HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արտյոմ Թադևոսյան. «Արտահանման պետական ծրագրերը պետք է մշակել ռեալ արտահանողների օգնությամբ, ոչ թե կողքից նայելով»

«Հետք»-ի զրուցակիցն է չրեր և պահածոներ արտադրող ու արտահանող «Սան լենդ» ընկերության հիմնադիր Արտյոմ Թադևոսյանը։

Մեկ ամիս է՝ դրամը դոլարի, եվրոյի, մասամբ նաև ռուբլու նկատմամբ արժևորվում է։ Սա ենթադրում է, որ հայ արտահանողները իրենց արտահանած ապրանքների դիմաց ստանում են արդեն արժեզրկված արտարժույթ։ Վերջին տարիներին դրամի վայրիվերումներին արտահանողներն ինչպե՞ս են դիմակայում։ 

Մեր դրամի ուժեղացումն այլ արժույթների նկատմամբ դարձել է հայ արտահանողների հիմնական խնդիրն ու խոչընդոտը։ Դա առաջին հերթին նվազեցնում է հայկական ապրանքի մրցունակությունն արտաքին շուկայում, մեծապես՝ Ռուսաստանում։ Մենք առանց այդ էլ շատ դժվարությամբ ենք մրցակցում միջինասիական երկրների, թուրքական ապրանքների հետ։

Նրանց հնարավորություններն ու մեծ մասշտաբները մեզ հետ անհամեմատելի են։ Բայց մենք չունենք այլընտրանք. պետք է դիմանանք։

Դժվար է մրցակցել թուրքական ապրանքի հետ, որի և՛ մասշտաբներն են մեծ, և՛ ազգային արժույթը՝ լիրան, արժեզրկվում է՝ էլ ավելի էժան դարձնելով թուրքական ապրանքն արտաքին շուկաներում։

Ռուսական շուկայում մեծ տեմպով տարածվում և ավելանում է ուզբեկական արտադրանքը։  Նրանք արդեն հայկական սորտերի թարմ ծիրան ունեն մեծաքանակ։ Իրենց ծիրանը մեր ծիրանից ավելի շուտ է հայտնվում ռուսական շուկայում ու արդեն ավելի մեծ պահանջարկ ունի։ Այս տեմպերով հայկական ծիրանի պահանջարկը դրսում խիստ արագ նվազելու է։ Վերջին երեք տարիներին այն արդեն նվազում է։

Ծիրանն ընդամենը օրինակ է։ Խոսքը նաև հայկական մյուս ապրանքների մասին է։ Արտադրողները կորուստների և նվազող եկամուտների գնով փորձում են դիմակայել՝ շուկայում տեղը չկորցնելու համար։

Այս համատեքստում ներմուծողներն ահռելի մեծ եկամուտներ են ստանում՝ տնտեսության մեջ ոչ մի էական արժեք չստեղծելով։ Եթե արտահանողների համար դրամի արժևորումը վնաս է, ներմուծողների դեպքում հակառակն է՝ շահում են։

Արտադրողները ահռելի մեծ ռիսկեր են վերցնում իրենց ուսերին։ Ամեն անգամ ստիպված ենք լինում Ռուսաստանի մեր գործընկերներին հայտնել, որ ապրանքի գինը ևս 5%-ով բարձրացնում ենք, որովհետև մեր դրամը էլի ուժեղացել է։

Մեր խոշոր գործարարներից մեկը փակել է մի մեծ ծրագիր, որովհետև չէր կարող ապրանքն այլևս թանկացնել, կորցրեց շուկան։

Արտահանողներն ի՞նչ են ակնկալում պետությունից։ Կա՞ն պետական ծրագրեր, որոնք օգնում են փրկել իրավիճակը։

Արտահանման պետական ծրագրերը պետք է մշակել ռեալ արտահանողների օգնությամբ, ոչ թե կողքից նայելով։

Նախևառաջ պետության տնտեսական բլոկի պատասխանատուները պետք է շփվեն, ուղղակի շփվեն արտահանողների հետ։ Ոչ թե փոքր, մի քանի կիլոգրամ ապրանք արտահանողների, այլ ռեալ արտահանողների, որոնք լավ գիտեն ոլորտը, խնդիրները, ունեն հեռանկարներ։ Իսկ մեզ մոտ ի՞նչ է արվում։ Կարծես, կողքից են ընդամենը հետևում ոլորտին։ Որոշում են կայացնում մարդիկ, որոնք պարզապես կողքից հետևում են իրադարձություններին, չեն խորանում, ոլորտի մասնակիցների ու ռեալ աշխատող մարդկանց կարծիքը չեն հարցնում։ Մեր խնդիրները հենց այդտեղից են գալիս։ Ճիշտ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում իրականում։

Մեր նախարարներից կամ փոխնախարարներից որևէ մեկը, որ արտահանողի ճանապարհն անցնի, կհասկանա դրա բարդությունն ու կարևորությունը։

Արտահանումը տնտեսության մեջ մի ամողջ երկար շղթա է իր հետևից ձևավորում․ ապահովում է աշխատատեղեր, գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ պահանջարկ է ստեղծում, վարելահողերն են օգտագործվում, արդյունաբերությունն է զարգանում։ Արդյունաբերության հետ գյուղատնտեսությունն ահռելի մեծ կապ ունի։ Դա տնտեսական կայունության հիմնական բաղադրիչներից մեկն է, որին մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում։

Հենց արտահանումը Հայաստանում նվազի կամ կանգնի, գնաճը միանգամից լայն թափ կհավաքի։ Գյուղմթերք վերամշակողների արտադրանքի ինքնարժեքն անգամներով կբարձրանա։ Դու պետք է մեծաքանակ արտադրես, որ ստանաս ցածր ինքնարժեք։ Երբ դու չունես մեծ վաճառք, արտադրում ես քիչ, դառնում ես անմրցունակ։

Մեր ռազամավարությունը պետք է լինի վերամշակված արտադրանքի արտահանումը։ Դա միանգամից մի քանի դրական կողմ ունի՝ ապրանքի ավելացված արժեքն է բարձրանում, պահպանման ժամկետն է երկարում, սեզոնայնությունն է երկարում։

Թող վերցնեն լավագույն 20 արտահանողներին, որոնք ճանապարհ են անցել, ունեն պլաններ, խոշոր և միջին բիզնեսից են և նրանց հետ մշակեն պետական ռազմավարություն։  Այդ մարդիկ հոյակապ գիտեն՝ ինչպես է դա արվում։ Ու ամենակարևորը, այն մարդիկ, որոնք մշակել են այդ ռազմավարությունը, իրենք էլ պատասխանատու են լինելու այդ ծրագրերի համար։ Իսկ հիմա ոչ մի պատասխանատվություն չկա։

Արտահանողների համար մինչև օրս որևէ լուրջ և արդյունավետ ծրագիր չեմ հանդիպել։ Օրինակ՝ լաստանավի ծրագիրը։ Լուրջ արտահանողները բազմիցս ասել են, որ այդ ծրագիրը չի աշխատելու, պահանջարկ չի ունենալու, այն պայմանները, որոնք առաջարկել են արտահանողներին, ձեռնտու չեն եղել։ Հենց բեռնափոխադրողները, որոնց համար նախատեսված է եղել այս ծրագիրը, ի սկզբանե զգուշացրել են, որ այն չի աշխատելու։ Բայց մարդիկ վերցրել ու ծրագրի վրա պետական գումարներ են վատնել։

Մի քանի տարի առաջ մթերման և լիզինգի շատ հաջող ծրագրեր առաջարկեցին։ Շատ ակտիվ գովազդվեց, մեծ քանակի մարդիկ օգտվեցին դրանից, մեծացրին իրենց հզորությունը։ Ու հիմա, արժույթի հետ կապված խնդիրների պատճառով, նույն արտահանողները փաստի առաջ են կանգնել։

Էկոնոմիկայի նախարարությունը պարբերաբար հայտարարում է, որ հայաստանյան ընկերությունները միջազգային էքսպոների են մասնակցում տարբեր երկրներում, որոնց վրա ևս պետական միջոցներ են ծախսվում։ Ի՞նչ արդյունք են տալիս այս էքսպոները։

Պետք է հասկանալ, որ էքսպոների հիմնական նպատակը երկրի ճանաչելիությունը բարձրացնելն է։ Այստեղ բիզնես նպատակն արդեն երկրորդական է։ Ցանցերի գնորդներն ու մասնագետներն այդ ցուցահանդեսներին կա՛մ ուղղակի գալիս, շրջում, գնում են, կա՛մ ընդհանրապես չեն էլ գալիս։ Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ այն ընկերությունները, որոնք ուժեղ են, որոնք կարող են մեծաքանակ, լավ որակով ապրանք մատակարարել, իրենց գնորդների հետ հանդիպումներն ուղղակի կապով են կազմակերպում։

Եկեք վերցնենք ու վերլուծենք, թե օրինակ՝ վերջին հինգ տարվա ընթացքում ովքե՞ր են գնացել այդ ցուցահանդեսներին, վերլուծենք որքա՞ն գումար է այդ ընկերություններ վրա ծախսվել և հասկանալ, թե այդ ուղղություններով նշված ընկերությունների արտահանումը որքանո՞վ է աճել։ Եվ կտեսնենք, որ այդ գումարները լրիվ անարդյունավետ կորել են։

Արդյունավետ կլիներ B2B ֆորմատներ (business-to-business ) ստեղծելը։ Այսինքն՝ մեր արտահանողը շփվի դրսի դիստրիբյուտորների՝ մատակարարների հետ, գնորդների հետ։ Այդ հանդիպումների ժամանակ հնարավոր է պայմանագրեր կնքել, ծանոթանալ դրսի շուկաների պահանջներին։ Դու կարող ես դիստրիբյուտորին ցույց տալ քո պահածոն և նա կասի՝ ինչն է լավ, ինչը պետք է փոխել։ Օրինակ, ասում է՝ այս պահածոն Դուբայում պետք է լինի այս համի, այս չափի, այս չափանիշների և այլն։ Պրոֆեսիոնալ մակարդակով քննարկում է ծավալվում։ Դա շատ ավելի արդյունավետ կլինի հայ արտադրողի համար, քան երբ պետությունն ուղղակի փող է ծախսում, այս կամ այն արտադրողին տանում Արաբական Միացյալ Էմիրություններ կամ այլ երկիր, մի քանի օրով ապրանքը ներկայացնում և հետ գալիս։

Ընդ որում՝ տանում են մարդկանց, ովքեր ունեն փոքրաքանակ արտադրություն, չունեն արտահանման պոտենցիալ, և ապրանքը ոչ մի յուրահատկությամբ աչքի չի ընկնում։ Այդ երևույթը նմանվել է անվճար տուրիզմի։

Սա մի փակ օղակ է, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են, կոմֆորտ զոնա է, իրենց ոչ մեկ չի վերահսկում, հաշվետվություններ չեն տալիս։ Դա, կարծես, նորմա է դարձել, և ոչ ոք չի մտածում, չի էլ ուզում ինչ-որ բան փոխել, որովհետև որևէ բան փոխելու համար պետք  է շատ լուրջ աշխատանք տանել։ Արտահանումը զարգացնելը շատ բարդ գործ է։

Հայկական պտուղ-բանջարեղենը, կոնյակը, հանքային ջրերը, չրերն ու պահածոները և այլ ապրանքներ, փաստացի, կախված են ռուսական շուկայում, քանի որ նրանց արտահանման առնվազն կեսը, որոշ դեպքերում՝ 100%-ը, Ռուսաստանն է զբաղեցնում։

Ի՞նչն է այսօր խանգարում հայ արտահանողներին նվազեցնել կախվածությունը ռուսական շուկայից և ձգտել դեպի Արևմուտք։

Ոչ մի գործարար այսօր չի ուզում կախված լինել մեկ շուկայից։ Մենք երազում ենք դիվերսիֆիկացիայի մասին։ Բայց դա պետք է պրոֆեսիոնալ անել։ Պետք է հասկանալ՝ ինչպես լուծել լոգիստիկայի հարցը, այս կամ այն շուկայում ինչու՞ պետք է քեզ ճանաչեն։

Ինչպե՞ս է ստացվել է, որ Ռուսաստանն է մեր արտահանման հիմնական շուկան։ Դա երկար տարիների աշխատանքի արդյունք է, խորհրդային տարիներից մնացած մշակույթ, ԵԱՏՄ-ի շրջանակներում հարկային ավելի մեղմ քաղաքականության արդյունքն է, հարմար լոգիստիկայի և այլն։

Հիմա, եթե մենք ուզում ենք դիվերսիֆիկացնել մեր արտահանման ուղղությունը, պետք է կարողանանք այլ երկրներում էլ ճանաչում ձեռք բերել։

Տարիների բանակցությունների ընթացքում հայկական ապրանքները հայտնվել են ռուսական սուպերմարկետների դարակաշարերում։ Դա հետևողական ու համառ աշխատանք է պահանջում։ Հիմա այդ դարակաշարերը մենք քիչ-քիչ դատարկում ենք, դրա տեղը լցվում են թուրքական, ադրբեջանական և այլ երկրների ապրանքներ։ Մեզ պատկանող այդ տարածքները նեղանում են, իսկ հետո հետ վերցնելը դառնալու է կա՛մ չափազանց դժվար, կա՛մ անհնար։ Հետ գնալը այնքան դժվար է և ամենավատը, որ այդ գործընթացն արդեն սկսվել է։

Բայց, նույնիսկ, այդ պայմաններում հայ արտահանողները հիմա չեն կարող միանգամից հրաժարվել ռուսական շուկայից ու Եվրոպա, ԱՄՆ կամ Էմիրություններ արտահանել։

Հիմա պետական մակարդակով շատ է խոսվում հայկական ապրանքն այդ երկրներ հասցնելու մասին։

Եվրոպայի դեպքում դա շատ դժվար է լինելու երկու պատճառով։ Եվրոպական երկրներում առաջնահերթությունը տալիս են տեղական և հարևան երկրների ապրանքներին։ Հայկական ապրանքները, քիչ թե շատ, կարող են մրցակցել ռումինական և լեհական ապրանքների հետ, սակայն այն ծախսերը, որոնք անում են հայ արտահանողները, այդ ապրանքների արժեքը շատ են բարձրացնում։ Բացի այդ, իրենք ունեն ցածր ինքնարժեք, քանի որ իրենց գյուղատնտեսությունը 50 տարի մեզանից առաջ է, արտադրությունն էլ ամբողջը ավտոմատացված է։ Պետությունը տարիներ շարունակ իրենց օգնել է և ոտքի է կանգնեցրել։ Առանց սահմանների շուկա է իրենց համար։

ԱՄՆ-ի հետ աշխատելը ևս շատ երկար տարիների ջանքեր է պահանջում։ Պետք է շատ հարուստ ընկերություն լինես, որ կարողանաս քեզ թույլ տալ մտնել այդ շուկա։ Իսկ արաբական երկրների համար մեր հայկական արտադրանքն անհայտ է։ Շատ մեծ գումարներ պետք է ծասխենք, որ հայկական ապրանքը ճանաչելի դարձնենք ԱՄԷ-ում։ Այնտեղ սովոր չեն հայկական ապրանքի համին ու տեսքին։

7-10 տարի է պետք, որ դու, կորուստներ կրելով ու ծախս անելով, այդ շուկաներում քո տեղը գրավես։ Քո դեղձի չիրը դարձնես այնտեղ ճանաչելի և շաբաթական մեկ կամ երկու անգամ արտահանես։

Որպեսզի մենք նվազեցնենք մեր կախվածությունը ռուսական շուկայից և ձգտենք դեպի Արևմուտք, պետք է դրա համար առաջիկա տարիներին հստակ պետական ռազմավարություն ունենանք, ծրագրեր, որոնք արտահանողին կխրախուսեն, կսուբսիդավորեն, որ արտահանողը կարողանա դիմանալ այդ շուկաներում և քիչ-քիչ հաստատվել։

Հայկական ապրանքների որակն ու չափանիշները համապատասխանու՞մ են, օրինակ, եվրոպական շուկաներին։

Շատ ենք լսում, որ հայկական ապրանքները, եթե հայտնվեն Եվրոպայում, չեն համապատասխանի նրանց ստանդարտներին։ Դա միֆ է։ Ռուսաստանում ևս խիստ ստանդարտներ կան, որոնք հայկական ապրանքները կարողանում են ապահովել։ Նոր շուկաները, բնականաբար, նոր ստանդարտներ են պահանջելու։ Հայկական արտադրողների մեծ մասը կկարողանա իր ապրանքը համապատասխանեցնել նաև նոր ստանդարտներին։ Դեպի եվրոպական շուկաներ մեր ապրանքների ոչ մեծ ծավալի արտահանման պատճառը ոչ թե որակն է ու ստանդարտները, այլ՝ ծախսերն ու ինքնարժեքը, որոնք մեր ապրանքների մրցունակությունը նվազեցնում են։

Բացի սննդամթերքից, Հայաստանում կան ընկերություններ, որոնք բարդ ապրանքներ են արտադրում։ Այդ արտադրողների մասին մենք քիչ ենք խոսում, բայց ունենք 4-5 լուրջ արտադրող, որոնք հաստոցներ կամ արտադրական գործընթացի համար նախատեսված մեխանիզմներ են արտադրում։

Միֆերից մեկն էլ այն է, որ մենք չենք կարող մեծաքանակ արտադրանք թողարկել, այդ պատճառով էլ խոշոր ցանցերին հետաքրքիր չենք։

Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ կազմից, ինչպե՞ս դա կազդի արտահանողների վրա։

Սննդամթերք և խմիչք արտադրող գործարանների մեծ մասը կփակվի։ Եթե դուրս գանք ԵԱՏՄ-ից, մեր արտահանման վրա միանգամից կազդի։ Հիմա մենք պատրաստ չենք դրան։ Մեր գործարարների եկամտաբերությունը 5-15%  է, բայց երբ դու ԵԱՏՄ-ից դուրս ես գալիս, քո հարկերն ու պարտքերն են աճում, դու մեխանիկորեն դառնում ես ոչ մրցունակ։ Մինչև մենք չհաստատվենք այլ շուկաներում ևս, ռուսական շուկայից մեր կախվածությունն ու ռիսկերը չեն նվազելու։

Լուսանկարը՝ էկրանակադր FM 106.5 ռադիոկայանի «Գործարար ալիք» հաղորդաշարից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter