HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

«Հայաստանը եւ Եվրոպական միությունը հանձնառու են ընդլայնել եւ խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Մենք պատրաստ ենք եւ տանում ենք աշխատանքներ ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանման, ժողովրդավարական խորհրդարանական մշակույթի ամրապնդման, կարողությունների զարգացման ծրագրերի եւ այլ ոլորտներում ԵՄ-ի հետ շարունակական համագործակցություն ապահովելու ուղղությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Հայաստանի խորհրդարանի եւ Եվրոպական միության միջեւ առկա փոխգործակցությունը` ընդգծելով հարաբերությունների կարեւորությունը:

«Ազգային ժողովն առանցքային դերակատարում ունի Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների սերտացման հարցում: Համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք հաջողությամբ առաջ մղել այն ծրագրերը, որոնք ձեռնամուխ ենք եղել իրականացնել, եւ հնարավորություն կունենանք ընդլայնելու Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակը»,- ասել է ԵՄ դեսպանը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում տնտեսական եւ էներգետիկ ոլորտների զարգացման հեռանկարները, քաղաքական եւ անվտանգային երկխոսության ընդլայնման հնարավորությունները, Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը:

Անդրադարձ է կատարվել նաեւ ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի նախագահի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջեւ Բրյուսելում կայացած հանդիպմանը, որտեղ քննարկվել են Հայաստանի զարգացմանն ու դիմակայունությանն ուղղված հարցեր»,- ասվում է ԱԺ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter