21-ամյա հղի կնոջը սպանե՞լ են, թե՞ նա ինքնասպանություն է գործել. որտե՞ղ են ոստիկանները
Կոտայքի մարզի Առինջ գյուղում հուլիսի 12-ին մահացել է 21-ամյա Մարո Գուլոյանը: Մարոն մոտ 4 ամսական հղի է եղել և 1,8 տարեկան աղջիկ ունի:
Հարազատները «Հետքին» պատմեցին, որ մահվանից 20 րոպե առաջ Մարոն զանգահարել է իր զույգ եղբորը' Մհեր Թովմասյանին, կանչել իր մոտ և ասել, որ ուզում է բաժանվել ամուսնուց: Խնդրել է երեկոյան ծնողների հետ գալ իր և երեխայի հետևից: Եղբոր գնալուց 20 րոպե հետոհարազատներին տեղեկացրել են, որ Մարոն ինքնասպանության փորձ է արել և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ աղջիկը մահացել է:
Մարոյի հորաքույրը' Իրինա Թովմասյանը «Հետքին» պատմեց, որ Մարոն վաղուց ուզում էր բաժանվել ամուսնուց, ամուսինն անընդհատ խոչընդոտներ է ստեղծել: Մարոյի ամուսինը ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի ազգականն է:
Մարոյի հարազատները համոզված են, որ եղբոր գնալուց հետո ամուսինը' Գևորգ Գուլոյանը սպանել է նրան: Նրանք չեն հավատում ինքնասպանության վարկածին և ասում են, որ աղջկա պարանոցին պարանի հետքեր չկան, բայց կան մատնահետքեր: Հարազատները կասկածում են, որ Մարոյին խեղդել է ամուսինը:
Այժմ Մարոյի դիակը գտնվում է հայրական տանը' Բյուրեղավանում: Այսօր նրա հուղարկավորությունն է: Հարազատները չգիտեն' դատաբժշկական փորձաքննություն կատարվել է, թե ոչ, բայց համոզված են, որ դեպքը կոծկվելու է. մինչ այս պահը ոստիկանության որևէ ներկայացուցիչ չի այցելել հարազատներին:
Ուշագրավն այն է, որ ոստիկանության կայքի ամփոփագրերում դեպքի մասին որևէ հաղորդագրություն չի եղել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը խոստացավ դեպքի առթիվ առաջիկա 30 րոպեում «Հետքին» պարզաբանում տալ:
Մեկնաբանություններ (43)
Մեկնաբանել