HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանքերի շահագործում՝ գյուղնշանակության հողատարածքներում

Արմավիրի մարզում արձանագրվել է ընդերքօգտագործման բնագավառում հողամասերի ոչ նպատակային և արդյունավետ օգտագործման դեպքերի ավելացում: Այսօր մարզխորհրդի նիստի ժամանակ հայտարարվեց, որ հայտնի են նաև դեպքեր, երբ ձկնաբուծարան կառուցելու նպատակով իրականացվել է հողամասի նպատակային նշանակության փոփոխություն, սակայն հետագայում տարածքն օգտագործվել է ավազահանման նպատակով:

Արմավիրի մարզում հաշվառված է 34 հանքավայր, որից ներկա պահին փաստացի շահագործվում են թվով 16 հանքավայրեր: Այդ հանքավայրերից 8-ից արտահանում են ավազ, 3-ից՝ քար, իսկ 5-ից՝ բազալտ:

Պարզվել է, որ այս բնագավառում օրինախախտումները հիմնականում կապված են հողի ոչ նպատակային նշանակությամբ օգտագործման և իրենց հատկացված տարածքից դուրս հանքարդյունահանման հետ։

Մասնավորապես՝ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Խորեն Սարուխանյանը հայտնեց, որ «ՕՍՏ Շին» ՍՊԸ–ն Մերձավան բնակավայրում տնօրինում է 3 հա հողատարածք, որից 1,28 հա գյուղատնտեսական նշանակության է, «Էջմիածնի շինանյութեր» ԲԲԸ–ն Մերձավան բնակավայրում տնօրինում է 18 հա հողատարածք, որից 14,3 հա այլ հողատարածք է, իսկ «Տնաշին Աշոտ» ՍՊԸ–ի կողմից Արևադաշտ բնակավայրում տնօրինվող 8,48 հա հողատարածքի կեսից ավելին՝ 6,83 հա գյուղնշանակության է։

Նշենք, որ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «ՕՍՏ Շին» ՍՊԸ–ն հիմնադրվել է 2007թ-ին և իրականացնում է շինարարական գործունեություն: Այժմ ընկերության միակ սեփականատերը Սևակ Օխանյանն է: Ընկերությունը «Օստ Գրուպ»-ի մաս է կազմում: Վերջինիս կազմի մեջ մտած ընկերությունները զբաղվում են շինարարական, հանքարդյունաբերական, արևային էներգիայի, գյուղատնտեսական աշխատանքերով:

«Էջմիածնի շինանյութեր» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1995թ-ին: Ընկերությունը շահագործում է Մերձավանի բազալտի հանքավայրը: Իսկ «Տնաշին Աշոտ» ՍՊԸ-ն հանքարդյունաբերությամբ զբաղվում է ոչ միայն Արմավիրի մարզում, այլև Արագածոտնում:

Խորեն Սարուխանյանի փոխանցմամբ՝ օրինախախտումների կանխման ուղղությամբ միջոցներ իրականացնելիս անհրաժեշտ է սերտորեն համագործակցել ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային ինչպես նաև վերահսկողություն իրականացնող այլ մարմինների հետ, առավել արդյունավետ օգտագործել այդ մարմիններից ստացվող տեղեկատվությունը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզը ունի գյուղատնտեսական ուղվածություն, իսկ ընդերքի օգտագործման դեպքերի գերակշռող մասը արձանագրվել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա, ինչպես նաև ընդերքի օգտագործման նպատակով շրջակա միջավայրին հասցվող վնասների վերականգնումը դառնում է գրեթե անհնար»,-ասում է Խ. Սարուխանյանը։

Նա համայնքի ղեկավարներին առաջարկեց առաջնորդվել իրավական ակտերի պահանջներով և բացառել առանց հողի օգտագործման պայմանագրի կամ առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու իրականացնել ընդերքօգտագործման աշխատանքներ: Բացի այդ՝ նախքան ընդերքի օգտագործման նպատակով հանրային լսումներ կազմակերպելը և դրական եզրակացություն տալը, բազմակողմանի ուսումնասիրել ընդերքի օգտագործման առաջարկությունը, դրսևորել խորքային և մասնագիտական մոտեցում՝ առաջնորդվելով բացառապես հողերի արդյունավետ օգտագործման և հանրային նպատակահարմարության առաջնահերթությամբ:

«Հողային պաշարների օգտագործման ու պահպանման խնդիրները արդյունավետ և լիարժեք լուծելու համար տեղական ինքնակառավարման մարմինները պետք է պատշաճ վերահսկողություն իրականացնեն հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման, հողամասերը ըստ նպատակային և գործառնական նշանակության օգտագործելու, հողօգտագործման սահմանների և սահմանանիշերի պահպանման նկատմամբ»,- հավելեց Խորեն Սարուխանյանը։

Մարզպետարանի պաշտոնյան հայտնեց նաև, որ վերջին հինգ տարում Արմավիրի մարզպետի աշխատակազմ է ներկայացվել ընդերքի օգտագործման նպատակով ընդհանուր 31.42 հա հողամասի նպատակային նշանակության փոփոխության առաջարկություն, որից 11.65 հա-ի մասով տրվել է դրական եզրակացություն (ավազի արդյունահանում):

Լուսանկարը՝ արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter