HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Քաղաքացին զրկվել է Ucom-ի հեռախոսահամարից. օպերատորը չի կարողանում վերականգնել

Երևանի բնակիչ Արթուր Միրիջանյանը 2021 թվականի դեկտեմբերից դարձել է Ucom օպերատորի («Յուքոմ» ՓԲԸ) բաժանորդ։ Ըստ պայամանագրի՝ սակագնային փաթեթը ներառել է հետվճարային ամսական բաժանորդագրությամբ շարժական հեռախոսակապը, ֆիքսված ինտերնետը և հեռուստատեսությունը։

Ընդ որում՝ շարժական հեռախոսակապը ներառել է երկու համար՝ հայկական և ռուսական։ Սակայն, 2024 թվականի հունվարի 22-ին բաժանորդին անհասանելի են եղել ինտերնետն ու բջջային կապը։ Չի գործել նաև ռուսական հեռախոսահամարը։ Ucom-ից բաժանորդին հորդորել են մոտենալ սպասարկման սրահ՝ նշելով, որ տեխնիկական խնդիր է։ Սպասարկման սրահում («Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող մասնաճյուղ) նշել են, որ կարող են վերականգնել նրա հայկական հեռախոսահամարը, ինտերնետը և հեռուստատեսությունը, սակայն ռուսականը հեռախոսահամարը՝ ոչ։

Արթուր Միրիջանյանը պատմում է՝ Ucom-ի գրասենյակում ընդունել են, որ իր շարժական և ֆիքսված կապը խափանվել է իրենց՝ Ucom-ի տեխնիկական խնդրի պատճառով։

«Բանակցություններից» հետո վերականգնել են ֆիքսված կապը, սակայն շարժական կապը՝ ռուսական և հայկական հեռախոսահամարները, մինչև այժմ չեն գործում։

«Խնդիրն այն է, որ ինձ առաջարկում են ստորագրել պայմանագիր, ըստ որի վերականգնվում է միայն հայկական հեռախոսահամարս, իսկ ռուսական հեռախոսահամարը, որը «Յուքոմ» ՓԲԸ-ի կողմից տրվել է ռուսական «ՄՏՏ» ԲԲԸ օպերատորի հետ համատեղ (AIVA mobile), վերականգնել չեն կարող։ Սակայն, ես այդ հեռախոսահամարով եմ իմ բիզնես կապերը հաստատել, ունեմ viber և  այլ հավելվածներ։ Այստեղ ամենաաբսուրդն այն է, որ Ucom-ից ինձ չեն զգուշացրել, որ կարող է նման բան լինել, մի օր իրենց պատճառով իմ համարը վառվի, և այլևս չկարողանամ վերականգնել»,- պատմում է Արթուր Միրիջանյանը։

Այս տարվա հունվար և փետրվար ամիսներին, ըստ նրա, Ucom-ից հաղորդագրություն է եկել, որ պետք է վճարի ամբողջ փաթեթի գումարը՝ 12 հազար դրամ ամսական։ Մինչդեռ ընկերությունը պայմանագրով ամրագրված ծառայություններից առնվազն մեկը՝ ռուսական հեռախոսահամարի ծառայությունները չի մատուցել։ Հետագայում վերահաշվարկ չի կատարվել։ Արթուր Միրիջանյանը հրաժարվել է վճարում կատարել։

«Հիմա ինձ իմ հայկական համարը հարկավոր է, բայց եթե ես վերցնեմ այն, ստացվում է, որ ավտոմատ հրաժարվում եմ իմ ռուսական հեռախոսահամարից և Ucom-ը, փաստորեն, դրա համար ոչ մի տույժ-տուգանք չի ստանում։ Բայց եթե մենք մի ամիս ուշացնեինք մեր վճարումները, հիմա հայտնվել էինք Հարկադիր ծառայությունում»,- ասում է Արթուր Միրիջանյանը։

Նա համարում է, որ օպերատորը՝ Ucom-ը, տեխնիկական սխալների պատճառով, իրեն փաստի առաջ է կանգնեցրել և դրա համար ոչ մի պատասխանատվություն չի կրում։

Արթուր Միրիջանյանը նամակներ է ուղարկել «Յուքոմ» ՓԲԸ՝ խնդրելով հարցին լուծում տալ և վերականգնել իր ռուսական համարը, քանի որ դրանով կապ է հաստատում իր ռուս գործընկերների հետ։ Ի պատասխան «Յուքոմ»-ից հայտնել են, որ կարող են պայմանագիրը խզել՝ առանց բաժանորդին տույժ կամ տուգանք պարտադրելու։  Բաժանորդը, սակայն, չի համաձայնել։

«Այստեղ գումարը չէ խնդիրն արդեն, այստեղ բաժանորդի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի խնդիրն է։ Ի՞նչ է նշանակում բաժանորդին զրկել կապից և մի բան էլ՝ այսպիսի իրավիճակ ստեղծել, որ լավություն են անում ինձ հետ պայմանագիրը խզելով»,- նշում է քաղաքացին։ 

Ucom. «Չեն բացառվում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող տատանումներն ու խաթարումները»

Քանի որ Ucom-ն ունի բաժանորդի տվյալները գաղտնի պահելու պարտականություն, ուստի Արթուր Միրիջանյանի հետ կապված մանրամասներ ընկերությունից մեզ չտրամադրեցին։

«Ձեր կողմից վկայակոչված դեպքով ընկերությունը բազմիցս կապ է հաստատել բաժանորդի հետ և առաջարկել տեխնիկական խնդրի լուծման համար ինչպես տեղային կարգաբերումներով դրանք կարգավորելու տարբերակը, այնպես էլ լուծման այլ տարբերակներ»,- բաժանորդի վերաբերյալ միայն այսքանն են նշել պատասխան նամակում։

Ucom-ին ուղղված նամակում հարցրել ենք՝ արդյոք քաղաքացիներին զգուշացվու՞մ է, որ նրանց ռուսական հեռախոսահամարները կարող են որոշակի պահի այլևս չգործել, խափանվել, կա՞ն այլ քաղաքացիներ, որոնք ևս օգտվում են այս փաթեթից և մեխանիկորեն զրկվել են ռուսական հեռախոսահամարից։

Ընկերությունից հավաստիացնում են, որ երկար ժամանակ կիրառվող տվյալ փաթեթի ռուսական համարների կասեցում կամ դադարեցում չի եղել։ Միևնույն ժամանակ, չեն բացառել, որ ինչպես ցանկացած փաթեթի, այնպես էլ՝ տվյալ փաթեթի գործողության ընթացքում ընկերությունից չեն բացառում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող տատանումներն ու խաթարումները՝ կախված կապի ծածկույթից և մի շարք այլ հանքամանքներից, որոնց հետևանքով տվյալ պահին չսպասարկվի նաև այդ փաթեթի ներքո գործող ռուսական համարը։

Ընկերությունից ևս մեկ անգամ շեշտել են, որ պատրաստ են իրավիճակը կրկին քննարկել բաժանորդի հետ։

Արթուրի բարձրացրած հարցերի վերաբերյալ մեր հարցումից հետո քաղաքացու հետ կապ են հաստատել «Յուքոմ»-ից և առաջարկել նվազեցնել փաթեթի գումարը, վերականգնել միայն հայկական համարը և փաստորեն «մոռանալ» ռուսական համարի մասին։

«Եթե նման խնդիր կա, ինչու՞ մարդկանց չեն զգուշացնում։ Մարդիկ հայտնվում են ավելորդ քաշքշուկի մեջ։ Ես էլ դեռ չգիտեմ ինչ անեմ՝ մի կողմից հայկական համարս ինձ պետք է, մյուս կողմից՝ դա վերցնելով՝ մեխանիկորեն հրաժարվում եմ ռուսականից, բայց սկզբունքորեն չեմ ուզում այդպես անել»,- ասում է Արթուր Միրիջանյանը։

Նա ընդգծում է, որ մեզ է դիմել մեկ նպատակով՝ Ucom-ի այն բաժանորդները, որոնք օգտվում են այս փաթեթից, տեղյակ լինեն, որ մի օր կարող են զրկվել իրենց ռուսական հեռախոսահամարից և չկարողանան այն վերականգնել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter