HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վախեցած հասարակությունը կորցնում է ապրելու իմունիտետը

«Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց և ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև։ Երբ ես ասում եմ, որ նրանք պետք է փոխեն Սահմանադրությունը, ոչ թե որովհետև ես կոպիտ եմ և ամբարտավան, այլ որովհետև դա նախապայման է»,- հայտարարում է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը։

«Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում։ Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները (նկատի ունի Հայոց ցեղասպանությունը-հեղ.), ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից։ Հիմա Փաշինյանը դա էլ է հասկանում։ Այժմ ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ: Ես հույս ունեմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ձգել է Սփյուռքը, ու կընտրի պայծառ ապագայի համար նոր մեկնարկներ: Հնարավորությունների պատուհանը միշտ չի բացվելու, և անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պահը»,- լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 23-ին, երկու երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա».  ՀՀ կառավարություն։
 «Հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը»։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և լուսանկար հրապարակում։

Ապրիլի 19-ին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց Տավուշի սահմանին գտնվող 4 գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին: «Սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման»,- հայտարարեց վարչապետի աշխատակազմը: 

«Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է՝ հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը» ,- պայմանավորվել են սահմանազատման համատեղ հանձնաժողովները:

Դրանից հետո նոր պետք է մինչև հուլիսի 1-ը համաձայնեցվի սահմանազատման   հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը և մեկնարկի դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը: Հանձնաժողովները համատեղ գործունեության հաստատված կանոնակարգ այս երկու տարվա ընթացքում դեռ չունեն: Սա չի խանգարել առանց ամբողջ սահմանազատման աշխատանքները կատարելու, հրատապ կարգով չորս գյուղերը միակողմանիորեն հանձնել-ընդունելու վերաբերյալ որոշում կայացնել և անցնել իրագործման: 

Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով: 

Մարտի 6-ին Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանը» հայտնում են, որ Ադրբեջանը Հայաստանից 4 գյուղ է պահանջում՝ միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ: 

«Իհարկե, մենք մեկ քայլ անգամ ետ չենք գնա թե՛ 2021-ի մայիսի, թե՛ 2022-ի սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ պետք է այդ սահմանը հաստատվի»,-պնդում է Ալիեւը:

Մարտի 9-ին արդեն Հայաստանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մուստաֆաևի գրասենյակը պահանջում է անհապաղ Ադրբեջանին վերադարձնել սահմանային չորս գյուղերի տարածքները։ «Սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշվի Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս էքսկլավային գյուղերի ազատման հարցը»,- «Ազատության» հաղորդմամբ՝ ասել է Մուստաֆաեւը։ Ըստ Մուստաֆաևի գրասենյակի, դրանք են՝ Տավուշում գտնվող Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու, ինչպես նաև՝ Նախիջևանին սահմանակից Քյարքի (հայկական անվանումը՝ Տիգրանաշեն) բնակավայրերը։

 «Կան բազմաթիվ հարցեր, որ ձեր մտքով չեն անցնում, բայց մենք մեզ տալիս ենք։ Դուք պետք է հարց տաք՝ եթե մենք գալիս և հստակ կանգնում ենք սահմանագծին, Ադրբեջանը մնացած բոլոր տեղերում, որտեղ սահմանագծից առաջ է, նահանջելո՞ւ է։ Ես ձեզ ուղիղ ուզում եմ ասել՝ ո՛չ, չի նահանջելու, բայց սա իրադրության մեր գնահատականը չի փոխում, որովհետև այս իրադրության մեջ մեզ ավելի լավ է մենք կանգնենք մեր սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում, քան կանգնենք սահմանագծից առաջ՝ իմանալով, որ նրանք դա որպես թիրախ են օգտագործելու»,-Ոսկեպարի բնակիչներին  մարտի 18-ին բացատրում է Փաշինյանը: «Մի ասեք, որ մենք էս կանենք, էն կանենք, ես գիտեմ՝ մենք ինչ կարանք անենք կամ չանենք։ Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երեւանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,- ասել է Փաշինյանը: Գյուղերը հոժար կամքով չհանձնելու  դեպքում Ադրբեջանին այլ տարբերակ, քան հարձակումը Հայաստանի վրա Փաշինյանը չի թողնում. «Եթե մենք ինչ-որ բան տալիս ենք, ինչ-որ բան պահանջելու համար ենք տալիս։ Իրենք էլ երեսուն տարի պահանջողի կարգավիճակում են եղել։ Մենք էլ պիտի քայլ առ քայլ գնանք՝ պահանջենք»։ 

«ՀՀ-ն 29 843 քառ. կմ տարածքից դուրս, կամ ավելի ճիշտ՝ սեփական, միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի: Եվ մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի», -արդեն ապրիլի 22-ին բրիտանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում Փաշինյանի «պահանջելը» դարձավ «հույս հայտնել»: Հինգ մարզերում 31 բնակավայրերի տարածքներից, այդ թվում՝ ռազմավարական բարձունքներից ադրբեջանցիների դուրս գալու պահանջի մասին ոչինչ չասաց:

Փաշինյանն ունի  արդարացում՝ մասը փոքր է ամբողջից. պետք է հանձնել տվյալ պահին հակառակորդի պահանջած մասը՝ խուսափելու համար այդ պահին ամբողջը կորցնելուց: Բայց ընդամենն այդ պահին: 

44-օրյա պատերազմից հետո իշխանության վախը թշնամուց գնալով սրվում է: Այդ վախն ու հուսահատությունը իշխանությունը ձեռքի տակ եղած ողջ քարոզչամեքենայով  տարածում է հանրության մեջ՝ դեմոտիվացնելով մարդկանց: Կենդանական վախը հաղթում է ինքնապահպանման բնազդին: Փաշինյանը համոզում է, որ մեր գոյությունը կախված է Ադրբեջանի ու Թուրքիայի քմահաճույքից: Եթե պատերազմն անխուսափելի է, միևնույն է, ինքնապաշտպանությունը չէ, որ դիտարկվում է որպես դրանից խուսափելու հնարավորություն.  պիտի Ադրբեջանի պահանջերը կատարեն, հակառակ դեպքում նույն երգն է՝ շաբաթվա վերջ պատերազմ կսկսվի, երաշխավորում եմ, որ մեր տարածաշրջանում  նոր պայթյուն է  լինելու, բայց նոր զիջումներն էլ երաշխիք չեն պատերազմի չսկսվելու համար: Ինչպես 44-օրյա պատերազմից հետո՝ զիջումների ամբողջ ընթացքում, հիմա էլ  բերանքսիվայր վիճակից բարձրանալու կոնկրետ գործողությունների շուրջ ժողովրդին համախմբելու, նախաձեռնող ու վճռական  էնտուզիաստների թիմ հավաքելու փոխարեն՝  Փաշինյանը պետության օրակարգը լցնում է պատմական ու իրական Հայաստանների անպետք դիլեմայով, Ակադեմիական քաղաքի բլեֆով դիմագրավում պետության լինել-չլինելու մարտահրավերին: Ամբողջ պետական կառավարման համակարգը լցրել է  գիտելիքից ու նախաձեռնություններից զուրկ, միայն իր քմահաճույքները կատարող, իրեն քծնող հանրային պարազիտներով, որոնց հետ էլ կազմալուծել է ամբողջ կառավարումը: Պետական ապարատն իր առօրյա ՝անգամ պրիմիտիվ պարտականությունները չի կատարում, չինովնիկները կաշվից դուրս են գալիս ՝ մարդկանց կյանքն ավելի անտանելի  դարձնելու համար: 

Մեղադրանքները հասարակության հասցեին, թե քաղաքացիները պասիվ են, պահանջատեր չեն, հաշտվել են այս իրականության հետ, ըստ իս, անհիմն են. 2018 թվականի իշխանափոխությունից հետո հանրությունը  շատ ավելի աչալուրջ է ու  պահանջկոտ. մարդկանց համար անկարևոր չէ՝ ովքեր են իշխանության հավակնում:    

Պետությունը լուծարելու այս գործընթացին քաղաքացիներիս դիմադրությունը կազմակերպող, վստահելի, ծանրություն ունեցող ուժ այս պահին չկա: Ու չի սպասվում, որ առաջիկայում կստեղծվի։ Եվ մենք՝ քաղաքացիներս, մեր պարտավորությունը՝ ձևավորել պետություն, որի առաջնային պարտականությունն է անվտանգություն ապահովելը, այս պահին չենք կարողանում իրացնել: Հիմա սա՜ է վիճակը: Բայց գոնե մեր պարտականությունն է՝ թույլ չտալ գործող իշխանություններին միակողմանի զիջումների գնալ, պարտավոր ենք կատարել՝բոլոր հնարավոր միջոցներով: Նվազագույնը՝ գոնե պետք է լցնենք փողոցներն ու հրապարակները՝ թույլ չտալու շարունակել պետությունը հանձնելու այս պրոցեսը: 

Վախեցած հասարակությունը չի կարող ինքնակազմակերպվել, կորցնում է ապրելու իմունիտետը: Ալիևի, Էրդողանի ելույթներից ակնհայտ է՝ այս գործընթացը կանգ չի առնելու կամ կանգ է առնելու միայն այն դեպքում, երբ մեր՝ «Ո՞նց ենք այսպես ապրելու հարցը» մնա անպատասխան: 

Հայաստանի համար կենսական, անվտանգային տարածքների միակողմանի զիջումը վախի, նվաստացման, պատերազմի սպառնալիքով բարոյալքում, դեմոտիվացնում է մարդկանց: Առավոտյան գնում ես աշխատանքի ու չես հասկանում՝հանուն ինչի՞ ես աշխատում, հարկեր վճարում:

Որպես ձեռնարկատիրությամբ զբաղվող, բազմաթիվ անլուծելի խնդիրների հանդիպած մեկը՝ կարող եմ փաստել, որ բազմաթիվ փակուղային իրավիճակներում վճռականությամբ, նախաձեռնողականությամբ ճեղքել ենք դիմացի՝ անանցանելի թվացող պատը: Եթե մասշտաբը մեծացնենք, պետության կենսունակության համար ևս աշխատում է նույն բանաձևը՝ պայքարել. ոչ մի րոպե չհուսահատվել ու չդադարել պայքարել:  

Վահե Վարսանյան

«Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter