HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանրապետությունում ավելացել են հանցագործության դեպքերը, նվազել՝ դրանց բացահայտումը

Գլխավոր դատախազությունը հրապարակել է 2023թ․ իր գործունեության մասին տարեկան հաղորդումը։ Արձանագրվել է, որ Հանրապետությունում հանցագործության դեպքերն ավելացել են 8.1%-ով, նվազել՝ դրանց բացահայտումը։

Ըստ հաղորդման՝ 2023թ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 40 հազ. 666 դեպք` նախորդ տարվա 37 հազ. 612-ի համեմատ։ Նշված դեպքերից մոտ կեսը՝ 20 հազ. 231-ը, արձանագրվել է Երևան քաղաքում։

2023թ․ 5.9%-ով նվազել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվը: Միաժամանակ, աճել են միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Կատարվել է 546 առանձնապես ծանր հանցագործության դեպք՝ 2022թ․-ի 396 դեպքի համեմատ։

Հանցագործության 40 հազ. 666 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 80.9%-ը, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները: Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմում են 4.1%՝ 2022թ․ 2.3%-ի համեմատ, իսկ ծանր հանցագործությունները՝ 15%՝ նախորդ տարվա 13.5%-ի համեմատ։

Դատախազության հաղորդմամբ՝ 2013-2023թթ․ հանցավորության կառուցվածքը վկայում է, որ ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռն արտահայտող միջին տարեկան տոկոսային ցուցանիշը 17.4% է: Մինչդեռ, 2023թ․ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների 19.1%-ը: Վերջին 10 տարվա ընթացքում նշված ցուցանիշից ավելի բարձր ցուցանիշ արձանագրվել է 2014թ․՝ 19.9% և 2015թ․՝ 20%:

Կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության դեպքերն աճել են 152.9%-ով, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների դեպքերը՝ 81.5%-ով, մարդկանց թրաֆիքինգի դեպքերը՝ 137.5%-ով:

2023թ․-ին 17.9%-ով նվազել են սեփականության և 270 %-ով՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։ Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում կողոպուտի դեպքերը նվազել են 3-ով կամ 2%-ով, գողության դեպքերը՝ 2986-ով կամ 30.3%-ով, ընդ որում՝ բնակարանային գողությունների դեպքերը՝ 262-ով կամ 22.8%-ով, վստահված գույքի հափշտակության դեպքերը՝ 7-ով կամ 1.7%-ով:

Նվազումը պայմանավորված է, ի թիվս այլնի, նոր Քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հանգամանքով, որի արդյունքում սեփականության դեմ ուղղված որոշ հանցատեսակներ, օրինակ՝ գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, ապաքրեականացվել են։

27 դեպքով կամ 40.3%-ով ավելացել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերը:

Սպանության դեպքերի թիվը, առանց հանկարծամահության դեպքերի թվի, 2023թ․ կազմել է 55՝ նախորդ տարվա 58-ի դիմաց, այսինքն՝ 3-ով կամ 5.2%-ով պակաս։ Հանրապետությունում արձանագրված սպանության 55 դեպքից 42-ը բացահայտվել է, չի բացահայտվել 13-ը, որոնցից 7-ը վերաբերում է անձի անհետ կորելու փաստին։

Աճել են նաև խարդախության դեպքերը 493-ով կամ 24.9 %-ով, համակարգչային հափշտակության դեպքերը՝ 169-ով կամ 36.7 %-ով։

Դատախազության դիտարկմամբ՝ խարդախությամբ անձնական գույքի հափշտակության դեպքերի աճը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ:

Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց՝ 2023թ․-ին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի նվազում: 2022թ․ համեմատ՝ 2023թ․-ին բացահայտման ցուցանիշը նվազել է 14.6%-ով: Նվազել է ինչպես միջին ծանրության, այնպես էլ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter