HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Սա բացահայտ ցինիզմ է և ապաշնորհ կառավարում». Մանուկ Սուքիասյանը՝ տրանսպորտի թանկացման մասին

Երևանի ավագանին այսօր քննարկում է տրանսպորտի թանկացման հարցը։ Խմբակցության ղեկավարների ելույթների ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները միասին մոտեցան ամբիոնին՝ իրենց բողոքի ակցիան իրականացնելով։

Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ իշխանությունը որոշել է լրացուցիչ ֆինանսական բեռ դնել երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի վրա։

«Քաղաքային տրանսպորտից օգտվելու գինը շեշտակի թանկանում է՝ հասնելով մինչև 300 դրամի։ Պատճառաբանությունն ու հիմնավորումը հետևյալն է՝ նոր ավտոբուսներ ենք բերել և ստվերի դեմ չենք կարողանում պայքարել։ Պետք է գները բարձրացնենք, որ տասը տարի հետո նոր ավտոբուսներ առնենք։ Սա բացահայտ ցինիզմ է և ապաշնորհ կառավարում։ Այսուհետ տրանսպորտային ծառայության ծախսը մեկ հոգու հաշվարկով կազմում է 130 դրամ, որիվ 100-ը վճարում է քաղաքացին, 30-ը՝ բյուջեից է։ Իրենք այլ թիվ են ներկայացնում, ասում են՝ տրանսպորտի ինքնարժեքը 200-230 է, սակայն սրա հիմնավորումը չեն տալիս, մինչդեռ պաշտոնական թվերով հիմնավորում են, որ տարեկան առնվազն 5 մլրդ դրամի ստվեր կա»,- ասաց Սուքիասյանը։

Ըստ նրա՝ «Մայր Հայաստանը» ներկայացրել էր նախագիծ, որի համաձայն՝ տրանսպորտի գինը պետք է մնա 100 դրամ, իսկ հաճախակի տրանսպորտից օգտվողների համար կարող է ավելի ցածր լինել։

«Վերացրեք ստվերը, միջոցներ կգտնվեն, կամ չեն ուզում կամ չեն կարողանում վերացնել, ապաշնորհ են կառավարում։ Եթե չեք կարողանում կառավարել, հեռացեք, ձեր փոխարեն կգան մարդիկ, ովքեր կառավարման միակ գործիքը չեն դիտարկի թանկացումները»,- եզրափակեց խմբակցության ղեկավարը։

Սուքիասյանի հավաստմամբ՝ խմբակցությունը դեմ է տրանսպորտի թանկացմանը և չի մասնակցելու նախագծի քվեարկությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter