HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Սահմանադրությունը քավության նոխազ ու ինքնարդարացման միջոց մի’ սարքեք

2007թ. իր նախընտրական ծրագրում Հանրապետական կուսակցությունը գրել էր, թե իրավական պետություն կառուցելու է օրենսդրական դաշտը 2005թ. ընդունված Սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու և դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու միջոցով: Դրանից մեկ տարի անց նախագահի ընտրության և դրան հաջորդած օրերին մարդու իրավունքների այնպիսի աղաղակող խախտումներ կատարվեցին, որ Հայաստանը դեռ երբեք չէր տեսել: Իսկ «բարեփոխված» դատարանների կայացրած վճիռները այս օրերին իրար ետևից Մարդու իրավուքնների եվրոպական դատարում բեկանվում են այնպիսի հեշտությամբ, որ բացահայտում է հայաստանյան արդարադատության և իրավական բարեփոխումների խայտառակ սնանկությունը:

2005թ. Սահմանադրության մեջ փոփոխություններ նախաձեռնվեցին` իբր իշխանության թևերի միջև հակակշռման մեխանիզմները կատարելագործելու և նախագահի լիազորությունները հօգուտ խորհրդարանի և կառավարության զգալիորեն նվազեցնելու համար: Մինչդեռ ոչ պառլամենտը և ոչ էլ կառավարությունը երբևէ փաստացի այնքան մեծ կախվածության մեջ չեն եղել նախագահից ու նախագահականից, որքան հիմա: Առհասարակ` փաստաթղթերի, կատարողականների, հաշվետվությունների, օրենքների միջից երևացող Հայաստանը այնքան օտարված չի եղել իրական Հայաստանից, որքան հիմա: 

Եվ ահա կրկին անկախ Հայաստանի պատմության մեջ երրորդ անգամ իշխանությունը փորձում է համոզել, որ խնդիրները չեն լուծվում անկատար Սահմանադրության և օրենսդրական դաշտի պատճառով: Հանրային գիտակցությունը սկսել են հրթական անգամ աստիճանաբար վարժեցնել նրան, որ Սահմանադրությունը պետք է ենթարկել հերթական փոփոխությունների: Ստացվում է այնպես, որ տաս տարին մեկ երկրի հիմնական օրենքը փոփոխելը մեզ մոտ կարծես դառնում է «բարի ավանդույթ»:

Որ հիմնական օրենքն անկատար չէ, ոչ ոք չի կասկածում: Բայց աշխարհում չկա որևէ երկիր, որն իդեալական Սահմանադրություն և կատարյալ օրենսդրական դաշտ ունի, առավել ևս ներկայիս հարափոփոխ աշխարհում: Սակայն ոչ ուղղակի արվող պնդումը, թե բոլոր խնդիրների լուծման բանալին թաքնված է Սահմանադրության կամ օրենքների անկատարության մեջ, պարզ խաբեություն է: Արդյո±ք եթե մեր մտավոր ողջ կարողությունները ներդնելով, ստեղծենք կատարյալ Սահմանադրություն, սովորական քաղաքացին այլևս չի սպանվելու օլիգարխների «օբյեկտներում», արդյոք վերանալո՞ւ է նրանց թիկնապահական պատժիչ բանդաների բեսպրեդելը, տնտեսության մեջ մոնոպոլիաները  դադարելու են գոյություն ունենալ, մանր ու միջին բիզնեսի ոչնչացում այլևս չի լինելու, նախագահները, նախարարներն ու պատգամավորները, դատախազներն ու դատավորներն ի վերջո սկսելու են ոչ միայն ձևաթղթերի վրա պարզապես լրացնել կուտակած միլիարդների մասին տվյալները, և բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հրահանգել լռել դրանց մասին, այլև մանրամասն հաշվետվություն են տալու, թե երբ ու ինչպես են դա հասցրել անել: Արդյոք դրանից հետո բացահայտ ընտրակաշառքները, ընտրացուցակային աճպարարությունները վերանալո±ւ են, վիճակագրական ծառայությունն սկսելո՞ւ է ոչ թե նկարչությամբ զբաղվել, այլ իրականությունն  արտացոլող սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական պատկեր ներկայացնել, ոստիկանության բաժիններում, զորամասերում  բռնությունները, սպանություններն արդյոք վերանալո՞ւ են:

Դավիթ Հարությունյանն այս ամենի պատասխանը չունի և չի էլ կարող ունենալ: Որովհետև դրանք ոչ թե օրենքների որակի, այլ օրենքը կիրառելու կամքի բացակայության, նույն Սահմանադրությունը, որին անընդհատ հղումներ են անում, չհարգելու  հետևանք է, որի պատճառով «քֆուր դնելն» ու հոր արևով երդվելն ավելի պարտավորեցնող են դարձել: Այս ամենն, իհարկե, «իշխանության փաստաբանները» հրաշալի գիտեն: Բայց նրանք նաև հրաշալի գիտեն, թե ինչպես կարելի է սեփական հանրությանը մանիպուլյացնել` Սահմանադրությունը քավության նոխազ դարձնելով և հերթական կեղծ օրակարգը մեջտեղ բերելով պարզապես չեզոքացնել վերջապես ի հայտ եկած իրական օրակարգը:

Անցած 5 տարիներին միակ լուսավոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում 2007-2008թթ. համաժողովրդական շարժման հենքի վրա, քաղաքացիական գիտակցության և կեցվածի դրսևորման նախադրյալների ստեղծումն էր: Այն երեկ միս ու արյուն էր ստանում մաշտոցի պուրակում, ավերվող Փակ շուկայի դիմաց, Թեղուտի շուրջ: Այսօր` Վահե Ավետյանի ողբերգական մահվամբ սկիզբ առած անպատժելիության մթնոլորտի դեմ հասարակական շարժման միջոցով: Այդ կոնտինգենտն այսօր վերածվել է շատ ավելի կարող ու ազդեցիկ քաղաքական գործոնի`քան անգամ քաղաքական համակարգը և  ինքն է սկսել այդ համակարգին ու իշխանությանն իր օրակարգը  թելադրել: Եվ սա շատ ավելի մեծ մարտահրավեր է իշխանության համար, քան եթե ստիպված լիներ գործ ունենալ այսօր ընդդիմադիր դաշտի բոլոր կուսակցությունների միավորման հետ: Որովհետև քաղաքացիական այդ գիտակցությունն առաջնորդվում է կոմպրոմիսների չգնացող սկզբունքներով ու արժեքներով: Դրա հետ բախումը հղի է անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն պրոցեսների անվերահսկելիության, այլև հանրային լայն աջակցություն վայելելու պատճառով, որն ավելի վտանգավոր է` որովհետև տեղի է ունենում նախագահի ընտրության նախաշեմին:

Սահմանադրական նոր բարեփոխումների գաղափարն ահա հրապարակ է նետվում որպես այս ամենին այլընտրանք, որպես կեղծ օրակարգ, հանրային ուշադրության ապակենտրոնացման դասական ձև: Ու քանի որ խոսքը ոչ թե օրենքներին, այլ Սահմանադրությանն է վերաբերում, խաղադրույք է արվել նրա վրա, որ այս խայծը հեշտությամբ են կուլ տալու քաղաքական ու հասարակական, գիտական ու փորձագիտական շրջանակները` հանգեցնելով լայնածավալ քննարկումների ու բանավեճերի: Իսկ որպես այդ ամենի հետևանք` թե հասարակությունն ու քաղաքացիական այդ ամրապնդվող գիտակցությունը կմղվեն երկրորդական պլան, թե կուտակված հարցերը կշարունակեն մնալ անպատասխան:

Դրանից խուսափելու միակ միջոցը նետված «բարի ավանդույթի» խայծը կուլ չտալն է, իշխանությանն իր միայնության ու մեկուսացվածության, իր ստեղծած կիսավարդագույն իրականության ու վիրտուալ բարեփոխումների տեսլականի հետ մեն-մենակ թողնելն է և այսօր համառորեն պարտադրվող օրակարգի` վերջիվերջո կարգ ու կանոն հաստատելու նկատմամբ պահանջատիրության շարունակումն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter