HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կզսպի՞ Էթիկայի հանձնաժողովը գործարար պատգամավորներին

ԱԺ-ում արդեն գործում է էթիկայի հանձնաժողովը, որն ըստ էության պատգամավորներին զսպելու մեխանիզմ պետք է դառնա: Էթիկայի կանոնների խախտման դեպքում պատգամավորները կարող են ենթարկվել նաև վարչական կամ քրեական պատասխանատվության:

«Ինչո՞ւ շարքային քաղաքացին ուրիշի փոխարեն ընտրելու կամ այլ ընտրակեղծիքների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, իսկ ժողովրդի ընտրյալները մեկը մյուսի փոխարեն քվեարկելու համար` ոչ»,- այսպիսի կարծիք հայտնեց Էթիկայի հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Մյուս խմբակցություններն ունեն մեկական ներկայացուցիչ անդամներ. ՀՀԿ-ն` Դավիթ Հարությունյան, ով ստանձնել է հանձնաժողովի նախագահի իրավասությունները, ՀԱԿ-ը` Նիկոլ Փաշինյան, փոխնախագահ, ՕԵԿ-ը` Հովհաննես Մարգարյան, ԲՀԿ-ն` Մերուժան Սիմոնյան, «Ժառանգությունը»` Զարուհի Փոստանջյան:

Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիսի ժամանակ հույս հայտնեց, որ գոնե այս կերպ բիզնեսի և քաղաքականության տարանջատում կլինի:

Նորաստեղծ հանձնաժողովի կանոնների համաձայն` պատգամավորը պետք է նախապես տեղյակ պահի և հրաժարվի կողմ քվեարկել օրենքի այն նախագծերին, որոնք կվերաբերեն այս կամ այն բիզնեսին, որոնք պատկանում են իրեն կամ իր` մինչև երկրոդ աստիճան արյունակից բարեկամներին, որպեսզի շահերի բախում չլինի: Բիզնեսով զբաղվել է համարվում պատգամավորի կամ նրա անմիջական հարազատի` որևէ կազմակերպության բաժնետիրական խորհրդի անդամ լինելը: Նույնիսկ այն դեպքերում, երբ պատգամավորը զբաղվում է ստեղծագործական կամ գիտական աշխատանքով, նա կարող է դիմել էթիկայի հանձնաժողովին` պարզելու համար, թե իր այդ գործունեությունն ինչ աղերս ունի բիզնեսի հետ:

Մինասյանի դիտարկմամբ, սա բավականին քաղաքակիրթ բան է մեզ համար և դեռ պետք է իր կենսունակությունն ապացուցի պրակտիկայում: Այս հարցում մեծ է լինելու նաև լրագրողների դերակատարությունը, ովքեր, տիրապետելով բավականաչափ ինֆորմացիայի, կարող են օգնել հանձնաժողովի գործունեության իրականացմանը:

Ի դեպ, էթիկայի հանձնաժողովին որևէ պատգամավորի վարքագծի վերաբերյալ դիմում կարող են ներկայացնել ոչ միայն իրավաբանական և ֆիզիկական անձինք, այլև օտարերկյա քաղաքացիները:

Հանրապետության նախագահը ստեղծել է նաև Բարձրագույն էթիկայի հանձնաժողով, որը կոչված է վերահսկելու նախարարների վարքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter