HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրային սթրեսի ծայրահեղ բարձր մակարդակով Հայաստանում չկա ոլորտի ռազմավարություն

«Հայաստանը ջրային լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, և սա պետք է լինի Հայաստանի նոր նարատիվը, ոչ թե այն, որ Հայաստանը ջրառատ երկիր է»,- ասում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:

Նա այսօր ներկայացրեց ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացված Հայաստանի ջրային ոլորտի քաղաքատնտեսական վերլուծությունը, որի գլխավոր հետազոտողն է եղել ինքը:

Այսօր վերլուծությունը ներկայացվեց և քննարկվեց քաղհասարակության ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների հետ:

ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Լիլիթ Հարությունյանը կարևորեց քաղհասարակության ներկայացուցիչների և քաղաքացիների մասնակցությունը ջրային համակարգի բարելավմանն ուղղված գործընթացներում, որոշումների կայացման ինստիտուտի կայացման հարցում: Նա նշեց, որ լուրջ մարտահրավերների առջև ենք կանգնած և ցանկացած պահ կորցնելու ժամանակ և շռայլություն չունենք:

Ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանն էլ ընդգծեց, որ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը առավել արդյունավետ կառավարել և օգտագործել երկրի ջրային ռեսուրսները՝ բալանսավորելով ջրի հավասար բաշխումը, միաժամանակ դա ներդաշնակեցնել էկոլոգիական թողքի հետ:

Ծրագրի բոլոր գործողություններն ուղղված են այս ռազմավարական նպատակին: Ծրագրի հիմնական շեշտադրումը ջրային ռեսուրսի խնայողությունն ու պահպանությունն է:

Մարտահրավերներ, որ նկատել են հետազոտողները

Չնայած Հայաստանը հարուստ է ջրային ռեսուրսներով, ինչպես և Հարավային Կովկասի մյուս երկրները, և վերականգնվող ջրային ռեսուրսների բազմամյա միջինով Հայաստանը զգալիորեն գերազանցում է ջրի սակավությունը ցուցադրող Ֆոլկենմարկի ցուցանիշը՝ (1,700 մ3 մարդ/տարի), այն կազմում է մոտավորապես 2,600 մ3 մարդ/տարի, այդուհանդերձ, Հայաստանը համարվում է ջրային սթրեսի ծայրահեղ բարձր մակարդակ ունեցող երկիր ջրի չափից ավելի օգտագործման պատճառով՝ գրեթե 40% ջրի շահագործման ցուցիչով (տարեկան վերականգնվող ջրի օգտագործվող մասնաբաժինը):

Գյուղատնտեսության ոլորտը (ներառյալ ձկնաբուծությունը) երկրի ամենախոշոր ջրօգտագործողն է. բազմամյա միջինով այս ոլորտում այն կազմում է ընդհանուր ջրօգտագործման մոտավորապես 87%-ը:

Արդյունաբերության ոլորտը (օրինակ՝ հանքարդյունաբերություն ու մետաղագործություն, էներգետիկա և  սննդի վերամշակում) օգտագործում է մոտավորապես 7%-ը, իսկ խմելու եւ կենցաղային ջրօգտագործումը կազմում է մոտավորապես 6%-ը:

Արդյոք Հայաստանը ջրառատ երկի՞ր է, թե ոչ՞, միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ:  Մոտավորապես 7,8 մլրդ խմ տարեկան վերականգնվող ջրային ռեսուրս ունի Հայաստանը: Հայաստանում տարեկան 2,8 մլրդ խմ ջուր է օգտագործում: Ջրային համակարգում տարեկան 20-22% ջրի կորուստ ենք ունենում:

Հանքարդյունաբերության ոլորտի թվերը, ըստ Ալեն Ամիրխանյանի, չի համապատասխանում իրականությանը և պետք է վերահաշվարկել:

Համաձայն Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության(2020), կանխատեսվում է, որ երկրի ջրային ռեսուրսները զգալիորեն կնվազեն սպասվող կլիմայական փոփոխությունների արդյունքում: Կանխատեսվում է, որ մինչև 2100 թվականը գետերի հոսքը կնվազի մինչեւ 39 տոկոսով։ Մինչեւ 2040 թվականը գետի ներհոսքը դեպի Սեւանա լիճ կնվազի 12 տոկոսով, և մինչեւ 2100 թվականը` 34 տոկոսով՝ ստեղծելով տարբեր աստիճանական ազդեցություններ տնտեսության տարբեր ճյուղերի վրա:

Ջրամբարների առումով տարածաշրջանում Հայաստանը ամենացածր ցուցանիշներ ունի թե՛ քանակով, թե՛ ընդհանուր հզորությամբ, թե՛ տարողունակությամբ, թե՛ մեկ շնչին հասնող ցուցանիշներով: Հայաստանի ջրամբարների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 1,12 մլրդ մ3` ինչպես և խորհրդային ժամանակաշրջանի վերջում (Սևանը ներառված չէ)։ Նոր ջրամբարները գտնվում են պլանավորման կամ շինարարության տարբեր փուլերում։ Ջրամբարները հիմնականում օգտագործվում են ոռոգման եւ հիդրոէներգիայի արտադրության համար։ Չնչին քանակություն է օգտագործվում արդյունաբերական գործունեության համար։ Ի տարբերություն Հարավային Կովկասի մյուս երկրների, Հայաստանն ունի ավելի քիչ ջրամբարներ, ավելի փոքր ընդհանուր ջրամբարային հզորություն, ավելի փոքր ջրամբարի միջին հզորություն և մեկ շնչին բաժին ընկնող ավելի փոքր ջրամբարի տարողունակություն։ Մինչդեռ հարևան Թուրքիան արդեն իսկ վերջերս կառուցել և շուտով շահագործելու է 1,3 մլն խ/մ հզորությամբ ջրամբար, ինչի հետևանքով Արաքսի ջրերը, ըստ հետազոտողի կանխատեսման, 50 % -ով կնվազեն:

Ալեն Ամիրխանյանը մեծ բաց է համարում այն, որ ջրային ռեսուրսների համակարգման ռազմավարություն երկիրը չունի:

«Ռազմավարությունը չունենալու հետևանքով ունենք այն, ինչ ունենք. մենք չունենք ավելի մեծ հեռանկար, թե ինչ պետք է անել կայուն աճի համար, ինչը չպետք է անենք: Եթե ձկնաբուծարաններն այդքան ջուր են օգտագործում, ինչը պետք է թույլատրենք, ինչը` ոչ: Հանքարդյունաբերությունը ջուր է օգտագործում կամ աղտոտում, ռազմավարությունը պետք է պատասխանի այդ հարցերին»,- նշում է Ալեն Ամիրխանյանը:

Ոլորտում ակներև է հատվածական կառավարումը և ոչ պատշաճ ապակենտրոնացումը, տնտեսական գործիքների անարդյունավետ օգտագործվումը: Օրինակ` վերջինի դեպքում բնավճարներն ու սակագներն այնքան ցածր են, որ անիմաստ են: Կառավարությունը նախընտրում է գինը չբարձրացնել, բայց սուբսիդավորել ոլորտը, որը ոչ թափանցիկ ֆինանսավորում է դառնում:

Բացակայում է ջրի որակի հարցը օրակարգից, ինչը, ըստ հետազոտողի, մեծ խնդիր է:

ՀՀ օրենքները և միջազգյաին պայմանագրերի պահանջները ոչ պատշաճ են ապահովվում, որովհետև կա կարողությունների և քաղաքական կամքի պակաս:

Ոչ բավարար կարողություններ կան նաև ջրային ռեսուրսների վերաբերյալ տվյալների վերլուծության ոլորտում, և, առհասարակ, կան տվյալներ, որ ընդհանրապես չեն օգտագործվում:

Ալեն Ամիրխանյանը նշում է, որ իրենց հետ զրույցներում եղել են անկեղծ խոստովանություններ, որ կան հսկայական տվյալների բազաներ, որոնց Շրջակա միջավայրի նախարարությունը, որպես ոլորտի քաղաքականություն մշակող, չի էլ նայում:

Հետազոտողներն արձանագրել են նաև ջրային և կլիմայական դիվանագիտության կարողությունների բացակայությունը Հայաստանում:

Այս թեմաների վերաբերյալ բավարար չէ նաև հանրային իրազեկվածությունը, կրթությունը և թափանցիկությունը: Օրինակ` հանրության մակարդակով պետք է քննարկվեր ջրային ոլորտի սուբսիդավորման հարցը, ինչը չի արվում:

Էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, որ այս համատեքստում կարևորագույն հարցը կոռուպցիան է, որը վերլուծությունում շրջանցվել է: Մասնավորապես, արդեն իսկ կա ԳԱՏՈ («Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագիր) ծրագրի շրջանակներում Արտեզյան ավազանին վերաբերող կարևոր ուսումնասիրությունը, և արդեն իսկ պարզ է, որ ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման թույլտվությունները չեն դադարեցվել կամ նվազել, այլ նույնիսկ ավելանում են, և ուղիղ համեմատական են վերականգնվող պաշարների նվազող թվերին:

Ալեն Ամիրխանյանը նշեց, որ իրենց հետ զրույցներում նշվել է, որ որևէ հիմք չկա ջրթույլտվության համար դիմողին մերժել` հղում կատարելով որևէ իրավական փաստաթղթի կամ ռազմավարական առաջնահերթության ցանկի:

ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Լիլիթ Հարությունյանը վերջում իր խոսքում  եզրափակեց, որ ինչքան էլ օրենսդրությունը փորձեն բարելավել, մոտարկել, ներդաշնակել, այդուհանդերձ, կիրարկման խնդիր կա:

Ադրբեջանի գրաված տարածքների հետևանքները ջրային ոլորտի վրա

Ալեն Ամիրխանյանը նշեց, որ վերջին պահին նաև փորձ են արել վերլուծել Ադրբեջանի կողմից գրավված տարարծների ազդեցությունը հայաստանյան ջրային ոլորտի վրա: Շատ նախնական տվյալներ ունեն, և օգտագործել են Հայաստանի ներկայացրած քարտեզը միջազգային դատարանում:

Ըստ այդմ, մտահոգիչ է Սոթքի և Մասրիկի հատվածները, Արփա գետի ակունքների հսկողությունը հակառակորդի կողմից: Կան տարածքներ, որ դեռևս հասկանալի չէ` ինչ ազդեցություն կկրեն:  

«Մեծ վախ կա, որ Ադրբեջանը կնվազեցնի ջրային ռեսուրսները: Այն վախը, թե ինչ կանեն մեզ, մենք տարիների ի վեր անում ենք իրենց հանքարդյունաբերությամբ: Կարող ենք խելամիտ բանակցել, և ընդհանուր հայտարարի գալ, և էկոհամակարգային վճարումներ իրականացվեն»,- ասում է Ալեն Ամիրխանյանը:

Ըստ փորձագետի` գումարներ պետք է ծախսել ոչ թե մաքրելու, այլ ջրային ոլորտը չաղտոտելու վրա: Սակայն բանակցության հնարավորություն քաղաքական այս իրավիճակում Ալեն Ամիրխանյանը դեռևս չի տեսնում:

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Ադրբեջանի քաղաքականությունն այս պահին այն է, որ ցույց տա, որ Հայաստանն աղտոտում է տարածաշրջանը:

Առաջարկություններ Կառավարությանն ու Ազգային ժողովին

ՀԱՀ-ի Յակոբյան կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Սահակյանը նաև ներկայացրեց Հայաստանի կառավարությանն ու օրենսդիրին ուղղած առաջարկությունները, որի մեջ, անշուտ, առաջինը ջրային ոլորտի ռազմավարության մշակումն է: Հաջորդում են տնտեսական գործիքների արդյունավետ օգտագործումը, այդ ոլորտում ներդրումների ավելացումը, անկախ պետական մշտադիտարկման և գնահատման մարմնի ստեղծումը, ջրի կառավարման սկզբունքների ինտեգրումը քաղծառայողների և քաղաքականություն մշակողների կրթության և մասնագիտական վերապատրասման մեջ, վերլուծական կարողությունների հզորացումը, հանրային իրազեկվածության արշավներ անցկացնելը, նոր տեխնոլոգիաների ներդրումը, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ոլորտի խնդիրները բարձրացնելն ու քննարկելը, ոլորտի խնդիրների վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելը, հետօրենսդրական վերահսկողություն իրականացնելը ոլորտի օրենքների կատարման վերաբերյալ, ԳԱԱ Լևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի առաջարկություններն ու կարծիքները հաշվի առնելը Սևանա լճին վերաբերող օրենքներն ընդունելուց առաջ:

Երբ մասնակիցները կարևորում էին քաղհասարակության ներգրավվածությունն ու մասնակցությունը ջրային ոլորտում, ՔՈԱՖ-ի ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանում քաղաքացին պահանջատեր է պոլիկլինիկայում հերթի հարցերում, տրանսպորտի թանկացման և այլ հարցերում, բայց ջրի հարցում պահանջատեր չէ: Քաղաքացուն չի հետաքրքրում, թե ինչու է հարևանը խմելու ջրով մեքենա լվանում կամ պլաստմաս արտադրող ընկերությունը թափոնները լցնում ջուրը, որը բերում է աղետի:

Այդ առումով Գուրգեն Հակոբյանը առավել կարևորեց ՀԿ-ների դերը և մասնակցությունը կրթության մասով: Վերջինիս պատկերացումները ջրի վերաբերյալ փոխվել են այն ժամանակ, երբ ինքը Ամերիկյան համալսարանում ջուր առարկան է ուսումնասիրել: Ըստ նրա՝ այսօր աշակերտը, ուսանողը հանգամանալից գիտելիք չի ստանում ջրի մասոի, հասարակակագիտական տեսանկյունից ջուրը որպես ռեսուրս, ռազմավարական նշանակության օբյեկտ, ուսանողին չի հասցվում: ՀԿ-ները կարող են սերտ աշխատել մասնագիտական և մեթոդական մակարդակով, որպեսզի ջրի ուսումնասիրության մոդել ներդրվի, որ մարդիկ հասկանան ջրի կարևորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter