HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Գյուրջինյանն ընտրվել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր

Կառավարությունը հաստատել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի ընտրության արդյունքները:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել մարտի 29-ին: Մրցույթն ընթացել է համալսարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն:

Նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամներից 18-ը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 18 անդամների «կողմ» քվեարկության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուրջինյանն ընտրվել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

Հարցը ներկայացնելիս՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ պարոն Գյուրջինյանն արդեն մեկ տարի հաջողությամբ իրականացնում էր համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Դավիթ Գյուրջինյանը շնորհակալություն է հայտնել Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդին, նախագահ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ԿԳՄՍ նախարարությանը, նախարար Ժաննա Անդրեասյանին, որոնք այդ մեկ տարվա ընթացքում աջակցել են իրեն համալսարանը ճգնաժամից դուրս բերելու և նոր ծրագրեր իրականացնելու հարցում. «Կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում Բրյուսովի անվան պետական համալսարանը պիտի վերադառնա իր նախկին կոչմանը, որն է՝ լեզվաբանական և լեզվահասարագիտական կրթությունը, օտար լեզուների ուսուցումը: Եվ այս անորոշ անունը ժամանակավրեպ է՝ այսօր ուղղակի պետական համալսարան. ոչ տեղորոշված է, ոչ էլ մասնագիտություն կա այս անվան մեջ: Հետագայում ակնկալում եմ լիազոր մարմնի և կառավարության աջակցությունն այս հարցում նույնպես»:

Արձագանքելով վարչապետը նշել է՝ իհարկե, Կառավարությունը կաջակցի այդ հարցում. «Կառավարությունն էլ Ձեզնից է աջակցություն ակնկալում, որովհետև գիտեք, որ բարձրագույն կրթության ոլորտում մենք բարեփոխումների շատ հավակնոտ ծրագիր ունենք, բայց բացի հավակնոտ ծրագրից՝ մենք կարիք ունենք ամբողջապես և օբյեկտիվորեն հասկանալու բուհական համակարգի կարիքները: Մենք, այո, կարող ենք ունենալ որոշակի մոտեցումներ, տպավորություններ, բայց մեզ համար կարևոր է, որ ներսից շահագրգիռ ուղերձներ գան դեպի կառավարություն, որպեսզի նաև այդ կոմունիկացիան ճիշտ լինի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter