HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

 Պատանի Տրյուֆոն ու կինոն

«Օրական երեք ֆիլմ դիտել, շաբաթական երեք գիրք կարդալ»,- այսպիսին էր 14-ամյա պատանու՝ ապագա աշխարհահռչակ ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի ինքն իր համար մշակած կարգացուցակը։ 

Մինչև տասը տարեկանը Ֆրանսուա Տրյուֆոյին խնամել է տատը, որը մեծ ազդեցություն է թողել ապագա հեղափոխական ռեժիսորի վրա։ Նրա շնորհիվ վաղ հասակից ռեժիսորը ծանոթացել է դասական երաժշտությանը, գեղարվեստական գրքերին։ Խնամակալի մահից հետո Ֆրանսուան  տեղափոխվել է մոր և խորթ հոր տուն, որտեղ իրեն միշտ ավելորդ է զգացել։ Սենյակ չունենալով՝ Ֆրանսուան ստիպված էր քնել միջանցքում։ Տանը քիչ լինելու համար, նա ժամերով թափառում էր Փարիզի փողոցներով։ Ճակատագրական է դառնում Ֆրանսուայի այցը կինոթատրոն. Աբել Գանսի «Կորուսյալ դրախտ» ֆիլմի դիտումից հետո նա մեկընդմիշտ սիրահարվում է կինոյին։ Պատանի Տրյուֆոն դպրոցից ավելի հաճախ սկսում է այցելել կինոթատրոն։

Տարիներ անց իր պատանեկության հիշողությունները լինելու են 27-ամյա ռեժիսորի առաջին  լիամետրաժ  ֆիլմի՝ «400 հարված»-ի սցենարի հիմքում։ Դերասանական անմիջական խաղը (շատ դեպքերում իմպրովիզացիա) հերոսի հետ թեթևությամբ այս ու այն կողմ շրջող տեսախցիկը և առօրեական, նոր անկյունից ներկայացվող Փարիզը հանդիսատեսի վրա թողնում են ցնցող տպավորություն: Դեբյուտային Ֆիլմը արժանանում է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին, իսկ ֆիլմի գլխավոր հերոսը պատանի Անտուան Դուանելը (դերակատար՝ ժան Պիեր Լեո) դառնում է վաթսունականների, ֆրանսիական նոր ալիք կինոշարժման գլխավոր խորհրդանիշներից մեկը։

Ֆրանսուա Տրյուֆոյի «400 հարված» ֆիլմը կցուցադրվի Երևանում, մարտի 26 -ին ժամը 19:00-ին, Ազգային գրադարանի Մեծ դահլիճում։ Մուտքն ազատ է։

Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ Ազգային գրադարանում կազմակերպում է կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter