HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող բովանդակությունը հանրային մուլտիպլեքսում առաջարկվում է ցուցադրել ժամային սահմանափակմամբ

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-06:00-ն: Առաջարկվում է այդ շարքում ավելացնել նաեւ քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներն առաջարկում են ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Արթուր Հովհաննիսյանը: Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Պարզաբանելով «քրեական ենթամշակույթի քարոզ» սահմանումը` Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ դա քրեական ենթամշակույթի ռոմանտիզացված կերպարների տարածումն ապահովելն է տեսալսողական մեդիայի միջոցով:

Պատգամավորը հավելել է, որ հաշվի են առնվել նաեւ ՀՌՀ գործընկերների ներկայացրած հիմնավորումներն ու առկա չափորոշիչները:

«Քրեական օրենսգրքում առկա գործողությունները քարոզելը հանրային մուլտիպլեքսում ցերեկային ժամերին ճիշտ չէ եւ բացասական ազդեցություն է ունենում հասարակական հարաբերությունների վրա»,- փաստել է օրինագծի համահեղինակն ու խոսել հատկապես դեռահասների վրա այդ տեսարանների բացասական ազդեցության մասին:

Հարակից զեկույցում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ Կառավարության մտավախությունը լուծումների մեթոդաբանությանն է առավել վերաբերում: Նշելով, որ գործադիրը դրական է եզրակացություն է տվել նախաձեռնությանը` նախարարն առաջարկել է ընդլայնված քննարկումներ կազմակերպել եւ ոլորտային խնդիրների կարգավորման առավել համակարգային լուծումներ գտնել:

Ընդգծվել է, որ արդի տեխնոլոգիական զարգացման ժամանակաշրջանում, երբ համացանցը եւ կաբելային հեռուստատեսությունը լայն հասանելիություն են ապահովում, հատվածական լուծումները կարող են այդքան էլ արդյունավետ չլինել:

Հարակից զեկույցում պատգամավոր Հասմիկ Հակոբյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: Նա կարեւորել է նման սահմանափակումները հատկապես դեռահասներին հանրային հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունեցող տեսարաններից զերծ պահելու տեսանկյունից:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին», «Կրթության մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter