HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշում ավտոճանապարհը փակելու ընթացքում խուլիգանական արարքներին մասնակցելու կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ Տավուշի մարզում Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու հանգամանքները։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«2024 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, «Մարտական եղբայրություն» կազմակերպության 3 անդամների և մի խումբ այլ քաղաքացիների կողմից փակվել է միջպետական ավտոճանապարհը։ Այդ ընթացքում Այրում բնակավայրի բնակիչը  պահանջել է բացել ճանապարհը, որից հետո իր կողմից վարվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ է ընթացել, սակայն քաղաքացիները, խոչընդոտելով տրանսպորտային միջոցների ընթացքին, չեն թույլատրել:

Հավաքված բազմության  կողմից իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ մարդկանց անդորրը խախտելով և հայհոյանքներով ուղեկցվող գործողությունների ընթացքում Ա Պ․-ն և դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ քաղաքացիներ ձեռքերով հարվածել և կոտրել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: Առերևույթ խուլիգանական գործողությունները փորձել են կանխել ոստիկանության ծառայողները, սակայն այդ անձինք դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և     5-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ:

Նշված միջադեպից հետո ճանապարհը բացելուց հետո՝ ժամը 16:30-ի սահմաններում, առերևույթ խուլիգանության մասնակիցներից մեկը՝ Մ Ա․-ն, «Վոդխոզ» կոչվող հատվածում վիճաբանության մեջ է մտել ՀՀ ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Գ Դանիելյանի հետ, որի ընթացքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյելով, ճանապարհի վրա ձեռքով հարվածել է Գ Դանիելյանին և պատճառել մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ 2024թ ապրիլի 21-ին ՀՀ ՔԿ Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է նոր քրեական վարույթը, որը, քննությունը համատեղ իրականացնելու նպատակով միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։  Ձևավորվել է քննչական խումբ։

Ապրիլի 21-ին «Մարտական եղբայրություն» հասարակական կազմակերպության 7 անդամներ հանցանք կատարած լինելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշումներով ձերբակալվել են:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ նշված դեպքերի բոլոր էական հանգամանքները պարզելու, միջադեպերի կողմերի արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter