HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկեր ունեցող արցախցիների պարտավորությունները կներվեն

Կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում «Ֆիզիկական անձանց պարտավորությունները ներելու և որպես պետական ֆինանսական աջակցություն ձևակերպելու մասին» որոշում է ընդունել, որը վերաբերում է ոսկու գրավադրմամբ սպառողական վարկեր ունեցող արցախցիներին: Հարցը ներկայացրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՀ 2023 պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշման հիման վրա ԼՂ կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների դրամական պահանջները զիջվել են ՀՀ կառավարությանը, որոնց դիմաց վերջիններիս օգտին թողարկվել են գանձապետական պարտատոմսեր: Կառավարության կողմից զիջված պարտավորությունների կազմում ներառված են ՀՀ ֆինանսական կազմակերպությունների առջև ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրման վարկային պարտավորությունները: Խոսքը, մասնավորապես, շուրջ 6000 քաղաքացու մոտ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունների մասին է: Նախագծով առաջարկվում է ներել ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով առանձին ֆիզիկական անձանց մինչև 5 մլն դրամ գումարի չափով վարկային պարտավորությունները և հնարավորություն ստեղծել վերադարձնելու՝ ի ապահովումն այդ պարտավորությունների գրավադրված ոսկե իրերը: Փաստացի՝ ֆինանսական կազմակերպություններում ներկայումս շարունակվում է պահվել շուրջ 1800 քաղաքացու պարտավորությունների դիմաց գրավադրված մոտ 30 կգ քաշով շուրջ 7800 հատ ոսկյա իր: Ընդ որում՝ մոտ 2.3 մլրդ ընդհանուր մնացորդով պարտավորությունների կազմը հետևյալն է. մինչև 500 հազար դրամ վարկերը 5241 հատ են, 500 հազարից 1 մլն-ը՝ 718, 1 մլն-ից 2 մլն՝ 221 հատ, 2-2.5 մլն-ը՝ 25 հատ. 2.5-5 մլն՝ 15 հատ, և 5 մլն-ից ավելի՝ ընդամենը 5 հատ»,-ասել է Վահե Հովհաննիսյանը:

Ըստ նախարարի՝ կառավարության որոշման ընդունումից հետո շահառու անձինք կարող են դիմում ներկայացնել ֆինանսների նախարարություն՝ վերջինիս հետ պարտքի ներման համաձայնագիր կնքելու համար: Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ դիմումների ներկայացման կարգը և գործընթացի վերաբերյալ այլ մանրամասներ կպարզաբանվեն նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով: Նշվել է նաև, որ պարտքի ներման համաձայնագրերի կնքումից հետո գրավադրված ոսկյա իրերը կվերադարձվեն քաղաքացիներին:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն վերաբերում է բացառապես ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, որոնք ստացել են վարկեր ոսկու գրավադրմամբ, և այդ վարկերն անցել են ՀՀ կառավարությանը: «Քանի որ նախորդիվ որոշումներով մենք այդ պարտավորությունների մի զգալի մասը վերցրեցինք: Կառավարությունը, ըստ էության, իրավունքներն ու պարտավորություններն այդ վարկային պորտֆելի վերցրեց, ստանձնեց: Եվ սա այդ որոշման տրամաբանական շարունակությունն է, որովհետև ստացվում է, որ մենք քաղաքացիների պարտավորությունները վերցրել ենք, բայց գրավներն էլ պահում ենք մեր մոտ դե յուրե: Մենք քննարկեցինք և որոշում կայացրեցինք, որ անտրամաբանական է, և մանավանդ այս իրադրության մեջ, երբ մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները հնարավորինս լավ պայմաններում հայտնվեն»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է մինչև որոշումը ստորագրելը մեկ անգամ եւս անդրադառնալ թեմային՝ դրա հետ կապված բոլոր հարցերի անհրաժեշտ պատասխանները հստակ ունենալու նպատակով:

Լուսանկարում՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter