HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև:

2023 թ. նոյեմբերի 29-ին «Օրրանը» վարչական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել քաղաքապետարանի 2022 թ. դեկտեմբերի 15-ի շինարարության թույլտվությունը՝ տրված Արգամ Հովհաննիսյանին, քանի որ Հովհաննիսյանը խախտել է օրենքի պահանջը՝ 6 մետր հեռավորություն պահպանել հասարակական նշանակություն ունեցող շենքից: Նա կառուցում է է 1,6 մետր հեռավորության վրա՝ մեծ վնաս պատճառելով այս կառույցին, որտեղ օրական հաճախում է ավելի քան 200 մարդ, ներառյալ՝ 120 երեխաներ, աշխատողներ, կամավորներ և հյուրեր:

Ավելին՝ քաղաքապետարանը շինթույլտվությունը տալուց ընդունել է մի թուղթ, որը Արգամ Հովհաննիսյանը պնդում է, թե  ստորագրված է «Օրրանի» լիազոր ներկայացուցչի կողմից: Թուղթը կեղծված է և, նունիսկ եթե կեղծ չլիներ, չի խոսում այն մասին, որ շենքը պիտի կառուցվի անօրեն, այլ թույլ է տալիս, որ հարևանությամբ շենք կառուցվի: 

2024 թ. հունվարի 3-ին Վարչական դատարանը հայցն ընդունել է վարույթ, բավարարել է ակտի կատարումը կասեցնելու խնդրանքը և որպես երրորդ անձ ներգրավվել է Արգամ Հովհաննիսյանին:

2024 թ. փետրվարի 18-ին Արգամ Հովհաննիսյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Վարչական դատարանի որոշումը:   

Կարեն Աշոտի Ավետիսյանը՝ Վարչական վերաքննիչ դատավորը, 2024 թ. փետրվարի 29-ի որոշմամբ բավարարել է Երևանի քաղաքապետարանի և Արգամ Հովհաննիսյանի բողոքները՝ գտնելով, որ «Օրրանը» չի պահպանել ՀՀ Վարչական դատավարություն օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասը՝ բողոքի ներկայացման համար սահմանված երկամսյա ժամկետը: Ի դեպ, «Օրրանը» պատկան մարմիններին է դիմել անմիջապես, երբ բետոնե սյուները սկսել են կառուցվել, քանի որ միայն այդ ժամանակ է ակնհայտ դարձել, որ շինարարությունը ապօրինի է: Դատավոր Ավետիսյանի պնդումը, թե «Օրրանը» պետք է դրանից ամիսներ առաջ դիմեր, չի կարող տրամաբանական դիտվել: «Օրրանը» չի բողոքում, որ շենք է կառուցվում, այլ որ շենքը կառուցվում է անօրեն՝ չպահապանելով 6 մետր հեռավորությունը: Այս փաստը «Օրրանը» չէր կարող պնդել, երբ քաղաքապետարանը տալիս էր շինթույլտվությունը, չէր կարող պնդել, երբ շենքի հիմքերն էին փորվում, չէր կարող պնդել, երբ ցուցանակ էր դրվում,  այլ միայն և միայն կարող էր պնդել, երբ բետոնե սյուներն էին հառնում: 

Վարչական գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում, դատավորն է Արման Թովմասյանը: 

Միևնույն ժամանակ Արգամ Հովհաննիսյանը հակընդդեմ հայց է ներկայացրել քաղաքացիական դատարան՝ պնդելով, որ 22 տարի առաջ կառուցված «Օրրանի» շենքը խախտել է իր իրավունքները, որովհետև 6 մետր շեղումով ներխուժել է իր տարածք: Ի դեպ, նշենք, որ ոչ միայն այս փաստը չի համապատասխանում իրականությանը, այլ նաև Արգամ Հովհաննիսյանը չի հանդիսացել այդ հողի սեփականատեր մինչև 2020 թվականը: Նա պահանջում է 138.244.864 դրամ փոխհատուցում իր կրած վնասների համար: Թիվը կայացրել է՝ աբսուրդ հաշվարկների վրա հիմնվելով: Նրա հայցը դատարանը ընդունել է:

Ինչո՞վ բացատրել արդարադատության այս երկու անտրամաբանական և անարդար որոշումները. մի դեպքում ասվում է, որ «Օրրանը» ուշացել է, որովհետև երկու ամսվա մեջ չի դիմել այն պահից, որ շինթույլտվություն է տրվել, մյուս դեպքում՝ ընդունում է հայց, որի վաղեմությունը 20 տարի է, և ներկայացվել է մի մարդու կողմից, ով այդ ժամանակ չի հանդիսացել սեփականատեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter