HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԿԿՀ-ն Վայքի համայնքապետի լիազորությունների դադարեցման հարցով դիմել է ավագանուն, բայց ավագանին այդպիսի հարց չի դիտարկել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի լիազորությունների դադարեցման հարցը քննության առնելու նպատակով դիմել է Վայքի ավագանուն, սակայն ավագանին ԿԿՀ-ին տեղեկացրել է, թե համայնքի ղեկավարի կողմից անհամատեղելիության պահանջի խախտում չի արձանագրել, ուստի համայնքապետի լիազորությունների դադարեցման հարց չի քննարկում։ Այս մասին հայտնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Նշենք, որ այս գործընթացը սկսելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիմք է ընդունել «Հետքի» «Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ» վերնագրով հոդվածը։ Հիշեցնենք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ին «Հետքը» գրել էր, որ Վայքի ՔՊ-ական համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը 2022 թվականի ընթացքում 4 պայմանագիր է կնքել իր կնոջը պատկանող՝ «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել էր 537 միլիոն դրամ, և այդ գումարի դիմաց ընկերությունը պարտավորվել էր Վայք համայնքի բնակավայրերում տարբեր տեսակի շինարարական աշխատանքներ կատարել։ Ընդ որում՝ մինչև համայնքի ղեկավար ընտրվելը (2021թ․ դեկտեմբերի 5-ին), հենց Մխիթար Մաթևոսյանն է եղել այդ ընկերության միակ սեփականատերը։

Այս հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն վարույթ էր հարուցել Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի նկատմամբ՝ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման և վերջինիս գործողություններում շահերի բախման իրավիճակի առկայության հիմքով։

Վարույթի արդյունքում հանձնաժողովը եզրակացրել է Մխիթար Մաթևոսյանի կողմից անհամատեղելիության պահանջների բովանդակային խախտման, ինչպես նաև շահերի բախման իրավիճակի առկայության մասին։

2024 թվականի մարտի 13-ին ԿԿՀ-ն անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի լիազորությունների դադարեցման հարցը քննության առնելու նպատակով դիմել է Վայքի հավագանուն։ Ավագանին մարտի 20-ին տեղեկացրել է, որ համայնքի ղեկավարի կողմից անհամատեղելիության պահանջի խախտում չի արձանագրել, ուստի Մխիթար Մաթևոսյանի՝ համայնքի ղեկավարի պաշտոնեական լիազորությունների դադարեցման հարց չի դիտարկում։

ԿԿՀ-ն ընդգծել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է, սակայն նույնիսկ հանձնաժողովի երզակացության առկայության պարագայում Մխիթար Մաթևոսյանը շարունակում է պաշտոնավարել Վայքի համայնքապետի պաշտոնում։

Միևնույն ժամանակ ԿԿՀ-ն մարտի 25-ին դիմել է Մխիթար Մաթևոսյանին՝ հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված խախտման և շահերի բախման վերաբերյալ հրապարակային պարզաբանում ներկայացնելու պահանջով, սակայն Մաթևոսյանը դեռևս այդ պահանջն էլ չի կատարել։

Հակակոռուպցիոն կոմիտեն Վայքի համայնքապետի գործողություններում հանցանք չի գտել

Բացի վարչական վարույթից, «Հետքի» հրապարակման հիման վրա նաև քրեական վարույթ էր նախաձեռնվել։ 

Հոդվածն ուսումնասիրվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության գլխավոր վարչությունում, որի արդյունքներով, 2022թ․ սեպտեմբերի 5-ին հանցանքի մասին հաղորդում էր ներկայացվել Քննչական կոմիտե։ Ներկայացված հաղորդումից հետո Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 2022թ․ սեպտեմբերի 12-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս և կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ 

Վայոց ձորի մարզի դատախազի սեպտեմբերի 13-ի որոշմամբ՝ քրեական վարույթի նյութերը փոխանցվել էին Հակակոռուպցիոն կոմիտե։ 

Դատախազության հանրային կապերի բաժնից «Հետքին» հայտնեցին, որ 2023թ․ հունիսի 29-ին քրեական վարույթը կարճվել է հանցանքի բացակայության հիմոքով։

Լուսանկարում Մխիթար Մաթևոսյանը / © Հետք Մեդիա Գործարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter