HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ուկրաինայում հայտնի գործարար Արայիկ Ամիրխանյանը հայտնվել է նոր պատժամիջոցների տակ

Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել 7 անհատների և 86 իրավաբանական անձանց նկատմամբ։ Նրանք կասկածվում են փողերի լվացման և մաքսանենգության մեջ։ Պատժամիջոցները տնտեսական և ֆինանսական բնույթի են, իսկ ժամկետները տարբեր են՝ 3, 5, 10 տարի և այլն։ 

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ապրիլի 4-ին։ 

Ցանկը հրապարակվել է Զելենսկիի պաշտոնական կայքում։  

Հայազգի սկանդալային գործարարի «արկածները»

Այս ցանկով պատժամիջոցների տակ է հայտնվել նաև հայազգի գործարար Արայիկ Ամիրխանյանը, որը նախկինում զրկված է եղել Ուկրաինայի քաղաքացիությունից և կասկածվում է մաքսանենգության մեջ:

Արայիկ Ամիրխանյանի մասին հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ չգտնվեցին։ Փոխարենը կան բազմաթիվ հոդվածներ ուկրաինական և ռուսական լրատվամիջոցներում։ Դրանցում Ամիրխանյանը, մեղմ ասած, լավ լույսի ներքո ներկայացված չէ։ 

Ամիրխանյանը խոշոր բիզնես է ծավալել շինարարության ոլորտում։ Հայտնի բիզնեսմեն է ուկրաինական Օդեսա քաղաքում։ Շինարարական բիզնեսով է զբաղվել նաև Ռուսաստանում։ 

Այս պատժամիջոցների նախապատմությունը գալիս է 2021 թվականից, երբ Զելենսկին արդեն պատժամիջոցներ էր սահմանել ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։ Այդ ժամանակ պատժամիջոցներ տակ էր հայտնվել նաև Արայիկ Ամիրխանյանը։ 

Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև նրան պատկանող ռուսական «Դորլիդեր»  (ООО «Строительная компания «Дорлидер») շինարարական ընկերությունը, որը Մոսկվայում պայմանագրեր է կնքել քաղաքի բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար՝ ներառյալ ասֆալտի վերանորոգումը, մարզադաշտերի և այգիների բարեկարգումը: 

2021 թվականին Ուկրաինան որոշել է արգելափակել երկրում տեղակայված նրա ակտիվները, սահմանափակել առևտրային գործառնությունները, արգելել կապիտալի դուրսբերումը պետության սահմաններից և այլ սահմանափակումներ մտցնել։ 

«Դորլիդեր»-ն ու նրա սեփականատեր Արայիկ Ամիրխանյանը ավելի վաղ մեղադրվել են ճանապարհաշինության պետական գնումների մրցույթներում խախտումներ թույլ տալու, փոխկապակցված ընկերություններով մասնակցելու համար։ 

Ամիրխանյանին, ըստ RBC-Ukraine գործակալության, 2021 թվականին Զելենսկին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից, քանի որ նա ունեցել է Հայաստանի քաղաքացիություն։ Այդ ցանկում էր նաև գործարար Վադիմ Ալպերինը, որի անունը տեսնում ենք նաև այս նոր պատժամիջոցների ցանկում։

Իսկ մինչ այդ՝ 2019 թվականին, Ամիրխանյանը կալանավորվել է Ուկրաինայի պետական սահմանով անձանց ապօրինի տեղափոխելու մեխանիզմ ստեղծելու, ինչպես նաև ուկրաինական ձեռնարկությունների ունեցվածքի ապօրինի զավթման կասկածանքով։

Բացի այդ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ամիրխանյանին կասկածել է սահմանադրական կարգի տապալումը ֆինանսավորելու մեջ։ 

Լուսանկարը՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջից

2023-ի մարտին ուկրաինական on.od.ua լրատվամիջոցը, հղում անելով Օդեսայի շրջանային դատախազությանը, գրել է, որ Ամիրխանյանը կասկածվում է նաև առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու մեջ։

Նոր պատժամիջոցներով Արայիկ Ամիրխանյանի ակտիվները, առևտրային գործառնությունները, Ուկրաինայից կապիտալի դուրսբերումը և ֆինանսատնտեսական այլ գործառնություններ 10 տարով սահմանափակվում են։

Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրում Արայիկ Ամիրխանյանի մասնակցությամբ որևէ ընկերությունը չգտնվեց։

Գլխավոր լուսանկարը՝ nikvesti.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter