HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ժամանակավոր վրանային կառույց` գերակա շահ հռչակված տարածքը պարապուրդի չմատնելու համար

«Հարսանյաց տուն են կառուցում, ասում են` առաջին հարսանիքն էլ պիտի Ռուբեն Վարդանյանի տղայի հարսանիքը լինի էդտեղ»: Սա այն ամենատարածված խոսակցությունն էր, որ պտտվում էր Հալիձորում` կապված գյուղի վերեւում, ճոպանուղու հարեւանությամբ գերակա շահ հռչակված հողատարածքում սկսված շինարարության հետ: Հետաքրքիրն այն էր, որ հալիձորցիների մի մասի մոտ էլ տպավորություն էր ստեղծվել, որ շուկա է կառուցվում:

Նման խոսակցություն տարածողները, հավանաբար չգիտեն, որ մոսկվայաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանը, ում ներդրած գումարներով կառուցվել է ճոպանուղին, ամուսնանալու տարիքի տղա չունի: Իսկ կառուցվելիքն էլ ոչ թե հիմանական շինություն է, որ գյուղացիները կոչել էին «Հարսանյաց տուն», այլ համայնքային նշանակության հանդիսությունների եւ միջոցառումների համար նախատեսված ժամանակավոր վրանային կառույց:

Ներկայումս 800 քմ տարածքի վրա ընթանում են բետոնապատման աշխատանքներ: «Տաթեւի դարպասներ» նախագծի Մարքեթինգի դեպարտամենտի տնօրեն Զարմինե Զեյթունցյանի փոխանցմամբ, աշխատանքները կավարտվեն հուլիսի վերջին: Վրանի հիմնակմախքը կազմված է մետաղական հավաքովի կոնստրուկցիաներից, իսկ ծածկը` ճկուն, անջրաթափանց պոլիվինիլքլորիդային նյութից: Դա թույլ կտա համայնքային միջոցառումներ, համերգներ, երեկույթներ կազմակերպել տարբեր եղանակային պայմաններում:

Հարցին, թե ինչու շինարարական հրապարակի մուտքի մոտ տեղադրված չէ ցուցատախտակ, որ կտեղեկացներ կառուցվելիք շինության սկզբի ու ավարտի, ինչպես նաեւ նշանակության մասին, դեպարտամենտից ստացված պատասխանում շեշտվել է վերջինիս ժամանակավոր լինելու հանգամանքը: «Այժմ հյուրանոցային համալիրի տարածքում կանաչապատման աշխատանքներ են տարվում, իսկ քանի որ դա ավելի երկարատեւ գործընթաց է, քան բուն շինարարական աշխատանքները, տարածքի օգտագործումը համայնքային կենտրոն դարձնելու համար համարել ենք ավելի նպատակահարմար»,-նշել էր Զարմինե Զեյթունցյանը:

Գյուղի բնակիչներից միայն Արկադի Գեւորգյանին է, որ տարածքում սկսված շինարարությունը ոչ ուրախացրել է, ոչ էլ տխրեցրել: Արկադին այն 12 հալիձորցիներից մեկն է, ով 3 տարի առաջ պետական հանրային գերակա շահ հռչակված իր հողատարածքը հրաժարվել էր վաճառել «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոն հայտարարված տարածքում շինարարություն իրականացնող «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ին:

Ընտանիքի հայրը` Ավագ Գեւորգյանը եւ եւս 5 հոգի ընտանիքի անդամներից նշված տարածքում հողաբաժին ունեն: Անհամաձայնությունը 1 քմ-ի համար նշանակված գնի շուրջ` հալիձորցիներին եւ գնորդ կազմակերպությանը հասցրել էր դատարան: 2009 թ.-ից սկսված դատական քաշքշուկը դեռ շարունակվում է: Երեք տարի է` Գեւորգյաններն իրենց պատկանող հողատարածքը, որ գնահատվել է մոտ 2 մլն դրամ, չեն կարողանում մշակել: «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ն էլ իր հերթին չի կարողանում լիարժեք տեր ու տնօրինություն անել այնտեղ: 11 հողատերերից 3-ը չեն համաձայնել վերցնել դեպոզիտային հաշվին փոխանցված գումարը, որով գործարքը կհամարվեր վավեր, բացի այդ, հրաժարվել են կազմակերպությանը հանձնել հողի սեփականության վկայականները:

Խնդրի հետ կապված Ավագ Գեւորգյանին առաջին անգամ հանդիպել էի 2010 թ.-ի սեպտեմբերին Հալիձորում: Այն ժամանակ Արկադին Մոսկվայում էր, մեկնել էր արտագնա աշխատանքի, քանի որ, ըստ Ավագի, իրենք զրկվել էին եկամուտի հիմնական միջոցից, իսկ ապրելու համար պետք էր աշխատել: 2012 թ.-ի հուլիսին տանտիրոջ փոխարեն զրույցն ընթացավ ավագ որդու` Արկադիի հետ:

«Մեր տանը հերթափոխ է տեղի ունեցել,-ծիծաղելով տեղեկացրեց Արկադին,-հիմի էլ հայրս է մեկնել Մոսկվա աշխատանքի, ես վերադարձել եմ: Փոքր եղբայրս էլ է այնտեղ, շինարարությունում են աշխատում»:

Արկադին պատմեց, որ «Մոսկվայի ճամփեն բռնել են», երբ զրկվել են իրենց պատկանող ամենաբերրի հողատարածքներից: «Մենք հիմանականում ցորեն էինք ցանում սերմացուի համար: Սաղ գյուղն էլ գիտեր, որ լավ բերք էինք ստանում, 10 տոննա ցորեն էինք հավաքում: Բոլորն էլ մեզնից էին սերմացու առնում: Իսկ երբ գերակա շահը հանեցին, հողերը վերցրեցին, մնացինք անկոպեկ: Տունն ինչքան ոսկեղեն կար ծախել ենք, անասուն ենք ծախել, մի կով ենք պահել, որ երեխեքը կաթ-մածնից չկտրվեն: Անգամ նպաստ չենք ստանում էրեխեքի համար: Մենք հողը չենք տվել, դրա համար էլ չենք ստանում»,-նշեց Արկադին:

«Մեզ ամեն ինչից զրկել են, կարելի է ասել, դաժե չեն թողել, որ տղաներս գնան ճոպանուղու շինարարության ժամանակ աշխատեն, հենց իմացել են ում տղաներն են եւ որ մենք հողը չենք վաճառել,-տղայի խոսքը շարունակեց մայրը` Արշալույս Մինասյանը,-մենակ էս վերջերս, որ կայանի տարածքում քարով սալիկապատում էին անում, Ավագի սիսիանցի ընկերն իրա բրիգադի մեջ տղաներիս տարավ, մի շաբաթ մեծս աշխատեց, 2 շաբաթ էլ փոքրս»:

Արկադին չգիտի այս պահին ընթացող շինարարական աշխատանքներն իրենց պատկանող հողատարածքում է ծավալվում, թե ոչ: Մտածում է` գնա չափի, միայն թե սահման հանդիսացող բոլոր քարակտորները տեղաշարժված են, կդժվարանա ճիշտ չափումներ անել: «Թող սարքեն, ես կսպասեմ, մեկա էդ փողը մենք վերցնողը չենք, ես էլ իրանց սեփականության վկայական տվողը չեմ: Կսպասենք, մինչեւ Եվրադատարանից պատասխան գա: 90 տարի է հայերը սպասում են թուրքերի պատասխանին, ես ընդամենը 3 տարի եմ սպասելու, կարողա ավելի քիչ էլ»,-հավելեց հալիձորցի Արկադին:

Հիշեցնենք, որ պետական կարիքների համար գերակա շահ հռչակված 11 հա-ի վրա կառուցվելու է հյուրանոցային համալիր, բիզնես կենտրոն, ձիարշավարան, քոթեջներ, թենիսի կորտեր, փակ լողավազան, մարզասրահ, ռեստորան եւ այլն: «Պետական եւ հասարակական կարիքների համար տարածքի օտարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` եթե օտարված տարածքում նոր սեփականատերը երկու տարվա ընթացքում չի սկսում այն ծրագրի իրականացումը, որի համար օտարվել է տարածքը, ապա նա կորցնում է իր իրավունքը, եւ հողը վերադարձվում է նախկին տիրոջը։

2011թ-ի նոյեմբերին, «Հետքի» հարցմանն ի պատասխան «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Ղազարյանը, ով միաժամանակ ճոպանուղու կառավարիչն է, արել էր հետեւյալ հայտարարությունը. «Մենք հետեւում ենք մեր ծրագրերի ժամանակացույցին եւ այն իրագործում ենք հերթականությամբ` նախ ճոպանուղին էր, այս տարի շահագործման հանձնեցինք սպասասրահը, հաջորդ տարի կկառուցենք հյուրանոցային համալիրը»:

Հավաստիացումները, թե գարնանը կսկսվեն շինարարական աշխատանքները, մեղմ ասած` բավական հեռու են իրականությունից: Դրա փոխարեն արվել է ծառատունկ եւ հիմա էլ ժամանակավոր վրանային կառույց է տեղադրվելու` գերակա շահ հռչակված տարածքը պարապուրդի չմատնելու համար: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այսպես կոչված «Տաթևերը» Սյունիքի ԹՇՆԱՄԻՆ է: Այն օլիգարխային ԲԼԵՖ է և ոչ մի կապ չունի Սյունիքում տուրիզմի ցարգացման հետ: Դրա համար եմ ես ԶԶՎՈՒՄ գնալ «Տաթևեր»: Օլիգարխների ՊԻՂԾ ու ՉԱՐ ոտը հասել է արդեն Սյունիք: ԽԵՂՃ Սյունեցի` ՀԱՆՔԱՅԻՆ ՄԱՖԻԱՅԻ ու ՕԼԻԳԱՐԽԱՅԻՆ ԲԼԵՖՆԵՐԻ արանքում բռնված: Սյունիքի ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ Երևանից ԱԶԱՏԱԳՐՎԵԼՆ է- սրանում համոզված եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter