HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Շենքի արտաքին հատվածից մուտք դեպի նկուղ․ թաղապետարանից ասում են՝ կարող են միայն տուգանել

Մ․ Սարյան 38 հասցեի նկուղային հարկը Դարյա Տուրիֆին Երևանի քաղաքապետարանից գնել է 2014-ին։ Գործարքի գինը 1 մլն 200 հազար դրամ է եղել, տարածքը 15,1 քմ է: Ավելի ուշ Դարյա Տուրիֆին այդտեղ շինարարություն է սկսել։ Բնակիչներն այդ մասին տեղեկացրել են ոստիկանությանը և քաղաքապետարանին։ Չնայած պատկան մարմինների իրազեկվածությանը՝ Դարյան շարունակել է շինարարությունը։ Շինարարության ընթացքում շենքի մուտքի աջ կողմից նոր մուտք է բացվել, և դուռ է տեղադրվել։ Բնակիչները մտավախություն ունեն, որ, բացի արտաքին ձևափոխությունից, հնարավոր է՝ նկուղի ներսում նույնպես ձևափոխություններ են կատարվել։ Թեև համատիրության տեղեկություններով, միայն արտաքին վերանորոգում է կատարվել՝ պատերը չեն ձևափոխվել։

Սարյան 38 շենքի բնակիչները դիմել են Երևանի քաղաքապետարան։ Կենտրոն վարչական շրջանից գրավոր նամակով պատասխանել են՝ «…(Սույն) հասցեում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացվել են շինության արտաքին պատի մասնակի քանդման շինարարական աշխատանքներ՝ մուտքի կազմակերպման նպատակով․․․։»։ Երևանի քաղաքապետարանը 2023-ի մայիսի 10-ին վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմել։ Կատարված վարչական իրավախախտման կապակցությամբ վարչական տույժի և վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո 2023-ի դեկտեմբերի 14-18-ը շինարարական աշխատանքները շարունակվել են, և շենքի արտաքին հատվածում բացված մուտքում մետաղական դուռ է տեղադրվել։ Պատասխան նամակում նշվում է, որ քաղաքապետարանի աշխատակիցները երկու անգամ այցելել են նշված հասցե, բայց չեն կարողացել ներս մտնել, և շինաշխատանքների նոր դեպքեր չեն հայտնաբերվել։ Դարյա Տուրիֆին հրավիրվել է Կենտրոն վարչական շրջանի թաղապետարան՝ բացատրություններ և պարզաբանումներ տալու։ Սակայն չի ներկայացել հանդիպմանը, ինչի կապակցությամբ գրություններ են ուղարկվել ոստիկանություն։

«Կենտրոն-1» համատիրությունից նշեցին, որ իրենք տեղյակ են խնդրի մանրամասներին և բոլոր ապացույցներն ունեն՝ ինչ տեսք է ունեցել պատը մինչև քանդելը, քանդելու ընթացքում և հետո, երբ արդեն բացված մուտքի վրա նաև դուռ է տեղադրվել, երկու անգամ վերականգնել են պատը, բայց նկուղային հարկի սեփականատերը ավարտին է հասցրել իր գործը և մուտք է բացել։ 

Քաղաքապետարանի դիրքորոշումը

Շենքի բնակիչները մի քանի անգամ դիմել են Երևանի քաղաքապետին, դիմումը հասցեագրվել է Կենտրոնի թաղապետարան, բայց, բացի պատասխան նամակներից, գործնական քայլեր չեն եղել: Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Միքայել Ղիմոյանը ասաց, որ քաղաքապետարանի լծակները նման իրավիճակներում սահմանափակ են, իրենք չեն կարող գնալ, հանել դուռը և վերականգնել պատը։

«Բայց շենքի սեփականատերերը ունեն այդ լիազորությունը, քանի որ, եթե պատը քանդվել է, դուռ է տեղադրվել, պատուհան է տեղադրվել, սեփականատերերը կարող են փոխադարձ համաձայնության դեպքում վերականգնել կամ դիմել դատարան»,-ասաց Միքայել Ղիմոյանը։

Նա նշեց, որ բազմաբնակարան շենքի սեփականատերերը բնակիչներն են, և նրանց լիազորություններն ավելի մեծ են, քան քաղաքապետարանինը։ Այս իրավիճակում, ըստ Միքայել Ղիմոյանի, իրենք կարող են միայն վարչական պատասխանատվության ենթարկել և տուգանել՝ առանց շինթույլտվության շինաշխատանքներ կատարելու համար։ Այս պահին արձանագրություն է կազմվել, առաջիկայում նաև տուգանք կսահմանվի։ «Նույնիսկ երբ մարդն իր սեփական հողի վրա կառուցում է ինքնակամ շինություն, մենք զերծ ենք մնում այդ շինությունը քանդելուց կամ ապամոնտաժելուց։ Վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո մենք այլ գործառույթ չունենք, որ իրականացնենք իրավախախտման հետևանքները վերացնելու համար»,- ասաց Միքայել Ղիմոյանը։ Նա նաև նշեց, որ խնդիրը սեփականատերերի միջև է, ոչ թե համայնքային հողի վերաբերյալ, ուստի քաղաքապետարանն ինչ-որ գործողություն չի կարող իրականացնել։

Ստացվում է՝ բազմաբնակարան շենքի սեփականատերերից յուրաքանչյուրը կարող է առանց համապատասխան շինթույլտվության շինարարություն կատարել, բայց դրա դեմ պետք է բնակիչները պայքարեն, քանի որ քաղաքապետարանի լիազորությունները սահմանափակ են։ Իսկ եթե բնակիչները նախաձեռնող չլինեն և չդիմեն դատարան կամ փոխհամաձայնության չգան ինքնակամ շինություն կառուցողի հետ, ապօրինի շինությունը չի ապամոնտաժվի, և իրավախախտը պարզապես կտուգանվի։ 

«Օրենքում բաց կա». իրավաբան Կարեն Տոնոյան

Իրավաբան Կարեն Տոնոյանը որոշ չափով համաձայն է, որ քաղաքապետարանի լիազորությունները սահմանափակ են։

«Օրենքով քաղաքապետարանին հստակ տրված լիազորություն չկա։ Եթե դա լիներ պետական, համայնքային սեփականություն, էնտեղ իրենց լիազորությունները միանշանակ են, կարող են քանդել ինքնակամ կառույցը, ստիպել բերել նախնական տեսքի։ Մասնավորի դեպքում ոնց որ բախում առաջանա հանրային ու մասնավոր իրավունքի մասով»,- ասաց Կարեն Տոնոյանը։

Իրավաբանի խոսքով, խնդիրը օրենքն է, քաղաքապետարանը պետք է ունենա այդ լիազորությունները։

«Կարող են ասել, որ մասնավոր սեփականություն է, բնակիչները պետք է կարգավորեն խնդիրը, բայց այստեղ կա հակառակ կողմը, օրինակ՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Ամիրյան փողոցում, ինչ-որ մեկը այդպիսի մի բան է անում, շենքի բնակիչներն էլ չեն զբաղվում։ Հիմա այստեղ, եթե այդ տեսանկյունից նայենք, քաղաքապետարանը ինչ-որ լիազորություն չպետք է ունենա՝ ինչ-որ գործողություն անելու, բայց նաև կա հանրային ու մասանավոր շահերի բախում, պիտի ունենա նմանատիպ լիազորություն քաղաքապետարանը ու պիտի զբաղվի դրանով, որովհետև այստեղ քաղաքաշինական նորմերին չհամապատասխանելու խնդիր կա։ Այստեղ արդեն այդ բախումն է առաջանում՝ համայնքային հանրային շահի»,- ասաց Կարեն Տոնոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter