում ենք, որ նա ժամանակին աշխատել է Սուքիասյաններին պատկանող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունում որպես Հայցերի կարգավորման վարչության ղեկավար։

«Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի մյուս 50%-ի սեփականատեր «Միրելիս լիմիթիդ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականի հունվարին։ Ըստ Կիպրոսի ռեգիստրի փաստաթղթերի՝ բաժնետերերն են Արտակ Մելտոնյանը (բաժնետոմսեր - 330) և օֆշորային գոտի համարվող Սեյշելներում գրանցված Neltax Holding LTD-նՆելտաքս Հոլդինգ» ՍՊԸ-ն, բաժնետոմսեր-670)։

Սա հենց այն ընկերությունն է, որի մասին հիշատակել ենք հոդվածի սկզբում։

Արտակ Մելտոնյանը Հայաստանում սեփականատեր է մի քանի ընկերությունների, որոնցից ամենահայտնին պողպատյա աղացող գնդեր արտադրող «Ձուլակենտրոն» ԲԲԸ-ն է։ Որպես ընկերության իրական շահառուներ գրանցված են նրա հետ փոխկապակցված անձինք։ Ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում Մելտոնյանը ներկայանում է որպես «Ձուլակենտրոն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ։ Ձուլարանը Չարենցավան քաղաքում է։

Արտակ Մելտոնյանը Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր Սանասար Մելտոնյանի որդին է։

Փորձեցինք կապ հաստատել նաև Արտակ Մելտոնյանի հետ։ «Ձուլակենտրոն»-ից ասացին, որ նա Հայաստանում չէ։ Մեր հարցերին պատասխանեց նրա տեղակալը, ով հավաստիացրեց, որ Արտակ Մելտոնյանը որևէ կապ չունի ոչ Ավագյանների, ոչ էլ՝ Սուքիասյանների հետ, այլ խոսքով՝ բաժնետոմսերի իրական սեփականատերն է։ Իսկ թե ինչի հաշվին է ֆաբրիկան նման մեծ աճ գրանցել, տեղակալը չգիտեր։

Չնայած նրա պնդմանը, թե Մելտոնյանը կապ չունի Սուքիասյանների և Ավագյանների հետ՝ ռուսական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Մելտոնյանը Ավագյանների հետ գործընկերային կապեր ունի։ «Навигатор ювелирной торговли» ռուսական ամսագրին տված հարցազրույցում Մելտոնյանը ներկայանում է որպես ռուսական «Адамант» ոսկերչական գործարանի բաժնետեր։ Գործարանը հիմնադրել է Ավագյանների ընտանիքը։ Ինչպես երևում է, հետագայում բաժնետեր է դարձել Մելտոնյանը։ 

Ինչպես Լևոն Սարգսյանի, այնպես էլ Արտակ Մելտոնյանի անունները գործարանի բացմանը որևէ կերպ չեն շոշափվել։ Հատկանշական է, որ լրատվամիջոցներով տարածված հաղորդագրություններից մի քանիսում «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ից հայտնել են, որ «Երևանի ոսկերչական Ֆաբրիկան» «Սիլ Կապիտալ» ընկերությունների խմբի մաս է։

«Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ի տնօրենը Բորիս Հովհաննիսյանն է։ Նա նաև Սուքիասյաններին պատկանող «Սիլ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ է։

Բացի Արտակ Մելտոնյանից, «Միրելիս լիմիթիդ»-ում փայատեր է նաև Սեյշելներում գրանցված «Neltax Holding LTD.»-ն։ Ընկերությունը, արդեն նշել ենք, հիմնադրվել է 2016-ի հունիսին։

Neltax Holding LTD-ի միակ բաժնետերը Ռուսաստանի քաղաքացի Ալեքսեյ Սպիրիկովն (Спириков Алексей Константинович) է։  Ընկերությունն ուներ 100 000 բաժնետոմս, յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը՝ 1$:  

Ռուսական բաց աղբյուրներում Ավագյանների գործունեության մասին առկա տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ Սպիրիկովը Ավագյանների վստահված անձն է: Ըստ Ռուսաստանի ռեգիստրի տվյալների՝ Սպիրիկովը ներգրավված է եղել Ավագյանների 6 բիզնես ընկերություննում՝ որպես հիմնադիր կամ գլխավոր տնօրեն:

Սպիրիկովին պատկանող «Neltax Holding LTD.» ընկերությունը հիմնադրումից երկու ամիս անց՝ 2016 թվականի օգոստոսին Կիպրոսում գրանցել է «Vardi Invest LTD» («Վարդի ինվեստ ԼԹԴ») ընկերությունը։

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն (International Consortium of Investigative Journalists, ICIJ) ու դրա հետ համագործակցող լրատվամիջոցները, այդ թվում՝ «Հետքը», 2021-ի հոկտեմբերից հրապարակում են տարբեր օֆշորային գոտիներից արտահոսած փաստաթղթեր, որոնք ստացել են «Պանդորայի փաստաթղթեր» (Pandora Papers ) անվանումը:

Եվ ահա, ըստ Pandora Papers-ում առկա տվյալների, «Vardi Invest Ltd»-ն 2016-ի օգոստոսի 31-ին որոշել է իր մայր ընկերության՝ Neltax Holding LTD-ի միջոցով ձեռք բերել կառուցապատմամբ զբաղվող ռուսական ООО "Строитель" ընկերության 100%-ը: Ըստ Ռուսաստանի ռեգիստրի տվյալների՝ Սպիրիկովն ընկերության տնօրենն է եղել մինչեւ 2018-ի մայիսի 22-ը, իսկ մինչեւ 2021-ի հունիսի 17-ը եղել է ընկերության հիմնադիրներից մեկը:

Մինչև 2021-ի հունիսն ընկերության սեփականատեր է եղել նաև Արտակ Մելտոնյանը։

Սպիրիկովը նաև ռուսական «Шестой канал» ընկերության (Ռուսասատանի Դաշնության Վլադիմիր քաղաքի 6tv հեռուստաընկերություն) հիմնադիրը և գործադիր տնօրենն է եղել (2018-2020թթ․)։ Այժմ ընկերությունը պատկանում է Ավագյանների բարեկամ Արթուր Ավագյանին, որը ներգրավված է Հրաչ և Սերգեյ Ավագյաններին պատկանող այլ բիզնեսներում ևս։

Մեկ այլ ընկերության՝ ООО "Шестой канал-продакшн"-ի հիմնադիրներից մեկը և գլխավոր տնօրենը ևս եղել է Սպիրիկովը: Իսկ մինչեւ 05.02.2020-ը հիմնադիրների թվում էր նաեւ Սերգեյ Ավագյանը: Ընկերությունն այժմ լուծարված է: "Шестой канал-продакшн"-ը փոխկապակցված էր  «Шестой канал» ընկերությանը։

«Պանդորայի փաստաթղթեր»-ում առկա տվյալների՝ «Neltax Holding LTD»-ն 2018-ի հունվարի 18-ին համաձայնություն է տալիս իր դուստր ընկերությանը՝ Mirelis Limited-ին, ձեռք է բերել ռուսական «Յունիթի» ՍՊԸ-ի (ООО "ЮНИТИ"100 %-ը և «Դիալ» ՍՊԸ-ի ( ООО "Диал") 100%-ը: Ըստ ռուսական բաց աղբյուրների՝ այս ընկերությունները զբաղվում են անշարժ գույքի վարձույթով և կառավարմամբ։

Մելտոնյանը, Սպիրիկովը ու Ավագյաններն ներգրավված են մի քանի տասնյակ ընկերություններում՝ իրար փոխանցելով բաժնետոմսերը, կառավարումն ու ղեկավարումը։ Այդ ընկերությունների մի մասը լուծարված է։ 

Screen Shot 2024-03-16 at 10.56.44 AM.png (285 KB)

Այս շղթայի մի մասն է նաև 2019-ի հուլիսին Հայաստանում գրանցված «Գոլդ սիլվեր չեյն քամփնի» ՍՊԸ-ն։ Այստեղ տեսնում ենք նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը։ Ընկերությունը գրանցվել է Առինջ գյուղում` «Մուլտի Գոլդ» ՍՊԸ-ի հասցեում: Ընկերության բաժնետերերն էին՝ Գագիկ Ծառուկյանը (50%) և վերը նշված կիպրոսյան «Vardi Invest Ltd» ընկերությունը (50%)։ Հիմնադրումից երկու տարի անց Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել ընկերության բաժնետերերի ցանկից, և 50%-ն անցել է Էդգար Հարությունյանին։

«Գոլդ սիլվեր չեյն քամփն»-ին տարածք է վարձել Ծառուկյանին պատկանող «Մուլտի գոլդ»-ում և ոսկերչական արտադրանք թողարկել։ Հետագայում, երբ Ծառուկյանը դուրս է եկել այս ընկերությունից, նրա և Հրաչ Ավագյանի միջև վեճ է ծագել ընկերության գույքի վերաբերյալ։ «Թիվ 1 մեդիա»-ին տված հարցազրույցում Հրաչ Ավագյանն ասել է, որ Ծառուկյանը «Գոլդ սիլվեր չեյն քամփնի»-ի բաժնետերերի ցանկից դուրս գալուց հետո ընկերության մյուս բաժնետերերին թույլ չի տվել հումքը և գույքը հանել «Մուլտի գոլդ»-ից։

«Հետքի» հետ զրույցում այս հարցով Հրաչ Ավագյանի փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Ավագյանը և Ծառուկյանը, վերջիվերջո, համաձայնության են եկել (առանց դատական միջամտության), Ավագյանը գույքը հանել է «Մուտի գոլդ»-ից, և ընկերությունն այժմ աշխատում է։

Ի դեպ, «Գոլդ սիլվեր չեյն քամփնի» ընկերության ներկայիս տնօրեն Էդուարդ Ղազարյանը 2023-ի հունիս-դեկտեմբեր ամիսներին եղել է «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի տնօրենը։

Հատկանշական է, որ ըստ այս ընկերության իրական շահառուների հայտարարագրի՝ այս պահին ընկերության 50%-ի ուղիղ սեփականատերը Էդգար Հարությունյանն է, իսկ մյուս 50%-ինը՝ Մարգարիտա Ավագյանը, անուղղակի մասնակցությամբ։ Մարգարիտա Ավագյանը Սերգեյ Ավագյանի դուստրն է։ 2020-ի հունվարին Ծառուկյանին պատկանող «Մուլդի գոլդ»-ում բացվել է «Adamant»-ի տաղավարը, և Մարգարիտա Ավագյանը ներկայացել է որպես ռուսաստանյան «Adamant» ընկերության գլխավոր տնօրեն։

«Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն թերի է հայտնում իրական շահառուների ցանկը

«Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը հիմնադրման օրվանից գործունեություն է ծավալում «Սիլ կապիտալ» ՍՊԸ-ի կառավարման ներքո գործող «Երևան» տոնավաճառից վարձակալած տարածքում։ Ֆաբրիկան այժմ ներկայանում է Crown Jewellery բրենդով։

Ֆաբրիկայից «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնում են, որ գործունեության ողջ ընթացքում «Սիլ կապիտալ» ընկերությունը ֆաբրիկային աջակցություն է ցուցաբերում խորհրդատվական, իրավական և կազմակերպչական ոլորտներում, «քանի որ «Սիլ կապիտալ» ՍՊ ընկերության առաջնային նպատակն է Հայաստանի Հանրապետությունում նոր աշխատատեղերի ստեղծումը, տնտեսության առանձին ոլորտների զարգացումը, օտարերկրյա ներդրումների ծավալների մեծացմանը նպաստելուն ուղղված ճյուղերին գործուն աջակցությունը»։

Ինչ վերաբերում է «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ ռեգիստրային փաստաթղթերում մասնակիցների արտացոլմանը, ֆաբրիկայից նշում են, որ հայկական կողմից մասնակից է հանդիսանում ՀՀ քաղաքացի Լևոն Գագիկի Սարգսյանը, իսկ օտարերկրյա մասնակից է «Միրելիս Լիմիթիդ» ընկերությունը, որի մասնակից է Հրաչ Ավագյանի թոռնուհի Մարգարիտա Ավագյանը։

Այս ցանկում, սակայն, չեն նշում Արտակ Մելտոնյանի և Ալեքսեյ Սպիրիկովի անունները։ Իսկ Հրաչ Ավագյանի թոռնուհի Մարգարիտա Ավագյանի անունը հոդվածում նշված այս բոլոր ընկերությունների բաժնետերերի որևէ ցանկում չհանդիպեց։

Ոսկերչական իրերի արտահանումը ևս կտրուկ ավելացել է. գլխավոր արտահանողը «Երևանի ոսկերչական ֆաբրիկան» է

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ միայն 2023 թվականի վերջին երեք ամիսներին՝ հոկտեմբեր-դեկտեմբերին, Հայաստանից արտահանվել է 9591 կգ ոսկերչական արտադրանք (թանկարժեք մետաղներից, թանկարժեք մետաղներով երեսպատված կամ չերեսպատված)՝ մոտ 419 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ Սա՝ ընդամենը երեք ամսում։ Ընդ որում՝ մեծ մասն արտահանվել է նոյեմբերին ու դեկտեմբերին։

Ըստ արժեքի՝ արտահանված ոսկերչական իրերի 93%-ը (մոտ 391 մլն դոլար) արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ։

Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի նույն ժամանակաշրջանում Հայաստանից արտահանվել է ընդամենը 1290 կգ ոսկերչական իր, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 24 մլն դոլար։

Այդպիսով, 2023-ի չորրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, Հայաստանից արտահանված ոսկերչական իրերի քանակն աճել է 7 անգամ, իսկ արժեքը՝ մոտ 18 անգամ։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն երեք խոշոր արտահանողների ցանկում է։ ՊԵԿ-ը չի մանրամասնում, թե որ ընկերությունը որքան է արտահանել, սակայն, դատելով տվյալներից, որ արտադրանքի հիմնական մասը բաժին է ընկնում նշված ֆաբրիկային, այն նաև ամենախոշոր արտահանողն է։

Հատկանշական է, որ նույն ընթացքում՝ 2023 թվականի չորրորդ եռամսյակում, Հայաստան է ներմուծվել 13 561 կգ ոսկերչական արտադրանք, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 22 մլն դոլար։

Ըստ երկրների՝ ներմուծման վիճակագրությունը էլ ավելի հետաքրքիր է։ 2023-ի չորրորդ եռամսյակում Ռուսաստանից ներմուծվել է 13 284 կգ ոսկերչական իր, որի ընդհանուր արժեքը կազմել է ընդամենը 1.3 մլն դոլար (1 կգ-ը՝ 100 ԱՄՆ դոլար)։

Իսկ ԱՄէ-ից ներմուծվել է 161 կգ ոսկերչական իր՝ մոտ 17 մլն դոլար (1 կգ-ը՝ 103 հազ. դոլար)։

Ներմուծողների առաջին եռյակում կրկին «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն է, ինչպես նաև՝ «Ֆենսի ջուվելրի», «ՎՏՊ թրեյդ» ընկերությունները։

Սուրեն Պարսյան. «Մենք այդքան ոսկերչական իրեր արտադրելու ռեսուրս չունենք»

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատում է, որ Հայաստանում մեկ ամսում այդ ծավալի ոսկերչական իրեր արտադրելու ոչ միայն տեխնիկական ռեսուրսներ չկան՝ սարքավորումներ, այլև մարդկային աշխատուժ։

«Չունենք այդքան ռեսուրս, որ մեկ ամսում 14 անգամ ավելացրած լինենք արտադրության ծավալները։ Ըստ էության՝ ոչ թե այդքան ոսկերչական զարդեր կամ իրեր են արտադրվել, այլ ոսկու ներմուծված ձուլակտորներ են մասնատվել և Հայաստանից արտահանվել զարդերի անվան ներքո»,- կարծում է տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի տեղեկություններով՝ Հայաստանը ներմուծում է ռուսական ոսկի, որն արտահանվում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Հնդկաստան և այլն։

Իսկ թե ինչու այն ձուլակտորների տեսքով չի արտահանվում, գաղտնիքը պատժամիջոցներն են։ «Ռուսական ոսկին արևմտյան պատժամիջոցների տակ է, և դրանց գնորդները ևս կհայտնվեն պատժամիջոցների տակ։ Իսկ զարդերի արտահանումն արդեն պատժամիջոցների տակ չէ»,- ասում է Պարսյանը։

Այս ամենը, ըստ տնտեսագետի, Հայաստանի տնտեսությունն ապահովում է փողի շրջանառությամբ։ Շահում են, մասնավորապես, դրանում ներգրավված ընկերությունները։

Այսպիսով, Հայաստանում ոսկերչական իրերի շուկայում հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ կասկածելի զարգացումներ են տեղի ունենում։ Արտադրողը ցույց է տալիս մեծ քանակի արտադրություն, որը, ըստ մասնագետների, հնարավոր չէ ապահովել հայաստանյան ռեսուրսներով։

Բացի այն, որ արտադրության և արտահանման տվյալները մի շարք հարցեր են առաջացնում, այդ ամենը նաև տնտեսական աճի վիճակագրական պատկերն է խաթարում։

Ոսկերչական իրերի այս մեծ արտադրությունը «նպաստում է» արդյունաբերության բարձր աճին, դա էլ իր հերթին՝ տնտեսական աճին։

Սակայն, եթե դա իրականում հայկական արտադրություն չէ, այլ ներմուծված և վերաարտահանված ապրանք (ինչը պարզելն արդեն տնտեսական ոլորտի գերատեսչությունների և իրավապահների անելիքն է), վիճակագրական «խաբկանք» է տեղի ունենում, որի հետեւանքով նաև տնտեսական աճի կեղծ ցուցանիշներ են արձանագրվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter