HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Քաջարանի կոմբինատից այլևս հումք չի ստանում

Արդեն երկու ամիս է՝ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի շուրջ 400 աշխատող հարկադիր պարապուրդում է։ Այս մասին «Հետք»-ին տեղեկացրել են գործարանի բանվորներից։ Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի: 

«Մաքուր երկաթ գործարան» ԲԲԸ-ի իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս ամենը, սակայն աշխատողների պատմած տեղեկությունները, թե իրենց դրդում են ազատվել, հերքեց՝ նշելով, որ եղել է 4-5 աշխատակից, որոնք իրենց կամքով ազատման դիմում են գրել, քանի որ կա՛մ մեկնել են արտագնա աշխատանքի, կա՛մ այլ աշխատանքի անցել, սակայն գործարանը որևէ մեկին չի պարտադրել ազատման դիմում գրել։

Ինչո՞ւ սկսվեց ճգնաժամը

«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է նաև մետաղական մոլիբդեն:

Ըստ ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության՝ «Մաքուր երկաթի փորձաարդյունաբերական գործարանը» հիմնադրվել է 1968 թվականին: Գործարանը 1995-ին սեփականաշնորհման արդյունքում վերակազմավորվել է «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի։ Ընկերության հիմնական գործունեությունը ֆերոմոլիբդենի և եռակալված մետաղական մոլիբդենի արտադրությունն է։ 2015թ․-ին ընկերությունը սկսել է մատուցել մոլիբդենի խտանյութի վերամշակման ծառայություններ։ 2016թ․-ին ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է եռակալված մետաղական մոլիբդենի արտադրությունը՝ տեխնոլոգիական վերազինում իրականացնելու նպատակով։ 2020թ․-ից գործարանը սկսել է արտադրել և վաճառել տեխնիկական օքսիդ։

Գործարանն ու Քաջարանի կոմբինատը մինչև 2019 թվականն ունեցել են նույն տերերը, ինչի շնորհիվ էլ «Մաքուր երկաթի գործարան»-ը մշտապես վերամշակել է ԶՊՄԿ-ի հումքը։ 2019 թվականից սկսած՝ ԶՊՄԿ-ի բաժնեմասում փոփոխություններ եղան, և ի վերջո, Հայաստանի կառավարությունը ստացավ 21%-ի մասնակցություն, իսկ գերմանական «Քրոնիմետ» խմբի ընկերությունների բաժնեմասի մեծ մասը փոխանցվեց ռուսաստանցի սեփականատերերին։ 

«Մաքուր երկաթ գործարան»-ն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, ինչպես նշեցինք, մինչև 2019թ․-ը գերմանական «Քրոնիմետ» խմբի ակտիվներն էին։ «Քրոնիմետ մայնինգ էյ. ջի.»-ն Քաջարանի կոմբինատում 60 % մասնակցություն ուներ, ևս 15 տոկոս՝ «Մաքուր երկաթ գործարան» ՓԲԸ-ի միջոցով։

ԶՊՄԿ-ն 2019թ. իր ֆինանսական հաշվետվության մեջ նշել է, որ 2019թ. հետ է գնել իր արժեթղթերը «Քրոնիմետ մայնինգ էյ, ջի.»-ից, որի մասնակցությունը կանոնադրական կապիտալում կազմել է 60 %։

2019 թվականի դեկտեմբերի 19-ին «Մաքուր երկաթի գործարան»-ի և ԶՊՄԿ-ի միջև կնքվել է ԶՊՄԿ բաժնետոմսերի վաճառքի և փոխանցման պայմանագիր, որով «Մաքուր երկաթի գործարան» ԲԲ ընկերության կողմից վաճառվող ԶՊՄԿ 412 250 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը փոխանցվել են կոմբինատին։ Դրանց կշիռը ԶՊՄԿ կանոնադրական կապիտալում կազմել է 15 %՝ 15 մլրդ 840 դրամ գումար:

«Մաքուր երկաթ գործարան» ՓԲԸ-ում նշանակալի բաժնետերերն այժմ էլ գերմանական «Քրոնիմետ» խմբի ընկերություններ են, վերջնական շահառուները, ըստ հայտարարագրի,  համապատասխանաբար Գյունտեր և Յուրգեն Պիլարսկիները: 

 «Մաքուր երկաթ գործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենը Կարեն Ալբերտի Հակոբյանն է։ Վերջինս Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով 2021թ․-ին պատգամավոր ընտրված Վահե Ալբերտի Հակոբյանի եղբայրն է: Վահե Հակոբյանը 2014-2016թթ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ տնօրեն է եղել, 2016թ.՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը: 2016- 2018թթ. եղել է Սյունիքի մարզպետ: 2018-2021թթ.՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ:

Կարեն Հակոբյանը, հիշեցնենք, ԶՊՄԿ-ում 2,5 % բաժնեմասի սեփականատեր է եղել։ Այժմ նրա մասնակցության մասին իրական շահառուների վերաբերյալ ԶՊՄԿ հայտարարագրում նշումներ չկան։

«Մաքուր երկաթ գործարան»-ն աշխատել է հիմնականում կոմբինատի համար

Այն, որ «Մաքուր երկաթ գործարան»-ն ուղղակի կախվածություն ուներ ԶՊՄԿ-ից խոսում են նաև պաշտոնական թվերը։ Համաձայն «Մաքուր երկաթ գործարան»-ի ֆինանսական հաշվետվությունների՝ ընկերության 2023թ․ հասույթը կազմել է 6 մլրդ 646 մլն դրամ, որից 5 մլրդ 458 մլն-ը ձևավորվել է ԶՊՄԿ-ին մոլիբդենի կոնցենտրատի վերամշակման ծառայությունների մատուցումից։

Ընկերության 2022թ․ հասույթը կազմել է շուրջ 8 մլրդ դրամ, որից 7,9 մլրդ դրամը ձևավորվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին մոլիբդենի կոնցենտրատի վերամշակման ծառայությունների մատուցումից:

Ընկերությունը 2023թ․ վերամշակել է 5,935 տոննա մոլիբդենի կոնցենտրատ՝ 2,669 տոննա մոլիբդենի մետաղի պարունակությամբ։

2022 թվականին վերամշակել է 7,756 տոննա մոլիբդենի կոնցենտրատ՝ 3,451 տոննա մոլիբդենի պարունակությամբ,

2021թ․-ին՝ 7,004 տոննա կոնցենտրատ՝ 3,057 տոննա մոլիբդենի պարունակությամբ։

Այդ նույն տարիներին գործարանը համապատասխանաբար ունեցել է 376, 396 և 412 աշխատակից։

«Մաքուր երկաթի գործարան»-ը 2022թ․ խոշոր հարկատուների ցանկում 413-րդ հորիզոնականն է զբաղեցրել, իսկ 2023թ․-ին արդեն՝ 245-րդը։

Փորձեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցազրույց վերցնել տնօրեն Կարեն Հակոբյանից։ Գործարանի իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը մեզ հայտնեց, որ այժմ գործարանը իրավիճակի բարելավման համար բանակցությունների մեջ է, և ընկերության ղեկավարությունը նպատակահարմար չի համարում հարցազրույց տալ այդ թեմայի շուրջ։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին գրավոր հարցում ենք ուղարկել, թե ինչու կոմբինատի ն այլևս հումք չի մատակարարում «Մաքուր երկաթի գործարանին» և որտեղ է այժմ վերամշակում իր մոլիբդենը։

Գործարանի գլխավոր տնօրեն Ռ․ Խուդոլին պատասխանել է, որ այս տարվա հունվարի 24-ին «Մաքուր երկաթի գործարան»-ը գրավոր ծանուցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ ԶՊՄԿ մոլիբդենի գնման մրցույթին չմասնակցելու մասին։

«Ամեն տարի նոյեմբերին մեկնարկում է մրցութային ընթացակարգ՝ ԶՊՄԿ խտանյութի ձեռքբերման համար հաջորդ տարում արտադրանքը մատակարարելու նպատակով։ Մրցույթին մասնակցելու հրավերը ՄԵԳ-ին  ուղարկվել է նույն ձևով և նույն ժամկետում, ինչպես բոլոր մյուս մասնակիցներին։ Հետևաբար, ՄԵԳ-ն ունեցել է մրցույթին մասնակցելու հավասար հնարավորություններ և պայմաններ, ինչից, սակայն, հրաժարվել է»,- նշել է Ռոման Խուդոլին։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենը նաև տեղեկացրել է, որ ԶՊՄԿ-ն ներկայում մոլիբդենի վերամշակում չի իրականացնում, այլ իրացնում է մոլիբդենի և պղնձի խտանյութեր։  

«Մաքուր երկաթի գործարանի» իրավաբանն այս մասով պարզաբանումներ տալ չցանկացավ, փոխարենը հայտնեց, որ տնօրենը պատրաստ է պատասխանել մեր հարցերին մայիսի սկզբին, երբ վերադառնա արտերկրից։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter