HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն դրամ. դատախազություն

Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ։ Այս մասին հայտնում է Դատախազությունը ու տեղեկացնում, որ գործն ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք, որ այս գործով անցնում է առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյանը, որը, համաձայն դատախազության, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել էր շուրջ 120 միլիոն դրամ։  Կորոնավիրուսի համավարակի շրջանում չարաշահումների առթիվ ձերբակալվել էր 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։

Ստորեւ՝ դատախազության պաշտոնական հաղորդագրությունը։

«Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան: 

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն և նույն ընկերության ավագ բուժքույր Լ.Հ.-ն կազմակերպել և ղեկավարել են Ընկերության բուժաշխատողների կողմից բուժառուների հիվանդության պատմագրերում կեղծ (բուժառուներին վերակենդանացման բաժանմունքներում բուժելու վերաբերյալ) տեղեկություններ ներառելը: 

Արդյունքում՝ 2020 թվականի հուլիսից 2022 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում, Ընկերության 20-ից ավելի բուժաշխատակից կեղծել է 829 հիվանդության պատմագիր՝ դրանցում ներառելով հիվանդության ընթացքի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, իբրև նշված հիվանդները, սոմատիկ բաժանմունքից բացի, բուժում են ստացել նաև վերակենդանացման բաժանմունքներում:

Վերոնշյալ կեղծ պատմագրերի հիման վրա կազմված՝ հաշվետվողական բնույթ կրող փաստաթղթերը Ընկերության տնօրենի կողմից ներկայացվել են Առողջապահության նախարարություն: Դրանց հիման վրա՝ Նախարարությունում հաշվարկվել և Ընկերության հաշվեհամարին, բացի փաստացի մատուցված ծառայությունների համար նախատեսված գումարից, անհիմն փոխանցվել է հավելյալ՝ 263 մլն 480 հազար դրամ:

Քրեական վարույթով, ի թիվս այլնի, պարզվել են մի շարք հանգամանքներ.

  • Բ.Շ.-ն Լ.Հ.-ին հայտնել է, որ բժշկական օգնության և սպասարկման տվյալ ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ առողջապահության փոխնախարարն իր մտերիմն է` այդկերպ Լ.Հ.-ի մոտ առաջացնելով իր հանձնարարությունը կատարելու վճռականություն: 
  • Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի պատասխանատուն ՀՀ առողջապահության փոխնախարարին հեռախոսային խոսակցությունների ընթացքում, հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ներկայացված համապատասխան զեկուցագրերով տեղեկացրել է վերոնշյալ բժշկական հաստատությունում կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում հայտնաբերված կոպիտ խախտումների մասին: 
  • ՀՀ առողջապահության փոխնախարարը, պարտականություն ունենալով համակարգել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, ինչպես նաև դրա ֆինանսավորումը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն հանդիսանում է իր կնքահայրը, չի դադարեցրել և թույլատրել է Ընկերության ֆինանսավորումը: Բացի այդ, չի կատարել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները համակարգելու իր պարտականությունը և Ընկերությունում տեղի ունեցող խախտումների մասին տեղեկանալուց հետո դրանք վերացնելու ուղղությամբ չի տվել անհրաժեշտ հանձնարարականներ:

Դատախազը 2024 թվականի մարտի 11-ին ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ 2024 թվականի մարտի 19-ին՝ Բ.Շ-ի և Լ.Հ.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը) և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը կազմակերպելը):

2024 թվականի ապրիլի 25-ին հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter