HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Եվրախորհրդարանն ընդունել է արհեստական բանականության կարգավորման մասին առաջին օրենքը

Եվրախորհրդարանն այսօր՝ մարտի 13-ին, հավանություն է տվել արհեստական բանականությունը կարգավորող առաջին համապարփակ օրենքին։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։

«Արհեստական բանականությունն արդեն մեր առօրյայի մեծ մասն է կազմում: Հիմա դա նաև մեր օրենսդրության մաս է լինելու»,- գրել է Եվրախորհրդարանի ղեկավարը։

Կանոնակարգը Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից ընդունվել է 523 կողմ, 46 դեմ և 49 ձեռնպահ ձայներով։ Այն անդամ երկրների հետ համաձայնեցվել էր 2023 թվականի դեկտեմբերին։

Ըստ Եվրախորհրդարանի պաշտոնական հրապարակման՝ կանոնակարգը արհեստական բանականության համար պարտավորություններ է սահմանում՝ հաշվի առնելով դրա հնարավոր ռիսկերն ու ազդեցությանը մակարդակը:

Նոր կանոններն արգելում են արհեստական բանականության որոշ հավելվածների կիրառումը, որոնք սպառնում են քաղաքացիների իրավունքներին, օրինակ՝ համացանցն ու տեսախցիկների տեսագրություններն օգտագործելը՝ դեմքի ճանաչման տվյալների բազա ստեղծելու համար։

Չնայած կենսաչափական նույնականացման համակարգերի օգտագործումը սկզբունքորեն արգելված է նաև իրավապահ մարմինների համար՝ որոշ բացառություններ կան, եթե կիրառումը խիստ անհարժեշտ է, օրինակ, անհայտ կորած անձին որոնելու կամ ահաբեկչություն կանխելու համար: 

Նոր օրենքով կարգավորվելու է նաև տեխնոլոգիաների կիրառման թափանցիկությունը։ Արհեստական ​​կամ փոփոխությունների ենթարկված պատկերները, աուդիո կամ վիդեո բովանդակությունը (deepfakes) պետք է հստակ պիտակ ունենան, որը դիտողին կհուշի, որ կիրառվել է արհեստական բանականություն։

Երեքշաբթի կայացած բանավեճի ընթացքում Ներքին շուկայի հանձնաժողովի համազեկուցող Բրանդո Բենիֆեյը (S&D, Իտալիա) ասել էր՝ օրենքի ընդունումով Եվրախորհրդարանը երաշխավորում է, որ արհեստական բանականության զարգացման կենտրոնում մարդն է և եվրոպական արժեքները։ 

«Մենք վերջապես ունենք արհեստական բանկանության մասին աշխարհում առաջին օրենքը, որը նվազեցնում է ռիսկերը, ստեղծում հնարավորություններ, պայքարում է խտրականության դեմ և ապահովում թափանցիկություն: Խորհրդարանի շնորհիվ Եվրոպայում կարգելվի արհեստական բանականության անընդունելի պրակտիկան, և աշխատողների ու քաղաքացիների իրավունքները պաշտպանված կլինեն»,- ասել է Բենիֆեյը:

Կանոնակարգը ենթակա է վերջնական հաստատման։ Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց 20 օր հետո և ամբողջությամբ կկիրառվի ուժի մեջ մտնելուց 24 ամիս անց։

Գլխավոր նկարը՝ Alexander/Adobe Stock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter